Մրցույթ՝ «Իմ կինն իմ ընկերն է» - Mediamax.am

exclusive
22680 դիտում

Մրցույթ՝ «Իմ կինն իմ ընկերն է»


Լուսանկարը` http://www.carmencitta.me/


Ընտանիք կազմելը յուրաքանչյուր հայ տղամարդու համար կյանքի կարեւոր, եթե ոչ կարեւորագույն հարցն է: Ընտանիք կազմելիս հաճախ ենք ասում, որ փնտրում ենք մի մարդու, որը «կյանքի ընկեր» կդառնա: Բայց երբեմն պատահում է, որ տարիների ընթացքում տղամարդիկ սկսում են մոռանալ այն մասին, որ կինը ոչ միայն իրենց երեխաների մայրն է եւ օջախի պահապանը, այլեւ իրենց ընկերը եւ անհատականություն, որն իրավասու է լիարժեք մասնակցել հասարակական կյանքին:

 

Ընդունված է կարծել, որ հայ տղամարդիկ այնքան էլ չեն սիրում բարձրաձայնել իրենց զգացմունքները, սակայն նախորդ տարի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակին եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությանը հաջողվեց կոտրել այդ կարծրատիպը՝ նախաձեռնելով «Իմ աղջիկը» շարադրությունների մրցույթը, որը մեծ հաջողություն ունեցավ:

 

Այս տարի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը որոշեցին հայ տղամարդկանց իրենց զգացմունքներն արտահայտելու եւս մեկ հնարավորություն ընձեռել եւ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակում անցկացնել «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթը:

 

Ակնկալում ենք, որ տղամարդիկ կպատմեն այն մասին, թե ինչպես են ընտանիք կազմել, ինչ համատեղ ճանապարհ են անցել, ինչպես են միմյանց աջակցել դժվար ժամանակներում եւ վայելել ուրախության պահերը:

 

Մրցույթի պայմանները

 

- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ ներկայացնելով շարադրություն «Իմ կինն իմ ընկերն է» թեմայով:

 

- «Իմ կինն իմ ընկերն է» շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

 

- Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

 

- Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

 

- Մրցույթը մեկնարկում է 2016 թ. նոյեմբերի 25-ին եւ կտեւի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 9-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Պարգեւատրման արարողության մասին կհայտնվի լրացուցիչ:

 

- Մրցույթին ներկայացված բոլոր շարադրությունները հրապարակվելու են www.Mediamax.am կայքի հատուկ «Իմ կինն իմ ընկերն է» բաժնում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի թեմային եւ պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

 

- Շարադրությունները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին` UN_Mediamax թեմայով (subject):

 

- Շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ լուսանկարը (աշխատանքի հետ հրապարակման համար): Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:  

 

- Մրցույթի գլխավոր մրցանակն է դրամական պարգեւ՝ 600 000 ՀՀ դրամ:

 

- Երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված մասնակիցները կստանան համապատասխանաբար 250 000 եւ 150 000 դրամ:

 

- Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում Մեդիամաքսի էջին՝ https://www.facebook.com/Mediamax.am:

 

- Մրցույթի հաղթողներին կորոշի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին