Ռուբեն Դալլաքյան. Ֆիզիկան պետք է զգալ մատների վրա - Mediamax.am

exclusive
23025 դիտում

Ռուբեն Դալլաքյան. Ֆիզիկան պետք է զգալ մատների վրա


Ռուբեն Դալլաքյանը
Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Դալլաքյանը
Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Դալլաքյանը
Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Դալլաքյանը
Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Դալլաքյանը
Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

 

Ֆիզիկա, երաժշտություն ու մի քիչ էլ պոեզիա. ահա այն գործիքները, որով երիտասարդ գիտնական Ռուբեն Դալլաքյանն արտահայտում է իր տեսած գեղեցիկը: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական քարտուղար Ռուբեն Դալլաքյանը 2008թ.-ից  զբաղվում է միջուկային ֆիզիկայով, որը կիրառվում է բժշկության մեջ:

 

Ֆիզիկան՝ զգայական ընկալման ձեւ

 

Ռուբենի համար Ֆիզիկան զգայական ընկալման ձեւ է, ինչ-որ բան հայտնաբերելու, մտածելու, ստեղծագործելու տարբերակ:

 

Ինչու հենց ֆիզիկա հարցին պատասխանում է այսպես. «Ես շատ եմ սիրում բնությունն՝ իր բոլոր դրսեւորումներով: Բայց հենց ֆիզիկայի ուղղությամբ գնացի, հավանաբար, հայրիկի շնորհիվ: Հայրս մասնագիտությամբ ֆիզիկոս էր: Ինձ փոքր ժամանակից շատ բան է պատմել ու սովորեցրել: Մինչեւ դպրոց գնալն արդեն ահագին բան գիտեի: Հայրս Ֆիզիկայի ինստիտուտում էր աշխատում, իր հետ գնում էի, բացատրում էր ամենը, ինչ անում էր: Սկսեցի սիրել ու հասկանալ ֆիզիկան: Իրենից սովորեցի, որ Ֆիզիկան պետք է զգալ մատների վրա: Երբեք չեմ գնացել խորը բանաձեւերի հետեւից: Ես իմ էությամբ ավելի շատ զգացող եմ»: 

 

Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Ռուբենը բուհի ընդունելությունից ընդամենը մեկ ամիս առաջ որոշել էր ճարտարապետ դառնալ: Հայրը նախ ընդդիմանում է, ապա ընտրությունը թողնում որդու կամքին: Ինքնուրույն որոշում կայացնելու միտքը նախ Ռուբենին ուրախացնում է, հետո գիտակցում է, որ չի հասցնի կարճ ժամանակահատվածում պատրաստվել իր բազային գիտելիքների վրա չհիմնված մասնագիտության ընդունելության քննություններին ու, այնուամենայնիվ, ընտրում է Ֆիզիկան:

Ռուբեն Դալլաքյանը Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայրս միշտ ասում էր՝ ֆիզիկայի ստանդարտ կուրսը սովորի, հետո ինչով ուզես, կարող ես զբաղվել: Հետո, երբ ֆիզիկա սովորեցի, սկսեցի տիրապետել տարբեր բաների ու հասկացա, որ հայրս ճիշտ էր»:

 

Հասկանալով բնությունը

 

Ռուբենը ֆիզիկան համարում է ամենատարրական փոխազդեցությունների էությունը, որը բացատրում է բնությունը: Իսկ բնությունը հասկանալ է պետք:

 

«Դու մտնում ես ինչ-որ միջավայր, որը քեզ ծանոթ չէ ընդհանրապես: Առաջինը, որ ուզում ես հասկանալ, այդ միջավայրի օրենքներն են, ինչպես է գործում, ինչ փոխազդեցություններ ու հարաբերություններ կան: Այդ միջավայրը բնությունն է, որը հասկանալու համար գիտությունն է հարկավոր: Մենք հայտնվել ենք այս միջավայրում՝ ծնվել ենք բնության մեջ, տեսնում ենք տարբեր երեւույթներ: Երբ դու հասկանում ես բնությունը, տիրապետում ես գիտությանը, սկսում ես հասկանալ, թե ինչ կարիքներ կան եւ քո գիտելիքներն օգտագործել քայլ անելու համար: Սա էլ արդեն գիտությունն է ու դրա կիրառությունը»:

Ռուբեն Դալլաքյանը Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիրառելով գիտությունը

 

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում Ռուբեն Դալլաքյանն աշխատանքի է անցնում, երբ դեռ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսում էր սովորում: Աշխատանքի է ընդունվում նույն լաբորատորիայում, որտեղ հայրն էր աշխատում:

 

«Իզոտոպների հետազոտության եւ արտադրության բաժնում» զբաղվում են քաղցկեղային հիվանդությունների ռադիոնուկլիդային ախտորոշման համար անհրաժեշտ իզոտոպների ստացմամբ: 

 

«Մենք ստանում ենք ռադիոակտիվ նյութեր` իզոտոպներ, որոնք կիրառվում են տարբեր պաթոլոգիաների ախտորոշման համար: Այդ իզոտոպները ստանում ենք լիցքավորված տարրական մասնիկների արագացուցիչների օգնությամբ:

Ռուբեն Դալլաքյանը Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճառագայթում ենք ինչ-որ նյութ եւ միջուկային ռեակցիաների շնորհիվ ստանում մեզ անհրաժեշտ իզոտոպները: Այնուհետեւ դրանք ներարկվում են մարդու արյան մեջ, եւ եթե, օրինակ, գոյություն ունի ինչ-որ ուռուցք, առավելապես կուտակվում են այդ ուռուցքի մեջ: 3D գրանցիչների օգնությամբ շատ մեծ ճշտությամբ որոշվում է ուռուցքի տեղադրությունը եւ չափերը: Սա բժշկության մեջ արդեն երկար ժամանակ մեծ կիրառում ունի: Ներկայում դրանք տարբեր երկրներից ներկրվում են, այժմ մենք ցանկանում ենք արտադրությունը սկսել: Մեր բաժնում փորձնական արտադրության սարքավորումներ ունենք՝ վերջնական ցիկլի հասցնելու համար»:

 

Այժմ Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում միջուկային բժշկության կենտրոն է ստեղծվում, որտեղ պրոտոնային արագացուցիչ` ցիկլոտրոն է տեղադրված: Գիտնականները սպասում են դրա գործարկմանը, ինչով սկիզբ կդրվի բժշկական նպատակով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպների արտադրությանը։ Տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա, որպեսզի Հայաստանը տիրապետի բժշկական ախտորոշման եւ բուժման առավել արդիական մեթոդների:

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտությունը բիզնես չէ

 

Ինչ վերաբերում է հասարակություն-գիտություն փոխհարաբերություններին, ինչպես նկատում է Ռուբեն Դալլաքյանը, հասարակությունը միշտ օգտվում է գիտությունից: Ամեն քայլափոխին, ամեն սանտիմետրի վրա գիտություն է, իսկ մեզ շրջապատող իրերն այն բանի արդյունքն են, որ մարդիկ ուսումնասիրել են գիտությունն ու տեխնոլոգիան, եւ կյանքն ավելի հարմարավետ դարձրել:

 

«Ես երբեք չեմ մտածել այն ուղղությամբ, թե ինչ պետք է անել, որ հասարակության գիտակցությունն այս ամենի շուրջ զարգանա: Գիտության մատչելիության հասնելու համար ամենակարեւոր քայլը դպրոցում գիտությունը ճիշտ, պարզ ու հետաքրքիր մատուցելն է: Բոլորը դպրոցում սովորում են, եթե ինչ-որ չափով պարզ կարողանան ընկալել, մենք այլ պատկեր կունենանք: Մարդուն պետք է դպրոցում մոտեցնեն գիտությանը:

 

Սովետական դպրոցից ես միշտ դժգոհ եմ եղել: Կարծում եմ, որ դպրոցում երեխաներին շատ ավելորդ ինֆորմացիա են տալիս: Իհարկե, եթե աշակերտը ունակ է այդքանը յուրացնել, վատ չէ, բայց բոլորը չէ, որ պետք է գիտնական դառնան: Ամեն առարկա պետք է պարզ եւ գեղեցիկ մատուցել, որ երեխան հասկանա: Եթե ֆիզիկան վերցնենք, այն բարդ բան չէ: Շատ պարզ առարկա է, բայց մեր դպրոցներում հիմնական շեշտը միայն տեսության վրա են դնում»: 

 

Գիտությունը, Ռուբենի բնորոշմամբ, բիզնես չէ, որպեսզի դրա մեջ գումարներ ներդնեն ու սպասեն շահույթի: Ասում է՝ պետք է գիտությունն ուսումնասիրել, որպեսզի դա բերվի տեխնոլոգիայի, ինչն էլ կկիրառվի տնտեսության մեջ: Մյուս կարեւոր հարցը կիրառությունն է:

 

«Իհարկե, հետաքրքիր է աշխարհը բացահայտել, բայց այդ բացահայտումները նաեւ պետք է օգտագործել ամենատարբեր նպատակներով՝ կլինի բժշկության մեջ կամ այլ ոլորտում: Կիրառությունը հաճախ ավելի հետաքրքիր է լինում»:

 

Գիտնականի երաժշտությունը

 

28-ամյա ֆիզիկոսը երբեմն փորձերի արանքում, իսկ ավելի հաճախ աշխատանքից հետո երեւանյան ակումբներում ձեռքն է վերցնում վեցլարանի գեղեցկուհուն ու մինչեւ ուշ գիշեր իր ճանաչած աշխարհը մարդկանց փոխանցում կիթառի ձայնով:

 

Երաժշտության հանդեպ սերը ժառանգել է մորից: Մոր երաժիշտ լինելն անհետք չմնաց իր կյանքում. «Երաժշտականությունը եկել է մամայից, պոեզիան ու ֆիզիկան՝ պապայից:  Դասական երաժշտությունը մեր տանը միշտ հնչել է, դա մեծ ազդեցություն ունեցավ: 8-9-րդ դասարաններում սկսեցի կիթառ նվագել: Մինչ այդ դաշնամուրի վրա էի նվագում: Մի քիչ տեխնիկա սովորելուց հետո սկսեցի երգել Հախվերդյանի երգերը: Մի օր լսեցի ժամանակակից հեղինակ-կատարող Վահե Քոչարին, չէի ճանաչում: Այդ երգերը հրաշալի էին, դրանք մի մարդ էր երգում, ով Հախվերդյան ու Մեսչյան չէր: Հասկացա, որ կարելի է երգ գրել: Միշտ ասում էի՝ երգ գրե՞լ, Հախվերդյանի՞ց հետո, դե լավ: Առաջին երգը, որ գրեցի, «Գինետունն» էր»:

Ռուբեն Դալլաքյանը Ռուբեն Դալլաքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբենը պրոֆեսիոնալ երաժիշտ չէ, բայց այդ սիրողականի մեջ իր երջանկությունը գտնում է: Ասում է՝ եթե միայն ֆիզիկոս կամ երաժիշտ լիներ, կյանքում այսքան գեղեցկություն չէր կարող զգալ: Իրեն տրված բաներից ամենակարեւորը համարում է գեղեցիկը սիրելը. կարեւոր չէ՝ ինչ ոլորտում դա կարտահայտվի:

 

«Եթե դու ինչ-որ բան սիրում ես, ինչ-որ բան ծնվում է, լավ, թե վատ, կարեւոր չէ: Սիրելն ու հասկանալն արդեն շատ մեծ բան է, առաջին հերթին՝ քեզ համար: Դու դրանով երջանկանում ես: Սիրելուց հետո քո առաջ մեծ աշխարհ է բացվում, որը քեզ հաճույք, էներգիա է տալիս: Ես ինձ երջանիկ եմ զգում այս տիրույթում»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին