Նոր փաստեր Հունգարիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում աճող լարվածության մասին - Mediamax.am

7576 դիտում

Նոր փաստեր Հունգարիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում աճող լարվածության մասին


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` www.portfolio.hu


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաեւն այսօր ասել է, որ իր երկիրը նոտա է ներկայացրել Հունգարիային, որտեղ նշված է, թե Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը տեղի է ունեցել միջազգային նորմերին եւ ազգային օրենսդրությանը համապատասխան:

Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում առկա է լարվածություն, ինչը Բաքուն փորձում է ամեն կերպ թաքցնել:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության Մեդիամաքս-ի աղբյուրը հայտնել էր, որ Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Աղբյուրի խոսքով, այդ հարցը քննարկվել էր ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:

 

Հունգարացի դիվանագետն ասել էր ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց: Բացի դրանից, նման որոշումը խորհրդանշական քայլ կլինի Երեւանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, հավելել է դիվանագետը:

 

Մեդիամաքս-ի այս հաղորդագրությանն ի պատասխան, Բուդապեշտում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, խախտելով դիվանագիտական պրակտիկայի չգրված օրենքը, հայտարարություն էր արել Հունգարիայի ԱԳ նախարարության անունից:

 

Նա ասել էր, որ հանդիպել է Հունգարիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի,  Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Էրնե Կեշնենիի հետ, ով իբր այդ լուրը «անհեթեթություն» է անվանել:

 

Իրականում Վիլայաթ Գուլիեւի հապճեպ արված հայտարարությունը կարող էր վկայել հենց այն մասին, որ Մեդիամաքս-ի աղբյուրի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին