Ցեղասպանության ճանաչումը բխում է հենց Թուրքիայի շահերից - Mediamax.am

18175 դիտում

Ցեղասպանության ճանաչումը բխում է հենց Թուրքիայի շահերից


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ես իսկապես անկեղծորեն հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է առաջին հերթին հենց թուրքական պետության եւ հասարակության շահերից, քանի որ շատ դժվար է տարիներ շարունակ ապրել «պահարանում նման կմախքով»:

Այս մասին այսօր Երեւանում մեկնարկած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով, վերջին տարիներին թուրքական հասարակությունում նկատվում է որոշակի շարժում ճանաչման ուղղությամբ, սակայն նաեւ անհերքելի է, որ Թուրքիան պետական մակարդակով շարունակում է հսկայական միջոցներ ծախսել Հայոց ցեղասպանության հերքման ուղղությամբ:

 

«Նման վերջին քայլերից էր Գալիպոլիի ճակատամարտը միջազգային մակարդակով հենց ապրիլի 24-ին նշելը, մինչդեռ հայտնի է, որ այդ ճակատամարտն այդ օրը ոչ սկսել է, ոչ էլ ավարտվել: Այն երկրները, որոնք այդ օրը կմասնակցեն Գալիպոլիի միջոցառումներին, կամ չեն գիտակցում Թուրքիայի պատրաստած ծուղակը, կամ էլ նրանց համար քաղաքական նկատառումներն ավելի կարեւոր են, քան պատմական արդարությունը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով, Թուրքիան շարունակում է Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարել, եւ հայ-թուրքական փակ սահմանը «երկաթե վարագույրի վերջին բեկորն է, որը ոչ միայն չի փլուզվել, այլեւ շարունակում է բաժանել հարեւան երկրները»։

«Դրա նպատակը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին առավել զիջողական դարձնելն է։ Սակայն դա ոչ մի կապ չունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ։ Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում նաեւ միջազգային կազմակերպություններում՝ բացահայտորեն պաշտպանելով Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին