Արարատ 73` վերելքի ուղին. խաղ իններորդ - Mediamax.am

exclusive
9777 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ իններորդ

27 մայիսի: Տուր IX: «Արարատը» Ալմա-Աթայում

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Առավել մանրամասն նախագծի մասին կարդացեք այստեղ:

 

«Կայրաթ» (Ալմա-Աթա) - «Արարատ» 1:4 (0:0)

 

Ալմա-Աթա. 27 մայիսի. 18 աստիճան տաքություն. 20 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան (Դեմիրճյան, 80), Սարգսյան, Ա.Հարությունյան (Իշտոյան, 80), Կովալենկո, Մեսրոպյան, Պողոսով, Բոնդարենկո, Ն.Պետրոսյան, Մարկարով, Զանազանյան, Ղազարյան:

 

Գոլեր՝ 0:1 Ղազարյան (2), 1:1 Րոժկով (36), 1:2 Ղազարյան (51), 1:3 Բոնդարենկո (61), 1:4 Զանազանյան (78):

 

Արսեն Կակոսյան

 

27 մայիսի: Տուր IX: «Արարատը» Ալմա-Աթայում

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ

 

Երեկ դիտում էի երրորդ ենթախմբի վերջին նախընտրական հանդիպումը: ԽՍՀՄ-Ֆրանսիա: Կազմը նույնն էր՝ ինչպես եւ Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ: Սակայն այս անգամ Անդրեասյանը խաղում էր կիսապաշտպանությունում, իր սովորական դիրքում: Մարզիչները, հավանաբար, հաշվի էին առել Սիմոնյանի նկատողությունները (նա հրավիրվել էր Իռլանդիայի հետ խաղի դիտում-խորհրդակցությանը): Բացի այդ, «Ֆուտբոլ»-ի վերջին համարում Նիկիտա Պավլովիչը հատկապես ընդգծել էր, որ Մարկարովին տեսնում է հարձակումների կիզակետում, իսկ Անդրեասյանին՝ հետեւի դիրքերում: Արդյունքում Արկադին խաղաց, ըստ իս, իր լավագույն խաղը հավաքականի կազմում: Բլոխինն էլ գոլ խփեց նրա շնորհիվ: Պաշտպանների մեջքի ետեւից կատարած թեթեւ փոխանցումը հարձակվողին դուրս բերեց շատ հարմար հարվածային դիրք: Մնացածը, ինչպես ասվում է, տեխնիկայի խնդիր էր: Միայն թե ցավալի է, որ «Կայրաթ»-ի հետ Անդրեասյանը չի կարողանա խաղալ, եթե նույնիսկ խաղի ավարտից հետո շտապի Ալմա-Աթա:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

   

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

Հանդիպումը Ալմա-Աթայում բաց թողեցի ԽՍՀՄ հավաքականի կազմում ֆրանսիացիների դեմ խաղի պատճառով: Այն տարիներին առաջնության օրացույցը հավաքականի խաղերին չէին հարմարեցնում, այնպես որ ազգային թիմի կազմում հանդես գալու պատճառով ստիպված էինք լինում բաց թողնել ակումբի խաղերը:

 

Ի տարբերություն «Արարատի», որտեղ բոլորը գիտեին միմյանց հնարավորություններն ու ընդունակությունները, ԽՍՀՄ հավաքականում խաղացողների միջեւ փոխըմբռնում գտնելն ավելի դժվար էր, քանի որ յուրաքանչյուրն իրեն առաջատար էր համարում: Խաղացողներն անկազմակերպ էին գործում, յուրաքանչյուրն իր համար: Ես նույնիսկ զրույց ունեցա մարզչի հետ եւ նրան ասացի`«Դուք դաշտ եք հանում Ֆեդոտովին եւ Զինչենկոյին, իսկ վերջում ինձ եք դուրս բերում: Նրանք չեն զգում, որ ես կապ ստեղծող խաղացող եմ, որին նրանք պետք է վստահեն եւ ով կարող է ստեղծագործական աշխատանք կատարել»:

Արկադի Անդրեասյան:

Լուսանկարը՝ Ֆուտբոլ 365 շաբաթաթերթ:

 

Պահեր էին լինում, երբ Բլոխինը հարվածում էր դարպասին` ինձ փոխանցում կատարելու փոխարեն, իսկ ես այդ պահին կարող էի գնդակն ուղարկել դատարկ դարպասը:

 

Այդ ժամանակ հավաքականում խաղում էր հարձակվող Վլադիմիր Ֆեդոտովը, ով գլխավոր մարզիչ Բեսկովի փեսան էր, և, իհարկե, վերջինս նրա տեղը հավաքականում միշտ ապահովում էր: Բեսկովը Բլոխինին եւ Ֆեդոտովին նույն սենյակում էր տեղավորում, որպեսզի նրանք շփվեին, եւ նրանց միջեւ լրացուցիչ փոխըմբռնում առաջանար: Բլոխինի հետ մի անգամ այդ թեմայով խոսեցինք: Ասացի. «Օլեգ, մի՞թե չես տեսնում, որ Ֆեդոտովը պարզապես քայլում է դաշտում: Դու առաջատար խաղացող ես, Կոնստանտին Իվանովիչին չե՞ս կարող ասել, որ Անդրեասյանն օբյեկտիվորեն ավելի ուժեղ է»: Իսկ ինքն ասաց, որ դա իր գործը չէ, այլ մարզչի: Միգուցե, նա իրավացի էր: Այն ժամանակ համարվում էր, որ ով խոսում է` սպառնում է մարզչի հեղինակությանը, իսկ ով լռում է` լավ տղա է: Մի անգամ այնպես էր ստացվել, որ Բլոխինի հետ ինքնաթիռում կողք կողքի էինք, Բեսկովը հեռվից մեզ տեսնելով միանգամից մոտեցավ պարզելու, թե ինչ՞ի մասին ենք վիճում: Ես էլ ասացի, որ մենք չենք վիճում, այլ պարզապես զրուցում ենք:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Ի՞նչ տեղի ունեցավ Ալմա-Աթայում: Այդ հարցը տեղին է ոչ միայն այն դեպքերում, երբ թիմը պարտվում է արտագնա խաղերում: Նաեւ երբ հաղթում է նվազագույն, այժմյան ֆուտբոլի համար բնութագրական հաշվով: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ հակառակորդն անսպասելիորեն առաջին գոլից հետո խուճապի է մատնվում, կորցնում է խաղը, ինչպես դա եղավ «Արարատի» եւ «Տորպեդոյի» հանդիպման ժամանակ:

 

Այդ ամենը տեղի չունեցավ: «Արարատը» պարզապես ջախջախեց «Կայրաթ»-ին՝ 4:1: Ես ուշադիր լսում էի Ղազախստանի ռադիոհաղորդավարի ձայնը եւ փորձում գուշակել, թե ի՞նչ է նա մտածում իրենց թիմի խաղի մասին: Հաղորդավարը համառորեն կրկնում էր, որ դաշտի տերերը լավ են խաղում, եւ առհասարակ հանդիպումը գերազանց է ընթանում:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

«Տորպեդոյից» կրած պարտությունից հետո մեկնեցինք Ալմա-Աթա: Նրանց թիմը մարզում էր «Արարատի» նախկին մարզիչ Արտյոմ Ֆալյանը եւ մեզ համար սկզբունքային էր նրանց հաղթելը: 4:1 հաշվով «Կայրաթին» հաղթելուց հետո   հայտնվեցինք մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում:

Ալյոշա Աբրահամյան:

Լուսանյարը՝ Photolure:

 

Նշանակում է, տեղի էր ունեցել այն, ինչն անվանում են «շահերի բախում»: Դաշտի տերերն առաջարկել էին բաց ֆուտբոլ, արագ տեմպ, իսկ հյուրերն ընդունել էին մարտահրավերը եւ նույնիսկ ավելացրել մրցապայքարի լարվածությունը: Եվ այդպիսի պայքարում «Արարատը» մաքուր հաղթանակ տարավ հակառակորդի նկատմամբ: Իսկ դրանք պարզապես միավորներ չէին, այլ վկայությունն այն բանի, որ ֆուտբոլիստները կարողացել էին իրենց հավաքել մոսկվացիներից պարտություն կրելուց հետո: Համաձայնեք, երեւանցիները արտագնա հանդիպումներում միշտ չէ, որ կարողանում են նման հաշվով հաղթանակ գրանցել: Երեկոյան ինձ հյուր եկավ ընկերս՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս Ռուդիկ Մկրտչյանը: Նա այն երկրպագուներից է, ովքեր հիշում են վաղուց կատարված իրադարձությունները: Իմ այն պնդմանը, որ «Արարատը» ուրիշի դաշտում երբեք այդպիսի խոշոր հաղթանակ չի տարել, նա հակադարձեց. «Իսկ Թբիլիսիու՞մ՝ 4 : 0: Իսկ «Լոկոմոտիվի» հետ 5 : 0-ն Մոսկվայու՞մ»:

 

Հետո մենք քննարկում էինք թիմի կազմը: Կային ակնհայտ փոփոխություններ: Չէր խաղում ոչ միայն Անդրեասյանը, այլ նաեւ Իշտոյանը, ով դեռեւս լավ մարզավիճակում չէ, նաեւ Սանասար Գեւորգյանը, ով մեկնել էր Փարիզ՝ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով, որին, ի դեպ, մերոնք հաղթեցին 1:0 հաշվով: Նրա փոխարեն խաղաց Սարգսյանը: Թե ինչպես է նա իրեն դրսեւորել դաշտում այս անգամ, դժվար է դատել ռադիոռեպորտաժից: Մանրամասները կիմանամ վաղը:

 

Այո, պնդում են, որ Արմենը գերազանց է հանդես եկել: Նրա դեբյուտը հաջող է եղել: Նիկիտա Պավլովիչն իրավացի էր, երբ ասում էր, որ իզուր էր նրան դաշտ հանել Կիեւի հետ առաջին հանդիպման ժամանակ: Հոգեբանական լարումն այդ ժամանակ չափազանց մեծ է եղել: Նորեկներին պետք է «առաջադրել» արտագնա խաղերում:

 

Թեեւ, դատելով ականատեսների հաշվետվություններից ու վկայություններից, բոլոր ֆուտբոլիստները խաղացել են աննախադեպ վերելքով: Հատկապես տարբերվել է Ղազարյանը: Կոլյան երկու գոլ է խփել, բայց հնարավորություն է ունեցել խփել եւս մի քանիսը՝ նույնիսկ գլխավորելով ռմբարկուների ցուցակը: Իսկ առայժմ նա իր 47 գոլերով ընդգրկվել է երկրի 100 լավագույն ռմբարկուների ցանկում:     

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

«Կայրաթը» 8 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղն էր զբաղեցնում: Կարելի է ասել, որ «Կայրաթը» առաջատարներից էր. հավասարակշռված ու վստահ խաղ էր ցուցադրում: Այդ պահին շատ կարեւոր էր բեկում մտցնել: Մեզ համար այդ պահին կարեւոր չէր այն հանգամանքը, որ իրենց դաշտում էինք խաղալու:

 

Ալմա-Աթայում 4:1 հաշվով հաղթանակ տանելն անհավատալի էր, քանի որ ըստ վիճակագրության` 1965 թ.-ից սկսած մենք այնտեղ միշտ պարտվում էինք, նույնիսկ ոչ ոքի չէինք կարողանում խաղալ: «Կայրաթը» մեզ համար անհարմար մրցակից էր, սովորաբար ինչ-որ լարվածություն կար, որը խանգարում էր խաղին: Իսկ ահա 1973-ին մենք ապացուցեցինք, որ այլեւս ոչինչ մեզ չի կարող խոչընդոտել:

Լուսանկարը՝ eudardmarkarov.com.

 

Այդ խաղում 2 գնդակ խփեցի, ինչու ոչ, կարելի է ասել, որ ես այդ խաղում լավագույնն էի: Այդ գոլերից հետո ընդգրկվեցի ԽՍՀՄ առաջնության լավագույն 100 ռմբարկուների ցուցակում, սակայն ինձ համար ավելի ուրախալի էր այն փաստը, որ Հայաստանի պատմության մեջ երկար տարիներ «Արարատի» լավագույն ռմբարկուն եմ եղել (102 գնդակ): Գոլերի ընդհանուր թվով հետագայում ինձ գերազանցեց Խորեն Հովհաննիսյանը, սակայն իմ առավելությունն այն էր, որ ես 11-մետրանոցներ գրեթե չեմ իրացրել, խփածս համարյա բոլոր գոլերը խաղային իրավիճակում են գրանցվել, իսկ նա մոտ 30 գնդակ 11-մետրանոցից է խփել: 

 

Երեւանցիներից այդ ցուցակում է նաեւ Մարկարովը: Եթե հաջորդ հանդիպմանը Զանազանյանը եւս մեկ գոլ խփի, նա նույնպես տեղ կզբաղեցնի հայրենական ֆուտբոլի հսկաների շարքում: Բայց, իմանալով Հովհաննեսի բնավորությունը, վախենամ, որ այն բանից հետո, երբ նա չկարողացավ իրականացնել 11-մետրանոց տուգանային հարվածը «Տորպեդոյի» դարպասին՝ հարված, որը կարող էր բեկում մտցնել խաղի ընթացքի մեջ, նա դեռ երկար կվախենա գնդակից, իսկ 11-մետրանոց նշագծմանն առհասարակ չի մոտենա: 

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

Առաջին հանդիպումները ես բաց էի թողել, իսկ հետո, երբ սկսեցի խաղալ, ոչ մի կերպ չէի կարողանում գոլ խփել: Սկզբում փոխարինման էի դուրս գալիս, հետո արդեն հիմնական կազմում էի: Նույնիսկ մինչեւ հիմա այդ խաղերը հիշելիս ինձ վատ եմ զգում. դարպասը գրավելու պահերը 100%-ոց էին, սակայն գնդակը համառորեն չէր գնում դեպի դարպասը: Անգամ պատահել է, որ գնդակը չի մտել դատարկ դարպասը, երբ հարկավոր էր պարզապես դիպչել գնդակին եւ այն կհայտնվեր ցանցում: Իմ մոտ այդպես երբեք չէր եղել` մենք կարողանում էինք գոլեր ստեղծել ոչնչից, իսկ այդ ժամանակահատվածում` 100%-ոց պահեր, որոնք իրացնել չէր ստացվում:

 

Այդպես օրինակ, «Կայրաթի» հետ հանդիպմանը եւ մասնակցություն եմ ունեցել բոլոր 4 խփված գնդակներին, սակայն ինձ չհաջողվեց գրավել դարպասը: Խաղից հետո տղաներից մեկը մոտեցավ ինձ եւ ասաց` «Էդիկ, ժամանակն է, որ դու էլ խփես»: Գնդակ երբեք չեմ ափսոսել, երբ ունեցել եմ 95%-ոց պահ, իսկ թիմակիցս` 99%-ոց, միշտ նրան եմ փոխանցել: Եթե թիմակցի դիրքն ավելի լավն է, քան քոնը, պարտավոր ես նրան տալ գնդակը: Այդպես էլ անում էի եւ մնում էի առանց գոլի:

Էդուարդ Մարկարով:

Լուսանկարը՝ Photolure:

 

… Հենց նոր դիտում էի «Վրեմյա» լրատվականը: «Արարատը» վեցերորդից հայտնվել է առաջին տեղում: 10 միավոր: Նույնքան միավոր ունեն եւս չորս թիմեր: Բոլոր առաջատարներն ասես պայմանավորվել են հաճոյանալ «Արարատին» ու նրա երկրպագուներին: Պարտվել են «Դնեպրը», «Շախտյորը», Կիեւի «Դինամոն», ԲԿՄԱ-ն: Եվ այնպես է ստացվել, որ գնդակների լավագույն տարբերությամբ երեւանցիները հայտնվել են առաջին տեղում: Հետաքրքիր է՝ քանի՞ փուլ նրանք կպահպանեն առաջատարի իրենց դիրքերը:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին