Բարև Հերոս: Ո՛չ, բարի օր մարդասեր, չէ՛, ողջո՜ւյն Մարդ:
Մարդ, ում նայելով տեսնում ես Ստեղծչին… մարդ, ում նայելով հարկավոր չեն խոսքեր, անգամ ավելորդ են դրանք, քանզի գործերն են խոսում, գործերն են ճչում դատարկ խոսքերի փոխարեն… մարդ, ով ակամա դառնում է հերոս:
Ո՞վ է հերոսը, նա՞ ով միայն խոսում է, թեկուզ Աստվածաշնչից, թե՞ նա, ով այցելում է իր հիվանդ ընկերոջը և այդ մասին տեղեկացնում հասարակությանը, թե՞ նա, ով նեղանում է, որ իրեն իր կոչմանը համապատասխան վերաբերմունք ցույց չես տալիս կամ նա, ո՞վ նախանձից դրդված քայլեր է անում, որ մրցակցության մեջ առաջնային տեղ վերցնի:
Ո՞վ է հերոսը իրականում:
Ծննդոց 1.27 «Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով»:
Մարդը ստեղծվեց Աստծո պատկերով, բայց այսօր շատերին նայելով կասկածում ես այդ փաստի վրա:
Աստված բարի է, մարդը՝ չարացած, Աստված արդար է, մարդը՝ կողմնապահ, Աստված անես է, մարդը՝ եսասեր, Աստված սեր է, մարդն՝ անսեր:
Սեր՝ հիմքը, գաղտնիքը, բանալին, որով մարդը նմանվում է իր Ստեղծչին:
Ձեզ՝ հերոսներ, դրդեց հերոսանալ սերը և հավատարմությունը…
Ինչքա՜ն քիչ բան է պետք Աստծո պատկերը վերականգնելու համար, Աստված իմ… Մեր օրերում, մեր հասարակության մեջ կան արդյո՞ք իրական գործող հերոսներ, մարդիկ, ովքեր կորցնում են ամեն բան… միայն սերն է մնում իրենց:
Կա՞ն հերոսներ, որ ոչ թե իրենք են իրենց հերոս կոչում, այլ իրենցից բացի մնացյալ բոլորը:
Կան արդյո՞ք Սերին իրենց մեջ կրող, իրենց անձը դնող, տառապանքից չվախեցող կանչվածներ:
Ինձ համար հերոս միշտ եղել է և կա Հիսուս Քրիստոս, բայց Նա ինչքան մարդ էր, այնքան էլ Աստված էր:
Այսօր, նայելով մի շարք մարդկանց, հասկանում ես՝ Հիսուս բնակվում է նրանց սրտում…
Նրանք վարվում են ինչպես Հիսուս կվարվեր, նրանք չեն թողնում, որովհետև չեն կարող, նրանք մահվան գնով պայքարում են… սեր և հավատարմություն…
Ինչքա՜ն քիչ բան է պետք Աստծո պատկերը վերականգնելու համար:
Հարգելի Մարգարիտ, Դոկտոր Թոմ, Հարգարժան Ֆաթիմա, Հայր Բերնար այդ ինչպե՜ս ապրեցիք Ձեր կյանքը:
Արդյոք ընտրեցին այդ ճանապարհը, որ հերոսանա՞ն:
Ո՛չ և կրկին, ո՛չ:
Նրանք արեցին այն ինչ պիտի անեին և վերջ… ինչպես Հիսուս… նրանք իրական միսիոներ են այս երկրի վրա, նրանք չընտրեցին գեղեցիկ կյանք, վայելչություն, հանգիսր և խաղաղ «ավետարանչություն»:
Նրանք լուռ ավետարանեցին աշխարհի այն կետերում, քաղաքի այն վայրերում, որտեղ վտանգավոր էր, հոտավետ էր: Հերոսացան, որովհետև իրապես սիրեցին և կանգնեցին մերժվածի կողքին հավատարմորեն…
Նրանք սիրեցին մերձավորին, ընկերին իրենց անձի պես:
Նրանք դարձան Աստծո գործակիցը երկրի վրա…
Եվ գիտե՞ք , հերոսնե՛ր, նայելով իմ միջավայրի մարդկանց կյանքին, ես հասկացա մի բան. մեկի համար հերոսությունը հազարին փրկելն է՝ սիրելով, խիզախելով, մյուսի համար մեկ հոգուն փրկելը, երրորդի համար իր սեփական անձի վրա աշխատելն է՝ հաղթելով գուցե իր նախանձը:
Կարելի է մեկ աղքատ կերակրել և դա անել սիրով և կարելի է հազարին կերակրել և ունենալ սխալ շարժառիթ, որից ոչ մի օգուտ չի լինի:
Ա Կորնթացիներ 13.3« Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եվ իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա»:
Իրական հերոսը՝ «Ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանա» Ա Կորնթացիներ 13.8:
Ների՛ր հերոս, չներկայացա. ես Եվան եմ, արդեն 4 ամիս գտնվում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ բավականին բարդ է, բայց այնքան չէ ինչքան ձեզ համար է եղել…
Ես այստեղ հայ ամուսնուս հայրական տանն եմ: Ամուսնուս մայրը «Ալցհեյմեր» հիվանդությունն ունի, քույրը՝ դաունի սինդրոմ, եղբայրը յոթ ամիս է ինչ վերականգնողական կենտրոնում բուժվում է կախվածությունից, հայրը 10 ամիս առաջ հանկարծամահ եղավ...
Գիտե՞ք, սիրելի Ֆաթիմա Ձեր աչքերով տեսել եք ձեր եղբոր հաշմանդամությունը, անգամներ ինքներդ փրկվել եք, բայց չեք դադարել պայքարել:
Հայր Բենվար, Դուք առանց խտրականության փրկել եք մարդկանց կյանքեր՝ վտանգելով ձեր սեփականը:
Դոկտոր Թոմ, մնալով մենակ չհանձնվեցիք բարոյական այդ պայքարում:
Սիրելի Մարգարիտ, օտարների համար դարձաք ծնող՝ հոգատար, սիրող, նվիրված:
«Ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանա»:
Այս ինչքա՜ն քիչ բան է պետք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: