Շատ են մարդիկ, ովքեր չեն կարող Սերժ Սարգսյանին ներել ժամանակին արված հայտարարությունն այն մասին, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու պարբերաբար հիշեցնում են դրա մասին: Զարմանալին այն է, որ այդ մարդկանց մեծը մասը որեւէ կերպ չարձագանքեց Ռուբեն Հախվերդյանի երեկվա հայտարարություններին:
Ռուբեն Հախվերդյանը, հիշեցնեմ, ասել է. «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»:
Հետո էլ «պարզաբանել է».
«Ես ասում եմ՝ Սովետի ժամանակ դա ինչ գավառ էր, ադրբեջանական գավառ չէ՞ր: Ներկայումս ոչ հայկական է, ոչ էլ ադրբեջանական: Իսկ իմ ասածն էն ա, որ նրանք Կեւորկովի մոտ աշխատելով, այդ հետամնաց գավառում, հետամնաց մարդիկ են եւ չենք ուզում, որ նրանք կառավարեն մեզ: Նրանք կայացել ու դաստիարակվել են ադրբեջանական գավառում եւ չէր կարելի նրանց պաշտոններ տալ, որովհետեւ նրանք աշխատել են Կեւորկովի մոտ, որը հայատյաց էր»:
Զարմանում եմ, որ Երեւանում ապրող սովորական արցախցիները չեն ընդվզում այս խոսքերի դեմ: Միթե՞ նրանք համամիտ են այն մտքի հետ, որ ծնվել են «ադրբեջանական գավառում»: Չէ՞ որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին չէ միայն: Միթե՞ բանական մարդը կարող է ենթադրել, որ միայն Սերժ Սարգսյանն է եկել «ադրբեջանական գավառից», իսկ մնացած բոլոր ղարաբաղցիները` այլ տեղից:
Լռում են նաեւ «թունդ ազգայնականները»: Նրանք, ովքեր դավաճան են անվանում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են բանակցել ազատագրված տարածքների մասին: Լավ, եթե ԼՂՀ-ն` նախկին ԼՂԻՄ-ը, «ադրբեջանական գավառ» էր, ի՞նչ էին այդ դեպքում Քաշաթաղն ու Քարվաճառը:
Զավեշտն այն է, որ Ռուբեն Հախվերդյանն այդ բառերն արտասանել է Ղարաբաղյան շարժման 25-ամյակի օրերին` Ազատության հրապարակում: Պարզվում է, 25 տարի առաջ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան հրապարակ, որպեսզի պայքարեն ոչ թե պատմական հայկական հողը, այլ «ադրբեջանական գավառը» Հայաստանին միացնելու համար: Այսինքն, տասնամյակներ շարունակ սովետական պրոպագանդան հենց այդպես էլ ներկայացնում էր Արցախը ու հենց դա էր պատճառը, որ գալով հրապարակ` մարդիկ այստեղ էին իմանում, թե ի՞նչ է Արցախը:
Հիմա ինչ, 25 տարի հետո վերադառնու՞մ ենք նույն կետին: Սա՞ է մեր անցած ուղու խորհուրդը:
Ասում եք, Հախվերդյանին «մի կպեք», «նա մեր մանկության կուռքն է»: Իսկ ո՞վ է ասել, որ կուռքերը չեն սխալվում: Իսկական առաջնորդը (քաղաքական, հոգեւոր կամ մշակութային էական չէ) այն մարդն է, ով համարձակություն ունի ընդունել իր սխալները: Վստահ չեմ, որ Ռուբեն Հախվերդյանն այդ համարձակությունն ունի:
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ազատության հրապարակում, անցավ բոլոր սահմանները ու կտրեց բոլոր «կարմիր գծերը»: Մտածեք այդ մասին: Չնայած, վախենամ, արդեն ուշ է: Եթե այսօր մարդիկ նորմալ են ընդունում այն, ինչը արմատախիլ անելու համար ոտի ելան 25 տարի առաջ, ուրեմն իսկապես ուշ է:
Ռուբեն Հախվերդյանը երեկ մի բան չհասկացավ: Արցախը «ադրբեջանական գավառ» անվանելով` նա ապացուցեց, որ իր հիշատակած հայատյաց Կեւորկովի գործն ապրում է` անգամ 25 տարի հետո: Որովհետեւ Կեւորկովի ու իր նմանների ցանկությունը հենց դա էր, որ Արցախը ընկալվի որպես «ադրբեջանական գավառ»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: