Ինչո՞ւ կռիվ տանք BlogNews-ի համար - Mediamax.am

Ինչո՞ւ կռիվ տանք BlogNews-ի համար
14213 դիտում

Ինչո՞ւ կռիվ տանք BlogNews-ի համար


Այսօր ստիպված եմ շարունակել երեկվա թեման` լրագրողական էթիկայի ու պատասխանատվության մասին: Այսօր խոսքը կգնա պատասխանատվության, ավելի ճիշտ` դրա բացակայության ու մեր ձեռքերով իրենց խնդիրները լուծելու որոշ մարդկանց փորձերի մասին, որոնք ինձ մոտ միայն զայրույթ են առաջացնում:

Հունվարին մի սյունակ էի գրել` առաջարկելով սաստել «չլրատվամիջոցներին»: Իսկ այսօր էլ. փոստով ստացա BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի բոցաշունշ նամակ-կոչը` SAS-i Artak@ dati e talis BlogNews.am-i xmbagrin թեմայով:

Նամակը սկսվում է այսպես (բոլոր մեջբերումներում պահպանված է բնագրի ուղղագրությունը).

Մամուլի եւ ազատ խոսքի հանդեպ ոտնձգություններն առհասարակ նոր երեւույթ չեն մեզանում: Անկախ Հայաստանի պատմությունը նման օրինակներ մեզ ցավոք շատ է հրամցրել: Մեք միշտ գիտակցել ենք, որ ազատ խոսքն արժեք է, որի համար պայքարել է պետք: Ու կռիվ ենք տվել:


Քիչ անց գլխավոր խմբագիրը շարունակում է.

Ազատ խոսքի ոտնահարման հերթական փորձ է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դատն ընդդեմ BlogNews.am-ի. ջանք մեզ տապալելու, մեզ հավերժ սաստելու: Բլոգոլորտի ուղեցույց հանդիսացող ազատ խոսքի այս հարթակը, որը մեր կուռ թիմի համառ ջանքերով կյանքի կոչվեց ու կայացավ, նման մարդկանց սրտով չէ: Ազատ խոսքից կոմպլեքսավորվողների խմբերը բնական է, որ մեզ պետք է հալածեն, բայց մենք պատրաստ ենք դրան, որովհետեւ նպատակ ունենք ինչ-որ բան փոխելու, խարազանելու արատավորն ու լավի ջատագովը դառնալու:

Վերջապես գլխավոր խմբագիրը անցնում է խնդրո առարկայի էությանը.

Ամիսներ առաջ մի մարդ դիմեց ինձ: ՍԱՍ սուպերմարկետների ցանցից  հասարակ երշիկ էր գնել ու թունավորվել: Խնդրում էր բարձրաձայնեմ իր խնդիրը, որ մեկ ուրիշն էլ իր պես մի օր չտուժի: Անմիջապես հանձն առա այս պատմությունը տարածելու ու մասսայականացնելու գործը, օգտագործեցի բոլոր ռեսուրսներս ու կապերս հաջորդ նման դեպքը կանխելու համար: Ո՞վ գիտե, գուցե հաջորդ թունավորման դեպքը մահվան ելք ունենար: Հապաղել չէր կարելի: Արի ու տես այս զգուշացումը ՍԱՍ-ը որպես վիրավորանք ընդունեց եւ տուժողից ներողություն խնդրելու ու սխալը շտկելու փոխարեն ինձ՝ նյութը տարածողիս, մեղադրեց իր գործարար համբավին վնասելու մեջ ու օրենքով սահմանված առավելագույն չափը պահանջեց՝ 2 մլն դրամ: 
Պարզից էլ պարզ է, որ BlogNews-ը, որը շահույթ չհետապնդող կառույց է, այդքան մեծ գումար տալ չի կարող եւ դատը պարտվելու դեպքում կարող է փակվելու խնդրի առաջ կանգնել: Հավանաբար հենց այսպեսի ճակատագիր է BlogNews-ի համար կանխորոշել, թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու օլիգարխ Արտակ Սարգսյանը(ՍԱՍ-ի Արտակ) եւ այս կերպ փորձում է վրեժ լուծել մեկից, ով իր ընկերության մասին թթու խոսք է ասել:

Նամակն ավարտվում է այսպես.

BlogNews-ը նման է հողի մեջ նոր տնկված ծառի շիվի: Եթե նրան ջրես ու խնամես, կծաղկի, իսկ եթե ոչ, չորանալն է նրա ապագան: Լրատվամիջոցին ջրողն ու խնամողը հանրությունն է, ով քեզ ապրելու շանս պետք է տա: Խնդրանքով դիմում եմ բոլոր բոլորին, նրանց ում համար ազատ խոսքն իսկապես արժեք է: Եղեք մեր կողքին այս դժվարին պահին եւ սատարեք մեզ: Այսօր յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն եմ զգում: Օգնեք ինձ կռիվ տալ, օգնեք ինձ հաղթել:


Հիմա եկած մտածենք` այս դեպքում մենք ինչ՞ի հետ գործ ունենք: Անկեղծ ասած, BlogNews.am երբեք չեմ կարդում: Երբեմն միայն տեսնում եմ, որ Ֆեյսբուկում այս կամ գրառման տակ հայտվում է մեկնաբանություն այն մասին, որ «ձեր գրառումը ներառվել է BlogNews.am կայքում»: Այս ոճը, երեւի, «կուռ թիմի համառ ջանքերից» մեկն է: Ինչեւէ, BlogNews.am չկարդալով` չգիտեմ, թե ինչ են գրել երշիկի ու թունավորման մասին: Գլխավոր խմբագիրն էլ, «կուռ ջանքերով» տարված, մոռացել է իր նամակում տալ խնդրո առարկա նյութի հղումը, որ բոլորս «կռիվ տալուց» առաջ հասկանանք` ինչի՞ համար ենք կռիվ տալու:

Կարդալով այս նամակը, տպավորություն ունեմ, որ հեղինակը պարզապես չի ցանկանում պատասխան տալ իր հրապարակման համար: Եթե հեղինակն այդքան վստահ է, որ մարդն իրոք թունավորվել է երշիկից, ինչո՞ւ է նամակի բովանդակության 80 տոկոսը նվիրում խոսքի ազատության մասին ամպագոռգոռ բառերին` փոխանակ հիմնավորի իր հրապարակումը, ներկայացնի թունավորված մարդուն, այն փորձաքննության արդյունքները, որին ենթարկել է երշիկը` նյութը տեղադրելուց առաջ: Դե իհարկե, ծիծաղելի բաներ եմ խոսում, ի՞նչ փորձաքննություն, ի՞նչ բան, մեր դարում ով նման ավելորդ բաների հետեւից ընկնում: Մարդն ասել է, որ խանութից երշիկ է գնել ու թունավորվել, ուրեմն այդպես էլ կա, ոչ ստուգել է պետք, ոչ էլ փորձաքննել:

Արամ Անտինյանին չեմ ճանաչում եւ ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ է նա սպասում, որ ես պետք է իր կողքին լինեմ «այս դժվարին պահին» եւ սատարեմ իրեն: Ինչո՞ւ ես կամ դուք պետք է օգնենք նրան «կռիվ տալ, օգնել հաղթել»: Ո՞ւմ հաղթել: Միգուցե տարրական պրոֆեսիոնալիզմի բացակայությա՞նը:

Դատական նիստ դեռ չի եղել` միգուցե՞ դատարանում անհերքելի փաստեր են ի հայտ գալիս այն մասին, որ BlogNews.am-ը զրպարտել է խանութների ցանցին: Ինչո՞ւ կռիվ տանք: Անկեղծորեն չեմ հասկանում:

Այլ բան եմ հասկանում. BlogNews.am պարզապես վախեցել է դատարանում հայտնվելու հեռանկարից ու խուճապահար փորձում է ինչ-որ ելքեր փնտրել: Իսկ իրականում պետք է փաստաբան վարձել, նյութեր հավաքել, որոնք կներկայացվեն դատարանում:

Կարճ ասած, հիստերիկ բաներ անել պետք չէ` երբ բան ես գրում որեւէ մեկի մասին, պատրաստ եղիր, որ նա էլ պաշտպանվելու իրավունք ունի:

Կարծում եմ, իրեն հարգող որեւէ լրատվամիջոց նման բովանդակությամբ կոչ չէր տարածի: Ամեն դեպքում, այս կոչի մեջ մի դրական բան տեսնում եմ` միգուցե այն կկարդան նաեւ այլ չլրատվամիջոցները ու վերջապես կհասկանան, որ responsible reporting/պատասխանատու լրագրություն եզրույթը հայաստանյան օլիգարխները չեն հնարել, որ իրենց սնանկացնեն: Դա արել են ազատ խոսքի հիմնադիրները, որոնց մասին չլրատվամիջոցները պատկերացում էլ չունեն:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին