Շինարարների ակումբ/Ռուսական թատրոն` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
38192 դիտում

Շինարարների ակումբ/Ռուսական թատրոն` կենդանի պատմություն


Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարանի արխիվից:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Կարո Հալաբյանը եւ Միքայել Մազմանյանը:
Կարո Հալաբյանը եւ Միքայել Մազմանյանը:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Կարո Հալաբյանը եւ Միքայել Մազմանյանը:
Կարո Հալաբյանը եւ Միքայել Մազմանյանը:

Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Դրվագ «Աննա Կարենինա» ներկայացումից:
Դրվագ «Աննա Կարենինա» ներկայացումից:

Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:

Դրվագ «Два клена» ներկայացումից:
Դրվագ «Два клена» ներկայացումից:

Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքն է, որը կառուցվել է 1929 թվականին` որպես Շինարարների ակումբ: Կարդալով այս գլուխը, ոչ միայն կտեղեկանաք շենքի պատմությանը, այլեւ կիմանաք այն մասին, թե ինչպես Անաստաս Միկոյանը Բերիայից փրկեց Շինարարների ակումբի հեղինակներից մեկին` Կարո Հալաբյանին….

Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյան` ժամանակին նախագիծը սուր քննադատության ենթարկվեց

Շինարարների ակումբը Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկն էր:

Շենքի հեղինակներն են Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը եւ Գեւորգ Քոչարը:

Ժամանակին նախագիծը սուր քննադատության ենթարկվեց` շատերն ասում էին, որ շենքը «շոգենավ» է հիշեցնում: Շենքը կառուցվում էր քաղաքի շինարարների անձնական միջոցների հաշվին` յուրաքանչյուր ամիս ակումբի կառուցման համար նրանք հատկացնում էին իրենց աշխատավարձի մի մասը:


Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Այդ տարիներին ընդունված էր նման կառույցները կառուցել երկու մասնաշենքով: Այդ ձեւը կոչվում է «տաղավարային տիպի շինություն»: Շինարարների ակումբը եւս բացառություն չէր: Առաջինը մասնաշենքում տեղի էին ունենում տարբեր խմբակային պարապմունքներ, ցուցահանդեսներ եւ այլն: Երկրորդ մասնաշենքում գործում էր Ֆիզկուլտուրայի եւ սպորտի կոմիտեն: Տարածքում կար նաեւ մարզադահլիճ, որը, ցավոք, հետագայում քանդվեց:

Միքայել Մազմանյանի թոռնուհի Լիլիթ Տեր-Մինասյան` Շինարարների ակումբը դարձավ Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկը

Շինարարների ակումբը սկսեց կառուցվել 1929 թվականին եւ դարձավ Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկը: Շենքի հիմնական ծավալը սյուներով բարձրացված է հատակից, պատուհանները ժապավենաձեւ են, տանիքները՝ հարթ:  Որքան էլ տարօրինակ չհնչի, բայց կոնստրուկտիվիզմը համահունչ է հայ դասական ճարտարապետության հետ: Դա կարելի է նկատել մեր եկեղեցիների օրինակի վրա, որտեղ չկա ոչ մի պատահական եւ ավելորդ տարր, մաքուր ծավալներ են: 


Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

1933 թվականին Շինարարների ակումբը անցավ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի տրամադրության տակ: Այնուհետեւ շենքում սկսեց գործել ռուսական դրամատիկական թատրոնը: Դերասաններից հաճախ եմ լսել, որ նախկին ակումբի դահլիճը գերազանց ակուստիկա ուներ:

1960-ականներին շենքը վերակառուցվեց` Գեւորգ Քոչարի եւ Ստեփան Քյուրքչյանի կողմից:

Ի դեպ, մինչ Երեւան տեղափոխվելը, Մազմանյանը եւ Հալաբյանը կապված են եղել թատրոնի հետ` Մոսկվայում նրանք աշխատում էին որպես Վախտանգովի թատերական ստուդիայի նկարիչներ եւ ձեւավորել են բազմաթիվ ներկայացումներ: Մազմանյանի կինն այդ ստուդիայի սաներից էր: 


Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Նախկին շինարարների ակումբի նման «մաքուր» կոնստրուկտիվիստական շենքերի թվին պատկանում են նաեւ Սախարովի հրապարակի վրա գտնվող երկու շենքերը եւ շախմատաձեւ բնակելի տունը: Այս բոլոր շենքերը կառուցվել են 1929-1935 թվականներին, երբ երիտասարդ ճարտարապետները բավականին սուր կերպով պայքարում էին ակադեմիզմի դեմ: Այդ ժամանակ երիտասարդության կողմից նույնիսկ ցույցեր էին կազմակերպվում՝ թամանյանական դպրոցի շրջանակներից դուրս գալու պահանջով: 

Ի դեպ, Հյուսիսային պողոտայի սեփական նախագիծն ուներ եւ Միքայել Մազմանյանը` նա այն պատկերացնում էր ռոմբաձեւ փոքրիկ հրապարակների տեսքով:

Հալաբյանը, Բերիան եւ Միկոյանը

«Մոլի կոնստրուկտիվիստներ» Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը 20-ական թվականներին սովորում էին Մոսկվայում` հայտնի ВХУТЕМАС-ում: Երիտասարդ ճարտարապետները Հայաստան եկան 1929 թվականին եւ սկսեցին ակտիվ մասնակցել Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի կառուցապատմանը:

Միքայել Մազմանյանն ու Գեւորգ Քոչարը համագործակցեին նաեւ տարիներ անց` հեռավոր Նորիլսկում, որտեղ հայտնվել էին ստալինյան ռեպրեսիաների հետեւանքով: Մազմանյանն ու Քոչարը Նորիլսկում աշխատեցին մինչեւ 1954 թվականը` այդ ընթացքում բազմաթիվ կառույցներ նախագծելով:


Միքայել Մազմանյանն ու Կարո Հալաբյանը:
Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:


Եթե չլիներ Անաստաս Միկոյանը, Կարո Հալաբյանը եւս հայտնվելու էր ստալինյան պատժիչ մեքենայի մամլիչի տակ: Հալաբյանը համարվում էր խորհրդային լավագույն ճարտարապետներից մեկը: Նրան չափազանց բարձր էին գնահատում նաեւ արտերկրում: Մասնավորապես, Բրիտանական թագավորական ճարտարապետական ինստիտուտը նրան շնորհել էր պատվավոր թղթակից-անդամի կոչումը: Կարո Հալաբյանը արժանացել էր նաեւ Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչմանը`1939 թվականին այդ քաղաքում կայացած միջազգային ցուցահանդեսում խորհրդային պավիլյոնի ձեւավորման համար:

Հայրենական Մեծ Պատերազմի ավարտից հետո, երբ Մոսկվայում սկսվեց հայտնի «ստալինյան» բարձրահարկ շենքերի կառուցումը, խորհրդակցություններից մեկի ժամանակ Կարո Հալաբյանը (նա զբաղեցնում էր Մոսկվայի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) համարձակություն ունեցավ հակաճառել ամենազոր Լավրենտի Բերիային` ասելով, որ այդ շենքերի սպասարկումը չափազանց ծախսատար կլինի: Մի քանի օր անց Կարո Հալաբյանին ազատեցին բոլոր պաշտոններից եւ զրկեցին պատվերներից: Մտավախություն կար, որ Բերիան դրանով չի սահմանափակվի եւ Հալաբյանը կարող է ձերբակալվել ու աքսորվել:

Հալաբյանին փրկեց նրա մանկության ընկերը` Անաստաս Միկոյանը (նրանք միասին սովորել էին Թիֆլիսում): Միկոյանը Հալաբյանին գրեթե բռնի կերպով ուղարկեց Երեւան` ասելով`«գնա, որպեսզի որոշ ժամանակ քեզ այստեղ չտեսնեն ու չհիշեն»: Պատմում են, որ քաղաքացիական պատերազմի տարիներին Հալաբյանը փրկել էր Միկոյանի կյանքը ու այսպես Միկոյանը «վարձահատույց» եղավ ընկերոջը: Հալաբյանը Հայաստանում մնաց մոտ մեկ տարի, այնուհետեւ վերադարձավ Մոսկվա:

Ռուսական թատրոնի ստեղծումը

Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշել էր, որ Երեւանի ռուսական թատրոնը պետք է հանդես գա որպես ռուսական դասական, արեւմտաեվրոպական, հայկական եւ սովետական դրամատուրգիայի լավագույն նմուշների քարոզիչ: 1937 թվականի ամռանը Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Երեւանում պետական ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծման վերաբերյալ: Ապագա թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց սովետական հայկական թատրոնի հիմնադիրներից մեկը, ռեժիսոր Լեւոն Քալանթարը:

Ի դեպ, առաջին թատերական ներկայացումը Հայաստանում բեմադրվել էր ռուսների կողմից` 19-րդ դարում: Այդ իրադարձությունը տեղի ունեցավ 1827թ. դեկտեմբերին՝ գեներալ Պասկեւիչի զորքերի կողմից Երեւանի բերդը գրավելուց եւ Արեւելյան Հայաստանը Պարսկաստանի լծից ազատելուց երկու ամիս անց: Երեւանի բերդի դահլիճներից մեկում ցուցադրվեց Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը: Որպես դերասաններ հանդես եկան Կովկաս աքսորված դեկաբրիստ-սպաները: Ներկայացմանը ներկա էր նաեւ հեղինակը՝ Ալեքսանդր Գրիբոյեդովը, որը առաջին անգամ էր դիտում իր ստեղծագործությունը բեմի վրա:


Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Ապագա թատրոնը տարածք չուներ եւ որոշվեց, որ սկզբնական շրջանում այն իր ներկայացումները կցուցադրի Օպերայի շենքում: Հետագայում, երբ կառուցվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, ռուսական թատրոնը դարձավ Շինարարների ակումբի լիիրավ տերը:

Ամենամեծ խնդիրն էր թատրոնի ստեղծագործական կազմի ձեւավորումը: Բարեբախտաբար, Թբիլիսիում վերաձեւավորվել էր Կարմիր բանակի թատրոնը, որի հիմնական կորիզը կազմված էր ГИТИС-ն ավարտած դերասաններից: Հայաստանում աշխատելու առաջարկին դերասանների մեծ մասը դրական պատասխան տվեց եւ արդեն 1937թ. նոյեմբերի 15-ին կայացավ “Очная ставка” ներկայացման հանդիսավոր պրեմիերան:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր եւ առաջին քարտուղար Հարություն Յավրյան` մշտական խոնավությունը քայքայում էր շենքի հիմքերը

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն հիմնադրվել է 1990 թվականին: Նախկինում`1931-ից սկսած, այդ շենքում գործում էր Սպորտկոմիտեն: Շենքի մի մասը զբաղեցնում էր Ֆիզկուլտուրնիկի տունը, որտեղ կազմակերպվում էին տարբեր սպորտային միջոցառումներ: Առաջին հարկում լողավազան կար: Հետագայում այն քանդեցին, քանի որ մշտական խոնավությունը քայքայում էր շենքի հիմքերը:


Լուսանկարը` Մ.Մազմանյանի արխիվից:

Բակում ծանրամարտի մարզադահլիճ կար, նույն տարածքում գործում էր նաեւ մարզիկների ճաշարանը: Հետագայում մարզադահլիճը վաճառվեց ոմն Համլետ Սողոմոնյանին, որն այդտեղ ռեստորան կառուցեց: Սակայն այդ ռեստորանը հայտնի վայր չդարձավ եւ ավելի ուշ այն քանդեցին: Տեղում կառուցվեց բարձրահարկ շենք, որի առաջին երեք հարկերը տրամադրեցին Սպորտկոմիտեին: Այսօր այնտեղ նոր մարզադահլիճ է գործում՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով:

Մեր երիտասարդության տարիներին շատ հայտնի էր նաեւ բասկետբոլի եւ վոլեյբոլի բացօթյա խաղահրապարակը:

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյան` մարզահրապարակը փայտյա տրիբունա ուներ

Թատրոնի ծառայողական մուտքի դիմաց կար ծանրամարտի մարզադպրոց: Այնտեղ մարզվում էին մեր լավագույն ծանրորդները: Հիմա այդ շենքը չկա:

Մինչեւ թատրոնի հարեւանությամբ էլեկտրական ենթակայանի կառուցումը
Սպորտպետկոմի շենքի եւ թատրոնի միջեւ ընկած տարածքում կար նաեւ մեծ մարզահրապարակ` նախատեսված վոլեյբոլի եւ բասկետբոլի համար:

Այդ մարզադաշտում անցկացվում էին պատանեկան մրցումներ, մրցաշարեր տարբեր կոլեկտիվների միջեւ: Մարզահրապարակը նաեւ փայտյա տրիբունա ուներ` մինչեւ 50 հանդիսականների համար: Մարզահրապարակը որպես ժամանցի վայր էր ծառայում նաեւ հարեւան շենքերի բնակիչների համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյան
 
Թատրոնի շենքը կառուցվել էր որպես մշակութային կենտրոն աշխատավոր մարդկանց համար: Ավելի ուշ այստեղ տեղակայվեց Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնը: Բոլոր օպերային ներկայացումները տեղի էին ունենում հենց այս շենքում:

Նախկինում ռուսական թատրոնն անուն չուներ: 1938թ-ին՝ Ստանիսլավսկու մահից հետո, ի հայտ եկավ թատրոնը մեծ վարպետի անունով անվանակոչելու գաղափարը:
Աշխատանքային կոլեկտիվը նամակ ուղարկեց Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի վետերաններին՝ թատրոնը Ստանիսլավսկու անունով կոչելու թույլտվությունը ստանալու խնդրանքով: Ի պատասխան Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնը ուղարկեց մեծ ռեժիսորի, տեսաբանի, դերասանի եւ դասախոսի փաստաթղթերը, ներկայացման էսքիզները, լուսանկարները: Այդ ամենի հիման վրա ռուսական թատրոնի նախասրահում կայացավ Ստանիսլավսկու կյանքին եւ ստեղծագործական ուղուն նվիրված ցուցահանդես, իսկ թատրոնն այդ օրվանից պաշտոնապես կոչվում է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն:


Դրվագ «Աննա Կարենինա» ներկայացումից:
Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:


Ժամանակին փորձեր են կատարվել վերանվանել թատրոնը, սակայն մեզ հաջողվեց պահպանել թատրոնի՝ Ստանիսլավսկու անունը կրելու իրավունքը:

1965 թվականին, երբ դեռ 26-27 տարեկան էի, ինձ առաջարկեցին դառնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այդ տարիներին թատրոնը գտնվում էր ոչ այնքան լավ վիճակում: Դերասանական կազմում գենդերային անհավասարություն էր (11 տղամարդ եւ 27 կին), շենքը անմխիթար վիճակում էր:

Մեզ հնարավորություն տվեցին վերակառուցել շենքը: Փոխեցինք բեմը, վիզուալ կերպով խորացնելով այն, նստատեղերի քանակը հասցրեցինք 620-ի:


Դրվագ «Два клена» ներկայացումից:
Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:


Ունենք նաեւ փոքր բեմ՝ 40 նստատեղով: Այն էքսպերիմենտալ հարթակ է երիտասարդ ռեժիսորների եւ արտիստների համար:

Հայաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Մարչենկո`20 տարեկանում թատրոն եկա

Երբ 20 տարեկանում Ստանիսլավսկու անվան թատրոն եկա, որեւէ դերասանական կրթություն չունեի` ավարտել էի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Սկսեցի աշխատել որպես փոխարինող` դեր էի ստանձնում միայն այն ժամանակ, երբ դերասաններից մեկը անկարող էր խաղալ`շրջագայության էր մեկնում կամ վատառողջ էր: Այժմ 78 տարեկան եմ, սակայն շարունակում եմ աշխատել իմ սիրելի թատրոնում՝ արդեն ժողովրդական արտիստուհու կարգավիճակով:


ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ն. Տեր-Սեմյոնով:                               
Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:            


Բախտ եմ ունեցել աշխատել շատ ռեժիսորների հետ: Յուրահատուկ վերաբերմունք ունեմ Ալեքսանդր Գրիգորյանի նկատմամբ: Նա իսկական ստեղծագործ, խորը, հասկացող ու խելացի անձնավորություն է, որի շնորհիվ թատրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը:

Բազմաթիվ հիշարժան պահեր են եղել Ստանիսլավսկու անվան թատրոնում: Կոլեկտիվի հետ շատ մտերիմ էինք, միասին նշում էինք բոլոր տոները: Ստեղծագործական մթնոլորտի ներքո ձեւավորվել էր մի մեծ, ամուր ընտանիք:

Ամենալուսավոր ներկայացումներից էր Արմեն Ջիգարխանյանի հետ խաղացած` մանուկների համար նախատեսված ներկայացումը: Նա արջի դերն էր ստանձնել, ես էլ` աղվեսի:

Ցավում եմ, որ այսօր նոր սերնդի շատ ներկայացուցիչներ ռուսերենին չեն տիրապետում եւ այդ պատճառով հանդիսատեսը քանակը նվազել է:

Թատրոնի զգեստապահ Վալերիա Նազարյանը` այստեղ աշխատում եմ 40 տարի

Թատրոնում աշխատում եմ արդեն 40 տարի՝ 1972 թվականից: Առաջին ներկայացման համար աշխատել եմ Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր, դերասանուհի  Յուլյա Կոլեսնիչենկոյի հետ: Բեմադրվում էր “Чрезвычайный посол” ներկայացումը:

Ինձ համար ամենահիշարժան օրը թատրոնում կապված է “Собака на сене” ներկայացման հետ, որի ժամանակ մի փոքրիկ միջադեպ եղավ, որը հարթվեց դերասանի հմտության շնորհիվ:  Ներկայացումը սկսվել էր, ես կանգնած էի կուլիսների հետեւում: Հանկարծ արձակվեց դերասանի զգեստի ճարմանդը: Նա, խաղը շարունակելով, հեռացավ բեմից եւ մոտեցավ ինձ: Ես անմիջապես մի քանի քորոց ամրացրեցի, եւ նա վերադարձավ բեմ: Հանդիսատեսը անգամ չնկատեց, որ որեւէ խնդիր է ծագել:


Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:               

Ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ աշխատել եմ մեծ դերասանների` Կոլեսնիչենկոյի, Եգորովայի, Գրիկուրովի հետ:

Խորհրդային տարիներին բեմական զգեստների տեսականին այդքան էլ մեծ չէր եւ ստիպված էինք լինում եղած զգեստները հարմարեցնել այս կամ այն ժամանակաշրջանին: Այսօր դերասանները յուրաքանչյուր ներկայացման համար ցանկանում են նոր, թարմ կոստյումներ ունենալ:

Հիշում եմ, որ թատրոնում գործում էին նաեւ սպորտային խմբակներ եւ մեր դերասաններից շատերը օգտվում էին մարզական ակումբից: Ամռանը բակում տեղի էին ունենում մարզիկների պարապմունքները, որոնց հաճախ մասնակցում էին նաեւ ռուսական թատրոնի դերասանները:


Լուսանկարը` Ստանիսլավսկու անվան թատրոնի արխիվից:

ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյան` հերոսաբար պահպանված թատրոն է

Ժամանակին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում գործում էր նաեւ Երաժշտական կոմեդիայի թատրոնը, որը հիմնադրվել էր 1942 թվականին: Հայրիկիս նվագախումբը հանդես էր գալիս ինչպես այդ թատրոնում, այնպես էլ նախկինում գործող Շինարարների ակումբում:

Աբովյան փողոցում յուրահատուկ մթնոլորտ էր տիրում. մի կողմից մշակութային մասն էր, մյուս կողմից՝ Սպորտկոմիտեն, որտեղ գործում էին գրեթե բոլոր սպորտաձեւերի խմբակներ: Այդ տարիներին երեք հայտնի մարզիկ կային, ում լուսանկարները փակցրած էին Սպորտկոմիտեի պատին` Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը եւ Իգոր Նովիկովը:

1970 թվականին Ալեքսանդր Գրիգորյանը շատ հետաքրքիր երաժշտական ներկայացում էր բեմադրել: Երաժշտության հեղինակն էր թատրոնի դերասան Իգոր Նագավկինը: Գրիգորյանն առաջարկեց, որ մեր նվագախմբի տղաներով կատարենք այն: Երկու տարի անց ինձ առաջարկեցին երաժշտություն գրել “Иностранный жених” ներկայացման համար: Դա եղավ թատրոնի հետ մեր առաջին համատեղ ստեղծագործական արդյունքը: Այնուհետեւ ինձ առաջարկեցին լինել թատրոնի երաժշտական մասի ղեկավարը: Այն ժամանակ, ինչպես եւ հիմա, թատրոնում լավ երգող դերասաններ կային:

Այս թատրոնը հերոսաբար պահպանված թատրոն է, այն շարունակում էր աշխատել անգամ դժվար 90-ականներին:

Թատրոնում շատ բան չի փոխվել: Մի փոքր ձեւափոխել են նախասրահը, բուֆետի մասը՝ այժմ ավելի մտերմիկ է դարձել:

Բուֆետում նրբերշիկ եւ կարկանդակներ էին վաճառում, զովացուցիչ ջրեր: Մեր լիմոնադները շատ լավն էին, ընդմիջման ժամանակ պարտադիր դրանցից պետք է խմեինք, մեկական կարկանդակ վայելեինք:

Տարիներ անց ընդլայնվեց նաեւ հանդերձարանը: Չէ որ, հենց Ստանիսլավսկին էր ասում, որ «թատրոնը սկսվում է հանդերձարանից»:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:

Շնորհակալություն ենք հայտնում` Լիլիթ Տեր-Մինասյանին:

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին