Գիտե՞ք, որ առաջին անգամ Սասունցի Դավթի արձանը կայարանամերձ հրապարակում տեղադրվել էր 1939 թվականին ու պատրաստված էր գիպսից: Տեղյա՞կ եք, որ 1955 թվականին կուսակցական եւ պետական մարմինների կողմից ընդունված որոշումը զրկեց կայարանն իր հայտնի գմբեթից: Գիտե՞ք, որ խորհրդային տարիներին կայարանի մուտքի ժամացույցը մոսկովյան ժամանակն էր ցույց տալիս:
Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա հերոսները Երեւանի կայարանն են ու Սասունցի Դավթի արձանը:
Ժամանակին կայարանամերձ հրապարակը ամբողջական համալիր էր: Կայարանի շենքի աջ կողմում գտնվում էր «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, ձախ կողմում՝ Երկաթուղայինի կուլտուրայի պալատը: Երբ վերակառուցվում էր Պարոնյանի թատրոնի շենքը, հենց այս պալատում էին ցուցադրվում թատրոնի ներկայացումները: Պալատը կառուցվել է Հայկական երկաթգծի պետ Համբարձում Ղանդիլյանի օրոք, ով իր գործի իրական նվիրյալ էր ու շատ բան է արել Հայաստանում երկաթուղային տնտեսության զարգացման համար:
Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:
«Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կառուցվել էր 1960-ականների կեսերին՝ մշակույթի նախարարության՝ քաղաքի բոլոր համայնքներում «կուլտուրայի գոտիներ» ունենալու որոշման համաձայն:
Շենքի ճարտարապետն է Աննա Տեր-Ավետիքյանը: Կինոթատրոնն ուներ մեկ դահլիճ, որտեղ հիմնականում ցուցադրվում էին հնդկական ֆիլմեր: Կինոթատրոնը փակվեց 1980-ականների սկզբին, այնուհետեւ շենքը քանդեցին: Ասում են, որ պատճառը ոմանց անձնական հակակրանքն էր շենքի հեղինակի նկատմամբ: Ի դեպ, մի քանի տարի առաջ քանդվեց Աննա Տեր-Ավետիքյանի հեղինակած մեկ այլ շենք: Խոսքը Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում տեղակայված Հայաստանի գիտությունների ակադեմիայի հին շենքի մասին է, որը քանդվեց նոր եկեղեցի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայր կառուցելու նպատակով:
Նախկին կինոթատրոնի վայրում սկսեցին կառուցել հյուրանոցային համալիր, որն այդպես էլ անավարտ մնաց ու այդ տարածքի հետագա ճակատագիրը մնում է մշուշոտ:
2011թ. սեպտեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց, որ եթե կայարանամերձ հրապարակում կիսակառույց շենքի սեփականության իրավունքը վիճարկող կողմերը համաձայնության չգան, տարածքը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ: «Քաղաքը չի կարող տարիներով սպասել»,- ասել էր Նարեկ Սարգսյանը:
«Ցանկություն ունեմ (չգիտեմ` որքանով է այն իրական) վերականգնել «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, որը խորհրդային տարիներին քանդվեց եւ դրա տեղում սկսվեց այդ հյուրանոցի շինարարությունը»,- ասել էր Երեւանի գլխավոր ճարտարապետը:
Հայաստանի երկաթուղու թանգարանի տնօրեն Խորեն Ավետիսյան
84-ամյա Խորեն Ավետիսյանը կայարանում աշխատում է 1950 թվականից: 1972-1992թթ. աշխատել է որպես կայարանապետ:
Հայաստանի երկաթուղին 104 տարվա պատմություն ունի: 1895 թվականին Նիկոլայ Երկրորդին Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երթուղով երկաթգիծ կառուցելու հայտ ներկայացվեց, եւ 1896 թվականին շինարարությունը սկսվեց:
Խորեն Ավետիսյանը
Մի քանի տարբերակ կար՝ Սեւ կամ Կասպից ծովերի ափով կառուցել, սակայն ցարը ընտրեց Լոռվա կիրճը: 1899 թվականի փետրվարի 7-ին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ (Գյումրի) ժամանեց առաջին գնացքը:
Էրիվանի կայարանը կառուցվել է 1899 թվականին, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին այստեղ ժամանել է առաջին գնացքը:
Լուսանկարը`Հայաստանի երկաթուղու թանգարան
Կայարանի նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1956թ հուլիսի 22-ին: 1970-ական թվականներին կայարանի տարածքում գործում էր ռեստորան, կար մոր եւ մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ:
Նոր Կայարանը
Ավանգարդ
24 հուլիսի 1956թ.
Ցանկանում ես գնացքով ուղեւորություն կատարել: Իջնում ես տրամվայից եւ քայլերդ ուղղում Երեւանի կայարան:
Երեւանի կայարան…
Առաջվա փոքրիկ ու անշուք կայարանի փոխարեն այժմ քո առջեւ վեր է խոյացել մի գեղեցիկ տուֆաշեն հոյակապ շենք: Կայարան ես մտնում եւ առաջվա պես չես մտահոգվում, որ դրամարկղի մոտ կանգնած հերթում շնչահեղձ կլինես ծխախոտի ծխից, ծանր օդից: Չքացել է առաջվա նեղլիկ դահլիճը: Լայնարձակ նախասրահում են գտնվում տոմսարկղերը: Սպասող քաղաքացիներն այլեւս չեն կուտակվի մի քանի խղճուկ նստարանների վրա: Այժմ երկու մեծ դահլիճներում ուղեւորները հանգիստ կսպասեն գնացքի մեկնելուն: Կայարանն ունի ճոխ ճաշարան, մոր եւ մանկան սենյակներ, ուր ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի մանուկները զբաղվեն, չձանձրանան: Երկար ճանապարհորդությունից հոգնած ուղեւորների համար առանձնացված է յոթ սենյակ՝ բոլոր հարմարություններով: Եթե ցանկանում ես՝ կարող ես լողանալ, սափրվել, պառկել, հանգստանալ ու նոր միայն թարմացած դուրս գալ քաղաք: Եթե ցանկանում ես ձեռքիդ իրերը, ծանրոցները պահ տալ, կարող ես ուղղվել դեպի նախասրահի տակ տեղավորված իրերի պահման սենյակները: Նոր կայարանի ոչ միան արտաքին տեսքն է գեղեցիկ, այլեւ շենքի ներս մտնելիս, մարդ հիանում է հարուստ եւ շքեղ կահավորումով:
Ա. Հովակիմյան
Պատմում է ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի թոռը՝ Տիգրան Տիգրանյանը
Պապս նախատեսել էր կայարանը շատ շքեղ կառուցել: Ուզում էր, որպեսզի քաղաք ժամանող հյուրերը գեղեցիկ շենք տեսնեին:
[context1]
Նա ցանկանում էր կայարանի շենքի գմբեթը ոսկեզօծ անել՝ օգտագործելով 2 կիլոգրամ տեխնիկական ոսկի: Նաեւ ցանկանում էր, որպեսզի կայարանի հատակը մարմարե կամ գրանիտե լինի: Սակայն չար լեզուները սկսեցին լուրեր տարածել, որ Տիգրանյանը ցանկանում է «քամուն տալ ժողովրդի փողերը»: Այդ բողոքներից հետո պապս 6 ամիս շարունակ կանչվում են քննչական մարմիններ: Ի վերջո, նրան ուղարկեցին Թիֆլիս՝ տրասնպորտային դատախազության գրասենյակ: Պապս ապրել եւ սովորել էր Թիֆլիսում. ներկայանալով դատախազություն, այնտեղ պատահական հանդիպեց իր վրաց դասընկերոջը, որի միջնորդությամբ էլ գործը ի վերջո փակեցին:
Լուսանկարը`Ա. Խանոյանի արխիվից
Գմբեթը ոչ միայն ոսկեզօծ չդարձավ. 1956 թվականին շենքը բացվեց առհասարակ առանց գմբեթի:
«Գլխատված» կայարան
1955 թվականի նոյեմբերի 4-ին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ընդունեցին հայտնի որոշումը`«Об устранении излишеств в проектировании и строительстве»:
Ներկայացնենք մի քանի հատված այդ որոշումից.
«Թբիլիսի քաղաքում «Գռուզուգոլ» կոմբինատի վարչական շենքի կառուցման ժամանակ (ճարտարապետները` Չխիկվաձե եւ Չխեիձե) կառուցվել է 55 մետր երկարությամբ եւ 3 մլն ռուբլի արժողությամբ դեկորատիվ, գրեթե չօգտագործվող աշտարակ: Այդ շենքի ճակատային մասերի երեսպատման ծախսերը կազմել են 8,1 մլն. ռուբլի կամ շինարարության ընդհանուր արժեքի 33 տոկոսը: Վրացական ԽՍՀՄ Գյուղատնտեսության նախարարության կառուցվող շենքի ճակատային մասերի մշակման գինը (ճարտարապետներ` Պարպխալաիշբիլի եւ Թավդգիրիձե) կազմել է 3,9 մլն. ռուբլի կամ շենքի ընդհանուր արժեքի 32 տոկոսը»:
«Նշանակալից ավելորդություններ են թույլ տրվել են Լենինգրադում, Թբիլիսիում, Կիեւում, Խարկովում, Մինսկում, Վորոնեժում, Բաքվում, Դոնի Ռոստովում եւ այլ քաղաքներում բնակելի եւ հասարակական շենքերի նախագծման եւ կառուցման ժամանակ»:
«Բաքվում ճարտարապետ Ուսեյնովի նախագծերով բազմաթիվ բնակելի տներ եւ հասարակական շենքեր կառուցվել են մեծ ավելորդություններով: Ճարտարապետ Ուսեյնովը միջնադարյան արեւելյան ճարտարապետության ձեւերը տեղափոխում է դեպի արդիական շենքերի ճարտարապետություն»:
Չնայած Երեւանը որոշման մեջ չէր հիշատակվում, Խրուշչովի եւ Բուլգանինի ստորագրած որոշումը չէր կարող անհետեւանք մնալ Հայաստանի համար: Մի շարք կառույցների նախագծեր, անգամ նրանք, որոնք գտնվում էին շինարարության ավարտական փուլում, վերանայվեցին ու «գլխատվեցին»: Այդպես եղավ նաեւ Էդմոնդ Տիգրանյանի նախագծած Երեւանի կայարանի շենքի հետ`1956 թվականին այն բացվեց առանց հայտնի գմբեթի:
Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ:
Գմբեթը կառուցվեց տարիներ անց` շենքին տալով այն ավարտուն տեսքը, որը մտածել էր ճարտարապետը:
Շենքն իր ավարտուն տեսքով պատկերված է Երեւանի մասին պատմող հարյուրավոր բացիկների, գրքերի եւ բրոշուրների վրա: Եվ դա զարմանալի չէ` մինչեւ 1960-ական թվականների կեսերը հենց երկաթուղու միջոցով էր Երեւան հասնում հյուրերի մեծ մասը:
Չնայած այսօր Երեւանից գնացքով կարելի է միայն Վրաստան հասնել, կայարանի շենքը շարունակում է խորհրդանիշ մնալ: Ս.թ. հունիսի 25-ից շրջանառության մեջ մտան 50 դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին եւ Երեւան քաղաքին նվիրված հիշատակային մետաղադրամները: Երեւանին նվիրված մետաղադրամի վրա պատկերված է Սասունցի Դավթի արձանը` կայարանի շենքի պատկերի ներքո:
Շենքի անձնագիրը
Նկարին սեղմելով, կարող եք ծանոթանալ շենքի անձնագրին, որը մեզ է տրամադրել Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը:
Տոնական հիանալի նվեր
Սովետական Հայաստան
24 հուլիսի 1956թ.
Այսօր, երկաթուղային համամիութենական օրը, լավ նվեր կստանան մեր ռեսպուբլիկայի մայրաքաղաքի աշխատավորները, շահագործման կհանձնվի Երեւանի կայարանի նորակառույց շենքը:
-Գիտե՞ք որքան նեղվածք էր մեզ մոտ,- ասում է կայարանապետ ընկեր Այվազյանը: Գլխի շարժումով նրա խոսքերն է հաստատում հերթապահը՝ մի տարեց երկաթուղային: - Միեւնույն դահլիճում եւ՛ տոմս էին վաճառում, եւ՛ ուղևորներին էին սպասարկում … Իսկ հիմա… Էլ ի՞նչ ասեմ, ավելի լավ է գնանք տեսնենք:
… Ընդարձակ նախասրահ, գմբեթաձեւ առաստաղից կախված հսկա ջահերի հետ են խաղում լայն պատուհաններից առատորեն ներս թափված արեւի ճառագայթները: Երկու կողմերում տեղավորված են տոմսերի դրամարկղերը, տեղեկատվական բյուրոն, կապի բաժանմունքը եւ խնայողական դրամարկղը: Նախասրահից աջ եւ ձախ բացվող դռները տանում են դեպի սրճարանները: Այդ երկու մեծ դահլիճներում կսպասեն Մոսկվա, Բաքու, Թբիլիսի, Լենինական, Կիրովական մեկնողները:
Ճաշե՞լ եք ուզում, խնդրե՛մ, հեռու չէ, մտե՛ք կողքի դռնից եւ առաջնակարգ ռեստորանում դուք կգտնեք ամեն ինչ: Երեխա՞ կա Ձեզ հետ, անցե՛ք մոր եւ մանկան սենյակները: Ուրիշ ի՞նչ է հարկավոր, ահա բժիշկը, եթե հարկ կա, նա կօգնի ձեր երեխային: Չարաճճի՞ է, վազվզե՞լ, խաղա՞լ է ուզում, տարեք խաղասենյակ, տեսնում ե՞ք որքան խաղալիքներ կան: Նրան այստեղ մեծ ուշադրությամբ կշրջապատեն բոլորը: Իսկ այ փոքրիկ մահճակալները շատ գրավիչ են, մանավանդ համեղ ճաշից հետո:
-Գնացքի ուղեւորները կիջնեն, կխնդրեն տեղավորել, առաջվա նման չենք ամաչի հարմարություն չունենալու համար, կբավարարենք նրանց պահանջը – տաք-տաք վրա է բերում Եվգենիա Ավակովնան՝ վոկզալի պետը, որին ամենից շատն է հուզում ուղեւորների սպասարկումը: - Հիմա որքան ուզում են, թող գան, աչքիս վրա:
7 գեղեցիկ կահավորված սենյակ է հատկացված տրանզիտային ուղեւորների համար, իրենց կոմունալ բոլոր հարմարություններով: Էլ ի՞նչ է հարկավոր մարդուն վագոնում երկար օրորվելուց հետո, եթե ոչ ցնցուղ, վարսավիրանոց, փափուկ եւ մաքուր անկողին:
Բայց միայն այս երկու դահլիճները չեն. երկուսն էլ շենքի աջ եւ ձախ կողմերում են տեղավորված, մերձքաղաքային գնացքներով մեկնողները կարող են սպասել իրենց հատկացված դահլիճում: Իսկ նախասրահի տակ տեղավորված են ծանրոցապահման սենյակները եւ ամբողջ պահեստային տնտեսությունը:
Եթե ուղեւոր չես, պաշտոնական գործով ես եկել, նախասրահի ձախ կողմի աստիճանների բարձրացիր վերեւ, այնտեղ կգտնես կայարանի աշխատողներին:
Կայարանի նոր շենքի շահագործումով բարելավվում է ոչ միայն ուղեւորների սպասարկումը, այլեւ, որ ամենակարեւորն է, մեծ չափով մեծանում է Երեւանի կայարանի թողունակությունը:
Շենքն ունի մոտավորապես 4000 մետր օգտակար տարածություն եւ օժտված է բոլոր հարմարություններով, կառուցված է Անիի դեղնավուն տուֆից, թե՛ ներսից, թե՛ դրսից ճարտարապետորեն գեղեցիկ ձեւավորված է: Շենքին հատկապես գեղեցիկ տեսք են տալիս «ճակատային սյունաշարերը» ներս ընկած ծաղակնոց-հրապարակով ու շատրվաններով:
Քիչ չէ, 12.5 միլիոն ռուբլի է ծախսել պետությունը միայն շինարարության վրա, հապա կահավորումը…
Ա. Չիլինգարյան
Ռուզաննա Պերճյան` ճամփորդությանը սպասում էինք ողջ տարին
1964 թվականից մինչեւ 1980թ.-ը մեր ընտանիքը ամեն ամառ գնացքով մեկնում էր Սոչի, Ադլեռ, Գանտիադի, Պիցունդաուղղություններով… Այն տարիներին բավականին մատչելի էր գրեթե ողջ ամառն անցկացնել ծովափում:
Մենք սիրում էինք գնացքով գնալ: Չնայած որ ճանապարհը տեւում էր
մոտ երկու օր, իմ եւ քույրիկիս համար դա անչափ հետաքրքիր եւ հաճելի ճամփորդություն էր, որին անհամբեր սպասում էինք ողջ տարին:
Մայրիկս տոմսերը ամրագրում էր դեռեւս գարնանը` ցանկացողներն այնքան շատ էին, որ դժվար էր տոմսեր գտնել: Եթե չեմ սխալվում, տոմսերը 14 ռուբլի արժեին, իսկ երեխաներինը՝ 7 ռուբլի:
[context2]
Սովետական տարիների գնացքները բավականին հարմարավետ էին: Մենք միշտ բարձրակարգ կուպեի տոմսեր էինք վերցնում: Գործում էր վագոն-ռեստորան, բայց հիմնականում սնվում էինք մեր կուպեում: Սովորաբար մեզ հետ վերցնում էինք եփած հավ, ձու, բանջարեղեն, պանիր, մրգեր, թխվածք…
Գնացքի ուղեւորները շատ էին մտերմանում այդ երկու օրվա ընթացքում եւ ճանապարհորդությունը երբեմն վերածվում էր մի մեծ խնջույքի:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչար
«Սասունցի Դավիթ» արձանի ստեղծման գաղափարն առաջացավ 1939 թվականին, երբ նշվում էր մեր ազգային էպոսի հազարամյակը: Մինչեւ տոնակատարությունների մեկնարկը քիչ ժամանակ էր մնում: Հոբելյանական հանձնաժողովը որոշեց, որ ազգային հերոսի արձանը պետք է տեղադրվի Երեւանի երկաթուղային կայարանի առջեւ, որպեսզի Սասունցի Դավիթը «դիմավորի» մայրաքաղաք ժամանող հյուրերին:
Դիմեցին հայտնի քանդակագործներին՝ Արա Սարգսյանին, Սուրեն Ստեփանյանին, Այծեմնիկ Ուրարտուին, սակայն բոլորը հրաժարվեցին, քանի որ ժամկետը շատ սեղմ էր: Հանձնաժողովի անդամներից մեկն առաջարկեց դիմել Քոչարին, ով այդ տարի վերադարձել էր Փարիզից:
[context3]
Քոչարը համաձայնվեց կերտել արձանը, խնդրելով իրեն տրամադրել մեկ ասիստենտ եւ գիպս: Նա աշխատում էր անմիջապես կայարանի հրապարակում: Ընդամենը 18 օր անց արձանը պատրաստ էր:
Հանձնաժողովի անդամները թերահավատ էին, ամեն օր այցելում ու հետեւում էին աշխատանքներին: Պարզապես անհավատալի էր թվում, որ նման կարճ ժամանակահատվածում կարող է իրագործվել նման ծավալուն աշխատանք: Քոչարը հրաշալի տարածական ծավալային պատկերացում ուներ: Բացի այդ, կոմպոզիցիան արդեն կար նրա գլխում, քանի որ նախկինում նա աշխատել էր էպոսի նկարազարդումների վրա:
1941 թվականին Քոչարին ձերբակալեցին` որպես «անվստահելի անձ»: Ընկերների հետ հանդիպման ժամանակ Քոչարն ասել էր, որ Հիտլերը մեծություն է, սակայն` բացասական իմաստով: Վերեւներին հասցրել էին Քոչարի խոսքերի մի մասը միայն: Նրա ձերբակալումից հետո Դավիթի արձանը ոչնչացրեցին:
Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարան:
1957 թվականին, խորհրդային կարգերի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, քաղաքային խորհուրդը որոշեց վերականգնել արձանը: Երբ հարցը քննարկման դրվեց, շատ բացասական կարծիքներ հնչեցին: Ասում էին, որ Մոսկվան չի հանդուրժի արձանի տեղադրումը, քանի որ այն կարող է ազգայնական որակվել:
Քոչարն իր աշակերտների հետ աշխատում էր Թոխմախի գերեզմանատան տարածքում, որտեղ գերեզմանաքարերի պատրաստման արհեստանոց կար:
Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարան:
Աշակերտներից մեկը՝ Վահան Սողոմոնյանը, պատմում էր, որ մի օր առավոտյան Քոչարը բարձր ձայնով գոչեց, որ նա արագ թռնի արձանի վրայից: Աշակերտը հասցրեց, սակայն արձանը ցած ընկավ: Պարզվեց, որ ինչ-որ մեկը գիշերը երկաթե արմատուրան կտրել էր: Փորձում էին այնպես անել, որ աշխատանքը ավարտին չհասցնեն:
Պղնձե Դավիթը կոմպոզիցիայի տեսակետից մի փոքր տարբերվում է 1939 թվականի տարբերակից` գիպսից կերտած Դավթի ոտքերի կողքին կանգնած էր մի արաբ ծերունի:
[context4]
Արձանի բացումը կայացավ միայն երկու տարի անց: Այն հրապարակում տեղադրվեց 1959 թ. դեկտեմբերի 3-ին: Բացմանը բացակայում էին հանրապետության ղեկավարության առաջին դեմքերը, սակայն մեծ թվով սասունցիներ էին եկել, սեղաններ գցել եւ մինչեւ ուշ գիշեր տոնում էին արձանի տեղադրումը:
Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:
Վերջին տարիներին արձանն անուշադրությանն էր մատնված: Այն վերականգնման կարիք էր զգում, երերում էր ուժեղ քամուց, գողացվել էր պղնձե թասը: 2009 թ-ին դիմեցինք Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ով անհրաժեշտ գումար տրամադրեց եւ բավականին աշխատանքներ իրականացվեցին: Ի դեպ, ձիու գավակի վրա մի դուռ կա, որը Քոչարը նախատեսել էր արձանը ներսից մաքրելու, այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու համար:
2011 թվականին, «Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ կրկին աշխատանքներ իրականացվեցին: Տեղադրվեց նոր թաս, անցկացվեց նոր ջրագիծ եւ գիշերային լուսավորություն, ջրավազանը բարեկարգվեց, տեղադրվեց արձանը ներկայացնող ցուցանակ:
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Դավիթ Ալավերդյանը, Արմինե Մելքոնյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Տիգրան Լիլոյանին, Ռաֆայել Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան), Հակոբ Սիմոնյանին եւ Հասմիկ Կարապետյանին (Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն), Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ):
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: