«Մարդ կյանքում պետք է մի անգամ բոլորին դեմ գնա ու հաղթի» - Mediamax.am

exclusive
14961 դիտում

«Մարդ կյանքում պետք է մի անգամ բոլորին դեմ գնա ու հաղթի»


Անդրանիկ Իսրայելյանը
Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Իսրայելյանը
Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Իսրայելյանը
Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Իսրայելյանը
Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Իսրայելյանը
Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Իսրայելյանը
Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Անդրանիկ Իսրայելյանը թուրքագետ է, Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, նախկին սամբիստ: Ներկայացվող պատմությունը նախկին մարզիկի ու այսօրվա հաղթող մարդու մասին է:

«2014-ին մասնակցում էի սամբոյի Հայաստանի առաջնությանը: Ինձ համար դա շատ լուրջ էր, որովհետեւ իմ՝ 62կգ քաշային կարգում մրցակցությունը շատ մեծ էր, երեք միջազգային կարգի մարզիկ ունեինք…Սրան պետք է հաջորդեր Գառնիկ Հովհաննիսյանի անվան հուշամրցաշարը. ես 2-րդ ստարտի էի պատրաստվում ու մեդալ նվաճելու հնարավորություն ունեի…

Սպորտում չգրված օրենք կա. առաջնությանը նախորդող երկու օրերի ընթացքում չի կարելի մենամարտել, որովհետեւ կարող ես վնասվածք ստանալ ու բաց թողնել առաջնությունը: Բայց գոտեմարտն այնպիսի բան է, որ սկսում եք իրար քաշքշել ու կորցնում կանգ առնելու հնարավորությունը: Մենամարտի բռնվեցինք: Ոտքի ցավեցնող հնարքի անցանք, երկուսս էլ չէինք ուզում հանձնվել։ Ու քանի որ մրցակիցս 20 կգ-ով ծանր էր ինձնից, ոտքի կոտրվածք ստացա:

Անդրանիկ Իսրայելյանը Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուշքի եկա՝ ոտքս ահավոր դիրքում էր, այնպիսի, որ եթե հեռուստատեսությամբ տեսնեի, ալիքը կփոխեի… Ատամներս սեղմելով ոտքս վերցրի, դրեցի տեղը, որ ֆիքսենք, մինչեւ շտապօգնությունը կգա:
 
…Հիվանդանոցում բժիշկն ասաց, որ ոտքս ֆիքսելու համար պետք է ծնկիս միջով երկաթ անցկացնի՝ առանց ցավազրկման: Այդ ժամանակ այնքան լավ մարզավիճակում էի, որ ասացի․ «Ես կերգեմ, դու արա քո գործը»: Սովետական երգ կար` «Герои спорта», ամբողջ ընթացքում դա էի երգում: Հետո ցավից կորցրի գիտակցությունս…

Գիշերն անցկացրի վերակենդանացման բաժանմունքում: Այդ գիշերը երբեք չեմ մոռանա: Երկու բուժքույր զրուցում են, մեկը հարցնում է․ «Էն կինն ի՞նչ եղավ, որ բերեցին»: Ասում է՝ մահացավ: Նորից է հարցնում՝ «Բա էն զինվո՞րը:» Ասում է՝ «Մահացավ: Էս գիշեր ում բերում են, մահանում է»: Սիստեմաները միացրած՝ ես մտածում էի. «Աստված ջան, ո՞ւր եմ ընկել…»: Այդ ժամանակ մտքովս չէր էլ անցնում, որ դա սարսափելի պատմության առաջին օրն է միայն…

…Երկու օր հետո վիրահատեցին: Վիրահատությունը տեւեց 4 ժամ: Այնքան արյուն կորցրի, որ երկար ժամանակ ներսումս կյանք չկար. լրիվ դատարկ, ամայացած էի ինձ զգում… Կարճ ժամանակ անց պարզվեց՝ ոսկորս լավ չի կպել, պետք է նորից վիրահատեն: Առաջին վիրահատությունն այնքան ծանր էր, որ չէի կարողանում տրամադրվել երկրորդին: Այդ ժամանակ ինքս ինձ որոշեցի՝ պետք է Օքսֆորդի համալսարան ընդունվեմ: Սկսեցի TOEFL պարապել: Այնպիսի թեմաներ էի ընտրել, որ վիրահատության ժամանակ էլ կարողանամ կրկնել, որ այդ 4 ժամն անգամ զիջած չլինեմ վիրահատությանը…

…Երկրորդ վիրահատությունից հետո էլ ամեն ինչ չավարտվեց: Ոտքիս երկաթե կոնստրուկցիաներ էին հավաքել, որոնք պետք է երկար ժամանակ մնային։ Բայց բժիշկները շուտ էին հանել դրանք, ու մի քանի ամիս անց նորից խնդիր առաջացավ: Այս անգամ ոտքս գիպս դրեցին: Այդ ժամանակ առաջին անգամ ինձ մոտ հուսահատություն առաջացավ, հոգիս փշրվեց, սկսեցի մտածել, որ կարող է եւ չքայլեմ… Կյանքում առաջին անգամ կորցրի հավատն ինքս իմ նկատմամբ, զգացի, որ ուժերս չեն հերիքում, որ ինչ-որ մեծ ուժ է պետք, որին կկարողանամ հավատալ:

Առաջին անգամ սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Քրիստոսն ասում է. «Վաղվա օրվա համար հոգս մի արեք, որովհետեւ վաղվա օրն իր համար հոգս կանի: Օրվա համար բավական է իր նեղությունը»: Ամեն գիշեր մտածում էի՝ ի՞նչ է լինելու սրա վերջը: Բացում էի Աստվածաշունչը, կարդում Քրիստոսի այս միտքն, ու նա միակն էր ում հավատում էի:
 
…Այդպես ապրել եմ եւս 5 ամիս, մինչեւ գիպսս հանեցին ու ասացին, որ կարող եմ քիչ-քիչ քայլել փայտով: Ոտքս այնքան վատ էր վերականգնվել, որ ինձնից մնացել էր ծուռ քայլող, կաղ մեկը: Բժիշկները անգամ լսել չէին ուզում սպորտ վերադառնալու մասին, ասում էին՝ մաքսիմում լող. մոտավորապես՝ «կգնաս, քեզ մարդ կզգաս»:

Հարազատներս արդեն մի անգամ անցել էին այդ դժոխքի միջով, ու ոչ ոք չէր ուզում մտածել, որ ես սպորտ կվերադառնամ: Ոչ ոք չկար, որ առաջ մղեր, հավատար ինձ… Չեմ մեղադրում ոչ ոքի, բայց այդ ժամանակ ես ամենաշատն այդ հավատի կարիքն ունեի:

…Անցավ մի քանի ամիս: Զգուշավոր կյանքով ապրելուց հետո հասկացա, որ առանց սպորտի չեմ կարող, որ չեմ ուզում կիսատ-պռատ ապրել։ Գիտեի, որ իմ շրջապատի ստեղծած ծանր տրամադրությունից դուրս այլ իրականություն կա, ես գիտեի Լենս Արմսթրոնգի պատմությունը, սովետական մարզիկներին, որոնք գերությունից հետո հաղթել էին Օլիմպիական խաղերում, հավատում էի այդ իրականությանը։ Մինչդեռ իմ շրջապատում գրեթե չկար մեկը, որը գոնե մի անգամ ձախորդության մեջ ինձ մեղադրած չլիներ։ Դա ինձ համար անտանելի էր, որովհետեւ ես գիտեի՝ հանգամանքներն ինձնից անկախ են այդպես դասավորվել…
Անդրանիկ Իսրայելյանը Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլորից թաքուն, առանց ինչ-որ մեկին բան ասելու մի օր մտա մարզադահլիճ: Երբ նման ահավոր տրավմա ես ստանում ու մոտիկից զգում՝ որքան իրական է մահը, հոգեբանական մեծ բարդույթ է առաջանում. ամեն անգամ մարզագույքին մոտենալիս հիշողությունդ ակամա հետ է գնում ու վախ ես զգում, որ ամեն ինչ կարող է կրկնվել:

Առաջին անգամ մարզադահլիճ մտնելիս ուղղակի ուզում էի արագ փախչել այդտեղից: Այստեղ էր, որ առաջին անգամ հասկացա՝ ինչ է նշանակում ինքդ քեզ հաղթել։

Սպորտ վերադառնալուց հետո շատ էի մտածում՝ իսկ ինչո՞ւ եմ վերադարձել, ինչի՞ եմ ուզում հասնել… Օլիմպիական ամենաերկար վազքուղին 10 կմ է: Կիսաերազելով ինքս ինձ ասացի՝ 10 կիլոմետրը պետք է հաղթահարեմ: Մինչեւ վնասվածքը իմ ցուցանիշը 6 կմ էր. մենապայքարային մարզաձեւերի համար նորման դա է: Սկսեցի իմ վրա աշխատել: Տրավմայից հետո առաջին անգամ դուրս եկա վազքուղի. կարողացա վազել ընդամենը 300 մետր ու… կաղալով հասա տուն:

Հաջորդ շաբաթ նորից փորձեցի: Վազեցի 500 մետր: Զգացի, որ մի քիչ առաջընթաց կա: Ամեն շաբաթ վազում էի, անընդհատ փորձում… 2016-ի հոկտեմբերի 9-ին խփեցի 10 կմ-ի ռեկորդը:
Անդրանիկ Իսրայելյանը Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Երջանկության այդ զգացողությունը հնարավոր չէ նկարագրել. այդ պահին ամբողջ անցյալս ֆիլմի պես անցավ աչքիս առաջ՝ առաջին կոտրվածքը, հենակներով քայլելը, բժիշկների դեմքերը, հիվանդանոցի հոտը, սպիտակ պատերը… Պառկած ժամանակ այնքան էին երազել այս պահի մասին: Այդ ժամանակ մի  բան հասկացա. ամեն մարդ կյանքում պետք է մի անգամ դեմ գնա բոլորին ու հաղթի:

Վերադարձը սպորտ ինձ մեծ ինքնավստահություն տվեց: Դրանից հետո ինձ մոտ սկսվեց աննախադեպ ձեռքբերումների շրջան. հրատարակվեց գիրքս, աշխատանքի անցա Պաշտպանության նախարարությունում, մասնագիտական հաջողություններ ունեցա… Շատ հավանական է, որ մարդը նման աղետների բախվելիս չարանա: Պահ կար, որ այդ չարությունն ինձ էլ էր համակել ու կարող էր ինձ կործանել, բայց իմ հաղթանակներից մեկն այն էր, որ կարողացա պահել լավատեսությունս, որ սիրելու կարողությունը հաղթեց ատելուն: 
Անդրանիկ Իսրայելյանը Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն, ինչի միջով անցա, սարսափելի էր, բայց մեծ դաս էր, ու շատ բան տվեց ինձ: Հիմա գնահատում եմ կյանքի ամեն օրը ու ոչ պակաս կարեւոր՝ ինձ համար հնարավորի ու անհնարինի սահմանը այլեւս վերացել է: Մեծ վստահություն ունեմ վաղվա օրվա հանդեպ: Մի անգամ պատմաբան Ռոնալդ Սյունին, ով նաեւ նախկին ըմբիշ է, ինձ ասաց. «Ամեն մարդու կյանքում ծանր հարվածներ են սպասում: Դու երջանիկ ես, որ քո «ճշմարտության պահը» ապրել ես երիտասարդ տարիքում ու ապացուցել քո կենսունակությունը»:
Անդրանիկ Իսրայելյանը Անդրանիկ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ պատմության մեջ ես կորցրի մարդկանց, որոնք վիրահատությունից առաջ ուղղակի հեռացան ինձնից, ու գտա ընկերների, որոնց այսօր ավելի եմ գնահատում: Երբեք չեմ մոռանա Հալեպում պատերազմի պայմաններում ծառայող դիվանագետ ընկերոջս զանգը վիրահատությունից առաջ, ու չեմ մոռանա մի ընկերոջ նամակ, որ գրել էր՝ «Դու երկար ճանապարհ ունեցող մարդ ես»… Այդ ամենը շատ թանկ արժե:
Գիտեմ, որ հիմա շատ մարդիկ ծանր փուլում են: Ես ուզում եմ՝ նրանք կարդան ու հավատան, որ մի օր իրենք էլ են անցյալով խոսելու իրենց դժվարությունների մասին, ու եթե նրանք էլ ճիշտ ընկալեն իրենց կյանքի փորձությունները՝ կդառնան շատ ավելի հզոր ու լավը, քան մինչեւ իրենց բաժին հասած աղետն էին»:

Տաթեւ Սարգսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին