«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան - Mediamax.am

exclusive
9617 դիտում

«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան


Լուսանկարը` Մեդիամաքս

Էմի Մաուկ-Ֆիշերը
Էմի Մաուկ-Ֆիշերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչուհի Ղազարյանը
Հրաչուհի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջուլիաննա Սահորիան
Ջուլիաննա Սահորիան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբ Սարոյանը
Ռոբ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեզար Սանթոսը
Սեզար Սանթոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սթեֆանի Ջոնսը
Սթեֆանի Ջոնսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սթիվեն Էրիշը
Սթիվեն Էրիշը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարուժան Ալտեբարմակյանը
Վարուժան Ալտեբարմակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Քոլոյանը
Տաթեւիկ Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քերըն Դալը
Քերըն Դալը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 1-ից «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը հյուրընկալել էր «Valley Children’s Healthcare»-ի՝ ԱՄՆ-ի առաջատար մանկական առողջապահական հաստատություններից մեկի պատվիրակությանը։ Շուրջ մեկ տարի առաջ երկու բուժհաստատությունների միջեւ ձեւավորված համագործակցության շրջանակում սա Ֆրեզնոյի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի առաջին այցն է Հայաստան։ Մինչ այդ, «Ուիգմոր»-ի բժիշկների եւ ադմինիստրատիվ անձնակազմի երեք խումբ արդեն մեկնել էր ԱՄՆ՝ գործընկեր հիվանդանոց՝ փորձի փոխանակման։

«Ուիգմոր»-ում նշում են, որ սա Հայաստանի մանկաբուժության ոլորտում եզակի համագործակցություն է, որի նպատակն է բարելավել մանկական առողջապահությունը եւ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բուժօգնության նոր մշակույթ ձեւավորել։

Երկշաբաթյա այցի ընթացքում պատվիրակությունը «Ուիգմորի» բժշկական թիմերի հետ աշխատել է համապատասխան բաժանմունքներում՝ կիսելով համատեղ բժշկական օգնություն կազմակերպելու փորձն ու գիտելիքները։     Կարեւոր բաղադրիչներից էր նաեւ կրթական հագեցած օրակարգը։

Այցի ավարտին՝ մինչ Ֆրեզնո վերադառնալը, «Valley Children’s Healthcare» հիվանդանոցի պատվիրակությունն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմը Մեդիամաքսին պատմել են առաջին այցի եւ համագործակցության մասին։

Տաթեւիկ Քոլոյան․ «Այս համագործակցությունը բացառիկ է, սպասված եւ ոգեւորիչ»

«Սպասված եւ ոգեւորիչ»․ «Valley Children’s Healthcare»-ի առաջին այցն այսպես է բնորոշում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը։ Ասում է՝ սա եզակի համագործակցություն է։ Աշխարհագրորեն շատ հեռու լինելով՝ այս երկու բուժհաստատությունները կիսում են նույն արժեքներն ու կարեւոր նպատակները՝ բարձրացնել մանկական առողջապահության մակարդակը Հայաստանում եւ հնարավոր լավագույն բուժօգնությունը տրամադրել բոլոր երեխաներին։

«Այս համագործակցությունը մի քանի թիրախային ուղղություն ունի։ Նախ, մեր գործընկերների համար կարեւոր էր ծանոթանալ Հայաստանի առողջապահական համակարգին, կազմակերպչական կառուցվածքին եւ կառավարման մեթոդներին։ Այս անմիջական փորձառությունը նրանց համար շատ կարեւոր էր՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես կարելի է զարգացնել եւ ամրապնդել մեր հետագա համագործակցությունը։

Տաթեւիկ Քոլոյանը Տաթեւիկ Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մյուս կարեւոր բաղադրիչը բժիշկների, բուժքույրերի եւ ադմինիստրատիվ թիմի փորձի փոխանակումն է։ «Ուիգմոր»-ը բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, եւ այս առումով  շատ կարեւոր է հյուրընկալել «Valley Children’s»-ի բազմամասնագիտական թիմին՝ մանկական նյարդաբաններ, նյարդավիրաբույժ, վիրաբույժ, վարակաբան, անհետաձգելի բուժօգնության բժշկ եւ բուժքույր։

Այս համագործակցությունը չի սահմանափակվում միայն բժիշկների կրթությամբ։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ բուժքույրերի կրթությանը, ինչպես նաեւ որակի եւ բուժառուների անվտանգության հարցերին։

Կրթական օրակարգն այս համագործակցության անբաժան մասն է։ Այն ուղղված է նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ միջազգային առողջապահական լավագույն ստանդարտների տեղայնացմանն ու կիրառմանը»,- ասում է Տաթեւիկ Քոլոյանը։

Այցի շրջանակում կազմակերպվել է նաեւ «Մանկական նյարդավիրաբուժության եւ նյարդաբանության արդի խնդիրներ» թեմայով գիտաժողովը, որին մասնակցել է 70 մասնագետ Հայաստանի 10 բուժհաստատություններից, այդ թվում՝ 2 մարզային։ «Ուիգմոր»-ում նշում են, որ սա կարեւոր ցուցանիշ է, որն ընդգծում է հայաստանյան մասնագիտական համայնքում նման կրթական ծրագրերի պահանջարկը։

Քերըն Դալ․ «Մենք ցանկանում ենք ազդեցություն ունենալ ոչ միայն անհատների վրա»

«Valley Children’s Healthcare»-ի բժշկական հարցերով եւ բժիշկների առողջության գծով փոխնախագահ Քերըն Դալն ասում է, որ առաջին այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի բուժօգնության մշակույթին ինչպես բուժօգնության կազմակերպիչներից,  այնպես էլ բուժառուներից ու նրանց ընտանիքներից։

Ամփոփելով այցը՝ բժիշկ Քերընը նշում է, որ այն, ինչ անում են Կալիֆորնիայում՝ Մադերայում, չեն կարող նույնությամբ փոխադրել Հայաստան։ Այդ առումով պատվիրակության այցը եւ տեղում «Ուիգմոր»-ի առօրյային մասնակցելն ավելի պատկերավոր դարձրեց, թե ինչպես կարող են օգտակար լինել համակարգին։   
Քերըն Դալը Քերըն Դալը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Որպես առաջին այցի արդյունք՝ մենք ակնկալում էինք պատկերացում կազմել «Ուիգմոր»-ի մշակույթի, հասանելի ներուժի մասին եւ ծանոթանալ մեր տեղացի գործընկերների հետ։ Այս առումով այցը մեզ համար շատ օգտակար էր։ Ի տարբերություն այլ համագործակցությունների, որոնք հիմնականում կենտրոնացած են բուժառուների անհատական խնամքի եւ օգնության վրա, մենք ցանկանում ենք ազդեցություն ունենալ ոչ միայն անհատների վրա։ Այստեղ շատ կարեւոր է ուսուցանելու, խորհուրդներ տալու, բացատրելու եւ մասնագիտական մտածողությունը փոխանցելու գործընթացը, թե ինչպես ենք մենք խնամում մեր բուժառուներին։ Օրինակ, բացատրել մեր գործընկերներին, թե թոքաբորբով հիվանդի բուժման ընթացքում ինչո՞ւ է  հակաբիոտիկի տեսակը փոխելու կարիք առաջանում, պարզաբանել այդ գործընթացը։ Եվ խոսքը մասնագիտական նոր մտածելակերպ ձեւավորելու մասին է․ ոչ միայն կոնկրետ դեպքի, այլեւ հետագայում նմանատիպ իրավիճակներում հայտնված հիվանդների խնամքի մասին։

Բացի այդ, մենք աշխատում ենք նաեւ համակարգային մակարդակի գործընթացների շուրջ, ինչպիսին վարակների վերահսկումը եւ հիվանդների անվտանգությունն է։ Վերլուծում ենք առկա գործընթացները եւ խորհուրդներ տալիս՝ հիմնվելով մեր դիտարկումների եւ նախնական առաջարկությունների վրա։ Մինչ այժմ սա ամենաէական արդյունքն է, ինչին ձգտում էինք հասնել»։

Վարուժան Ալտեբարմակյան․ «Սկզբունքները, որով առաջնորդվում է «Ուիգմոր»-ը, կարող են օգնել ստեղծել համընդհանուր համակարգ, եւ այն վերարտադրել այլ երկրներում»

Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ, «Kaiser Permanente Hospital»-ի նախկին ղեկավար Վարուժան Ալտեբարմակյանը, որը երկար տարիներ աշխատել է առողջապահության կառավարման ոլորտում, այս համագործակցության ձեւավորման հիմքում է կանգնած․ նա է ծանոթացրել երկու բուժհաստատությունների ղեկավարներին։

««Ուիգմոր»-ի ղեկավարությունն ուներ տեսլական, համարձակություն եւ հանձնառություն՝ վերափոխել բուժօգնության մշակույթը Հայաստանում։ Երբ նրանք սկսեցին այդ գործընթացը, հասկացան, որ միայնակ չեն կարող հաջողել, անհրաժեշտ են գործընկերներ, որոնք կօգնեն բարձրացնել նշաձողը»,- ասում է Ալտեբարմակյանը:
Վարուժան Ալտեբարմակյանը Վարուժան Ալտեբարմակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա պատմում է, որ իրեն շատ էր ոգեւորել առողջապահության համակարգի մշակույթի փոփոխության եւ բարելավման այս ծրագրին միանալու գաղափարը։ Համագործակցությունը գրավիչ էր նաեւ այն առումով, որ կարող է դառնալ լավ փորձ, գործող մոդել, որը հնարավոր է կիրառել նաեւ այլ երկրներում։

«Այսպես սկսվեց ամբողջ գործընթացը»,- ասում է Ալտեբարմակյանը:

Հրաչուհի  Ղազարյան․ «Ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք, որ երկրում բուժօգնության մշակույթը փոխելու եւ նշաձողը բարձրացնելու մեր մղումներն արդարացված են եւ իրատեսական»

«Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը պատմում է հիվանդանոցի ամբողջ անձնակազմի հուզմունքի մասին։ Ասում է՝ օրդինատորներից մինչեւ բաժանմունքի վարիչ շատ ոգեւորված են։ Թիմը համոզված է, որ գործընկերների աջակցությամբ կհաջողեն Հայաստանում առողջապահությունը նոր մակարդակի հասցնել։

«Մինչ «Valley Children’s»-ի թիմի ժամանումը՝ ամբողջ հիվանդանոցը ոգեւորությամբ եւ հուզմունքով սպասում էր։ Եվ դա պարզապես սպասել չէր, այլ՝ ծավալուն մասնագիտական նախապատրաստական աշխատանք։ Յուրաքանչյուր թիմ ընտրել էր դժվարագույն բուժառուներին առնչվող դեպքերից մինչեւ ամենահաճախ հանդիպող դեպքեր, տարբեր իրավիճակներ, որպեսզի մենք նաեւ մեր ներհիվանդանոցային ուղեցույցերը ներկայացնեինք եւ հասկանայինք՝ որտեղ ինչ ունենք բարելավելու։  
Հրաչուհի Ղազարյանը Հրաչուհի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին օրից պարզ էր, որ շենքում եռում է բժշկությունը եւ գիտությունը։ Աշխատելով մեր գործընկերների հետ՝ էլ ավելի վստահություն ձեռք բերեցինք, որ, այո՛, ճիշտ ուղղությամբ ենք գնում, եւ երկրում բուժօգնության մշակույթը փոխելու եւ նշաձողը բարձրացնելու մեր մղումներն արդարացված են եւ իրատեսական»։

Սեզար Սանթոս․ «Հայաստանում մանկական նյարդաբանների հրաշալի խումբ կա»

«Այսքան երիտասարդ երկրի համար ձեր առողջապահական համակարգը բավականին տպավորիչ է»,- ասում է «Valley Children’s»-ի մանկական նյարդաբանական ծառայության ղեկավար Սեզար Սանթոսը։ «Ես լսել եմ, որ Հայաստանում մարդիկ շատ հպարտ են, նվիրված եւ չեն ուզում լքել իրենց երկիրը, որովհետեւ ասում են՝ ո՞վ կօգնի մեր հայրենիքին, եթե ոչ՝ մենք։ Եվ «Valley Children’s»-ը շատ ուրախ է այդ ամենի մի մասը լինել։
Սեզար Սանթոսը Սեզար Սանթոսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դուք ունեք մանկական նյարդաբանների հրաշալի խումբ՝ տպավորիչ գիտելիքներով։ Նրանք, իսկապես, շատ լավ են հոգ տանում իրենց բուժառուների մասին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հակացնցումային դեղամիջոցներն այստեղ պակաս հասանելի են, քան՝ մեզ մոտ։ Մինչդեռ, ցնցումներ չունեցող մարդկանց թիվը գրեթե նույնն է»։

Բժիշկ Սանթոսը նկատում է, որ Հայաստանում շատ են էպիլեպսիա ունեցող երեխաները, որոնց մի մասը դեղակայուն են։  Բժիշկն ասում է, որ նրանց կարելի է օգնել էպիլեպսիայի վիրահատական բուժման ծրագրի շնորհիվ։

Սթիվեն Էրիշ․«Այստեղ բժիշկները չունեն լայն հնարավորություններ, բայց իրենց հասանելի միջոցներով կարողանում են բացառիկ լուծումներ գտնել»

Մանկական նյարդաբան Սթիվեն Էրիշին «Ուիգմոր»-ում տպավորել է բժշկական տարբեր թիմերի՝ միմյանց օգնելու եւ միասին աշխատելու թիմային կարողությունը։
Սթիվեն Էրիշը Սթիվեն Էրիշը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բոլորն աշխատում են մեկ ընտանիքի նման։ Այստեղի նյարդաբանների հրաշալի թիմը չունի մեծ հնարավորություններ՝ դեղորայք, գործիքներ, սարքավորումներ, ծրագրային ապահովում։ Այդ առումով մենք ունենք որոշ առավելություն։ Բայց նրանք իրենց հասանելի միջոցներով կարողանում են բացառիկ կերպով լուծել խնդիրները։ Նրանք բուժառուներին տրամադրում են գրեթե նույն բուժօգնությունը, ինչ մենք ենք տրամադրում՝ միայն թե մի փոքր ավելի քիչ ջանք գործադրելով»։

Սթեֆանի Ջոնս․ ««Ուիգմոր»-ում բոլորն աշխատում են որպես մեկ թիմ, ընտանիք»

Ոգեշնչված Ամերիկայի հայ համայնքով՝ մանկական վիրաբույժ Սթեֆանի Ջոնսը եկել է Հայաստան՝ հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելու, առողջապահական համակարգին ծանոթանալու, գաղափարներ փոխանակելու համար։

«Ինձ, իսկապես, տպավորել է այն, թե ինչպես են բոլորը աշխատում որպես մեկ թիմ, ընտանիք։ Վերջերս մի բարդ դեպք ունեցանք, շատ լարված օր անցկացրինք, բայց բոլորը միասնական էին, բոլորը հոգ էին տանում բուժառուի եւ մեկը մյուսի մասին։
Սթեֆանի Ջոնսը Սթեֆանի Ջոնսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա մի բան է, որ հաճախ չի հանդիպում աշխատանքային խմբերում։ Դուք շատ հաջողակ եք, որ ունեք այսպիսի վիրաբույժներ․ ես շատ բան սովորեցի նրանցից։

Միացյալ Նահանգներում իմ աշխատանքը կապված է այնպիսի տեխնոլոգիաների հետ, ինչպիսին ռոբոտացված եւ մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունն է։ Տեսնել, թե ինչ են կարողանում անել այստեղ բժիշկներն իրենց սահմանափակ ներուժով ու հետագա համագործակցության համար ծրագրեր կազմել, իսկապես շատ ոգեւորիչ է»։

Ջուլիաննա Սահուրիա․«Ամեն առավոտ հիվանդանոց մտնելիս՝ նույն հարցն էի լսում՝ ինչի՞ մասին ենք խոսելու այսօր»

«Քանի որ Հայաստանում չկա մանկական անհետաձգելի բուժօգնության մասնագիտություն, գիտեինք, որ դրա ներդրումն ինչ-որ առումով մարտահրավեր է։ Ինձ շատ տպավորել է այն փաստը, որ տեղացի մանկաբույժներից շատերն ունեն երկու մասնագիտացում, բայց դրանցից ոչ մեկը մանկական անհետաձգելի բուժօգնությունը չէ»,- ասում է «Valley Children’s Healthcare»-ի անհետաձգելի բուժօգնության բժիշկ Ջուլիաննա Սահուրիան։

«Մեզ համար կարեւոր էր անհետաձգելի բուժօգնության բժիշկ դառնալ ցանկացողների՝ «Ուիգմոր»-ի առաջամարտիկների այս խմբի մտածելակերպի փոփոխությունը․ օգնել նրանց «գրավել» գիտելիքների եւս մեկ մակարդակ, սովորել նոր ընթացակարգեր, ճիշտ վարվել կրիտիկական իրավիճակներում, լինել առաջին գծում։ Զարմանալի է այս կարճ ժամանակահատվածում տեսնել այդքան մեծ դրական փոփոխություն։

Սա վկայում է, որ կա կամք եւ ցանկություն՝ շարունակ կատարելագործվելու եւ կայանալու՝ որպես մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկ ու բուժքույր։ Հավատում եմ, որ կհաջողեն»։

Բժշկուհի Սահուրիան զարմացած է հիվանդանոցի անձնակազմի՝ նոր բան սովորելու անհագուրդ ցանկությամբ։

«Այստեղ գալուց առաջ ես անհետաձգելի բուժօգնության վերաբերյալ 10 դասախոսություն էի պատրաստել, բայց այս ընթացքում եւս 5-ն ավելացրի։ Ինձ շատ տպավորել են «Ուիգմոր»-ի այն բոլոր բժիշկները, որոնք գիշերային հերթապահությունից կամ ամբողջ օրն աշխատելուց հետո մնում էին հիվանդանոցում, որ դասախոսություններ լսեն»։
Ջուլիաննա Սահորիան Ջուլիաննա Սահորիան

Լուսանկարը` Մեդիամաքս


Բժիշկը նշում է, որ բոլոր դասախոսությունները ձայնագրվել են։

«Մեզ հետ բերել էինք երեխայի մանեկեն՝ գոտկային պունկցիաներ անելու համար։ Ամբողջ օրը թիմն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում սովորում էր մոդելի գոտկային պունկցիա, նաեւ՝ միջոսկրային կաթետեր տեղադրել, միզուղիների կաթետերիզացիա անել։ Նրանք յուրացրել են այս բոլոր պրոցեսները, եւ արդյունքը շատ դրական է։ Սա կնպաստի խնամքի որակի շարունակական բարելավմանը եւ հիվանդանոցի արդիականացմանը»։

Ջուլիաննա Սահուրիան նշում է, որ անցումը մասնակցությունից համագործակցություն իրենց կարեւոր նպատակներից մեկն էր։

Էմի Մաուկ-Ֆիշեր․ «Ես, կարծես հպարտ մայրիկ լինեմ, որը սիրով հետեւում է իր բալիկների աճին»

«Ես շատ սերտ աշխատել եմ բուժքույրերի հետ, եւ դա պատիվ էր ինձ համար»,- ժպտում է անհետաձգելի բուժօգնության բուժքույր Էմի Մաուկ-Ֆիշերը։ - Նրանք այնքան պայծառ են, այնքան մեծ է շատ բան սովորելու, անգամ բժիշկների հմտություններին տիրապետելու նրանց ցանկությունը։ Այս երկու շաբաթում շատ մեծ փոփոխություն եմ տեսնում։ Ես, կարծես, հպարտ մայրիկ լինեմ։ Հաճույքով հետեւում եմ նրանց աճին։
Էմի Մաուկ-Ֆիշերը Էմի Մաուկ-Ֆիշերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դոկտոր Սահուրիայի հետ աշխատելով՝ մենք նաեւ օգնում ենք նրանց հասկանալ, թե ինչպես կարող են բժիշկն ու բուժքույրն արդյունավետ համագործակցել՝ որպես թիմ։  Արդյունքում, մենք աշխատեցինք ոչ միայն անհետաձգելի բուժօգնության թիմի, այլեւ՝ ամբողջ հիվանդանոցի հետ։ Դա հիանալի էր»,- ամփոփում է Մաուկ-Ֆիշերը։

Ռոբ Սարոյան․ «Այս երիտասարդ ու զարգացող համագործակցությունը բազում դրական շերտեր ունի»

«Valley Children’s Healthcare» հիմնադրամի նախագահ Ռոբ Սարոյանի բնորոշմամբ՝ այս երիտասարդ ու զարգացող համագործակցությունը դրական շատ շերտեր ունի։ Եվ որպես ղեկավարներ՝ նրանք փորձում են համագործակցության ներուժը բացահայտելու նպաստավոր պայմաններ ստեղծել։

«Ես հասկացա, որ մեր բժիշկները կարող են իրենց փորձը կիրառելով՝ կարճ ժամանակահատվածում հասնել իրական փոփոխության։ Նրանք ունեն ուսուցանելու կարողություն՝ գալ եւ զգալի օգուտ, ազդեցություն բերել, ինչը հիասքանչ է։ Այս ամենն արձանագրելը, մեզ հետ «Valley Children's» տանելն ու փորձով կիսվելն իսկապես կարեւոր դրական արդյունքներ կբերի երկարաժամկետ համագործակցության հեռանկարում։
Ռոբ Սարոյանը Ռոբ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք պետք է օգտվենք այս երկու շաբաթվա փորձառությունից, կիսվենք մեր հիվանդանոցի աջակիցների հետ եւ բերենք համոզիչ փաստարկներ՝ հօգուտ այս ճանապարհի շարունակականության։

Մենք օգտագործում ենք ամերիկյան քաջամտությունը եւ արտահանում այն, տվյալ դեպքում, Հայաստան։ Մենք այս ձեւաչափ հետագայում գուցե տանենք Ֆիլիպիններ կամ Մեքսիկա, բայց սա է այն մոդելը, որ հիմա միասին  ստեղծում ենք  Հայաստանում»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին