Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:
«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:
Վանի ապրիլյան հերոսամարտից երկու ամիս էր անցել: Վանը քիչ-քիչ կերպարանափոխվում էր: Մարտիկները, զենքը վայր էին դրել ու շինարարական գործիքները ձեռքն առած՝ վերաշինում էին քաղաքը, երբ հուլիսի 13-ին լուրեր հասան, որ ռուսական զորքը ճակատում նահանջում է: Հուլիսի 14-ին Վանի Երամյան վարժարանում հրավիրվեց ժողով, որին մասնակցում էին հերոսամարտի 1000-ից ավելի մասնակից:
Վանի ինքնապաշտպանության ղեկավարները նրանց հայտնեցին, որ ռուսական բանակի նահանջի հետեւանքով Շատախի եւ Մոկսի կորուստը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ նաեւ Վանի համար: Ժողովի մասնակիցները միաձայն վճռեցին, որ համատարած գաղթ չպիտի լինի, որոշվեց կանանց, ծերերին ու երեխաներին դուրս բերել քաղաքից, իսկ 17-45 տարեկան տղամարդիկ պիտի խմբեր կազմեին՝ հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: Նույն օրը Արամ Մանուկյանը ռուսական զորքերի գեներալ Նիկոլաեւին հետեւյալ գրությունը ուղարկեց.
«Մեզ անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք. 1. մեզ թողնել բավական ռազմամթերք, 2. մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, 3. ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք, չփչացնեք»:
Պատասխանը մխիթարիչ չէր. բացի այն, որ Նիկոլաեւը հայտնել էր Վանից հեռանալու մասին, տեղեկացրել էր նաեւ, որ ռուսական զորքը վանեցիներին զենք տրամադրել չի կարող: Արամն ու ժողովականները այս լուրից հետո փոխեցին մտադրությունը, եւ որոշվեց կազմակերպել Վանի հայության գաղթը: Հուլիսի 18-ին հայտարարվեց գաղթն սկսելու մասին:
Վանի հերոսամարտի վավերագիրներից Ա-Դոն գրում է. «Սոսկումով լսեց վանեցին գաղթի որոշումը: Կսկիծը սրտում՝ ապուշ կտրածի պէս հնազանդւեց դառը ճակատագրի անողոք ծաղրին։ Ալջաւազն ու Արճէշը գաղթել էին. ռուսական զօրքերը յետ էին քաշւել»:
Մարդիկ հասցնում են 5-6 օրվա պաշար վերցնել միայն ու ճանապարհ ընկնել: Թուրքերին չթողնելու նպատակով՝ հուլիսի 18-ի երեկոյան հրդեհվում են Վանի լավագույն տները, բազմաթիվ շինություններ ու խանութներ:
Գաղթի ճամփան
Ավագ Հարությունյանի «Վան-Վասպուրականի ազգաբնակչության 1915 թվականի հուլիսյան գաղթը» հոդվածում կարդում ենք. ««Հովիտ» թերթի վկայությամբ, ճամփան լիքն է. մերկ, բոկոտն, ցնցոտիներով մայրերը՝ երեխաներին շալակած... ոտքով քայլում են անձայն կամ կենդանիների հետ խոսելով... գաղթականությանը ոչ սկիզբ կա, ոչ վերջ»:
Անմխիթար էր փոխադրության միջոցների վիճակը՝ նախ, այն պատճառով, որ թուրքական կառավարությունը 1914թ. աշնանը հավաքել էր հայերին պատկանող բոլոր սայլերն ու ձիերը, եւ երկրորդ՝ Վանի ապրիլյան կռիվների ժամանակ հայերի մոտ մնացած ամբողջ շարժական գույքն ընկել էր քրդերի ձեռքը»:
Ու քանի որ փոխադրամիջոց չկար, մարդիկ գնում էին հիմնականում ոտքով, ծանր էր հատկապես հիվանդների ու երեխաների տեղափոխությունը:
Վանի հայության գաղթը տեւեց 34 օր: Գաղթեց շուրջ 281 հազ 888 մարդ: Ճանապարհին մահացավ շուրջ 8 000 մարդ:
Արեւելյան Հայաստան՝ Էջմիածին
Արեւելյան Հայաստան հասած գաղթական հայությունը սկզբնական շրջանում հիմնական ապաստան էր փնտրում Էջմիածնում: Մայր Տաճարի ու Գեւորգյան ճեմարանի բակում հազարավոր մարդիկ գիշերում էին բաց երկնքի տակ՝ առանց սննդի ու անհրաժեշտ պարագաների: Տարածված բազմաթիվ հիվանդությունները ամեն օր հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում: «Հորիզոնի» այդ օրերի էջերից տեղեկանում ենք, որ օգոստոսի վերջին տասնօրյակում միայն վանքի բակում ավելի քան 2 600 դիակ կար: Նրանք, ովքեր փրկվեցին հիվանդություններից ու սովից, հետագայում ապաստան գտան Հայաստանի տարբեր բնակավայրերում:
1915թ.-ին ձեւավորված Վասպուրականի իշխանության գյուղատնտեսական գործերի վարիչ Արմենակ Մաքսապետյանն իր հուշերում գրում է. «Շաղ տված են մեզ աշխարհի չորս ծայրերուն, իսկ մենք կուզենք մեր մոտավոր անցյալի, ամենեն ավելի հայորեն ապրելու եւ պայքարելու կյանքը, ներկան ալ մեջ գրի առնել: Սակավապետ եղած ենք եւ թերեւո համեստ մեր ուժին ու մեր ձգտումներու մեջ: Այս կպահանջե ժամանակը, որուն հարմարած ենք ճկուն կերպով, առանց դեդեւելու մեր գաղափարին ու մեր գաղափարներին մեջ:, ակնակառույց ապագային: Եվ սակայն այսօր կուզենք օղակ մը ստեղծել մեր անցյալի ու ապագայի միջեւ, երբ կարողանանք օր մը դարձյալ եզր ըլլա հայրենի հողին եւ անոր ստեղծագործ աշխատանքին, մեր երկնքին տակ: Իսկ մինչ այդ ահա օղակը:
Բայց անցյալն է անց:
Ներկան մեզ կթելադրե՝ «Չմոռանանք մեր հողն ու մեր գործը»»:
Վանեցի Փխրիկյաններն ու Թավրիզից Երեւան հասած քարտեզը
Գաղթից հետո Երեւանում հաստատված Վանի ինքնապաշտպանական կռիվների մասնակից Արտաշես Փխրիկյանը մեկն էր այն վանեցիներից, ով ամբողջ կյանքում «չմոռացավ իր հողն ու իր գործը»: Մինչեւ մահ երազեց Վան վերադառնալու ու իր հայրենի տանն ապրելու մասին:
Լուսանկարը` Ժիրայր Փխրիկյանի արխիվից
Նրա որդին՝ Ժիրայր Փխրիկյանն այսօր 91 տարեկան է: Մասունքի պես պահում է հորից մնացած լուսանկարները, մի քանի էջանոց հուշերն ու քարտեզը, որի գոյության մասին նրա մահից հետո է իմացել:
Վանի այս քարտեզը 1925թ. Մարտիրոս Խերանյանն է գծել՝ Թավրիզում: Թե ինչպես է քարտեզը Արտաշես Փխրիկյանի մոտ հայտնվել, որդին չգիտի. Խորհրդային Հայաստանում շատ բաների մասին պետք էր լռել: Արտաշես Փխրիկյանի տանը լռում էին Վանի մասին, թաքցնում այն, ինչ կարող էր հիշեցնել Վանը:
Լուսանկարը` Հարություն Մարությանի արխիվից
«Երբ հայրս ու իր վանեցի ընկերները հավաքվում էին, մի անասելի տխրություն էր հայտնվում բոլորի դեմքին, խոսում էին շշուկով: Հիշում էին Վանը»,-պատմում է Ժիրայր Փխրիկյանը,- «Հիշում եմ, որ մի հարց բոլորին տանջում էր: Այն, թե ոնց կարելի էր հաղթած ժողովրդին ասել՝ պիտի գաղթեք»:
Արտաշես Փխրիկյանը ծնողների ու քույրերի հետ Երեւան հասած առաջին վանեցի գաղթականներից էր: Մասնագիտությամբ կոշկակար երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո Արմենական կուսակցության շարքերն էր անցել, մասնակցել Վանի ինքնապաշտպանությանը: Ժիրայր Փխրիկյանը հիշում է, որ հայրը պահել էր նաեւ այն մաուզերը, որով կռվել էր:
Լուսանկարը` Ժիրայր Փխրիկյանի արխիվից
«Հետո այն պետք եկավ իրեն այստեղ. Ղանթարի շուկայում հայրս մի օր տեսնում է, որ թուրք վաճառողը մի հայ մարդու ստիպում է, որ ամբողջ արկղ չամիչը առնի, որովհետեւ ձեռք էր տվել չամիչին: Հայրս, տեսնելով որ թուրքերը կամաց-կամաց հավաքվում են ու հային պիտի ծեծեն, հանում է մաուզերն ու օդ կրակում, որ սրանք ցրվեն: Դեպքի երեկոյան հորս ձերբակալում են: 3 օր պահում են ոստիկանները, ստիպում են, որ զենքի տեղն ասի, ստիպված է լինում ասել, ու այդպես զենքը վերցնում են նրանից»,-պատմում է Ժիրայր Փխրիկյանը:
Վանեցի հերոսի որդին հիշում է, թե ինչպես էր հայրը ջանում, որ Երեւանի իր տունը Այգեստանի տան նման լինի, որ ամենուր Վանի շունչը զգացվի:
«Մենք Մատենադարանի մոտ էինք ապրում: Տան դիմաց այգի սարքեց, ճիշտ այն այգուց, որ Վանի իրենց տան դիմաց էր եղել: Քրոջ թոռներին հպարտությամբ պատմում էր այդ այգու մասին, ցույց տալիս ծաղիկներն, ասում, որ դրանք ճիշտ այն ծաղիկներն են, որ Այգեստանի տան բակում էին աճում: Ժամանակին Երեւանի ամենագեղեցիկ բակերից էր մեր բակը: Կառավարության ընդունելության տունը որ սարքեցին, քանդեցին այգին: Բարեբախտաբար, հայրս չտեսավ դա»,-պատմում է Ժիրայր Փխրիկյանը:
Լուսանկարը` Ժիրայր Փխրիկյանի արխիվից
Ժիրայր պապը դժվար է խոսում հոր մասին, հուզվում է: Ամբողջ կյանքը բժշկությանը ու հարյուրավոր մարդկանց կյանքի փրկությանը նվիրած վանեցին ափսոսում է, որ այդպես էլ չտեսավ այն տունը, որն այդքան կարոտով էր հիշում հայրը. «Արդեն ծեր եմ, շատ ժամանակ չի մնացել ապրելու: Երբեք այդպես էլ չեմ տեսնի հորս տունը»:
«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:
Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան
Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Նախագծի խորհրդատուներն են՝
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;
ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:
Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: