Անմոռանալի հաղթանակ. Մարկոս Պիզելի - Mediamax.am

exclusive
46344 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Մարկոս Պիզելի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարկոս Պիզելին Հայաստանի հավաքականի կազմում մի շարք հաղթական ու հետաքրքիր հանդիպումներ է ունեցել:

Նա 2008 թվականից թիմի կարեւոր խաղացողներից է ու 65 հանդիպման է մասնակցել: Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում կիսապաշտպանը վերհիշել է իր ամենատպավորիչ հանդիպումներն ազգային հավաքականի հետ:

Տպավորիչ խաղեր շատ են եղել, որոնք երբեք չեմ մոռանա: Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակին չեմ էլ մասնակցել, բայց այն նույնպես ամենահիշվածներից է:

Նույն հաշվով Սլովակիայի հետ խաղում տարած հաղթանակն էլ շատ յուրահատուկ էր, իսկական ցնծություն ու ոգեւորություն էր տիրում հանրապետական ստադիոնում: Անմոռանալի երեկո էր, բոլորն անչափ ուրախ էին:

Ինձ համար առանձնանում է նաեւ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում տուգանայինից խփած գոլս, ափսոս, հետո Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ ու 3 միավոր բերեց իր թիմին: Երեւանում Մակեդոնիայի հետ 4:1, 4:0 հաշվով ավարտված հանդիպումներն էլ շատ տպավորիչ էին:



Բայց ամենադրամատիկն Իռլանդիայի դեմ ԵՎՐՈ-2012-ի ընտրական վերջին խաղն էր, երբ Ռոման Բերեզովսկին կարմիր քարտ ստացավ ու 10 հոգով մնացինք:  Եզրափակիչ փուլ դուրս գալու ռեալ շանս ունեինք, մեր ունեցած ամենալավ ընտրականն էր ու այն երբեք չեմ մոռանա:

Հիմա հաղթանակներից հետո անգամ չեմ ուրախանում, քանի որ դա իմ աշխատանքն է: Ամբողջ տարի առանց հանգստյան օրերի մարզվում եմ ու պատրաստվում, խաղի օրն էլ ամեն ինչ անում եմ, որ հաղթանակ լինի: Դրա համար էլ զգում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Բայց որոշիչ խաղերում տարած հաղթանակներով միանշանակ շատ եմ ուրախանում:

Մարկոս Պիզելիի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին