Հարություն Մերդինյանի ու Անի Գասպարյանի երջանիկ ու ներդաշնակ ընտանիքը - Mediamax.am

exclusive
3533 դիտում

Հարություն Մերդինյանի ու Անի Գասպարյանի երջանիկ ու ներդաշնակ ընտանիքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ու նրա կինը՝ Անի Գասպարյանը, միմյանց մեկ հայացքից էլ հասկանում են: Երկար տարիներ միմյանց ճանաչելուց հետո վերջապես որոշել են ամուսնանալ ու գեղեցիկ ընտանիք կազմել: Հիմա նրանք ակտիվ ու կենսուրախ դուստր ունեն, որի հետ էլ եկել էին Mediamax Sport-ի «Մեկ հարկի տակ» շարքի համար հանդիպմանը:

Հարություն. Երկար տարիներ է իրար ճանաչում ենք, ընդհանուր ընկերներ ունենք, որոնց միջոցով էլ առաջին անգամ հանդիպել ենք: Շփումն աստիճանաբար է սկսվել, մտերմացել ենք ու հասկացել, որ պետք է ամուսնանանք:

Անի. 2013 թվականից ենք ծանոթ, ուղղակի ընկերներ ենք եղել, դրա համար էլ առաջին հանդիպումը չեմ հիշում: Հաճախ էինք բոլորով գնում ֆիլմեր նայելու:

Հարություն. Ես էլ եմ հիշում համատեղ դիտումները, բայց հետո նաեւ երկուսով էինք սիրում գնալ կինոթատրոն:

Անի. Որպես զույգ 2015 թվականից ենք սկսել հանդիպել: Մինչեւ զգացմունքներ առաջանալն էլ հարազատ բան էինք զգում, որ մեզ կապում էր: Անընդհատ շփվում էինք ու միմյանց մասին տեղյակ լինում: Անգամ երբ երկար ժամանակ նրանից լուր չէի ունենում, զգում էի, որ մրցման է մասնակցելու, գրում էի ու հաջողություն մաղթում: Մեր ծանոթությունից հետո չէր ասել, որ մարզիկ է, բավական ժամանակ անց եմ իմացել՝ Youtube-ով պատահական նրա ելույթն եմ տեսել (ծիծաղում ենք, խմբ.):

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն. Որովհետեւ այդ փաստը բնավ էլ առաջնային չէր, ուզում էի մեր շփումը սովորական ու զուտ մարդկային լինի: Ինձ համար ոչ մի հարցում մարզիկ լինելը առավելություն չէ, կյանքում ավելի կարեւոր հատկանիշներ են պետք գալիս:

Անի. Հարութն այնքան դրական կողմեր ունի, որ թվարկեմ, կստացվի գովում եմ: Տեսակով հավատարիմ մարդ է, բոլորի, այդ թվում՝ իմ բախտը բերել է, որ ճանաչում ենք նրան: Նվիրված է բոլորին՝ ընտանիքին, ծնողներին, ընկերներին, գործին:

Հարություն. Անին ինձ մի բառից հասկանում է, բավական է նայենք իրար ու ամեն ինչ պարզ է դառնում: Սերը, միանշանակ, հենց դա է: Պետք է ամբողջությամբ սիրես ու նվիրված լինես, որպեսզի ցանկանաս ողջ կյանքդ ապրել այդ մարդու հետ:   

Անի. Որքան էլ մինչեւ ամուսնանալն իրար սիրեն ու լավ հարաբերություններ ունենան, կենցաղ կիսելը լրիվ այլ է: Ընկերություն անելն ու ընտանիք կազմելը բոլորովին տարբեր բաներ են: Պետք է կարողանաք միասին ապրել ու բոլոր դժվարությունները հաղթահարել: Հարութի հետ ամեն հարցում է շատ հեշտ, ոչինչ չի ծանրացնում, չեմ էլ զգացել, որ տունս փոխել եմ ու հիմա իր ընտանիքի հետ եմ ապրում: Ամեն ինչ շատ ներդաշնակ է ստացվել, բախտս այդ հարցում բերել է: Առօրյան չի խանգարում ու մեր սերը չի մղում երկրորդ պլան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն. Ամուսնության առաջարկություն չի էլ եղել, մտածել ենք, որ պետք է ամուսնանանք, այդպես էլ ստացվել է: Ամեն ինչ շատ պարզ է:

Անի. 2021 թվականը մեզ համար շատ յուրահատուկ էր՝ երկար տարիներ ընկերություն անելուց հետո նշանվել ենք, ամուսնացել ու դեկտեմբերին ծնվել է մեր դուստրը՝ Սառան:

Հարություն. Ընտանիքն ամեն ինչ փոխեց իմ կյանքում, հիմա նոր հասկանում եմ, որ լիարժեք ապրում եմ: Կյանքը լիովին փոխվում է, երբ քո սեփական ընտանիքն ես ունենում եւ ուրախությունդ կիսում մյուսների հետ: Անգամ սպորտի նկատմամբ է վերաբերմունքս փոխվել, աղջկաս համար եմ ուզում լավ ելույթ ունենալ: Սկսել եմ ավելի ոգեւորված մասնակցել, մտածել ոչ թե անհաջողության կամ խնդիրների մասին, այլ նրա համար մեդալ նվաճելու: Հենց այդ առումով էլ սպորտում լրիվ նոր հետաքրքրություն եմ գտել ինձ համար: Պարզապես հաղթանակի ձգտելն այնքան էլ գրավիչ չէ, պետք է իմանալ, թե ում համար ես անում: Վերջին մի քանի կարեւոր մրցաշարերի ժամանակ գործիքին մոտենալիս մտածում էի Սառայի մասին: Եվրոպայի առաջնությունում անչափ ուրախ էի չեմպիոն դառնալ ու այդ մեդալը նրա համար բերել: Կարիերաս շատ երկար է, այդ ընթացքում ամեն ինչ էլ պատահել է՝ անհաջողություններ, վնասվածքներ, ցավեր, մեդալներ, իսկ դուստրս նոր մոտիվացիա է, որը մինչ այս չեմ ունեցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անի. Հպարտանում եմ Հարութի նվաճումներով, որ այս տարիքում նման հաջողություններ ունի, կարողանում է մարզավիճակը պահել ու Հայաստանը ներկայացնել: Նա տանը սպորտից առհասարակ չի խոսում, մարզումներից հենց դուրս է գալիս, առօրյան լրիվ փոխում է: Չի սիրում, երբ իրեն սպորտի հետ կապված հարցեր ենք տալիս, միայն հետաքրքրվում եմ, արդյոք ցավեր ունի, թե ոչ: Հավաքների ժամանակ է դժվար լինում, Սառան կարոտում է պապային, Հարութն էլ՝ նրան:

Հարություն. Եթե ամբողջ օրվա ընթացում միայն սպորտի մասին մտածեի, կձանձրացայի ու 10 տարի առաջ կարիերաս ավարտած կլինեի: Դահլիճից դուրս գալուց հետո մոռանում եմ մարմնամարզության մասին, պետք չէ այդ ամենով տնեցիներին ծանրաբեռնել:

Անի. Նրա հաջողության գրավականը հիմա Սառան է, ոչ թե հերթական մեդալին է ձգտում, այլ հենց նրա համար ցանկանում նվաճել, որ մեծանա եւ ուրախանա այդ հաջողությամբ: Դեռ փոքր է, շատ բան չի հասկանում, բայց զարթնելուն պես ասում է. «Գնամ պապայի մենդալները կախեմ», այնպես էլ մեդալը շեշտում է: Շատ էի ուրախացել, որ չեմպիոն դարձավ, ելույթները նայել չեմ կարողանում, ծանր եմ տանում, միայն կրկնության ժամանակ եմ հետեւում:

Հարություն. Մեր տանը մրցումները միայն մաման է նայում, ուրիշ ոչ մեկ չի կարողանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անի. Աշխարհի առաջնությունն էլ չեմ նայել, փորձում էի գործ անել ու չկենտրոնանալ Հարութի ելույթի վրա: Երեւի, ինձ համար ավելի ծանր է, քան Հարութի, նա մարզիկ է ու սովոր է նման հույզերի, իսկ ես էմոցիոնալ եմ ու չափազանց շատ եմ լարվում:

Հարություն. Ինչքան ազատ ժամանակ եմ ունենում, ընտանիքիս հետ եմ անցկացնում, որովհետեւ իմ կյանքում այն ամենակարեւորն է: Կնոջս ու բալիկիս շատ ժամանակ եմ տրամադրում, ամեն ազատ րոպե ձգտում նրանց կողքին լինել: Բոլորն իրենց տեղն ունեն, այդ թվում՝ ընկերները, նրանց հետ էլ պարբերաբար հանդիպում եմ, մեկը մյուսով չեմ փոխարինում:  

Անի. Գերլարված ու պատասխանատու ծնողներ ենք, երեւի տարիքից է, երեխայի հետ կապված ամեն ինչին լուրջ ենք վերաբերվում, մեր աչքից ոչինչ չի վրիպում: Հարութը շատ ուշադիր հայրիկ է, տեսակով պատասխանատու է, իսկ երեխայի հանդեպ՝ էլ ավելի շատ: Սառան մեր փոքրիկ երջանկությունն է, լրացրել է ողջ կյանքը: Մինչ նրա ծնվելն էլ լեցուն կյանք ենք ունեցել, իսկ հիմա այդ ամենը պահում ենք, ոչինչից հետ չենք մնում:

Հարություն. Հիմա ամբողջ ուշադրությունն երեխայի վրա է, ողջ տունը լցրել է, երեւի, ամենամեծ երջանկությունն է, որ կարող էր մեզ հետ պատահել: Սպորտային նվաճումներն ու մնացած հաջողությունները երկրորդական են, երեխան է իսկական ուրախությունը: Սառան շատ յուրահատուկ է, աշխույժ, արդն իր բնավորությունն ունի:

Անի. Կուզենք մեր ընտանիքը որքան հնարավոր է մեծ լինի, բայց շատ երեխաներ ունենալ չենք հասցնի, երկուսն իդեալական տարբերակ է: Շատ ենք ուզում խաղաղ երկրում ապրել ու մեծացնել նրանց:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն. Կուզեմ այսպես էլ համերաշխ ու սիրով լի մնանք: Չեմ էլ կարծում որեւէ բան կփոխվի, որովհետեւ ամեն մանրուքի մեջ կարողանում ենք հետաքրքրություն գտնել: Դրանից լավ ոչինչ չկա:

Անի. Երբ ստացվում է միասին որեւէ տեղ գնալ, արդեն լավ է, քանի որ իր գրաֆիկը բավական ծանրաբեռնված է, մանավանդ՝ մրցումներից առաջ: Տեղն ինձ համար բնավ էլ կարեւոր չէ, միայն թե միասին լինենք: Երեխայի հետ ենք հաճախ զբոսնում ու տարբեր ժամանցի վայրեր տանում: Եթե Հարութը խոստանում է Սառայի հետ զբոսնել, որքան էլ հոգնած տուն վերադառնա, կատարում է: Սառան էլ շատ լավ հիշողություն ունի, եթե նրան որեւէ բան եք ասում, երբեք չի մոռանում: Հիմա քանի դեռ Հայաստանում է ու հավաքների չի մեկնել, առավելագույնս մեզ հետ է ժամանակ անցկացնում:

Հարություն. Մեծ նշանակություն ունի, որ հասուն տարիքում ենք ընտանիք կազմել: Ամեն մեկն իր ժամանակն ունի, բայց մեր դեպքում գիտակցված է եղել, հասկացել ենք, թե ինչ եք ուզում:

Անի. Ես ընտանիքում հավատարմությունն եմ կարեւորում, Հարութը տեսակով հենց այդպիսին է՝ հավատարիմ ու նվիրված: Իրար շատ ենք վստահում ու ամեն ինչ միասին անում, նշանակություն ունի նաեւ, որ երկար ճանապարհ ենք անցել ու 10 տարի է գիտենք իրար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն. Այս պահին սպորտային նպատակներիս մասին հստակ չեմ կարող խոսել: Վնասվածքներն ու ցավերն ինձ շարունակում են անհանգստացնել, երբ ծանրաբեռնվածությունն ավելացնում եմ, խնդիրները զգացնել են տալիս: Դեռ փորձում եմ սպորտում մնալ ու առավելագույնն անել:

Անի. Իր ամեն որոշման դեպքում կողքին կլինենք ու կաջակցենք: Ես սպորտից բավական հեռում եմ, ինձ սիրահար չեմ անվանի, միայն իր ելույթներն եմ նայում:

Հարություն. Ես էլ քանի որ սպորտից քիչ եմ խոսում, ավելին չի էլ իմանում: Չէի ցանկանա, որ Սառան պրոֆեսիոնալ մարզուհի դառնա, քանի որ ինքս գիտեմ բոլոր դժվարությունները, բայց սիրողական մակարդակով միանշանակ կզբաղվի: Պլանավորել ենք տանել լողի, քանի որ պաշտում է ջուրը, հետո ինձ հետ մարմնամարզության էլ կտանեմ, այն առաջնային սպորտաձեւ է: Երբ մեծանա, ինքը կորոշի ինչով զբաղվել:

Անի. Առանց այն էլ Հարութին շատ է նման ոչ միայն արտաքնապես, նրա պես աշխույժ է, ակտիվ, ճկուն, շարժուն: Ինձ հիշողությամբ է նման, ամեն ինչ արագ ընկալում է ու չի մոռանում՝ թեեւ ընդամենը 1,8 տարեկան է: Այսօրը դեռ երկար կհիշի ու կպատմի, Ձեզ էլ չի մոռանա: Կարողանում է հաշվել, ոտանավորներ արտասանել, բոլորս էլ հետը զբաղվում ենք: Մուլտֆիլմեր չի նայում, հեռուստացույցով էլ միայն համերգներ է լսում ու պարում, հեռախոսով առհասարակ չի զբաղվում: Շփվում է մարդկանց ու երեխաների հետ, առավոտյան տատիկի ու պապիկի հետ է զբոսնում, երեկոյան՝ մեզ, բակում բոլորին գիտի՝ երեխաների ծնողներին, նրանց ավտոմեքենաները, հարեւաններին: Եթե հեռախոսով զբաղվեր, մեր ասածներին ուշադրություն չէր էլ դարձնի, մարդկանց հետ չէր շփվի ու նրանց չէր մտապահի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն. Ծնված օրվանից ես եմ լողացրել Սառային, բոլորն ինձնից նեղացել էին, որ թույլ չեմ տալիս: Մեկ անգամ լողացնելու ձեւը ցույց տվեցին ու բավական էր: Լուրջ արարողություն էր՝ պապիկը ջուրն էր բերում, ջերմաչափով ստուգում էինք, տատիկն ավելացնում էր, մաման՝ շորերը պահում: Երկու ամիս անց պետք է հավաքի մեկնեի, դժվարությամբ թողեցի: Ամեն օր զանգում էի ու ճշտում. «Կարողացա՞ք լողացնել» (ծիծաղում ենք, խմբ.):

Անի. Իր ներկայությամբ հանձնարարեց մի քանի անգամ լողացնել, երբ տեսավ ստացվում է, նոր հանգիստ սրտով մեկնեց: Առաջին իսկ գիշերներից արթնանում էր, մինչեւ երեխան չէր քնում, հետս էր լինում՝ ու այդպես օրեր ու ամիսներ շարունակ:

Հարություն. Ամեն օրվա համար շնորհակալ ենք Աստծուն: Կարեւորը խաղաղություն լինի, որ բալիկները անհոգ ու խաղաղ մանկություն ունենան: Անկախ ամեն ինչից՝ Աստծուն միայն շնորհակալություն ենք հայտնում, որ ամեն առավոտ արթնանում ենք ու ընտանիքով միասին ենք:

Անի. Կուզեմ մեր կյանքը նույնը մնա՝ թեկուզ տասնամյակներ անցնեն, նույն կերպ էլ իրար հասկանանք ու նույնքան գնահատենք:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին