Արաս եւ Նանա Օզբիլիզների մեծ ու միմյանց աջակցող ընտանիքը - Mediamax.am

exclusive
6282 դիտում

Արաս եւ Նանա Օզբիլիզների մեծ ու միմյանց աջակցող ընտանիքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուրարտու»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիզն ու նրա կինը՝ Նանան, այս տարի կնշեն ամուսնության 10-ամյակը: Այդ ընթացքում նրանք հասցրել են միմյանց ավելի լավ ճանաչել ու սիրել, 3 երեխա ունենալ՝ 4-րդն էլ կծնվի շուտով: Mediamax Sport-ի «Մի հարկի տակ» շարքի համար հանդիպել ենք նրանց մեծ ընտանիքի հետ ու մի քիչ ֆուտբոլ խաղացել:

Արաս. Երկուսս էլ Նիդերլանդներում ենք մեծացել, այնտեղ հաճախ են հայկական միջոցառումներ անցկացվում, որոնցից մեկի ժամանակ էլ 10 տարի առաջ հանդիպել ենք: Այդ ժամանակ Մոսկվայում էի ապրում, դժվար էր հեռու լինել միմյանցից ու հիմնականում Ֆեյսբուքով էինք շփվում, երբ ժամանակ էի գտնում, մեկնում էի Նիդերլանդներ: Իսկ երբ մտերմացանք, Նանան էլ ինձ հյուր էր գալիս Մոսկվա:

Նանա. Մեր առաջին հանդիպմանն Արասն ինձ իր համեստությամբ դուր եկավ:

Արաս. Այնպես է, որ սկզբում երկուսս էլ ակտիվ քայլեր էինք ձեռնարկում: Առաջին հանդիպումից հետո արդեն գիտեի, որ Նանան իմ կինն է դառնալու, այդպիսի զգացողություն ունեի: Շատ արագ էլ ամուսնացանք:

Նանա. 2014-ին նշանվեցինք, իսկ մեկ տարի անց ամուսնացանք: Հարսանիքն Ամստերդամում էր, ամեն ինչ մեկ ամսում ենք կազմակերպել: Քանի որ Արասը ֆուտբոլիստ է ու տարեկան միայն 2 անգամ է արձակուրդ ունենում, որոշեցինք ձմռանն ամուսնանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արաս. Ներկա էր մոտ 180 հոգի՝ մեր բարեկամներն ու ընտանիքի անդամներն էին միայն, Հոլանդիայի համար մեծ հարսանիք ստացվեց, բայց Հայաստանի համեմատ բավական համեստ էր:

Նանա. Ուզում էինք, որ այդ օրը մեր կողքին լինեն միայն ամենահարազատ մարդիկ:

Արաս.
Գնացինք եկեղեցի, ապա սրահ ու շատ ավանդական հայկական հարսանիք ունեցանք: Եթե անկեղծ, հարսանիքի օրն իրականում նորապսակները հիմնականում հոգնում են, իսկապես վայելել այնքան էլ չի ստացվում:

Նանա.
Այսքան ժամանակ է անցել, բայց երբեք հարսանիքի տեսանյութը չենք նայել, սպասում ենք 10 տարին լրանա ու վերջապես դիտենք:

Արաս. Ամեն ինչ դեռ թարմ է, դրա համար էլ նայելու ցանկություն չի առաջացել: Այնպես եմ զգում, կարծես երեկ ենք նոր ամուսնացել:

Նանա. Բնավորությամբ երկուսս էլ հանգիստ ենք ու իրար լրացնում ենք, դրա համար էլ հետաքրքիր է միասին ապրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արաս. Նման ենք, որովհետեւ երկուսս էլ ձուկ ենք եւ 2 օրվա տարբերությամբ ենք ծնվել՝ մարտի 7-ին եւ 9-ին: Դժվար ժամանակներ էլ ենք ունեցել, որը միասին ենք հաղթահարել: 2014 թվականին, երբ լուրջ վնասվածք ստացա ու Հռոմում պետք է վիրահատության ենթարկվեի, մայրիկիս հետ ժամանել էր ինձ մոտ: Դրանից 3 ամիս անց երկու ոտքիս ավելի բարդ վիրահատություն ունեցա, չէի կարողանում ինքնուրույն քայլել կամ շարժվել: Նանան կողքիս էր ու ինձ շատ օգնեց:

Նանա. Նման ծայրահեղ բարդ իրավիճակներն օգնում են միմյանց լրիվ այլ կերպ ճանաչել: Ռոտերդամի համալսարանում միջազգային բիզնես ու լեզուներ էի սովորում, դասերս երկար ժամանակով թողեցի ու մեկնեցի Արասին խնամելու, արդյունքում դուրս մնացի եւ ուսումս կիսատ մնաց: Բայց երբեք չեմ փոշմանել, քանի որ այդ պահին ավելի կարեւոր էր նրա կողքին լինել: Վիրահատելու օրը գնացի Հռոմի հայկական եկեղեցի ու ամբողջ ընթացքում այնտեղ մնացի: Հաջորդ վիրահատությունից հետո ավելի բարդ էր: Մեր ծանոթությունից ընդամենը 6 ամիս էր անցել, բայց այնպես էի խնամում նրան կարծես 10 տարվա ամուսիններ լինեինք: Հանգամանքներն էին այդպիսին ու դա էլ, երեւի, մեզ մտերմացրեց: Այդ կարճ շաբաթների ընթացքում իրար ավելի լավ ճանաչեցինք:

Արաս. Ասում են, որ ամենաուժեղ տղամարդու թիկունքում ուժեղ կին է կանգնած, մեր դեպքում էլ է այդպես: Միշտ նշում եմ, որ ամուսինը գլուխն է, բայց վիզը կինն է ու նա է որոշում, որ կողմ շարժվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նանա. Ֆուտբոլիստի կին լինելն այնքան էլ հեշտ չէ, հաճախ է եղել, որ ընտանիքիս անդամներին ու ընկերուհիներիս երկար ժամանակ չեմ կարողացել տեսնել: Բայց հասկանում էի, որ պետք է Արասի կողքին լինեմ ու ապրեմ այնտեղ, որտեղ նա հանդես է գալիս: Հասկանում եմ, որ նրա կարիերան միշտ չի տեւելու ու ամբողջ կյանքում չի ֆուտբոլ խաղալու: Ես իմ կողմից եմ գնացել զոհողությունների, Արասն էլ միշտ արել է այն, ինչ ես եմ ուզել, մշտապես կողքիս է եղել ու աջակցել: Մեկ շաբաթ առաջ երեխաներին նրա հետ թողեցի ու ընկերուհուս հարսանիքին ներկա լինելու համար մեկնեցի Նիդերլանդներ: Իրար լրացնելով ու զիջելով ենք առաջ գնում:  

Արաս. Սիրում եմ երեխաներին խնամել, անկեղծ եմ ասում, ամեն ինչից էլ գլուխ եմ հանում: Չեմ հասկանում, երբ տղամարդիկ առանց մայրիկների չգիտեն ինչ ուտելիք է պետք տալ երեխային, բայց չէ՞ որ իրենցն է փոքրիկը, պարտավոր են տեղյակ լինել: Նախընտրում եմ իմ ձեռքով մեծացնել երեխաներիս, նույնիսկ գիշերն արթնանալ: Մինչ հայր դառնալը ոչ մեկը չպետք է քունս խանգարեր, բայց Առաքելի ծնվելուց հետո գիշերը նույնիսկ 10 անգամ եմ զարթնել: Մենք երեխաներին շատ ենք սիրում, երեքն ունենք, մեկին էլ սպասում ենք: Ամեն ինչն է փոխվում, երբ տանը երեխա է հայտնվում: Նախկինում հանգստի մեկնելիս ցանկացած տեղ կարող էինք ընտրել, իսկ հիմա նայում ենք, թե մոտակայքում հիվանդանոց կա, ինչպիսին է խաղահրապարակը, առաջնայինը նման բաներն են դառնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նանա. Մեր երեխաները շատ ինքնուրույն են, ուտելիքի հետ կապված խնդիրներ երբեք չենք ունենում, կապ չունի, թե որտեղ կլինենք: Նաեւ ժամանակին քնում են, երեքն էլ ամենաուշը ժամը 9-ին անկողնում են լինում:

Արաս. Կարգապահությունը շատ կարեւոր է, դրան մեծ ուշադրություն ենք դարձնում, իրենք էլ գիտեն այդ մասին: Երբ ես եմ երես տալիս, Նանան է խիստ լինում, ու հակառակը (գնդակով եղբոր հետ խաղացող Առաքելը միանում է մեզ ու ասում. «Իհարկե, մաման է ավելի խիստ»,- ու նորից վազում գնդակի հետեւից, խմբ.):

Նանա. Մեր երեխաներն ազատ են մեծանում, անում են այն, ինչ ուզում են՝ նույնիսկ տան մեջ ֆուտբոլ խաղում, չիկարելիներ ու արգելքներ չունեն: Կարող են ընկնել, ջարդուփշուր լինել, ոչինչ: Փոխարենը խիստ ենք ուտելիքի ու քնելու, սովորելու եւ մեծերին հարգելու առումով: Գիտեն, որ իրենցից մեծերին չեն կարող դիմել ու հետները խոսել այնպես, ինչպես հասակակիցների հետ:

Արաս. Ազատ ասելով նկատի ունենք, որ իրենց խնդիրներն ինքնուրույն պետք է լուծեն, ոչ թե անեն, ինչ մտքներով կանցնի:   

Նանա. Գաբրիելան 1,5 տարեկան է, բայց խաղասրահում ամենաակտիվներից մեկն է, քանի որ սովոր է ինքնուրույն խաղալ, ընկնել, կանգնել, այդպիսին էլ տղաներն են: Երբ Հայաստանում ենք, երեխաների հետ հոլանդերեն ենք խոսում, որ չմոռանան, իսկ այնտեղ՝ հայերեն: Հենց սկսում են արդեն հայերեն լիարժեք խոսել, նոր նաեւ երկրորդ լեզվին ենք ծանոթացնում: Մեր բոլոր բարեկամներն այնտեղ են, կարեւոր է, որպեսզի երեխաները նրանց հետ կարողանան հանգիստ շփվել, բացի այդ էլ՝ այնտեղ նաեւ ընկերներ ունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արաս. Այստեղ ծնողները սովորաբար երեխաների հետեւից քայլ առ քայլ գնում են, որ հանկարծ չընկնեն ու չվնասվեն: Մենք թողնում ենք, բայց որոշակի տարածությունից հետեւում: Մեր բոլոր երեխաներին 2 անուն ենք ընտրել՝ ավագը Առաքել Մոնթեն է, որը մայիսին 7 տարեկան դարձավ, Լեւոն Լեյֆին՝ 4 է, իսկ Գաբրիելա Լուսին սեպտեմբերին 2 կդառնա:  

Նանա. Ամենաուշը հունիսի 20-ին էլ ծնված կլինի մեր 4-րդ երեխան, որին անուն դեռ չենք ընտրել: Նա, ինչպես եւ մյուս երեխաները, Նիդերլանդներում կծնվի, Արասը մեզ առաջնության ավարտից հետո կմիանա: Իմ բժշկին եմ սովոր, այնպես չէ, որ Հայաստանի բժշկությանը չեմ վստահում, այստեղ ավելի ուշադիր են դրսի համեմատ, մարդկային են ու ամեն փոքր խնդրի դեպքում փորձում են օգնել: Պարզապես հարազատներս Նիդերլանդներում են, կօգնեն ինձ, իսկ այստեղ ոչ ոք չունենք:

Արաս. Հենց սկզբից ենք որոշել մեծ ընտանիք ունենալ: Բարեկամներն ասում էին. «Դեռ մեկն ունեցեք, հետո կտեսնենք, թե որքան կունենաք»:

Նանա. Ես որ 4-ով կանգ եմ առնելու, ավելի շատ չեմ պատրաստվում ունենալ: Միշտ ուզել եմ ինքս երեխաներիս մեծացնել, տարբեր երկրներում ապրելիս տեսել եմ, որ դայակներ են վարձում: Արասն էլ մի քանի անգամ առաջարկել է, որ ծանրաբեռնված չլինեմ, բայց հրաժարվել եմ: Հանգստանալու էինք մեկնել ու այդ օրն ավելի հստակ համոզվեցի, որ չեմ ուզում երեխաներիս դայակը մեծացնի: Փոքրիկներից մեկը լողավազանում շատ ուժեղ ընկավ ու երբ մայրիկը վազելով մոտեցավ, երեխան նրա փոխարեն դայակին ամուր գրկեց: Արասին ասացի, որ եթե ինձ հետ նման բան լիներ, սիրտս կկանգներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արաս. Ինձ միշտ ասել են, թե ինչքան անհաջողակ եմ, որովհետեւ նման վնասվածքներ եմ ունեցել: Բայց ես հակառակն եմ մտածել, քանի որ բախտս բերել է, որ կարողացել եմ դրանք հաղթահարել ու նորից ֆուտբոլ խաղացել լավ ակումբներում: Թեեւ գիտեմ, որ առանց վնասվածքների ամեն ինչ ավելի լավ կլիներ ու մեծ հաջողությունների կհասնեի: Կարիերայիս համար ամեն ինչ եմ արել, ավարտելուց հետո հանգիստ կլինեմ: Իհարկե, հիմա ֆիզիկապես առաջվա պես չեմ, բայց ժամանակի հետ որակը չի կորչում: Վնասվածքից ու 4 վիրահատությունից հետո բավական լավ եմ վերադարձել, թեեւ այդ տարիքում վերականգնվելն էր բարդ, բայց կարեւորն այն է, որ ինձ լավ եմ զգում: Բոլոր ֆուտբոլիստների ծնկները մաշվում են, իսկ վիրահատությունն այդ պրոցեսն ավելի արագացրեց:

Նանա. Ֆուտբոլ միշտ եմ սիրել ու «Այաքս»-ին երկրպագել, բայց չգիտեի, որ Արասը հայ է, Հայաստանում եմ պատահական իմացել: Ընկերուհուս ամուսնուն ասացի, որ ակումբի խաղերը նայում եմ, նա էլ նշեց, որ այնտեղ հայ ֆուտբոլիստ կա: 50 դոլարի վրա գրազ եկանք, ու ես պարտվեցի, դե, Օզբիլիզը տիպիկ հայկական ազգանուն չէ:

Արաս. Ամենալավ խաղը ցույց եմ տվել «Կուբան»-ում, բայց «Սպարտակ»-ում անցկացրած առաջին մրցաշրջանն էլ հաջող էր, հավաքականում միշտ եմ լավ հանդես եկել: Անմոռանալի էր 2011-2014 թթ. ընկած հատվածը, թե որքան կարեւոր ու տպավորիչ հաղթանակներ ունեցանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբեք չէի մտածի, որ կգամ Հայաստանում խաղալու: Ռուբեն Հայրապետյանը շատ է նպաստել, որ վերադառնամ ու այստեղ ապրեմ: Եկանք երեխաների համար, բացի այդ էլ ուզում եմ կարիերայից հետո հայկական ֆուտբոլին օգուտ տալ: Բոլորը կարծում են, որ Եվրոպայում ամեն ինչ այլ է, բայց հանգիստ եղեք, այստեղ ամեն ինչ շատ ավելի լավ է: Ուրախացնում է, որ երեխաներին շախմատ խաղալ են սովորեցնում, որքան էլ ծնողների հնարավորությունները տարբեր են, բայց ձգտումն է մեծ: Բազմակողմանի են զարգացնում երեխաներին, ինչն այդպես չէ Եվրոպայում:

Նանա. Երեխան նույնիսկ կարող է շատ խելացի լինել, բայց նրանով չեն զբաղվում, նույն պատկերն էլ դպրոցում է: Իսկ Հայաստանում հնարավոր է ֆինանսապես շատ միջոցներ չունենան, բայց մտածեն այդ ամենի մասին:

Արաս. Օրինակ բերեմ, այստեղ հրապարակում խաղացող ուրիշ երեխայի կարող եմ որեւէ բան ասել, իսկ Եվրոպայում իրավունք չունեմ: Շատ փակ են ու անձնական սահմանները խստորեն պահում են:

Նանա. Հայաստանում մեր մտածելակերպը «մենք» է, իսկ այնտեղ՝ «ես»: Մեզ ավելի ապահով ենք զգում, Նիդերլանդներում նույնիսկ տան դիմաց երեխաներին միայնակ խաղալ չենք թողնում, միշտ պետք է հսկել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արաս. Գոհ ենք, որ մեր երեխաները Հայաստանում են մեծանում: Դեռ այստեղ ենք ապրում, հետագայում չգիտենք, թե կյանքն ինչպես կդասավորվի: Մտադիր եմ այստեղ ակադեմիա բացել, բայց «Ուրարտու»-ի սեփականատեր Չելոյանցն ասում է, որ մեր ակումբի ակադեմիային էլ կարող եմ օգտակար լինել: Դեռ ինքս եմ ուզում խաղալ ու իմ ուզած ձեւով ավարտել կարիերաս: Ֆուտբոլ խաղալուց լավ բան չկա, իմ ամենասիրած գործն է: 1,5 տարի առանց ֆուտբոլ եմ մնացել ու գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում: Չեմ ուզում ծնկներս այնքան վնասեմ, որ 50 տարեկանում հենակների կարիք լինի, առողջությունն առաջնային է: Դեռ հունիս 6-ին վերջին խաղն է, հետո կտեսնենք: Լեւոնի տարիքի եմ եղել, որ առավոտից երեկո սկսել եմ ֆուտբոլ խաղալ: Երբ մի օր գնդակով չկարողանամ որեւէ մեկին խաբել, հաստատ գիտեմ, որ կթողնեմ ֆուտբոլը: Որեւէ գործով զբաղվելիս, պետք է լավ անել, նույնն էլ երեխաներս եմ սովորեցնում: Անգամ փողոց մաքրող կարող են դառնալ, բայց իրենց տարածքն ամենամաքուրը պետք է լինի:

Նանա. Որպես ծնողներ ուզում ենք, որ նրանք առողջ լինենք ու բոլոր երեխաներն էլ հասնեն իրենց ուզածին:

Արաս. Պետք է աշխատեն, որ հասնեն նպատակներին: «Ո՞նց ես ֆուտբոլիստ դառնալու» (հարցնում է ավագ որդուն,խմբ.):

Առաքել. Շատ եմ պարապելու, որ դու գաս հետս խաղալու, ավելի արագ կստացվի:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին