Աշնանային ջերմ զբոսանք Դավիթ Մանոյանի ընտանիքի հետ - Mediamax.am

exclusive
5388 դիտում

Աշնանային ջերմ զբոսանք Դավիթ Մանոյանի ընտանիքի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանն ու նրա կինը՝ Շուշան Նազարյանն արդեն 10 ամիս է ծնողներ են: Իրենք համարում են, որ ծնողներ են դարձել դեռ 2015 թվականին, երբ նրանց կյանքում հայտնվել է Կասպեր անունով բարի ու գեղեցիկ շունը:

Mediamax Sport-ի «Մեկ հարկի տակ» շարքի համար հավաքվեց Մանոյանի ողջ ընտանիքը: Աշնանային ջերմ արեւի տակ զրուցեցինք, զբոսնեցինք Կասպերի ուղեկցությամբ ու ծանոթացանք Դանիելի հետ:

Դավիթ. Շուշանի հետ մի բակում ենք մեծացել՝ Արամի 30, որը քանդվեց: Այնտեղ մեր ընտանիքների 3 սերունդ է ապրել, մենք վերջինն էինք: Փոքրուց գիտենք իրար, հետո այնպես ստացվեց, որ Շուշանի ընտանիքը 2001 թվականին մեկնեց Ռուսաստան, իսկ մենք՝ Թումանյան փողոց: Նորից հանդիպեցինք 7-8 տարի անց, արդեն բավական հասուն էինք ու որոշ ժամանակ անց սկսեցինք հանդիպել: Բայց հետո դադար տվեցինք մեր հարաբերություններին նախ տարածության պատճառով, Շուշանը բնակվում էր Սանկտ Պետերբուրգում, ես Երեւանում էի, բացի այդ տարբեր վնասվածքներ էի ստացել, վիրահատվել ու Գերմանիայում էր անցնում վերականգնողական փուլը: Բավական ծանր շրջան էր ինձ համար: Երկրորդ անգամ սկսեցինք հանդիպել 2014 թվականին ու մինչեւ հիմա միասին ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուշան. Շատ լավ հիշում եմ, թե փոքր տարիքում Դավիթն ինչպես է գնդակով շատ ուժեղ հարվածել գլխիս: Այն տարիներին շատ էր սիրում անընդհատ գնդակով լինել: Երբ տարիներ անց հանդիպեցինք, արդեն 18 տարեկան էի, ինձ մոտ սեր էր առաջին հայացքից: Այնպիսի տպավորություն էր, որ շուրջս աշխարհը կանգ առավ:

Դավիթ. Որոշեցինք, որ երկրորդ փորձից ամեն ինչ ստացվի ավելի լավ կլինի Շուշանը տեղափոխվի Երեւան:

Շուշան. Ես չէի պլանավորում գալ ու ապրել այստեղ, բայց ամեն ինչ հեշտ ստացվեց: Հայրիկս Դավիթին միշտ շատ է սիրել, դրա համար առանց դժվարության բաց թողեցին ինձ:

Դավիթ. Մեր հայրիկներն ընկերներ են, նրանք էլ միասին են մեծացել, մեր պապիկներն էլ իրար գիտեին: Բոլորս իրար վստահում էինք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուշան. Սկզբում էր դժվար, ես հեշտ հարմարվող չեմ, դրա համար էլ շատ ընկերներ չունեմ, մինչեւ հիմա էլ այդպես է: Բայց մենք համացանցի դարաշրջանում ենք ապրում, այնպես որ կարողանում եմ բոլոր հարազատներիս ու ընկերներիս հետ կապը պահել: Նախապես հասկանում էի, թե տեղափոխվելով ինչպիսի քայլի եմ գնում:

Երբ ամուսնանում ես մարզիկի հետ, արդեն գիտես, որ որոշ ժամանակ չես կարողանա աշխատել, պետք է նրա հետ տարբեր երկրներում ապրես, հարմարվես նրա կյանքին, եւ քոնն առանձնապես չի լինելու: Բայց դա ժամանակավոր է, ու Դավիթը միշտ չի ֆուտբոլ խաղալու:

Դավիթ. Շուշանի մեջ ամեն ինչն եմ հավանում, հենց այնպես չեմ նրան որպես կին ընտրել, միշտ կողքիս է եղել, թե բարդ ու թե լավ շրջաններում: Ընդհանուր շատ հետաքրքրություններ ունենք: Մեզ իսկական ընտանիք դարձրեց Կասպերը, նրան վերցնելուց հետո ամեն ինչ լրիվ այլ էր: 2015-ից է մեզ հետ եղել, իսկ հետո մեկ հոգի էլ ավելացավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուշան. Ինձ դուր է գալիս, որ Դավը մարդկանց հետ շատ հեշտ է ընդհանուր լեզու գտնում, 5 րոպե անց նրանց հետ ընկերանում է, ու այդ կապը կարողանում է հետագայում էլ պահել: Իսկ դուր չի գալիս, որ ուշանում է: Խաղից առաջ տրամադրվելու համար կամ առհասարակ շատ է սիրում բարձր երաժշտություն լսել, կարող է զարթնել ու միանգամից ռոք միացնել: Ես սիրում եմ արթնանալ ու լռության մեջ լինել: Միակ բանն է, ինչի հետ մինչեւ հիմա չեմ կարողանում հարմարվել:

Դավիթ. Մեզ մոտ յուրահատուկն այն է, որ միասին լինելու առանձնահատուկ օր չունենք, որ նշենք: 2016-ին գրանցել ենք մեր ամուսնությունը, բայց խնջույք չենք կազմակերպել: Ես պետք է Կիպրոս տեղափոխվեի, բացի այդ էլ իմ ընտանիքը բնակվում է Լոս Անջելեսում, իսկ Շուշանինը՝ Պետերբուրգում, չստացվեց հավաքվել: Ընտանիք կազմելու որոշումն էլ կամաց-կամաց է եկել, չենք նստել ու միանգամից որոշել: Այն պահից, որ Շուշանը տեղափոխվեց Երեւան, մենք միասին էինք ապրում: Կասպերն էլ մի ամբողջական ընտանիք դարձրեց մեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքրուց եմ երազել շուն ունենալու մասին, Շուշանը մինչ այդ 2-ն ունեցել էր, հիմնականում ծնողներն էին հետեւել, բայց պահելու փորձ ուներ: Կարծեմ վնասվածք էի ստացել ու վատ տրամադրություն ունեի, երբ որոշեցի շուն ձեռք բերել: Դրանից մոտ կես տարի առաջ Սամոյեդ ցեղատեսակի շան նկարներն էի համացանցում տեսել ու հեռախոսիս մեջ պահել: Փնտրում էի, որ գնեմ, բայց չկար ու չկար: Եղբորս ծանոթ անասնաբույժի միջոցով էլ գտա Կասպերին: Նրան քրոջ հետ Ուկրաինայից էին բերել ու պետք է Իրան ուղարկեին, սակայն սահմանային հարցերի պատճառով մնացել էր այստեղ: Տեսա եւ միանգամից սիրեցի, առանց մտածելու վերցրի, բայց մեկ օր հետո մոտս խուճապ սկսվեց: Առաջարկներ կային կարիերաս Իրանում շարունակել, մտածեցի փոքր շան հետ ինչպես եմ տեղափոխվելու, ու որոշեցինք քանի դեռ չենք կապվել իրար հետ, հետ տանք նրան: Վերադարձրել եմ, ամբողջ գիշեր չեմ քնել եւ առավոտյան շտապել եմ նրա հետեւից: Որտեղ էլ խաղացել եմ, Կասպերն ինձ հետ շրջագայել է, միասին երեւի 15 բնակարան ենք փոխել:

Շուշան. Ֆուտբոլիստի կին լինելն այնքան էլ դժվար չէ: Սկզբում մանրուքներ կային, որոնք պետք էր իմանալ՝ ինչ պետք է ուտի, ինչ անի կամ չանի, ինչպես չխանգարեմ իրեն: Տարիների ընթացքում արդեն սովորել եմ: Ամենադժվարը վնասվածքներն են, միայն դրա համար եմ նայում խաղերը, որ համոզվեմ՝ ամեն ինչ կարգին է նրա հետ: Այլ խաղերի չեմ հետեւում, սպորտից բավական հեռու եմ: Վնասվածքները սպորտի ամենավատ կողմն են, հոգեբանորեն էլ շատ դժվար է, ֆիզիկապես էլ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ. Վնասվածքներ շատ եմ ունեցել: Ինձ հաճախ են ասել, որ մեկ ուրիշն իմ դեպքում արդեն կարիերան ավարտած կլիներ: Չեմ ասի ինչ-որ հատուկ բնավորություն ունեմ եւ անհավանական կամքի ուժ, բայց փորձությունների կողքով չեմ անցնում, հաստատ հաղթահարում եմ դրանք: Այն միտքը, որ այսքան ճանապարհ եմ անցել, ու չի կարող ավարտն այսպիսին լինել, շարունակել եմ առաջ գնալ:

Վիրահատությունից հետո էր հատկապես բարդ լինում, ժամանակ էր պետք լինում վերականգնվելու համար: Այդ ընթացքում ամենակարեւորը մտքերիդ հանգիստ տալն էր ու որոշ պահերի ֆուտբոլի մասին ընդհանրապես մոռանալը: Մյունխենի «Բավարիայի» բժիշկը, որն ինձ բուժում էր, խորհուրդ էր տալիս գնալ ու Օկտոբերֆեստին մասնակցել, խմել եւ զվարճանալ: Ասում էր՝ ոչնչի մասին չմտածեմ, ամեն ինչ լավ կլինի, ու իսկապես այդպես էլ եղավ: Պետք է լուրջ տրամադրվել ու ճիշտ մարդկանց լսել, նաեւ նման պահին կարեւոր է ակումբի ղեկավարության աջակցությունը: Իմ բախտը բերեց, որ «Փյունիկը» միշտ կողքիս էր ու մինչեւ վերջ ինձ տեր կանգնեց:

Շուշան. Նման պահերին ինձ վրա որոշակի պարտավորություններ էի վերցնում, Կասպերով էի զբաղվում, որովհետեւ Դավիթը ոչինչ չէր կարողանում անել: Փորձում էի նրան հոգեբանորեն աջակցել: Գիտեմ, թե այդ պահին ինչ է ուզում լսել, պարտադիր չէ ասել, որ դու ամեն ինչ կարող ես: Այլ հասկանալ, թե ինչ է զգում ու կողքին լինել ամեն առումով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ. Ինձ ուրիշ բան անելիս չեմ պատկերացնում, փոքր տարիքից սիրահարված եմ ֆուտբոլին, հիմա ուզում եմ անունս ինչ-որ մակարդակի հասցնել, որ մարդիկ ինձ այդպես հիշեն: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ խաղալ, չգիտեմ ծնկների հետ կապված առողջությունս որքան կների: 4 տարի է առանց վնասվածքի եմ հանդես գալիս, միշտ ամենաշատ խաղացած ֆուտբոլիստների հնգյակում եմ: Շատ եմ ուզում նորից հավաքական հրավիրվել ու այդ նպատակով եմ նաեւ այդքան աշխատում: Ակումբի համար առավելագույնն եմ անում:

Շուշան. Դանիելի ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում: Կասպերի շնորհիվ արդեն պատասխանատու էինք դարձել, դրա համար երեխայի հետ շատ ավելի հեշտ էր:

Դավիթ. Շուշանն ավելի շուտ իմացավ, որ երեխա ենք ունենալու, ես այդ ժամանակ հավաքի էի, երբ վերադարձա, հայտնեց լուրը: Կասպերի հետ թռվռացինք, ուրախացանք: Այնպես չէ, որ լուրն անակնկալ էր, մենք պլանավորում էինք երեխա ունենալ հենց որ Երեւանում տուն գնենք: Այդպես էլ ստացվեց: Կասպերի հետ արդեն ծնող էինք դարձել, չեմ համեմատում երեխայի հետ, բայց նույն հոգատարությունն ես տանում: Շան դեպքում էլ, եթե խնդիր է ունենում, տանում ես բժշկի, ուտելիքին ու զբոսանքներին հետեւում: Նա մեզ օգնեց, որ պատրաստ լինենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դանին լույս բերեց մեր ընտանիք: Նա ծնվեց պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 28-ին: Սիրտ չունեինք, որ ուրախանանք: Տանը չենք էլ նշել, պարզապես բոլորս ուրախ էինք, որ Դանին հայտնվել է մեր կյանքում ու արդեն 10 ամիս է մեզ հետ է:

Շուշան. Շատ հանգիստ երեխա է, պարզապես հիմա ատամներն են դուրս գալիս ու մի քիչ անհանգիստ է:

Դավիթ. Շատ է Կասպերին սիրում, անընդհատ խաղում է հետը, քնել ինձ պես չի սիրում: Շատ անքուն գիշերներ ենք ունեցել, իհարկե, ավելի շատ Շուշանը:

Շուշան. Դավիթին շատ է նման արտաքինով ու բնավորությամբ, փոքրիկ Դավիթն է: Սնդիկ է, անընդհատ շարժվող, ես ավելի հանգիստ եմ:

Դավիթ. Ընտանիքով լինել շատ ենք սիրում, հատկապես նախընտրում ենք կինո գնալ: Թեեւ Շուշանն այդքան էլ չի սիրում ֆիլմ նայել:

Շուշան. Ես պոպկորնի համար եմ գնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ. Քաղաքից դուրս ենք սիրում գնալ, ակտիվ հանգստի սիրահարներ ենք: Նոր տեղեր ենք բացահայտում:

Շուշան. Վերջին անգամ Ստեփանավանի քեմփինգն ենք բացահայտել, շատ անսովոր էր:

Դավիթ. Իրարից բացի մեր կողքին ոչ մեկ չունենք, մեր ծնողները հեռու են, երբ իրար հետ չենք լինում, ամեն ինչ ավելի է բարդանում:

Շուշան. Դե, սկզբում Դավիթի մայրիկը եկավ, ամեն ինչ ցույց տվեց ու մեկնեց: Անընդհատ կապի մեջ ենք: Պլանավորում ենք եւս մեկ երեխա էլ ունենալ, 3-ը մեզ բավական է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ. Բավական բարդ է, որ տանը տատիկ ու պապիկ չկա: Առանց ծնողների դժվար է երեխային մեծացնել:

Շուշան. Վերջերս 10 ամիս անց առաջին անգամ կինո էինք գնացել, երեխային բարեկամների մոտ էինք թողել, բայց դե ամեն անգամ չենք կարող այդպես անել:

Դավիթ. Ուզում ենք տարիներ անց էլ Կասպերը մեր կողքին լինի, ինչքան երկար, այնքան լավ, Դանին առողջ մեծանա ու կարեւորն իր ընկերների հետ պատերազմ չտեսնի: Մեր ապագան Հայաստանում ենք տեսնում, ցանկանում ենք այստեղ մնալ եւ մեր երկրին պիտանի լինել:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին