Մի ընտանիքում երեք ֆուտբոլիստ, երկուսը դարպասապահ, մեկն էլ հարձակվող: «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանի տղաները շարունակում են հայրիկի գործն ու մարզվում են «Բանանցի» մանկապատանեկան թիմերում: Ստեփանի կինը՝ Հերմինեն, ուրախ է, որ երեխաները նույնպես մարզական կյանքն են ընտրել:
Mediamax Sport-ի «Մի հարկի տակ» շարքում այս անգամ անդրադարձել ենք Ղազարյանների ֆուտբոլային ու ակտիվ ընտանիքին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ստեփան. Ես ու Հերմինեն նույն դպրոցում ենք սովորել, բայց ես իրեն չէի ճանաչում: Երբ ծառայության ընթացքում արձակուրդ էի եկել ու գնացել դպրոց ընկերներիս տեսնելու, պատահական հանդիպեցի: Արդյունքում՝ ունենք ամուր հիմքերի վրա դրված լավ ընտանիք:
Հերմինե. Մենք Արարատից ենք, ու դպրոցից ես ճանաչում էի Ստեփանին, գիտեի, որ ֆուտբոլիստ է: Բայց չէի պատկերացնի, որ մի օր կամուսնանանք: Հեշտ չի լինել ֆուտբոլիստի կին, բայց նաեւ հետաքրքիր է:
Ստեփան. Ինձ հետ ստիպված ռեժիմ է պահում (ծիծաղում է):
Հերմինե. Մեր տղաների ծնվելուց հետո շատ ուրիշ դարձավ կյանքը: Հետաքրքիր է նրանց հետ անցկացրած ամեն պահը:
Ստեփան. Երեխաները փոխեցին կյանքի գույները: Մեծերը ճիշտ են ասում, որ մինչեւ ծնող չդառնաս, ծնողի ղադրը չես իմանա: Կյանքն ավելի իմաստավորվեց, տան հիմքերն ամրացան: Հայկի ծնվելու ժամանակ Հերմինեին երեկոյան տարա հիվանդանոց, իսկ ես գնացի մարզման: Ճանապարհին զանգում են, թե աչքդ լույս, տղան ծնվել է: Ուրախ մարզում ունեցա ու արագ գնացի Արարատ, այնտեղ նշեցինք: Կարենի ժամանակ էլ ես վնասվածք ունեի ու վիրահատության օրն անընդհատ հետաձգվում էր: Երբ օրը որոշեցինք, ասում էի Հերմին ջան, միայն այդ օրը չասես, թե գնում եմ հիվանդանոց:
Հերմինե. Սկեսուրս ասում էր, թե դուք իրար հետ եք գնալու հիվանդանոց, այդպես էլ եղավ: Ստեփանը զանգեց իր բժշկին, թե մի քիչ կուշանամ: Երեխան ծնվեց, ու ինքը գնաց վիրահատության:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ստեփան. Ես շատ եմ ուզել տղա երեխաներ ունենալ: Կարելի է նույնիսկ ֆուտբոլային թիմ հավաքել (ծիծաղում է):
Հերմինե. Հայկին սկեսրայրիս անունն ենք տվել: Շատ է հպարտանում, միշտ ասում է՝ ես ու Հայկ նահապետը նույն անունն ունենք: Իսկ Կարենինը երկուսով ենք որոշել: Տառերը որ նոր էր անցնում, ասում էր շուտ սովորեմ, որ իմ անունը կարողանամ գրել:
Ստեփան. Ծնողներս շատ են օգնում մեզ: Լավ է, որ ամեն հարցում կանգնած են մեր կողքին, մենք էլ ընդունում ենք նրանց խորհուրդները:
Հերմինե. Մեր օրը շատ հագեցած է լինում: Դպրոց, մարզումներ, Հայկն անգլերեն ու ֆրանսերեն է պարապում, Կարենը նաեւ լող: Ես շատ եմ կարեւորում ազնվությունը: Երեխաների հետ պետք է ազնիվ լինես, դա տեսնելով՝ իրենք էլ են այդպիսին դառնում:
Ստեփան. Մենք այնպես ենք դաստիարակում երեխաներին, որ պահեն հայերին հատուկ շատ ավանդույթներ, պիտանի մարդ դառնան մեր ազգի համար: Այն բացթողումները, որոնք ես արել եմ դպրոցում, չեմ ցանկանում նրանք էլ կրկնեն: Կապ չունի՝ կդառնա՞ն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, թե ոչ: Պետք է կիրթ ու գրագետ
մեծանան, իմանան իրենց երկրի պատմությունը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հերմինե. Միշտ չէ, որ գնում եմ ստադիոն, բայց սիրում եմ հենց այնտեղից հետեւել ամուսնուս խաղերին, հիմա էլ արդեն Հայկի ելույթներն ենք նայում:
Ստեփան. Ավելի հեշտ է խաղալ, քան նայել տղայիս ելույթը: Լարվում եմ ու իրեն հավասար խաղում: Ես չեմ ստիպել, որ գնան ֆուտբոլի, իրենց ցանկությամբ են ընտրել: Հայկը նույնիսկ ժամանակից շուտ էր եկել, իր տարիքային խումբ չկար ու մեծերի հետ սկսեց մարզվել: Մի քանի օր առաջ բարկացրել էին, գնդակները հավաքեցի ու պահեցի: Մեկ էլ տեսնեմ թղթերը ճմռթել գնդակ են սարքել:
Հերմինե. Որ շատ փոքր էր, Ստեփանի ձեռնոցները ու շապիկը հագնում էր, կանգնում ու ասում, դե ինձ գոլ խփեք: Հիմա էլ, երբ Ստեփանը տանը չի լինում, ասում են, մամ, արի ֆուտբոլ խաղանք:
Ստեփան. Հայկը վերջերս Սոչիում «Բանանցի» մանկապատանեկան թիմի կազմում մրցաշարի մասնակցեց: Հետեւում էինք խաղերին, Կարենը ոգեւորվեց, թե ես էլ եմ ուզում դարպասապահ դառնալ: Բայց հիմա հարձակման գծում է խաղում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկ. Սոչիում շատ ուժեղ թիմերի հանդիպեցինք, հեշտ խաղեր չեղան: Փորձ ձեռք բերեցինք: Ես ուզում էի հարձակվող դառնալ, բայց մարզիչս ասաց, որ բոյով եմ ու պաշտպանությունում դրեց: Հետո էլ դարպասում կանգնեցի ու մնացի: Սիրում եմ գոլեր պահելը, դարպասապահը մեծ պարտականություններ ունի, պետք է գնդակ բաց չթողնի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեն. Ես «Ռեալին» ու «Արսենալին» եմ երկրպագում: Իմ սիրած ֆուտբոլիստն էլ Ռոնալդուն է, ես էլ նրա պես հարձակվող եմ ուզում դառնալ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ստեփան. Պետք է շատ աշխատեն, միայն տաղանդ ունենալը քիչ է: Ես օգնում եմ նրանց խորհուրդներով, բայց իրենք պետք է անընդհատ պարապեն, որպեսզի պիտանի ֆուտբոլիստ դառնան:
Հերմինե. Բնավորությամբ Կարենը Ստեփանին է նման, շատ ակտիվ է: Իսկ Հայկն ավելի հանգիստ է՝ ինձ պես:
Ստեփան. Երեխաներին հիմնականում արգելում ենք զբաղվել համակարգչային խաղերով: Փորձում ենք նրանց հեռու պահել այդ հիվանդությունից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հերմինե. Կարծում եմ, որ ամուր ընտանիքի հիմքը սերն է, միմյանց նկատմամբ ազնիվ լինելն ու հարգանքը:
Ստեփան. Շատ եմ կարեւորում փոխադարձ հարգանքը, դրա առկայությունն է օգնում ունենալ համերաշխ ու լավ ընտանիք: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, որում ապրում են սերը, միմյանց հասկանալը, գնահատելն ու հարգելը:
Գոհար Նալբանդյան, Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: