2018 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հայտնեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին: Այն հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին:
Երեւանի կոնյակի գործարանը եւ Մեդիամաքսը ներկայացնում են համատեղ հատուկ նախագիծ, որը «խճանկարի» ոճով կպատմի, թե ինչպիսինն էին Շառլ Ազնավուրի համար 1956, 1960 եւ 1981 թվականները: ARARAT Charles Aznavour Signature Blend-ի
բացառիկ կուպաժը բաղկացած է հենց այդ տարիների հազվագյուտ վինտաժային սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:
1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը փոխարինեց Ջիմի Քարթերին ԱՄՆ նախագահի պաշտոնում, իսկ Վալերի Ժիսկար դ՛Էստենը պարտվեց Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սոցիալիստ Ֆրանսուա Միտերանին: Ռուպերտ Մերդոքը ձեռք բերեց The Times ու The Sunday Times թերթերը, մեկնարկեց Space Shuttle ամերիկյան տիեզերական ծրագիրը, կայացավ լեդի Դիանա Սպենսերի ու Ուելսի արքայազն Չարլզի ամուսնությունը:
1981 թվականին Շառլ Ազնավուրի անունը «թնդում» էր Խորհրդային Միությունում: Պատճառը «Թեհրան-43» ֆիլմի պրեմիերան էր: Ֆիլմում հնչում էր Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Կառվարենցի «Հավերժական սեր» («Une vie d’amour») հիթը:
Խորհրդային Միության բազմաթիվ կանայք երազում էին հայտնվել Նատալյա Բելոխվոստիկովայի տեղում՝ վերջինիս բախտ էր վիճակվել «Թեհրան-43»-ում խաղալ Ալեն Դելոնի հետ:

Լուսանկարը` Getty Images
«Հավերժական սեր» երգի տարբերակներից մեկը Շառլ Ազնավուրը կատարել էր ռուսերեն: Ռուսերեն տեքստի հեղինակը Նատալյա Կոնչալովսկայան էր՝ ԽՍՀՄ ամենահայտնի մանկական բանաստեղծ Սերգեյ Միխալկովի կինը:
1981 թվականին Շառլ Ազնավուրը ոչ միայն ակտիվորեն ելույթներ էր ունենում՝ շրջագայելով ամբողջ աշխարհով, այլեւ ներկա էր լինում իր ընկերների եւ գործընկերների համերգներին:
1981 թվականի ապրիլին նա ֆրանսիացի երգչուհի Նիկոլ Քրուսիլի պատվավոր հյուրն էր՝ Champs Elysees Theater համերգասրահում վերջինիս համերգից առաջ:

Լուսանկարը` Getty Images
1981 թվականի մայիսին տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի եւ Խուլիո Իգլեսիասի համատեղ ելույթը, որը երկու մեծ արտիստների երկրպագուները հիշում են մինչ օրս:
2018 թվականի հոկտեմբերին՝ տեղեկանալով Շառլ Ազնավուրի մահվան մասին, Խուլիո Իգլեսիասը Instagram-ում տեղադրեց 1981-ի իրենց համատեղ ելույթի լուսանկարը եւ գրեց. «Իմ սիրելի ուսուցիչ, միասին երգելու համար մեզ մնաց միայն հավերժությունը, ննջիր խաղաղությամբ»:

Լուսանկարը` Getty Images
Իսկ 1981 թվականի սեպտեմբերին Ազնավուրը Նյու Յորքի Savoy հյուրանոցում հանդես եկող բրիտանացի երգչուհի Շիրլի Բեսիի հատուկ հյուրն էր:

Լուսանկարը` Getty Images
Բեսին հայտնի էր դարձել՝ երգելով Ջեյմս Բոնդի մասին պատմող երեք ֆիլմերում. «Գոլդֆինգեր» (1964), «Հավերժական ադամանդները» (1971) եւ «Մունրեյքեր» (1979):

Լուսանկարը` Getty Images
1981 թվականին Ազնավուրը չէր մոռանում նաեւ դերասանի կարիերայի մասին՝ նա նկարահանվում էր գերմանական Der Zauberberg ֆիլմում՝ Թոմաս Մանի «Կախարդական լեռը» պատմվածքի հիման վրա: Ֆիլմը էկրան բարձրացավ 1982 թվականի սկզբին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: