2018 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հայտնեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին: Այն հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին:
Երեւանի կոնյակի գործարանը եւ Մեդիամաքսը ներկայացնում են համատեղ հատուկ նախագիծ, որը «խճանկարի» ոճով կպատմի, թե ինչպիսինն էին Շառլ Ազնավուրի համար 1956, 1960 եւ 1981 թվականները: ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը բաղկացած է հենց այդ տարիների հազվագյուտ վինտաժային սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:
Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան
1956 թվականին աշխարհում տեղի են ունենում կարեւոր, հետաքրքիր եւ դրամատիկ իրադարձություններ: ԽՍՀՄ XX համագումարի փակ նիստում Նիկիտա Խրուշչովը հանդես է գալիս Ստալինի քաղաքականության սենսացիոն բացահայտումներով: Սովետական զորքերը ճնշում են ապստամբությունը Բուդապեշտում: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում գործող նախագահ Դուայթ Էյզենհաուզերը: Մելբուրնում անցկացվում են Օլիմպիական խաղերը, իսկ շվեյցարական Լուգանո քաղաքում առաջին անգամ տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Նեվադայում առաջին համերգով հանդես է գալիս Էլվիս Փրեսլին, իսկ Լենինգրադի օպերայի եւ բալետի թատրոնը ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան:
1956-ին Ֆրանսիայում ամեն ինչ հիմնականում հանդարտ էր, սակայն Շառլ Ազնավուրի համար հենց այս տարին է դառնում շրջադարձային:
1956 թվականին նա փառահեղ ելույթ է ունենում փարիզյան հայտնի «Օլիմպիա» դահլիճում՝ անելով դեպի մեծ փառք տանող առաջին քայլը:
«Օլիմպիա»-ն՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահին գործող համերգային դահլիճն է: Այն գտնվում է Կապուցինների բուլվարում, Փարիզի 9-րդ թաղամասում: «Օլիմպիա»-ն միանգամից աչքի է ընկնում է ճակատային մասում փակցված կարմիր մեծ վահանակով:
***
1956թ-ին Շառլ Ազնավուրը միանգամից մի քանի հիթ է ձայնագրում.
Sa jeunesse («Այս երիտասարդությունը»), Parce que («Որովհետեւ»), Apres l'amour («Սիրուց հետո»):
***
1956 թվականին Շառլ Ազնավուրի ծնողները որոշում են մկրտել նրա դուստր Սեդային, որն ինը տարեկան էր:
«Անցյալն ու ապագան» ինքնակենսագրական գրքում Ազնավուրը պատմում է, որ արարողությունը տեղի ունեցավ հայկական եկեղեցում, որից հետո մոտ 40 հյուրեր հավաքվեցին Լամարտեն փողոցում գտնվող հայտնի հայկական «Յասաման» ռեստորանում:
«Հորս կազմակերպչական ձիրքի շնորհիվ սեղանը լի է կերակուրներով, խմիչք էլ գետի պես հոսում էր՝ օղի, ռակիա, կարմիր գինի… Հայրս թամադան էր եւ արարողության գլխավոր ղեկավարը:
Թամադան պետք է լինի պոետ, հռետոր, մի քիչ կատակերգակ, իսկ նրա՝ ասմունքողի կամ երգչի շնորհքը առավել քան ողջունելի են: Հայրս միշտ վարպետորեն էր գործում եւ կարող էր ժամեր շարունակ լարվածության մեջ պահել բաժակներն օդում պահած լսարանին: Տոնական սեղանի շուրջ հավաքվել էին տարբեր ազգությունների եւ հավատքների մարդիկ: Կենացները, ազգային ուտեստները, պանիրները, աղանդերը, սուրճը, կոնյակը եւ օշարակը վայելելիս ոչ ոք չնկատեց, որ սեղանի շուրջ 9 ժամ անցկացրինք»,- գրում էր Ազնավուրը:
***
Արխիվային լուսանկարները թույլ են տալիս վերականգնել 1956 թվականի Շառլ Ազնավուրի կյանքի այլ դրվագներ եւս:
***
Ահա 1956 մարտին նա ելույթ է ունենում նախկին գինու մառանում բացված փարիզյան ակումբներից մեկում:
Լուսանկարը` Getty Images
***
1956 թվականի հոկտեմբերին Ազնավուրը կոտրել էր ձեռքը եւ որոշ ժամանակ ստիպված էր ապավինել բարեկամների օգնությանը:
Լուսանկարը` Getty Images
***
Ամենայն հավանականությամբ, նոյեմբերին գիպսն արդեն հանել էին, քանի որ 1956 թվականի նոյեմբերին թվագրված այս լուսանկարում մենք տեսնում ենք Ազնավուրին՝ Սեդայի հետ, Փարիզի կրկեսում:
Լուսանկարը` Getty Images
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: