«Տատիկիս ընտանիքը Արաբկիրից էր» - Mediamax.am

exclusive
17194 դիտում

«Տատիկիս ընտանիքը Արաբկիրից էր»


Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Հովհաննեսը` զինվորական համազգեստով:
Հովհաննեսը` զինվորական համազգեստով:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Լուսինեի պապիկը` Հերոսը, ծնողների` Հովհաննեսի եւ Աննայի հետ:
Լուսինեի պապիկը` Հերոսը, ծնողների` Հովհաննեսի եւ Աննայի հետ:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Հովհաննեսը` Լուսինեի մոր պապիկը:
Հովհաննեսը` Լուսինեի մոր պապիկը:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Հովսեփն ու Լուսածինը` Կարապետ պապիկի ծնողների հարսանեկան լուսանկարը:
Հովսեփն ու Լուսածինը` Կարապետ պապիկի ծնողների հարսանեկան լուսանկարը:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Հովսեփը, Լուսածինը եւ նրանց երեխաները:
Հովսեփը, Լուսածինը եւ նրանց երեխաները:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Հովսեփը եւ Լուսածինն երեխաների ու թոռների հետ:
Հովսեփը եւ Լուսածինն երեխաների ու թոռների հետ:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Լուսինի մայրն ու քույրերը: Նկարն արվել է ԱՄՆ-ում, երբ Լուսինի մայրն ու քույրերը նոր էին տեղափոխվել:
Լուսինի մայրն ու քույրերը: Նկարն արվել է ԱՄՆ-ում, երբ Լուսինի մայրն ու քույրերը նոր էին տեղափոխվել:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Նոր Արաբկիր թաղամասի առաջին հոգեւոր հովիվը` կնոջ հետ:
Նոր Արաբկիր թաղամասի առաջին հոգեւոր հովիվը` կնոջ հետ:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Սարգիսն ու Լուսինը աղջիկների հետ: Աջ կողմում` Լուսինեի տատիկը` Տիրուհին, ձախում` նրա քույրը` Նոյեմը:
Սարգիսն ու Լուսինը աղջիկների հետ: Աջ կողմում` Լուսինեի տատիկը` Տիրուհին, ձախում` նրա քույրը` Նոյեմը:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Սարգիսն ու Մավուշը: Լուսինեի տատիկի հայրը` Սարգիսը, մոր հետ:
Սարգիսն ու Մավուշը: Լուսինեի տատիկի հայրը` Սարգիսը, մոր հետ:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Սարգիսն իր երկվորյակ քրոջ` Մայրենիի հետ:
Սարգիսն իր երկվորյակ քրոջ` Մայրենիի հետ:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Սարգիսը Ստամբուլում:
Սարգիսը Ստամբուլում:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Սարգիսը, Լուսինն ու նրանց երեխաները:
Սարգիսը, Լուսինն ու նրանց երեխաները:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Սարգիսն ու Լուսինը երեխաների եւ Սարգիսի մոր հետ:
Սարգիսն ու Լուսինը երեխաների եւ Սարգիսի մոր հետ:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից

Բարեկամներ, որոնց ճակատագիրն անհայտ է: Նկարն արված է Հին Արաբկիրում:
Բարեկամներ, որոնց ճակատագիրն անհայտ է: Նկարն արված է Հին Արաբկիրում:

Լուսանկարը` Լուսինե Շիրինյանի անձնական արխիվից


2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր  ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:



Լուսինե Շիրինյան, Երեւան

101 տարի է անցել: Մի ամբողջ դար: Մի դար` լի արդարության համար պայքարով, լի հույսով, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի: Ի՞նչպես կարող են որոշ բաներ մոռացվել կամ հերքվել: Ի՞նչպես կարող են ոճրագործները համոզել աշխարհին, որ ոչինչ չի եղել: Ի՞նչպես: Եթե հանցագործը հրաժարվում է ընդունել իր կողմից գործած հանցանքը, ոչ ոք չի կարող կանխել այլոց կողմից նույն հանցագործության կատարումը: Սա պարզ իրականություն է, որի հետ բախվում է ժամանակակից աշխարհը: 101 տարի է անցել, բայց ցեղասպանությունները շարունակում են մնալ ժամանակակից քաղաքականության մաս: Ցեղասպանությունը մեծագույն չարիք է, որը պետք է կանխվի: Բայց ի՞նչպես: Ի՞նչպես է հնարավոր հասնել արդարության, եթե որոշ երկրներ, որոնք պնդում են, որ ժամանակակից քաղաքակրթության մասնիկ են, շարունակում են հերքել սեփական պատմությունը, քողարկել սեփական հանցանքը:

Ես ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ:

Իմ տատիկ Տիրուհի Շիրինյանի (հորս մայրը) ընտանիքը պատմական Արաբկիրից էր, որն այժմ Թուրքիայի տարածքում է: Տիրուհի տատիկի տատը` Մավուշը, առաջին ամուսնությունից մի որդի ուներ` Ղազար Տամղաջյան անունով: Նա այն հայերից էր, ովքեր զենք էին վերցրել թուրք հրոսակների դեմ ցեղասպանության տարիներին ու փորձում էին պաշտպանել բնակչությանը սպանություններից ու տեղահանությունից: Ասում են, որ թուրքերը վախենում էին նրան բաց մարտում հանդիպելուց: Նա բարետես էր ու գեղեցիկ ձայն ուներ: Մի օր նա վերադառնում է իր ծննդավայր Արաբկիր ու որոշում մնալ գիշերը: Նա չգիտեր, որ թուրքերը հետեւում էին իրեն: Ազգականներն ու ընկերները խնդրում են Ղազարին երգել: Երբ թուրքերը լսում են նրա ձայնը, կարողանում են գտնել նրան ու հարձակվելով` կոտորում են բոլորին: Ղազարը շատ երիտասարդ էր, նա զավակներ չուներ:

Մավուշ տատը երեք զավակ ուներ իր երկրորդ ամուսնությունից` Նեկտարը եւ երկվորյակներ Սարգիսն ու Մայրենին: Սարգիսն իմ Տիրուհի տատիկի հայրն էր: Նրանց ընտանիքին հաջողվում է խուսափել տեղահանությունից, քանի որ նրանք իրենց տանը բացել էին փոքրիկ հիվանդանոց, որտեղ հոգ էին տանում Առաջին աշխարհամարտում վիրավորում ստացած թուրքական բանակի զինվորների համար: Արաբկիրը փոքրիկ քաղաք էր եւ հիմնական պատերազմական գործողությունների թատերաբեմին ոչ շատ մոտ, ուստի հաճախ շատ վիրավոր զինվորներ չէին լինում: Ցույց տալու համար իշխանություններին, որ իրենք շարունակում են աշխատել, Շիրինյանները ստիպված էին լինում արդեն մահացած մարդկանց մարմինները գիշերները թաքցնել նկուղում` սառը հողի տակ, իսկ առավոտյան կրկին տեղափոխել տուն ու պառկեցնել մահճակալներում, որպեսզի հեռվից տեսնողը մտածեր, որ մահճակալներում հիվանդներ ու վիրավորներ շատ կան: Այս ամենը սարսափելի է հնչում, բայց դրա շնորհիվ մարդկանց հաջողվել է կենդանի մնալ: Ցեղասպանությունից հետո շատ քիչ հայեր էին մնացել Արաբկիրում: Մեծ մասը տեղափոխվել էին ԱՄՆ, որտեղ հիմնել էին Արաբկիր միությունը: Երբ Հայաստանը ընդգրկվեց ԽՍՀՄ կազմում, Արաբկիր միության անդամները դիմեցին նոր կառավարությանը` խնդրելով իրենց տարածք տրամադրել Երեւանում` Նոր Արաբկիր ավանը հիմնադրելու նպատակով: Այդ ժամանակ տատիկիս հայրը` Սարգիս Շիրինյանը, դեռ ապրում էր Արաբկիրում: Նրա մայրը կենդանի էր, նա ուներ երկու քույր, ամուսնացել էր արաբկիրցի Լուսինի հետ ու երկու դուստր ունեցել` Տիրուհի ու Նոյեմ անուններով: Նրանք տեղափոխվեցին Երեւան 1926 թվականին, երբ տատիկս երկու տարեկան էր: Տատիկիս հայրը Նոր Արաբկիր ավանի հիմնադիրներից էր: Հետագայում նա զբաղեցրել է ավանային սովետի նախագահի պաշտոնը: Սարգիս ու Լուսին Շիրինյանները հետագայում եւս մի դուստր ունեցան` Մանիկ անունով: Սարգիս պապու քույրերը եւս ամուսնացան ու երեխաներ ունեցան: Նեկտարի երեխաները Սարգիս, Ազատուհի ու Ղազար Նարղուզյաններն են, իսկ Մայրենիի երեխաները` Սեդա, Լուիզա եւ Համազասպ Փոստանջյանները:

Տիրուհի տատիկիս մայրը` Լուսինը, եկել էր Հայաստան ամուսնու ու երեխաների հետ: Իսկ նրա մայրն ու երկու քույրերը մեկնել էին ԱՄՆ: Նրա քույրերի ժառանգները այժմ ապրում են ԱՄՆ-ում: Իմ հայրիկը` Էդվարդ Շիրինյանը, միշտ ջերմությամբ է հիշում Լուսին տատուն: Նա շատ գեղեցիկ, նուրբ ու համեստ կին էր: Ինձ էլ հայրս անվանակոչել է Լուսին տատու պատվին` Լուսինե:

Իմ պապիկ Կարապետ Բոյրազյանի (հորս հայրը) ընտանիքը Կիլիկիայի Մարաշ քաղաքից է: Պապուս հայրը` Հովսեփ Բոյրազյանը, ընդամենը քառասուն օրական էր, որբ նրա հորը` Կարապետին, սպանում են օսմանյան հրոսակները դեռեւս 1895 թվականին: Սուլթան Աբդուլ-Համիդի կողմից արդեն սկսվել էին հայերի ու այլ քրիստոնյաների հալածանքներն ու ջարդերը: Հովսեփի մայրը` Կատարինեն, այդպես էլ չամուսնացավ ու ողջ կյանքը նվիրեց իր միակ որդուն: Մինչեւ 1913 թվականը Հովսեփը ծառայել է թուրքական բանակում: Երբ սկսվում են հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանությունները, նա մոր հետ որոշում է լքել Մարաշն ու գնալ Հալեպ: Այնտեղ նա հանդիպում է իր ապագա կնոջը` Ղանիմեին, ով ազգությամբ ասորի էր եւ ում ընտանիքը նույնպես հալածանքների էր ենթարկվում: Ղանիմեի ընտանիքը Հալեպ էր տեղափոխվել հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքից, քանի որ Ղանիմեին կնության էր ցանկանում առնել մի թուրք մոլլա, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Նրան ցանկանում էին նույնիսկ ԱՄՆ ուղարկել, սակայն այս անգամ ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Ղանիմեն սպիտակամաշկ ու կապուտաչյա շատ գեղեցիկ օրիորդ էր: Հովսեփ պապու հետ ամուսնանալուց հետո ամուսնու խնդրանքով նա փոխում է անունը, դառնում լուսածին, այսինքն` «լույսից ծնված»: Նրանք երեք զավակ ունեցան` Կարապետ, Վարդգես ու Արուսյակ անուններով: Նրանց ընտանիքը ապրել է Բեյրութում: 1946 թվականին նրանք տեղափոխվել են Հայաստան: Հովսեփ պապը մահացել է Հայաստանում, իսկ Լուսածին տատը` ԱՄՆ-ում, ուր տեղափոխվել էր կրտսեր որդի Վարդգեսի ընտանիքի հետ ապրելու: Կյանքի մայրամուտին ճակատագիրը Լուսածին տատիկին հասցրեց ԱՄՆ, ուր նա կարող էր հայտնվել դեռ երիտասարդ տարիքում, եթե չամուսնանար Հովսեփ պապու հետ:

Հետաքրքիր ու հուզիչ պատմություն ենք լսել Լուսածին-Ղանիմե տատու ընտանիքի մասին, երբ նրանք դեռ ապրում էին Տիգրանակերտում: Նրա հայր Իբրահիմը մի օր Տիգրանակերտի պարիսպների մոտ գտնում է մահամերձ մի հայ երեխայի, ում տեղահանված ծնողները թողել էին քաղաքի մատույցների մոտ` հույս ունենալով, որ նրան կփրկեն մահից: Իբրահիմը տղային տուն է բերում, բոլորի առջեւ դնում իր շապիկի տակ ու ասում, որ այսուհետ տղան իր զավակն է: Տղային անվանակոչեցին Յուսուֆ: Հետագայում նա տեղափոխվեց Ստամբուլ:

Մորս պապը` Հովհաննես Գրիգորյանը, Կարսից էր: Նրա ծնողները սպանվել էին ցեղասպանության ժամանակ: Հովհաննեսին ու իր ավագ եղբորը հաջողվում է փրկվել: Հետագայում Հովհաննես պապու ավագ եղբայրը անհետանում է Վրաստանում: Եղբայրը այդպես էլ չի կարողանում որեւէ տեղեկություն գտնել նրա մասին: Հովհաննես պապը ապրել է Թբիլիսիում, ամուսնացել ազգությամբ ռուս կնոջ հետ ու մի որդի ունեցել` իմ Հերոս պապուն: Օրերից մի  օր Հովհաննեսը ցանկանում է իր կնոջ` Աննայի ու որդի Հերոսի հետ անցնել Թուրքիայի սահմանը ու փորձել գտնել իր պապական տունը Կարսում, սակայն խորհրդային սահմանապահները ձերբակալում են նրան: Նա բացատրում է, որ ցանկացել է իր կնոջն ու որդուն ցույց տալ իր ծննդավայրը: Տեսնելով, որ նրանք փոքրիկ երեխայի հետ են` սահմանապահները բաց են թողնում նրանց: Հովհաննես պապը այլեւս երբեք չէր տեսնելու իր հայրենիքը:

Հովհաննես պապը անհայտ կորել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: 1943 թվականից հետո նրա մասին որեւէ տեղեկություն չկա: Հերոս պապս մինչ այժմ ապրում է այն հույսով, որ որեւէ տեղեկություն կիմանա հոր մասին:

Իմ ընտանիքն ու ազգը անցել են այս ոճրագործության` ցեղասպանության միջով: Ամբողջ աշխարհն է ականատես եղել Հայոց ցեղասպանությանը: Միլիոնավոր մարդիկ սպանվել են կամ ստիպված եղել լքելու իրենց պատմական հայրենիքն ու ապաստան գտնելու աշխարհի տարբեր երկրներում: Գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիք իր մաշկի վրա է զգացել այս ցավը: Ես ապրում եմ ու հնարավորություն ունեմ իմ սերունդներին փոխանցելու այս պատմությունները միայն այն բանի շնորհիվ, որ իմ նախնիներին հաջողվել է փրկվել այդ արհավիրքից: Ես կրում եմ այդ հիշողությունն իմ արյան մեջ: Ես միշտ հիշելու եմ ու պահանջելու արդարություն: Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին