Սյունիքի կանանց հզորացումը հանուն գենդերային հավասարության - Mediamax.am

exclusive
2843 դիտում

Սյունիքի կանանց հզորացումը հանուն գենդերային հավասարության


Նարե Հայրապետյանը
Նարե Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարե Հայրապետյանը
Նարե Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հարությունյանը
Լարիսա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Մխիթարյանը
Քրիստինե Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիանա Սահակյանը
Լիանա Սահակյանը
Սաբինա Նովակովան
Սաբինա Նովակովան

Համաշխարհային տնտեսական համաժողովի «Գենդերային խզման գլոբալ զեկույց 2024»-ի տվյալներով Հայաստանը 146 երկրների վարկանիշային աղյուսակում 64-րդն է: «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության հովանոցի ներքո իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են եղել կանանց հզորացմանը եւ հավասար հնարավորությունների ստեղծմանը։ Այս ծրագրերից են Չեխիայի եւ Նիդերլանդների ֆինանսավորմամբ իրականացված «Բարելավելով գենդերային հավասարությունը Հայաստանի մարզերում» եւ «Կանայք բանակցություններում՝ խաղաղաշինության գործընթացի խթանում» ծրագրերը, ինչպես նաեւ ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրը։
 
Ընտանեկան բռնության դեմ իրազեկմանն ուղղված դասընթացներ

«Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող, «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր եւ նախագահ Նարե Հայրապետյանը նշում է, որ գենդերային հավասարության բարելավումը Հայաստանի մարզերում կարեւոր քայլ է ուժեղ համայնքների ձեւավորման ճանապարհին։

Նարե Հայրապետյանը Նարե Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


««Բարելավելով գենդերային հավասարությունը Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում իրականացվել են ընտանեկան բռնության դեմ իրազեկման բարձրացման դասընթացներ։ Նպատակն էր կրթել համայնքի անդամներին ընտանեկան բռնության մասին, բարձրացնել իրազեկությունը դրա տարածվածության մասին եւ տրամադրել գործնական գործիքներ եւ ռեսուրսներ՝ այն լուծելու եւ կանխելու համար: Նպատակ ունեինք հզորացնել անհատներ, ովքեր ունեն գիտելիքներ, հմտություններ եւ վստահություն՝ ճանաչելու ընտանեկան բռնության նշանները, աջակցել վերապրածներին եւ ստեղծել անվտանգ եւ ներառական միջավայր բոլորի համար:

Առաջին փուլով Սյունիքի մարզում 2 թրեյնինգ է իրականացվել՝ ընդգրկելով 20 կին։ Երկրորդ գործողությամբ իրականացվել է մասնագետների վերապատրաստման երեք դասընթաց՝ ընդգրկելով շուրջ 45 մասնագետի։ Ընտանեկան բռնության դեմ իրազեկման բարձրացման դասընթացները զգալի արդյունքներ են գրանցել: Մենք կարողացանք գիտելիքներով վերազինել համայնքի տարբեր անդամների եւ մասնագետների, որոնք ունեն ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ»,- ասում է Նարեն:
Նարե Հայրապետյանը Նարե Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովան ծրագրի արդյունքները դրական է գնահատում։

«Ընտանեկան բռնությունը բացասական երեւույթ է, որն ավերիչ ազդեցություն է թողնում զոհերի, նրանց երեխաների եւ ընտանիքների, ինչպես նաեւ համայնքների վրա ընդհանրապես։ Մեր ծրագրի շրջանակում հաջողվել է ներգրավել եւ միավորել մի քանի կարեւոր դերակատարների, ովքեր նշանակալի դեր ունեն ընտանեկան բռնության զոհերի աջակցության համակարգում։
Սաբինա Նովակովան Սաբինա Նովակովան


Ծրագրի շահառուների արձագանքները բացառապես դրական են եղել։ Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք նպաստել մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր կանանց, ներառյալ Սյունիքի մարզում, կյանքի բարելավմանը»,- ասում է փոխդեսպանը։

«Բարելավելով գենդերային հավասարությունը Հայաստանի մարզերում» ծրագիրը Սյունիքի մարզում իրականացրել է  «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի գործընկեր «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ն, որի նախագահ Լիանա Սահակյանի խոսքով՝ հանդիպումներից հետո զգալի աճել են ընտանեկան բռնության մասին հայտնող ահազանգերը.
Լիանա Սահակյանը Լիանա Սահակյանը


«Մենք Սյունիքում իրականացրել ենք իրազեկման հանդիպումներ, որին ամբողջ մարզից ներկա են գտնվել տեղի բնակիչները, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Յուրաքանչյուր  հանդիպմանը մասնակցել է 20 անձ։

Բավականին ծավալուն տեղեկատվություն ենք փոխանցել մասնակիցներին, մասնավոր դեպքեր ենք քննարկել, ֆիլմեր դիտել եւ այլն։ Հատկանշական է, որ  ամեն հանդիպումից հետո մեզ շատերն էին մոտենում կամ թեժ գծի միջոցով դիմում եւ բացահայտում ընտանեկան բռնության դեպքեր։

Արդյունքները բավականին դրական են, մասնակիցների տեղեկացվածության մակարդակը զգալի բարձրացել է։ Արդեն տեղյակ են՝ որ կառույցներն են զբաղվում նման հարցերով եւ ում պետք է դիմել։ Մենք սերտորեն համագործակցում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանության, Սյունիքի մարզի միասնական սոցիալական ծառայության հետ։ Բոլոր տուժածները կարող են դիմել գաղտնիության սկզբունքով։ Ունենք նաեւ իրավաբաններ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ»,- ասում է Լիանա Սահակյանը։

Կանայք բանակցություններում՝ խաղաղաշինության նպատակով

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան քաղաքական ու տնտեսական քաղաքականության պատասխանատու Լարիսա Հարությունյանը նշում է, որ տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելիս Սյունիքը նույնպես մշտապես եղել է դիտակետում։
Լարիսա Հարությունյանը Լարիսա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«2023 թվականին բավականին օգտակար ծրագիր գործարկեցինք Գորիսում գործող «Սոսե» ՀԿ-ի հետ, որը ստացել է «Կանայք բանակցություններում» անվանումը։ Ծրագիրը երկկողմանի է՝ փորձել ենք երկու խնդիր լուծել։ Առաջինը՝ բարձրացնել կանանց բանակցելու, խոսելու, շփվելու հմտությունները, երկրորդը՝ փոխանցել պատերազմական իրավիճակներում թիկունքում ճիշտ ինքնակազմակերպվելու հմտություններ։

Դասընթացների շարք է անցկացրել Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի կանանց եւ երիտասարդների շրջանում։ Ընդհանուր ծրագրի տեւողությունը մեկ տարի էր. մասնակցել է 30 կին։ Այժմ մենք գնահատման փուլում ենք գտնվում։ Փորձում ենք մարզերում գործող հասարակական կազմակերպություններին աջակցել եւ նրանց միջոցով ծրագրեր իրականացնել, քանի որ լավ են ճանաչում տեղացիներին ու հաջողվում է ինտերակտիվ շփումը»,- ասում է Լարիսան։
 


«Մեզ համար շատ կարեւոր է, որ կանայք համայնքներում որոշումների կայացման գործընթացին մասնակցություն ունենան, ցանկացած հարցի շուրջ հավասարազոր լինեն կնոջ եւ տղամարդու կարծիքները։ Հաճախ տղամարդիկ կանանց փոխարեն որոշումներ են կայացնում նրանց կյանքի վերաբերյալ։ Այս նպատակով 2023 թվականին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացրել ենք «Կանայք բանակցություններում» ծրագիրը։
 
Ի սկզբանե որոշել էինք, որ պետք է ներգրավենք 30 կնոջ, բայց հետո քննարկումների արդյունքում հասկացանք, որ ուզում ենք տղամարդիկ նույնպես ներգրավվեն այդ դասընթացներում, որպեսզի տեսնեն, որ իրենց կողակից կանայք խելացի են ու կարեւոր որոշումներ կայացնելու ընդունակ։
 
Մասնակիցները բարելավել են իրենց կարողություններն ու հմտությունները խաղաղաշինական եւ բանակցային ոլորտներում, տեղեկացել համայնքապետարաններում անվտանգության պլանների մշակման եւ իրականացման գործում խոչընդոտների եւ ընթացակարգերի վերաբերյալ հարցերին։ Ներգրավել էինք նաեւ Արցախից կանանց, նրանք կիսվում էին իրենց փորձառությամբ»,- ասում է «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ նախագահ Լիանա Սահակյանը։

Կանանց տնտեսական հզորացումն ու ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը
 
«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» (EQUAL) ծրագիրը։ Այն իրականացնում է «ՕքսԵՋեն» հիմնադրամը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, միտված է բարձրացնելու կանանց դերը, մեղմելու գենդերային խզումը եւ իրավազորելու նրանց՝ երկրում սոցիալական փոփոխությունների հասնելու համար։

«ՕքսԵՋեն» (OxYGen) հիմնադրամի Գենդերային հավասարության պորտֆոլիոյի ղեկավար Քրիստինե Մխիթարյանի խոսքով՝ Սյունիքում տարբեր խմբերի կանանց, այդ թվում բռնություն վերապրած, հաշմանդամություն ունեցող, տեղահանված ու տարբեր խոցելի խմբերում գտնվող կանանց համար իրականացրել են մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ, ինչպես նաեւ՝ բիզնեսի եւ ձեռնարկատիրական կարողությունների զարգացման դասընթացներ։

«Դասընթացներին մասնակցած կանանց տրամադրվելու են փոքր դրամաշնորհներ, որոնք նպաստելու են հետագայում կանանց տնտեսական իրավազորմանն ու հնարավորություն են տալու նրանց ծավալել որոշակի ձեռնարկատիրական գործունեություն, սկսել փոքր բիզնես կամ որեւէ այլ գործունեություն իրականացնել։
Քրիստինե Մխիթարյանը Քրիստինե Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դասընթացները փուլերով են իրականցվել, առաջին փուլն ավարտել ենք, հիմա ենթադրամաշնորհների տրամադրման փուլում ենք։ Կանայք ներկայացնելու են բիզնես պլան։ Հաջորդ փուլով նախատեսված է աջակցություն ցուցաբերելը, միայն դրամաշնորհ տալով չենք եզրափակվում՝ մեզ համար կարեւոր է հետագա «ուղեկցումը», որ կարողանան իրականացնել գաղափարները ու հաղթահարել դժվարությունները»,- ասում է Քրիստինեն։
 
Մասնագիտական առումով տարբեր ուղղություններ են ընտրվել տարբեր մարզերում, Սյունիքում ընտրվել է կարուձեւը. թիրախը Գորիսն է եղել, մասնակցել է մոտ 15 հոգի, նոր փուլեր նույնպես սպասվում են։

«Տնտեսական իրավազորման ուղղությամբ նաեւ այլ գործողություններ են նախատեսված, որն իրականացվելու է ՎԻՆՆԵԹ կոնսորցիումի հետ, որի շրջանակում ՎԻՆՆԵԹ Շվեդիան իր փորձը եւ մեթոդաբանությունը տեղայնացնելու է Սյունիքում։ Համայնքային մակարդակում հանդիպումների ձեւաչափով է իրականացվելու, որի մաս են կազմելու եւ՛ շահառուները, եւ՛ տարբեր խմբերում ընդգրկված համայնքների ներկայացուցիչները, եւ՛ պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչները։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին