«Նեմեսիս»-ի ամենաճարպիկ «սնդիկ» Արշավիր Շիրակյանը - Mediamax.am

exclusive
15099 դիտում

«Նեմեսիս»-ի ամենաճարպիկ «սնդիկ» Արշավիր Շիրակյանը


Հռոմի այս փողոցում է Արշավիրը հանդիպել Սայիդ Հալիմին
Հռոմի այս փողոցում է Արշավիրը հանդիպել Սայիդ Հալիմին
Արշավիր եւ Գայանե Շիրակյանները
Արշավիր եւ Գայանե Շիրակյանները
Շիրակյանը թոռների հետ
Շիրակյանը թոռների հետ
Ազմիի եւ Շաքիրի գերեզմանները
Ազմիի եւ Շաքիրի գերեզմանները
Արշավիր Շիրակյանը մանուկ հասակում
Արշավիր Շիրակյանը մանուկ հասակում
Արշավիր Շիրակյանը
Արշավիր Շիրակյանը
Արշավիր եւ Սոնյա Շիրակյանները
Արշավիր եւ Սոնյա Շիրակյանները
Սայիդ Հալիմը 1915 թվականին
Սայիդ Հալիմը 1915 թվականին
Շիրակյանի անցագիրը, որտեղ ներկաայցված է որպես Սուրեն Ղազարյան
Շիրակյանի անցագիրը, որտեղ ներկաայցված է որպես Սուրեն Ղազարյան
Անցագիրը, որով մեկնում է ԱՄՆ
Անցագիրը, որով մեկնում է ԱՄՆ
Արշավիր Շիրակյանը
Արշավիր Շիրակյանը
Արշավիր Շիրակյանը
Արշավիր Շիրակյանը
Սոնյա Շիրակյանը
Սոնյա Շիրակյանը
Շիրակյանի հարսանեկան արարողության հրավերը
Շիրակյանի հարսանեկան արարողության հրավերը

«Հատուկ գործ»-ին նվիրված մեր շարքի հերթական հերոսը 1900-ի հունվարի 1-ին Կոստանդնուպոլսում ծնված Արշավիր Շիրակյանն է։ Զրուցել ենք նրա թոռ՝ պրոֆեսոր Արշավիր Բլեքվելի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող՝ Գոհար Խանումյանի հետ։

Փոքրամարմին ու հնարամիտ տղան միանգամից է աչքի ընկնում

Առաջին համաշխարհային պատերազմի, ապա նաեւ երիտթուրքերի կազմակերպած հայերի կոտորածների եւ բռնի տեղահանությունների ժամանակ Շիրակյանների տունը դառնում է հեղափոխականների ժամադրավայր։ Պատանի Արշավիրին նախ վստահում են Պոլսում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ հավաքելու, ապա զենքեր տեղափոխելու գործը։

Արշավիր Շիրակյանը մանուկ հասակում Արշավիր Շիրակյանը մանուկ հասակում


«Թուրք պատանի բեռնակիրներու նման հագուած, խոշոր կողովի մը մէջ կը զետեղէի զէնքերը, բանջարեղէնի կամ մսի ծրարներու պէս եւ կը փոխադրէի նախ մեր տունը, անկէ ալ Լեւոն Ղարիպեանին կամ ուրիշ ընկերներու տուները․․․ո՞վ ուշադրութիւն պիտի դարձնէր լակոտի մը երթեւեկին»։

Իրենց տան կարիքները հոգալու եւ սեւ շուկայից զենքեր ձեռք բերելու համար Արշավիրը՝ հեռավոր ազգականի երաշխավորագրի միջոցով, աշխատանքի է անցնում գերմանական «Գրյունբերգ» տրամվայի ընկերությունում որպես տոմսավաճառ։ Համազգեստ կրելու շնորհիվ նա հարգանքի էր արժանանում թուրք ոստիկանների կողմից, կարողանում կարեւոր տեղեկություններ ստանալ։

«Գիշերները գաղտնի գործակալ մըն էի ․․․ իբրեւ հանրակառքի կարեւոր պաշտօնեայ, ազատ մուտք ունէի այն սրճարանները, ուր պետական պաշտօնեաներու հետ կը յաճախէին գաղտնի եւ համազգեստաւոր ոստիկաններ․․․»։

Հասարակական-քաղաքական գործիչ Կարո Սասունին գրում է, որ Արշավիրը թեեւ փոքրամարմին էր, սակայն հնարամիտ առաջնորդ էր եւ պատերազմի տարիներին թրծվեց․ «․․․միշտ մնալով փոքրիկ պատանի մը, որ ուշադրութենէ կը վրիպէր, բայց ամէն տեղ կը մտնէր ու կ’ելլէր խորհրդաւոր բան մը որոնողի պէս»։  

Կրակի մկրտությունը․ Վահե Իհսանը ստանում է արժանի պատիժը

Կոստանդնուպոլսի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն 1919-ից սկսում է զբաղվել հայ դավաճանների ու լրտեսների պատժիչ գործողություններով։ Նրանցից էր Վահե Իհսանը (Եսայան), որը ծառայում էր թուրքական ոստիկանությունում եւ ահաբեկում էր հայերին, զենք փնտրելու պատրվակով տակն ու վրա անում տները, ձերբակալում երիտասարդներին ու տանջում նրանց։ Նրա մատնությամբ բազմաթիվ հայեր էին սպանվել։

Կենտրոնական Կոմիտեի անդամ Հրաչ Փափազյանը հայտնում է Արշավիր Շիրակյանին, որ վերջինս պետք է իրագործի Իհսանի մահապատիժը։

«Այս ճիւաղային ․․․ մատնիչը, որ ոչ միայն պատերազմի ընթացքին տնաքանդ սխրագործութիւններով անուանի էր, այլ եւ Զինադադարի այդ օրերուն ալ կը շարունակէր իր ամօթալի գործը, քեմալականներուն գործակալը դառնալով եւ Հայ յեղափոխականներու ու մտաւորականներու անուանացանկ մը կազմած ու յանձնած էր քեմալականներուն, որպէսզի Պոլիս մտած ատեննին ձերբակալեն զանոնք»։
Արշավիր Շիրակյանը Արշավիր Շիրակյանը


1920-ի մարտի 27-ի առավոտյան Արշավիրը (նրան հեռվից հսկում էր փորձառու հեղափոխական Արշակ Մուշեղյանը, որպեսզի հարկ եղած դեպքում օգնի-խմբ․) վճռել էր վերջ տալ հետապնդումներին ու գործել։ Նախապես իմանալով Իհսանի ժամանակացույցը՝ հսկում էր փողոցում: Երբ հայտնվում է թիկնապահի հետ եւ քայլում դեպի իրեն․ «․․․փորձեցի ժպտիլ, ինչպէս վայել է երբ ծանօթ բարեկամի մը կը հանդիպինք։ Ձեռքս հանեցի գրպանիս ատրճանակին վրայէն եւ բարեւ տալու ձեւ մը ըրի։ Իհսան ստիպուեցաւ ժեսթս կրկնել եւ իր կարգին ձեռքը գրպանէն հանեց․․․ Վայրկենապէս հանեցի ատրճանակս եւ կրակեցի»։

«Ճակատամարտ»-ի 1920-ի մարտի 30-ի հրապարակման մեջ կարդում ենք․

«․․. Այդ սպանութիւնը վրէժխնդրական արարք մը ըլլալ կը թուի: Զոհն է Վահէ Իհսան անուն հայ մը: Ֆէրիտիէ, Գարկա փողոցին բնակարանէն ելլելով գործի կ’երթար, երբ անծանօթ մը յանկարծ երեւան եկաւ Թարլա Պաշի եւ Թագսիմ փողոցներուն իրար կտրած տեղը, ու քանի մը ձեռք ատրճանակ պարպեց․․․ Նախնական քննութեամբ հաստատուեցաւ որ սպաննիչը 16-17 տարու պատանի մըն էր ու գլխարկ կը կրէր: Սպաննիչը ոճիրը գործելէ յետոյ, անծանօթ ուղղութեամբ հեռացած էր: Վրէժխնդրական արարք մը ըլլալը կը հաստատուի անոր որ սպաննուածը գէշ համբաւ կը վայելէր պատերազմի շրջանին եւ իր պաշտօնն ու ազդեցութիւնը չարաչար գործած էր, մեծ վնաս հասցնելով իր հայ հայրենակիցներուն․․․»։

Արշավիր Շիրակյանը մի քանի ամիս թաքնվում է Պոլսում, ապա նրա համար նոր անցագիր են ձեռք բերում, եւ Հրաչ Փափազյանի հանձնարարությամբ, 1920-ի հունիսին արդեն Երեւանում էր։ Այստեղ էր, որ 1919-ի աշնանը կայացել էր ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը եւ որոշվել պատժել ցեղասպանությունը կազմակերպած ու իրականացրած երիտթուրք հանցագործներին։

Թուրքիան եւ նոր ձեւավորված Ադրբեջանը ՀՀ-ում բազում գործակալներ եւ լրտեսներ ունեին եւ պատրաստվում էին վերջնականապես կործանել երկիրը։ Ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի հանձնարարությամբ կայանում է Շիրակյանի հանդիպումը ոստիկանության պետ Լեւոն Քալանթարյանի հետ։ Շիրակյանը համալրում է Հայաստանի գաղտնի ոստիկանության շարքերը։ Նրա առաջին հանձնարարությունն է լինում մեկնել Կարս, ձերբակալել ու վնասազերծել թուրք գործակալներին։

Դրան հաջորդում է Շիրակյանի եւ Արամ Երկանյանի չստացված ուղեւորությունը դեպի Բաքու, որի մանրամասները ներկայացրել ենք Արամ Երկանյան. «Նեմեսիս»-ի ամենաշատ գործողություններ կատարած մարտիկը հոդվածում։

Ճանապարհ դեպի Հռոմ

«Հայ դավաճանին պատասխանատվության ենթարկելը Շիրակյանի համար փորձաքննություն էր, որից հետո նրան վստահվեցին ավելի լուրջ գործողություններ: «Հատուկ գործ»-ի ղեկավար կազմը հաշվի է առել նրա արագ կերպարանափոխվելը, շուտ կողմնորոշվելը, ճարպկությունը, հնարամտությունը։ Եթե Պոլիսն իր հարազատ քաղաքն էր եւ հանգիստ կարող էր փախուստի դիմել, ապա եվրոպական երկրներն օտար էին։ Սակայն նա այդ հատկանիշների շնորհիվ կրկին փայլուն է գործում։ Վահե Իհսանի ու Սայիդ Հալիմի մահապատիժների ժամանակ ներկա են եղել նաեւ նրանց թիկնապահները, բայց Արշավիրը վստահ է գործել։ Իր հարվածները մահացու էին, եւ երկրորդ կրակոցի կարիք չէր լինում»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։
Արշավիր Շիրակյանը Արշավիր Շիրակյանը


1921-ի փետրվարին Շիրակյանն ու Երկանյանը կանչվում են Պոլիս ու ներկայանում «Հատուկ գործ»-ի ընկերներին։

«Քաղաքակիրթ կոչուած աշխարհը, ոչ միայն մեզ խաբած էր չարաչար ․․․, այլ եւ վերջին պահուն կը լքէր քրիստոնեայ, բարի ու շինարար եւ Առաջաւոր Ասիոյ մէջ արեւմտեան քաղաքակրթութեան ջահակիր Հայ ժողովուրդը, որուն կէսը իր դարաւոր բնաշխարհի հողին վրայ իսկ խողխողուած էր բարբարոս, ապիկար ու անշնորհ, գազանաբարոյ եւ արիւնխում ցեղի մը՝ Թուրքին կողմէ, նոյն Արեւմուտքի մեծ ու փոքր պետութեանց անտարբեր աչքին տակ։ Եւ ոչ մէկ պետական կազմակերպութիւն, ոչ մէկ պետական անձ, ոչ մէկ ազգային կամ Միջազգային Ատեան կամ դատարան, թեթեւագոյն պատիժ մ’անգամ չէր տուած միջնադարեան բարքերով այդ վայրենի հորդաներուն»։

Կրկին Փափազյանի կողմից նրան հանձնարարվում է մեկնել Հռոմ։ Ըստ «Հատուկ գործ»-ի ունեցած հետախուզական տվյալների՝ այնտեղ էր գտնվում Երիտասարդ թուրքերի կառավարության նախկին մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշան։

«Սայիտ Հալիմ փաշան ճիշդ է Թալէաթ մը չէր։ Բայց ինքն էր վարչապետը այն դահլիճին, որ Թալէաթի բերնով վճռեր․ «Այնպէս ընել սա հայ ազգին, մէկ ամսուան մէջ, որ Համիտ չէր կրցած ընել երեսուն տարուան ընթացքին»» (Շահան Նաթալի-խմբ․)։

Սայիդ Հալիմը եղել էր «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Օսմանյան կայսրության մեծ վեզիր՝ վարչապետ։ Նա է ստորագրել հայ բնակչության բռնի տեղահանության ու կոտորածների հրամանները։

1918-ի Մուդրոսի զինադադարից հետո բազմաթիվ այլ իթթիհադականների հետ ձերբակալվել է։ Պոլսի Ռազմական ատյանի դատարանի կողմից ճանաչվել է պատերազմական հանցագործ, մեղադրվել երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա բնակչության բռնի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու մեջ։

1919 թվականին անգլիացիները հանցագործների մի մասին, այդ թվում եւ Սայիդ Հալիմին, աքսորում են Մալթա։ 1921-ին նա արդարացվում եւ ազատ է արձակվում՝ փոխանակվելով բրիտանացի ռազմագերիների հետ։

Առաջին հանդիպումը Սայիդ Հալիմի հետ

«Պատերազմին ընտելացած էի զանազան զէնքերու եւ մասնաւորաբար ատրճանակներու հետ․.. Նշանառութեան մասնաւոր փորձեր չէի ըրած․ այս պատճառով ալ դաւաճան Վահէ Իհսանը հարուածած ատեն, հարուածիս ճշտութեան վստահ չէի … Իսկ Հայաստան այցելելէս վերջ, փորձի եւ վարժութեան լայն պատեհութիւն ունեցայ․ այնպէս որ հարուածներս անվրիպելի կը նկատէի այլեւս»։

1921-ի հունիսին, որպես Ադրիանապոլսից հույն՝ Արսիլ Սիրակ, նա Գալաթա նավահանգստից ճանապարհ է ընկնում դեպի Մարսել, ապա՝ Հռոմ։ Այնտեղ էր արդեն Գրիգոր Մերջանովը, որը սկսել էր հետախուզական աշխատանքները։

Տաժանակիր ու հոգնեցուցիչ հետապնդումները վերջապես արդյունք են տալիս, երբ Շիրակյանը գտնում է Սայիդ Հալիմի թիկնապահին ու պարզում, որ փաշան Մուստաֆա Քեմալին զենք եւ գումար է ուղարկելու՝ պայմանով, որ որոշ իթթիհադականներ վերադառնան Անատոլիա։ Հռոմում բարձրաստիճան իթթիհադականները նաեւ ժողով էին գումարելու եւ «․․․մեծ հաւատքով ու հոգածութեամբ կ’արտայատուէին նոր Թուրքիոյ մասին եւ կը շեշտէին ժամ առաջ Անատոլու զէնք հասցնելու անհրաժեշտութիւնը»։
Սայիդ Հալիմը 1915 թվականին Սայիդ Հալիմը 1915 թվականին


«Բոլոր երիտթուրք պարագլուխները, չնայած վտարանդի էին ու որոշ տարաձայնություններ ունեին Քեմալի հետ, սակայն իրենց ողջ ներուժը ներդրել էին նրան զենքով ու գումարով օգնելուն, որպեսզի վերջնական հաղթանակ տանեին։ Բացի այդ, նրանք շարունակում էին նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության վրա՝ ձգտելով գրավել այն ու կրկին կոտորել հայերին։ Պատահական չէ, որ «Հատուկ գործ»-ը ձգտում էր օր առաջ ի կատար ածել նրանց մահապատիժները»,-շարունակում է Խանումյանը։

Շիրակյանը հաճախ էր լինում թուրքերի սիրելի սրճարաններից մեկում եւ ականջ դնում նրանց զրույցներին։ Մի օր էլ ներս է մտնում «կարճահասակ, լեցուն կազմուածքով, լուրջ ու պատկառելի դէմքով անձ մը» եւ մեծագույն հարգանքի արժանանում ներկա հայրենակիցների կողմից։ Շիրակյանը հետեւում է վերջինիս եւ քիչ անց հասկանում. «Ան էր, սենեակս մնացած պատկերն էր․ միայն թէ ես աւելի հասակաւոր երեւակայած էի Սայիտ Հալիմ փաշան։ Հայկական ջարդերու եւ տարագրութեան փաստաթուղթը ստորադրող Սատրազամը, ԻԹԹԻՀԱՏ ԹԵՐԱԳԳԸ հրոսակախումբ-կառավարութեան վարչապետը․․․ Ճակատագրական ի՜նչ խաղեր կան երբեմն։ Ես զինքը կը փնտռէի եւ ա՛ն ինքզինքը ներկայացնելու եկած էր․․․»։

Բացահայտելով Սայիդ Հալիմի բնակվելու վայրը՝ Շիրակյանն ու Մերջանովն անցնում են կանոնավոր հետապնդումների։

Դիպուկ կրակոց, հաջողված փախուստ եւ նոր առաջադրանք

Որոշվում է գործողությունն իրականացնել ցերեկը, երբ Սայիդ Հալիմը գնում էր պարտեզում զբոսնելու։

Շիրակյանը «Հատուկ գործ»-ի ղեկավար կազմից ստացած բոլոր նամակներն ու հանձնարարությունները վերացնում է ու 1921-ի դեկտեմբերի 5-ին․ «Առաւօտ շատ կանուխ դուրս ելայ սենեակէս։ Նախորդ գիշերը մաքրած էի ատրճանակս եւ փամփուշտներն ալ համրած։ Թարմ թարմ ածիլուած էի եւ լոգանք մը առած, ու ամբողջ կէս սրուակ օ տը գոլոնեայով մարմինս շփած էի։ Ճերմակեղէններէս մինչեւ հագուստներս եւ գլխարկս, արթիսթի սեւ գլխարկս, նոփզնոր․ ուսանողի կամ արուեստագէտի սեւ փողկապ մը դրած էի․ կարծես հարսանիք երթայի»։

Հենց այդ օրը Շիրակյանը պետք է վերջ դներ շուրջ վեց ամիս ձգվող հետապնդումներին։ Նա պատրաստ սպասում էր փաշայի ժամանելուն. «Մէկէն մարմնէս անծանօթ սարսուռ մը անցաւ, երբ տեսայ հսկայ ձիերը․․․Կառքին մէջն էր Սայիտ Հալիմ փաշան․․․ արագ ոստումով մը անցայ եւ ցատկեցի կառքին վրայ, կոխելով ոտնատեղին։ Մէկ ձեռքով բռնեցի կառքին յենարանը, քիչ մը երերացի բայց հաւասարակշռութիւնս կրցայ պահել․․․Սայիտ Հալիմ փաշային աչքերը հանդիպեցան աչքերուս։ «Երէն» ըսաւ թիկնապահին։ Այս եղաւ Սատրազամին վերջին բառը։ Աչքերը սարսափով լեցուն էին՝ երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին եւ կրակեցի։ Երկրորդ փամփուշտի մը հարկ չմնաց։ Խռպոտ ձայն մը եւ Փաշան նստած տեղէն տապալեցաւ կառքին մէջ, գլուխը իմ կողմս, գրեթէ ոտքերուս տակ»։
Հռոմի այս փողոցում է Արշավիրը հանդիպել Սայիդ Հալիմին Հռոմի այս փողոցում է Արշավիրը հանդիպել Սայիդ Հալիմին


Հաջորդ օրն իտալական մամուլը հեղեղվում է տեղի ունեցածի մասին լուրերով՝ գրելով, որ սպանության հետեւում անկասկած հայերն են։  

«Հատուկ գործ»-ում մեծ դեր են ունեցել ՀՀ դեսպանները, նրանց թվում էր նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Միքայել Վարանդյանը։ Վերջինիս հաջողվում է իմանալ, որ լուրջ հետաքննություն է իրականացվում, իսկ իտալացիներին օգնելու են Պոլսից ժամանող թուրք գաղտնի ոստիկանները։ Շիրակյանին հորդորում է չափազանց զգույշ լինել։

Այդ օրերին արդեն Հռոմ էր եկել Երկանյանը, որը Շահան Նաթալուց հրահանգ էր ստացել անցնել Բեռլին ու պատրաստվել Բեհաեդդին Շաքիրի եւ Ջեմալ Ազմիի մահապատժին։ Շիրակյանը ենթադրաբար հենց Երկանյանից է իմանում առաջիկա գործողության ու Հրաչ Փափազյանի՝ Մեհմեդ Ալի «դառնալու» մասին։ Չնայած Իտալիայում սկսված հետապնդումներին, Շիրակյանին հաջողվում է անցնել Վենետիկ, ապա՝ Վիենա։

Հաջորդ տարվա հունվարի 11-ին նա արդեն Կոստանդնուպոլսում էր, որտեղ առաջին անգամ հանդիպում է Նաթալուն․ «․․․կանխահասօրէն ճերմակած մազերով սա մանրատոտիկ ընկերը ինչպէ՞ս նետուած էր ահաբեկչութեան դժուարին ու վտանգաւոր ասպարէզը․ զարմացած էի։ Իրողութիւնը սա էր, որ արդեն անցյալ ունէր, հետապնդելով Թալաաթ փաշան Պերլինի մէջ, ընկերանալով հռչակաւոր Սողոմոնին․․․Այդ շրջանին Շահանը կը կոչէին Ամերիկեան Պատգամաւոր․ Պատասխանատու Մարմնի անդամ էր եւ այս հանգամանքները ինքնին ծանր կը կշռէին»։

Շիրակյանը Նաթալուն նկարագրում է որպես շատ ընկերական ու սիրալիր մարդ, որը նաեւ գաղափարապես հզոր անձնավորություն էր, հստակ գիտեր անելիքները։ «Հռոմի հերոսական արարքեն շունչ առած Պոլսո մեջ, անոր կը վայելեր նաեւ Բեռլինի փառքը, Ջէմալ Ազմիի գանկը»,-սրանք էլ Նաթալու խոսքերն են Շիրակյանի մասին։ 1922-ի փետրվարին Շիրակյանն Արշակ Մուշեղյանի հետ Պոլսից ճանապարհ է ընկնում դեպի Բեռլին։ Ժամանակն էր պատժելու Հայոց ցեղասպանության կազմակերպիչ մյուս հանցագործներին՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին, ովքեր դեռ տարիներ առաջ ռազմական ատյանի կողմից հեռակա կարգով ենթարկվել էին մահապատժի։

Շաքիրի եւ Ազմիի հետապնդումը ավելի դժվար ու վտանգավոր էր

Շահան Նաթալին, որը դեռ Սողոմոն Թեհլիրյանի ժամանակից հրաշալի գիտեր Գերմանիայի մայրաքաղաքը եւ նաեւ վստահելի մարդիկ ուներ, մարտիկներին փոխանցում է կարեւոր տվյալներ։

Բեռլինում Շիրակյանը տուն է վարձում Տրապիզոնի նախկին վալի Ջեմալ Ազմիի ծխախոտի խանութի մոտակայքում, իսկ տունը, ինչպես պարզում է հետագայում, պատկանում էր գաղտնի ոստիկանության պետի օգնական Հեր Սաքին։ Կարճ ժամանակ անց նա մտերմանում է ոստիկանի հետ, զրույցների միջոցով տեղեկություններ պարզում։ Այս անգամ նա հանդես էր գալիս որպես ռումինահայ ուսանող Թորգոմ Ղազարյան։

Նաթալին Շիրակյանին անվանում է «սնդիկ», որին «հագցուր կարճ տափատ մը, բաւական է, եւ զայն կրնաս քշել, փորձագէտի աչքին անգամ, իբր նախակրթարանի մէկ աշակերտ․․․ Մկանուտ մարզիկ մը։ Որքան քաջ ու յանդուգն, նոյնքան ճարպիկ ու ճապուկ։ Նուրբ, եւրոպական ոեւէ քաղաքի մէջ ընդունելի իբր յղկուած տիպ, առանց աչքառու խորդութեան, բացի դիմագծի անուշ ցորենագունութենէն, որ տաքութիւն ունի եւ կրնայ պարզ ճերմակութեան ձիւնը հալեցնել»։

«Վտարանդության մեջ գտնվող երիտթուրք հանցագործներն ավելի զգուշավոր էին դարձել, բացի այդ նրանց բնակության վայրերի մոտ ոստիկաններ էին հերթապահում ու հսկում վերջիններիս անվտանգությունը: Չնայած ոչ մի հայկական կազմակերպություն չէր բացահայտվել, սակայն թուրքերն ու եվրոպական երկրների ոստիկանները հասկանում էին, որ գործողությունների թիկունքում հայերն են։ Այդ պատճառով Ազմիի եւ Շաքիրի հայտնաբերումը դժվար ու վտանգավոր էր։ Չի բացառվում, որ անվտանգությունից ելնելով, որոշվեց գործողությունն իրականացնել գիշերով»,-նշում է Խանումյանը։

Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմին թերեւս միակն էր, որ շարունակում էր ծխախոտի իր խանութում ազատ գործունեություն ծավալել, իսկ հայերն այն առել էին իրենց հսկողության տակ՝ փորձելով գտնել մյուս հանցագործին՝ «Հատուկ կազմակերպության» նախկին նախագահ Բեհաեդդին Շաքիրին։

Հրաչ Փափազյանը Ազմիի տան անդամ էր դարձել ու կարեւոր տեղեկություններ էր հաղորդում ընկերներին։ «Նեմեսիս»-ի «թուրք» գործակալ Հրաչ Փափազյանը հոդվածում ներկայացրել ենք, թե ինչպես է իմանում Շաքիրի հասցեն, ու սկսվում է խստացված հսկողություն։

Սուրբ Զատկի օրերին, սակայն, նրանք չէին պատկերացնում, որ շուտով «․․․դժոխք ղրկած պիտի ըլլայինք Իթթիհատի այդ երկու արիւնարբու Հրէշները․․․ Ճիշդ եօթը տարի առաջ այս օրերուն ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆ Հրոսակախումբը գործած էր Պատմութեան մեծագոյն Ոճիրը, հաւաքելով եւ Անատոլուի սպանդանոցները տանելով Հայ ժողովուրդի  մտաւորական ընտրանին, ազգային գործիչներ եւ հերոսներ․․․ Եւ մեր հարազատներուն մահավճիռը ստորագրող ու անձամբ ալ գործադրող մարդակեր Ճիւաղները հոս են, մեր աչքին տակ՝ ազատօրէն կը շրջին․․․»։

Ի տարբերություն Շիրակյանի, որն անհանգիստ բնավորություն ուներ ու այլեւս չէր կարողանում սպասել հարմար առիթի, Երկանյանը ավելի հանգիստ ու ծանրակշիռ էր։ Չնայած առողջական խնդիրներին՝ նա սպասում էր հարմար առիթի ու ընկերոջը հանգստացնում, թե «․․․մի վախնար․ հոգ մի ըներ․․․ես երազ տեսայ․․․մենք զարկինք անոնց եւ հրեշտակ մը հասաւ մեր ձեռքէն բռնեց ու յափշտակեց տարաւ»։

«Նահատակներու վրէժը լուծուած էր»

Ապրիլի 17-ը Զատկին հաջորդող մեռելոցն էր։ Շիրակյանը տնից դուրս գալուց առաջ վերնաշապիկի տակից հագնում է իր «թալիսմանը»։ Դա այն շապիկն էր, որը նա կրել էր Վահե Իհսանի սպանության օրը, վրայից չէր հանել Մետեխի բանտում, անբաժան էր եղել Սայիդ Հալիմի մահապատժի ժամանակ․ «․․․Զրահ մը ըլլար կարծես, որ զիս զերծ կը պահէր չար աչքէ, չար արկածներէ եւ վտանգներէ»։

Սաստիկ ցրտին Երկանյանի հետ նրանք սկսում են հետապնդումը, իսկ երեկոյան կարճ ժամանակով մտնում ճաշարան․ «Արամ, կրնայ ըլլար որ մեր վերջին ճաշն է․․․Ժպտեցաւ, այտոսկրները քիչ մը ցցուեցան, ինչ որ կատաղութեան նշան էր․․․Ատանկ բան չըլլար․․․հոգ մի ըներ․․․»։

Նրանք արդեն Փափազյանից տեղեկացել էին, որ Շաքիրն ու Ջեմալ Ազմին ընտանիքներով եւ այլ մտերիմներով հավաքվել են Ազմի բեյի տանը։ Պարզ էր, որ պետք էր գործել։ Ինչպես Երկանյանի, այնպես էլ Շիրակյանի համար «Ժամերը չէին սահեր եւ վայրկեանները ժամ էին դարձած։ Կեանքիս մէջ այդքան երկար եւ չարչարալից սպասում չէի ունեցած»։

Վերջապես գիշերվա ժամը 23։15-ին «․․․երբ սինեմաներէն խուռն բազմութիւնը դուրս կը խուժէր եւ կը սահէր պողոտաներու վրայ․․․80 թիւ աբարթըմանին դուռը բացուեցաւ․․․Մեքենաբար դէմքս խաչակնքեցի։ Տասը վայրկեան վերջ ի՞նչ պիտի պատահէր, ի՞նչ պիտի ըլլար, չէի ուզեր մտածել անգամ։ Մէկ բան գիտէի․ պէտք էր վերջացնել․․․»։

Շաքիրն ու Ազմին քայլում էին իրենց ընտանիքներով, խմբի մեջ էր նաեւ տանտերը եւ Թալեաթի կինը։ Շիրակյանն արագ մոտենում է խմբին, Թալեաթի կնոջ ճչոցի վրա «Տրապիզոնի հրեշ» մականունն ունեցող Ազմին շրջվում է․ «Այնքան մօտ էր որ ատրճանակիս խողովակը դէպի աջ կողմը ուղղելով կրակեցի։ Ճիւաղը տապալուեցաւ»։

Վայրկյաններ անց Արամ Երկանյանի գնդակից գետնին է փռվում նաեւ Բեհաեդդին Շաքիրը։ Հայ երիտասարդները դիմում են փախուստի։ Արշավիրը որոշ ժամանակ անց հետ է գալիս Ուլանդշտրասե՝ դեպքի վայրը, որտեղ հավաքվել էր հոծ բազմություն։

«Քայլ մը եւս մօտեցայ եւ երկար երկար նայեցայ դիակներուն․․․Երկուքն ալ նոր ոճիրներ կը յղանային, բայց արդարադատութեան սրբազան հարուածին տակ հիմա փռուած էին եւրոպական քաղաքի մը սալայատակին վրայ, իրենց արիւնովը պղծելով զայն․․․ Յաւիտենական գերի նկատուած Հայը ղրկած էր իր զաւակները, որոնք արժանի պատիժը տուած էին այդ արիւնարբու գազաններուն»։

Վախենալով բռնվելուց, հեռանում է ու գնում տուն․․․ «անկողին մտայ «օխ» մը քաշելով եւ ինքզինքս թեթեւացած գտայ․․․նահատակներու վրէժը լուծուած էր»։
Ազմիի եւ Շաքիրի գերեզմանները Ազմիի եւ Շաքիրի գերեզմանները


«Արշավիրը երիտասարդ էր ու արկածախնդրության կողմնակից: Օրինակ՝ Շաքիրի ու Ազմիի թաղման ժամանակ, որին ներկա էին լինելու երիտթուրք այլ հանցագործներ, ցանկանում էր մեծամասշտաբ գործողություն իրականացնել։ Եվ այստեղ Շահան Նաթալին նաեւ զսպող դերակատարություն ուներ, որովհետեւ հակառակ դեպքում «Հատուկ գործ»-ը հնարավոր է բացահայտվեր, ինչը հաստատ վնասակար հետեւանքներ կունենար բոլորի համար։ Չմոռանանք նաեւ՝ վկա կար. Թալեաթի կինը տեսել էր Շիրակյանի դեմքը, նրան ձերբակալելու դեպքում շղթան երեւի կբացվեր»,-ավելացնում է Խանումյանը։

Դեպի Պոլիս

Գործը հաջող ավարտելուց հետո «Հատուկ գործ»-ի բեռլինյան անդամները լքում են Գերմանիան։ Ամենավերջում հեռանում է Շիրակյանը, որն այդպես էլ չէր հաշվառվել՝ հույսը դնելով իր տանտիրոջ կապերի վրա։

Գործը բարդացել էր նաեւ Թալեաթի կնոջը հարցաքննելուց եւ Բեռլինում ապրող բոլոր հայ երիտասարդներին բերման ենթարկելուց հետո։ Ի վերջո ձերբակալվում է նրանցից մեկը՝ ուսանող Բերբերյանը, որին նա նմանեցնում է Շիրակյանին։

«Այնքա՜ն շատ են իրար նըմանողները այս աշխարհին մէջ։ Պէտք է բախտ ըլլար, որ Բերբերեանը նմանէր Թ․-ին (Շիրակյանին-խմբ․), պէտք էր ձերբակալուէր Բերբերեանը, որ կուրանար Տիկ․ Թալէաթը, կուրացնէր նաեւ գերման ոստիկանը» (Նաթալի-խմբ․)։

Դժվարությամբ լուծելով անցագրի հարցերը՝ Շիրակյանը հատում է սահմանն ու անցնում Վիենա։
Շիրակյանի անցագիրը, որտեղ ներկաայցված է որպես Սուրեն Ղազարյան Շիրակյանի անցագիրը, որտեղ ներկաայցված է որպես Սուրեն Ղազարյան


Շիրակյանը Բեռլինում էր որպես ռումինահայ ուսանող, սակայն Նաթալու հուշերից պարզ է դառնում, որ նա այլեւս «Հայ մը չէ»։ Ենթադրել կարելի է, որ նրա փաստաթղթերը, ըստ ամենայնի, փոփոխվել էին։

«Շիրակյանը տասնյակ անցագրեր է փոխել, որոնք տալիս էին ՀՀ հյուպատոսարանները։ Դրանք իրական փաստաթղթեր էին, կեղծված էին միայն անձնական տվյալները։ Պարզ չէ, արդյոք, նա Բեռլինը լքել է նույն անցագրով, թե՞ այլ անցագիր է ստացել եւ հեռացել այնտեղից»,-ասում է Խանումյանը։

1922-ի հունիսի 1-ին նա անցնում է Վառնա, ապա Երկանյանի, Փափազյանի ու Մուշեղյանի հետ որոշ ժամանակ հանգստանում բուլղարական առողջարաններից մեկում։

Թոռան հիշողություններն ԱՄՆ-ում հաստատված պապի մասին

Անցնելով Կոնստանցա եւ արհամարհելով բոլոր վտանգները՝ շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս։ Պատճառն ընտանիքին մենակ չթողնելն ու սիրելիի՝ Գայանեի հետ նշանվելն էր։

Անցագիրը, որով մեկնում է ԱՄՆ Անցագիրը, որով մեկնում է ԱՄՆ


Զավեն պատրիարքի ջանքերով՝ Արշավիր Շիրակյանի համար անցագիր են պատրաստում եւ, որպես Սուրեն Ղազարյան, հոկտեմբերի 10-ին շոգենավով մեկնում է Ֆրանսիա, հետո՝ ԱՄՆ «․․․ խաղաղօրեն ապրելու, առանց այլեւս ամենօրեայ վախ ու դողի»։ Կարճ ժամանակ անց նրան միանում են ընտանիքի անդամները։ Գայանեի հետ ամուսնությունից ունենում է մեկ աղջիկ՝ Սոնյան։
Շիրակյանի հարսանեկան արարողության հրավերը Շիրակյանի հարսանեկան արարողության հրավերը


«Առաջինը պապս է եկել ԱՄՆ, ապա նրան միացել է տատս իր ընտանիքի հետ։ Մենք չենք իմացել, որ այլ անունով է ժամանել, միայն կարող եմ ասել, որ Ղազարյանը տատիս ազգանունն է եղել, իսկ պապս այստեղ ապրել է որպես Արշավիր Շիրակյան։

1930-40-ականներին Արշավիրը, Գայանեն ու մայրիկս ապրել են Մանհեթենի հյուսիսային հատվածի մի շենքում, որն այժմ էլ կանգուն է։ Տատիս մայրը եւ քույրերի ընտանիքները բնակվել են նրանց շատ մոտ։ Մեծ եւ միմյանց շատ կապված ընտանիք է եղել, մայրիկիս համար նրա զարմիկները կարծես հարազատ քույր-եղբայր լինեին։
Արշավիր եւ Սոնյա Շիրակյանները Արշավիր եւ Սոնյա Շիրակյանները


1950-ականների վերջին պապիկիս ընտանիքը տեղափոխվում եւ հաստատվում է Լիոնիայում, Նյու Ջերսի, որտեղ գեղեցիկ տուն են կառուցում եւ որտեղից ես այնքա՜ն երջանիկ հիշողություններ ունեմ։ Նրանք լավ այգի ունեին, գեղեցիկ ծաղիկներ ու բանջարեղեն էին ցանում։ Դեռ հիշողությանս մեջ է թարմ լոլիկի հոտը։ Կենդանիներ էր շատ սիրում, գերմանական հովվաշուն էր պահում։
Արշավիր եւ Գայանե Շիրակյանները Արշավիր եւ Գայանե Շիրակյանները


Ավտոտնակում պապս պահում էր իր կապույտ Կադիլակ Ֆլիթվուդը, հենց դրանով եմ սովորել մեքենա վարել»,-հիշում է Շիրակյանի թոռը՝ տվյալագետ, պրոֆեսոր Արշավիր Բլեքվելը։

Շիրակյանն Աստորիայում գորգերի լվացման ընկերություն է հիմնում։ Բլեքվելի խոսքով՝ հայտնի պատվիրատուներից է եղել Նյու Յուրքի նշանավոր Waldorf Astoria հյուրանոցը։ Մինչ այդ՝ Մեծ ճգնաժամի տարիներին, բեռնատարի վարորդ է եղել։
Շիրակյանը թոռների հետ Շիրակյանը թոռների հետ


«Մի անգամ պապիս հետ զբոսնում էինք եւ մոշի թփեր հանդիպեցին։ Քաղեցինք, տարանք տուն, իսկ տատս համեղ թխվածք թխեց։ Մի ուրիշ պատմություն էլ եմ հիշում, երբ պապս մազերս էր կտրում տան հետնաբակում։ Մենք հաճախ էինք այցելում տատիս ու պապիս։ Այդ անգամ մազերս երկարել էին եւ մայրս խնդրել էր վարսավիրի մոտ տանել։ Պապս ծիծաղելի էր համարել վճարել մի բանի համար, որը կարելի էր անվճար անել եւ անցել էր գործի»,-շարունակում է Արշավիրը։

Շիրակյանի մահը սգում էին հազարավոր հայեր

Շիրակյանի թոռը հիշում է, որ մահից մի քանի ամիս առաջ պապն արդեն իրեն լավ չէր զգում, իսկ տեսողությունը վատացել էր։ 1973 թվականի ապրիլի 12-ին երկարատեւ հիվանդությունից հետո Շիրակյանը կնքում է մահկանացուն.

«Մոտ 8 տարեկան էի, մի առավոտ արթնացա եւ տեսա տատիկս անհանգիստ նախաճաշ է պատրաստում։ Ոչ ոք ինձ չէր ասում, թե ինչ է կատարվում։ Ի վերջո տատիս քույր Մելինեն ասաց, որ պապս մահացել է։ Թաղման արարողության ժամանակ մեքենայում մայրիկիս կողքին էի նստել, որին առաջին անգամ էի լաց լինելիս տեսնում։ Հսկայական թվով մարդիկ էին եկել, մեծ քանակությամբ ծաղիկներ բերել։ Շատերը պապիս համարել ու համարում են հերոս։ Ես կարծում եմ, որ նա շատ մեծ պատասխանատվությամբ էր ընդունում դա»։
Արշավիր Շիրակյանը Արշավիր Շիրակյանը


Ըստ Բլեքվելի՝ Շիրակյանը լուրջ մարդ է եղել, իսկ Գայանեն՝ ավելի մարդամոտ ու շփվող. «Գայանեն պապիս մասին շատ էր պատմում, թե որքան ուրախ էր նրա հետ, ինչպիսի բարի մարդ էր։ Կարծում եմ, նրանք այն քիչ զույգերից էին, ովքեր ողջ կյանքի ընթացքում սիրահարված մնացին միմյանց։ Նրանք միասին շատ են ճանապարհորդել, իսկ տատս 1970-ականների վերջին այցելել է Հայաստան»։

Սոնյա Շիրակյանը 50-ականներին թղթակցել է «Bergen Record»-ին, «New Yorker»-ում 1963-ին հուզիչ պատմություն գրել իր մանկության մասին։ Հոր մահից հետո Սոնյան անգլերենով տպագրել է նրա հուշերը, որը մինչ այդ արդեն լույս էր տեսել հայերեն․
Սոնյա Շիրակյանը Սոնյա Շիրակյանը


«Մի անգամ հարցրի նրան, թե ինչպես է այդ աշխատանքն արել։ Պատասխանեց, որ հայրը հայերեն կարդում էր, ինքը՝ թարգմանում։ Ապա միասին քննարկում էին եւ ուղղում բացթողումները։ Մայրս հիանալի էր տիրապետում հայերենին»։

Արշավիր Շիրակյանին նվիրված մեր անդրադարձն ավարտենք Կարո Սասունու՝ նրան նվիրված խոսքերով.

«Ցուցամոլութենէ հեռու, գաղտնապահ, պաղարիւն ու անտարբեր անցորդ մըն էր բազմութեան մէջ եւ սակայն ամէն բան կը նշմարէր, արարքի մը հնարաւորութիւնը կը չափէր եւ վճռական նախաձեռնութեամբ, գործին մէջ կը նետուէր»։

Գոհար Նալբանդյան

Հոդվածում մեջբերումներ են արվել Արշավիր Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն», Շահան Նաթալիի «Գիրք մատուցման եւ հատուցման, Յաւելուած», Ժակ Դեռոժիի «Opération Némésis» գրքերից, Կարո Սասունու «Արշավիր Շիրակեան»-ի մասին հուշերից, Arftroshag բլոգից եւ «Ճակատամարտ» թերթից։

Լուսանկարները տրամադրել են Արշավիր Բլեքվելն ու ՀՅԴ թանգարան-հիմնադրամը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին