Հրազդանի կիրճում՝ «Ֆիզգորոդոկ»-ում, նոյեմբերի 8-ին կբացվի «Կաթիլ» նախադպրոցական կրթական կենտրոնը: Այստեղ կրթական գործընթացի հիմքում անտառային կրթության մեթոդն է։ Կենտրոնն իր աշխատանքը կառուցում է բնության, շրջակա միջավայրի եւ զգայարանների ակտիվ գործածման վրա։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կաթիլ»-ում երեխաներին առաջարկում են ոչ միայն բնության մեջ լինել, այլեւ հետազոտել այն։ Երբ երեխան հանդիպում է, օրինակ, մողեսի՝ դասախոսական բացատրության փոխարեն մեծահասակը հարց է տալիս.
«Ի՞նչ տեսար։ Ինչպիսի՞ն է։ Ինչո՞ւ կարող է այդ գույնը ունենալ։ Ինչի՞ համար է այդ գույնը»։
Այս մոտեցումը նպաստում է քննադատական մտածողության ձեւավորմանը. երեխան պատրաստի պատասխան չի ստանում, այլ սովորում է հարց տալ, դիտել, համեմատել եւ եզրակացություններ անել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կաթիլ»-ի պատմությունը սկսվել է անձնական փորձառությունից։ Ժորա Պողոսյանն ու իր կինը՝ Աննան, նկատել էին, որ իրենց երկու երեխաներն առավոտյան դժկամությամբ են մանկապարտեզ գնում։
Ժորա Պողոսյանը Լուսանկարը` Մեդիամաքս
«Բոլոր կարեւոր բաները, որոնք այդ տարիքում անհրաժեշտ են երեխաներին՝ դրսում լինելու հնարավորությունը, արեւի ճառագայթներն ու ջերմությունը, ծառերին կպչելը, էներգիա ծախսելը, փոխարինված էին փակ տարածքով: Հազվադեպ էին դուրս գալիս, հետաքրքիր խաղեր չէին խաղում», - հիշում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կաթիլ»-ում կրթությունը սկսվում է դրսում՝ հողի, քամու, ջրի եւ արեւի հետ շփումից։ Ժորան ասում է, որ երեխայի բնական զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջավայրը կենդանի է, իսկ փորձառությունը՝ իրական։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երեխան պետք է շոշափի, քայլի, փորձի, նաեւ՝ կեղտոտվի։ Դա ոչ միայն իր առողջությանը չի վնասում, այլեւ հենց առողջացնող գործընթաց է», - նշում է նա՝ հավելելով, որ խաղն ու ուսումնասիրությունը պետք չէ բաժանել իրարից։ Երեխան սովորում է հենց այն ժամանակ, երբ ինքն է բացահայտումներ անում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարածքը կառուցված է այնպես, որ երեխան ամբողջ օրը գտնվում է բնության հետ շփման մեջ։ Հաճախ քայլում են ոտաբոբիկ. հողը, խոտը, ջուրը դառնում են շոշափելի ուսուցիչներ՝ եթե մարմինը «գիտի», միտքն էլ արագ կապեր է կառուցում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կրթական ծրագիրը կառուցված է հինգ զգայարանների զարգացման վրա։ Երեխաները սովորում են լսել բնության ձայնը՝ քամին, ջրի հոսքը, թռչունների երգը։
Տեսողական ընկալումը զարգանում է գույների, լուսավորության փոփոխության, ծառերի շարժման միջոցով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շոշափողական փորձը գալիս է հողի, քարերի, տերեւների, փայտի հետ շփումից։ Հոտերն ու համերը նույնպես կրթական գործընթացի մաս են. խարույկի հոտը, թարմ խոտը, հողի խոնավությունը դառնում են հիշվող զգացողություններ, որոնք ավելի ուշ ձեւավորում են մանկության մտավոր քարտեզը։ «Հիշողությունը միշտ մարմնական է», - բացատրում է Ժորան։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կաթիլը» համագործակցում է ԱՄՆ-ում գործող Forest Teachers Institute-ի հետ, սակայն մեթոդաբանությունը ամբողջությամբ տեղայնացված է։
«Չենք փորձել պատրաստ մոդել բերել ու կրկնել այստեղ։ Մեր կրթությունը ծնվում է հենց այս հողից, այս ծառից, այս լանդշաֆտից», - նկատում է Ժորան:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կրթական ծրագրում մեծ դեր ունեն նաեւ ՄԱԿ-ի միջազգային օրերը, որոնցից կենտրոնը առանձնացրել է շուրջ 100-ը։ Դրանք վերաբերում են բնությանը, միջավայրին, մասնագիտությանը, ընտանիքին ու սոցիալական փոխհարաբերություններին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնը գտնվում է պատմական շինության տարածքում, որտեղ ժամանակին ապրել է ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանը։ «Ֆիզգորոդոկ»-ը տարիներ շարունակ ֆիզիկոսների ու մտավորականների հանդիպման վայր է եղել։ Վերանորոգման ընթացքում շենքի կառուցվածքային ինքնությունը պահպանվել է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Շենքը վատ վիճակում էր գտնվում՝ մոտ 50 բեռնատար մեքենա աղբ են դուրս հանել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ժորա Պողոսյանը գիտի՝ ծնողները հաճախ մտահոգվում են, որ երեխան կարող է կեղտոտվել։ Կենտրոնում դա դիտվում է որպես սովորելու եւ ճանաչելու բնական գործընթաց։ «Մեզ համար կարեւորը նրա շորերի մաքրությունը չէ, այլ նոր տպավորություններն ու հայտնագործությունները», - ասում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնի մանկավարժական թիմը գործում է նույն սկզբունքով՝ մանկավարժը ուղղորդում է, հոգ է տանում անվտանգության մասին, բայց նաեւ պատրաստ է «ցեխոտվել» եւ մասնակցել խաղին։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կաթիլ»-ում սնունդը նույնպես կրթական գործընթացի մաս է։ Եթե բանջարեղենը խորովվում է կրակի վրա, դա միայն ճաշ չէ, այլեւ համի եւ հոտի ուսումնասիրություն։ Սա գիտություն է՝ առանց պաշտոնական դասի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծնողները հաճախ փորձում են պաշտպանել իրենց երեխաներին՝ սահմանափակելով ռիսկը, բայց արդյունքում սահմանափակում են փորձ ձեռք բերելու կարողությունը։
«Կառուցեք միջավայր, որտեղ երեխաները կարող են ապահով, բայց ազատ լինել։ Ազատությունը եւ անվտանգությունը հակառակ բաներ չեն, պետք է գտնել դրանք համադրելու բանալին», - վստահ է Ժորան:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կաթիլ»-ի 10-ամյա ռազմավարության մեջ ներառված է նաեւ դպրոց հիմնելու նպատակը՝ հնարավորինս մոտ անտառային կրթության մոդելին։ «Մեր ցանկությունն է, որ երեխաները զարգանան բնական միջավայրում, որքան հնարավոր է՝ ապրելով բնության ձայնի, լույսի եւ շարժման մեջ», - ասում է Ժորան։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: