Սասուն գնալը միշտ նորի, անծանոթի ու ինքներս մեզ հետ առերեսվելու պես մի բան է, նույնիսկ եթե բազմիցս եղել ես այնտեղ։ Գուցե նրանից է, որ Սասունի՝ մեզանից այդքան կտրված թվացող անցյալում եւ ներկայում գրեթե ամեն պատասխան կա մեր այսօրվա մասին, գուցե եւ նրանից, որ չնայած իր այդքան թմբկահարված անվան Սասունը, մեկ է, մնում է Հայկական լեռնաշխարհի ամենաքիչ բացահայտված անկյուններից մեկը։

Լուսանկարը` Մեդիամաքս
2024-ին Armgeo-ի հետ նախաձեռնեցինք դեպի Սասունի ամենաբարձր կետերից Անդոկի գագաթ վերելքը, որն իր տեսակով առաջին նման երթուղին էր վերջին հարյուր տարում։ Երբ ստացա մեր լեռնագնացների համար նման մի ծրագիր գրելու առաջարկը՝ սիրով ու պատրաստակամությամբ մոտեցա, բայց եւ զգուշացրեցի ընկերներիս՝ լեռնային, հեռավոր ու ծախսատար Սասունը զուտ կոմերցիոն ուղղություն չէ, այն ավելի շատ ճանաչելու ու այլոց այս հարցում ձեռք մեկնելու մասին է։
Հուրախություն ամենքի՝ նույն կերպ էինք մտածում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Armgeo-ի խիստ հետաքրքրությունը տեղի իսլամացված եւ քրիստոնյա հայերի, ինչպես նաեւ այլ ազգերի ներկայի վերաբերյալ եւ իմ վաղեմի ցանկությունը մի լավ «Սասնո բոլոր» անելու կարծես հունցվել ու հասունացել էին հենց այս պահի համար, իսկ առաջին տաք-տաք «հացերն» արդեն 2025-ի գարնանն էին։
Սասունը, որը կարող է էլ չլինել
Երբ ասում եմ մարդկանց, որ Սասունը մյուս, այն մյուս, եւ չգիտեմ էլ քանի մյուս տարիների թողնելու ուղղություն չէ եւ այն տեսնել ցանկացողները պետք է շտապեն՝ շատերը ոչ միշտ են հասկանում, թե ինչի մասին է խոսքը։
Իսկ իրականությունն այն է, որ, ամենայն հավանականությամբ, մենք Սասունը իր ամբողջական «հարստությամբ» տեսնող ու շոշափող երեւի թե վերջին սերունդն ենք։ Ամեն այցիս ավելի եմ դրանում համոզվում՝ Սասունը շուտով չի լինելու։ Հենց այդպես, ուղղակի չի լինելու։ Բանն այն է, որ տասնամյակներով անտեսված այս լեռնային կղզին այլեւս սկսել է ավելի ու ավելի շատ գրավել հանքարդյունաբերողների եւ ջրամբարների քաղաքականության համաշխարհային առաջամարտիկներից Թուրքիայի պետության ուշադրությունը։ Իսկ այս առումով Սասունը, ի տարբերություն մեզանում տարածված կարծիքի, շատ, չէ, շատ-շատ հարուստ տարածք է։ Երկաթ, պղինձ, մարմար, ոսկի, ինչ սիրտդ ուզի՝ ինչ տեսակի ու գույնի հանք որ ուզես կգտնես այստեղ, իհարկե՝ համապատասխան ներդրումներ անելու դեպքում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սասունի հարավում վերջին տարիներին նավթի հայտնաբերումն էլ դնում է այս պատմության բոլոր ստորակետներն ու վերջակետերն իր տեղը։
Տարեց տարի նկատելի է նաեւ այս տարածքներում ջրամբարային քաղաքականության խիստ ակտիվացումը, որի հետեւանքով երբեմն երկրի երեսից ջնջվում են ամբողջական գյուղեր՝ իրենց պատմամշակութային եզակի հետքով։ Դրանցից է, օրինակ, Հազզոյի Ասի գյուղը, Փասուրի այգիների մի մասը, պատմական Տալվորիկի մի շարք տարածքները։ Հաշվի առնելով տեղի՝ բավականին նոսր բնակչությունը, մոտ ապագայում ավելի շատ գյուղ կուլ տալու, իսկ հետագայում հանքարդյունաբերությամբ պատմական Սասունից ընդհանրապես ոչինչ չթողնելու միտքը կարծես թե ավելի ու ավելի իրատեսական է թվում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եվ ամենակարեւորը՝ Սասունի հայերը, որոնք կազմում են այս ոդիսականի կորիզը, նույնպես տարեց տարի, ես կասեի՝ օր օրի նոսրանում, հեռանում են իրենց գյուղերից։ Եթե համեմատեմ իմ 10-13 տարի առաջվա եւ այժմյան այցերը Սասուն, ապա դրանք գնալով ավելի քիչ են համեմված հայկական խոսք ու բարքով, երգ ու պարով, հայկական չորթանով ու «սիպտկուկ» բանջարի հյուսիկների շուրջ պատմություններով։

Լուսանկարը` Մեդիամաքս
Թուրքիայում իր թափը չկորցնող ուրբանիզացիան, համայնքից դուրս ինքնության պահպանման անհնարինությունը, եւ ի վերջո՝ ազգականների 99%-ի այլեւս Պոլսում կամ Եվրոպայում լինելը Սասունում մնացած քիչ հայերին այլեւս ընտրություն չի թողնում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ու թեեւ շատ ընտանիքներ դեռ շարունակում են ամառները գյուղ գալ, իսկ ձմեռը Պոլսում անցկացնել, փաստ է, որ ականատեսն ենք գյուղի հետ կապ պահող ու հայերենը հիշող սասունցի վերջին սերնդին։
Պտույտ լեռնային կղզու մեջ եւ շուրջ
Սասունը տարբեր է։ Երբ ինձ հարցնում են՝ ինչպիսի՞ն է Սասունը, Հայաստանի ո՞ր մարզին է նման, ես գրեթե երբեք պատասխան չունեմ։ Մշո դաշտից Արեւելյան Տավրոսի ահարկու պատնեշով բաժանվող ու մինչեւ միջագետքյան տոթ տափաստանները հասնող Սասունում ամեն ինչ կա երջանկության եւ ճանաչողության համար։ «Սասնո բոլոր» պտույտ տալն ու այդ բոլոր գույները մեկ ճամփորդության ընթացքում մարդկանց ըմբոշխնել տալը վաղեմի նպատակս էր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Որովհետեւ միմիայն այդպես է հնարավոր զգալ ու շոշափել Սասունի բոլոր շերտերը, բնավորությունն ու խայտաբղետությունը։
Այսպես՝ Խութի զմրուխտե մարգագետիններից մինչեւ Հազզո-Խաբլջոզի կիսաճաղատ լեռներ, Սասունի հարավային դարպաս Բաթմանա կամրջից մինչեւ Մետաքսի ճանապարհի վրա թառած Նորշեն՝ իր քարավանատուն-կամուրջներով, Խիյանի դրախտային ձորերից մինչեւ Անդոկի ալեհեր փեշեր ու վար՝ երկաթ ծնող ու ծռող Տալվորիկ, Մոտկանի լեռներից, Մարաթուկից մինչեւ Ծովասար ու Դավթի բերդ՝ հնարավոր ամեն ինչ ագահաբար համտեսել, շնչել ու ճանաչել ենք՝ որքան հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այն, թե որքան դժվար է Սասունը «վերցնել» ամբողջապես, հուշում է նաեւ պատմական այս գավառի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների խիստ սակավությունը։ Անգամ ժամանակի ճամփորդները՝ Քալանթարից մինչեւ Ա-Դո, ժամանակի խիստ համեստ հնարավորություններով սովորաբար մաս-մաս են գծում Սասունի քարտեզները, ինչը ժամանակակից ուսումնասիրողների համար բավականին դժվարություններ է ստեղծում։ «Սասնո բոլոր» ծրագրի բացառիկությունը կայանում էր հենց նրանում, որ այն առաջին անգամ ընդգրկել է Սասունի բոլոր 10 շրջանները՝ տրոհված Բաթմանի, Դիարբեքիրի, Բիթլիսի ու Մուշի նահանգների միջեւ։ Այո, Սասունի բոլոր 539 գյուղերի համար մեկ կյանքը չի բավարարի, բայց «Սասնո բոլոր»-ն այլեւս իրականություն է։
«Շուռ տված» ինքնությունների մոլորակ Սասունը
Մեր ճամփորդության, թերեւս, ամենաառանցքային ու զգացական մասը՝ տեղի հայերի հետ մեղրահամ սեղաններն ու ամենահարազատ գրկախառնությունները, իրար լսելու ու պատմելու հնարավորությունը, երբեմն ինքնության մասին մեր պատկերացումները գլխիվայր շուռ տվող դեմքերն ու դեպքերը բառերով կամ լուսանկարներով արտահայտելու չեն, այլ միմիայն զգալու։ Սա մեր նախագծի ամենաբացառիկ մասը լինելով մեկտեղ նաեւ ամենաշատ ջանք ու նրբանկատություն պահանջողն է, ինչի համար էլ մեր խմբերի քանակը ստիպված ենք լինում խիստ սահմանափակել՝ անկեղծորեն հայցելով մյուսների ներողամտությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Չգիտեմ՝ Տալվորիկի հայ երկաթագործների վերջին սերնդի հետ բացառիկ ծանոթությունն ու խավրծիլ ուտել սովորե՞լը, Սուրբ Զատիկի օրը վերջին անգամ 40 տարի առաջ Զատիկի ձու ներկած Նարին մայրիկի թոնրի շուրջ անցկացնե՞լը, թե՞ Ընձքարի Սուրբ Գեւորգի՝ Սասունում ամենօրյա խնամքի ենթարկվող միակ եկեղեցում խունկ վառելուց հետո ամբողջովին քրդախոս հայ ընտանիքների հետ առանց խոսքերի իրար հասկանալն է ավելի հուժկու հարված եղել մեր գիտակցությանն այդ օրերին, երբ հույզերը թոթափելու համար օրումեջ մեր երթուղին համեմում էինք թեթեւ քայլարշավերով դեպի Գոմոց վանք, Տալվորիկի Սատանի կամուրջ կամ նախաքրիստոնեական թաղումների բացահայտմամբ։ Բայց այն, որ սրանք կարճ ու “life changing” կանգառներ են մեր կյանքում, որոնցից հետո ոչ ոք այլեւս առաջվանը չէ՝ փաստ է։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչ խոսք, այդ ամենին հպվելն ու հետագայում ինքներս մեզ այդ մասին ճիշտ հարցեր տալն ու էլ ավելի բարդը՝ պատասխաններ գտնելը թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Իհարկե, եթե այդ «հպումները» չեն մնում որպես հերթական արկածային ճամփորդության մի պատառիկ։ Իսկ Սասունից հետո սովորաբար այդպես չի լինում։ Բայց եւ այնպես, այստեղ հասկանում ես՝ այդ հարցերը, միեւնույնն է, մի օր պետք է տրվեն, ուր էլ որ փախչենք։ Հասկանում ես՝ առանց դրա ո՛չ երեկվա, ո՛չ այսօրվա, ո՛չ վաղվա Հայաստանը առողջ ու լիարժեք, գնահատված ու պաշտպանված լինել չի կարող։ Դա նույնն է, որ մեր շողքից ու հայելու մեջի արտացոլանքից փախչենք ու երեւակայենք, թե մեր երեսի սպիներն անցել են։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սասունն, իհարկե, առաջին «էլեկտրոշոկից» հետո դանդաղ ու գեղեցիկ առողջացնում է։ Շատ գեղեցիկ է։ Իր՝ գարնանը լեռներից թափվող անսահման ջրերի, ծանրությունից կախված ահռելի կակաչների, թոնրի պատին թշշացող «խորսով հացի» եւ լեռների արանքում մխրճված կատարյալ մարգագետինների չափ գեղեցիկ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Եվ այո, երեւի Սասունում ու Սասունի հետ հասկանում ես՝ ամենածանր ձմռանը նույնիսկ հետեւում է գարունը, եթե մարդիկ ընտրում են ապրելը։ Անտրամաբանական գեղեցիկ գարունը։
Վաղվա մասին
Բայց, ինչպես ասում են, լավ նորություններ էլ կան։ «Սասնո բոլորը», իհարկե, չէր կարող պարզապես հերթական երթուղի եւ արշավ մնալ։ Այն, իհարկե, պարտավոր էր վերաճել ավելի մեծ, շարունակական մի նախագծի, որը կլծվի փակելու Սասունի ճանաչողության այն բացերը, որոնք խանգարում են մարդկանց ավելի համարձակ ու ինքնուրույն հպվել մեր բոլորի ներսի այն դատարկված, բայց խորը խոռոչին, որի անունն է Սասուն, եւ որն անպայման ամեն մեկին ինչ-որ բան կգտնի ասելու ու սովորեցնելու։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սասնո բոլորը» անպայման շարունակելու է ներառել նորանոր սասունյան երթուղիներ, վերելքներ ու ճանաչողական ծրագրեր, ինչպես նաեւ՝ հայաստանյան դասախոսությունների մի ամբողջ շարք, մեդիա նախագծեր եւ նախաձեռնություններ, որոնք գրագետ տեղեկատվության հիմք կմատուցեն Սասուն նաեւ ինքնուրույն ճամփորդել փորձող մարդկանց։
«Հիրուր հեդ, հիրուր քով ավելի անուշ է», ինչպես կասեին Սասունում։
Սոֆիա Հակոբյան
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: