«Փայտե ձի». Երբ ձին օգնում է խոսել, քայլել եւ վստահել - Mediamax.am

exclusive
311 դիտում

«Փայտե ձի». Երբ ձին օգնում է խոսել, քայլել եւ վստահել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանից ոչ հեռու, բայց քաղաքային աղմուկից հեռու, մի վայր կա, որտեղ ձիերը դառնում են երեխաների ընկերներն ու թերապեւտները։ Երբ 2018 թվականին հիմնվեց «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնը, այնտեղ ընդամենը չորս երեխա էր այցելում, նախաձեռնությունն էլ նախատեսված էր երեք ամսվա համար։  

Կենտրոնի հիմնադիր Նորիկ Բեգլարյանը պատմում է.

«Ամեն ինչ սկսվեց որպես բարեգործական ակցիա, երիտասարդական նախաձեռնություն։ Բայց երբ հասկացանք, որ մարդիկ մեզ վստահում են, եւ երեխաները տեսանելի արդյունքներ են արձանագրում, կենտրոնը շարունակեց գործել»։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Փայտե Ձին»  կազմակերպում է անվճար ձիաբուժական թերապիա հատուկ առանձնահատկություններ ունեցող՝ աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, Դաունի համախտանիշ, ինչպես նաեւ այլ նյարդաբանական եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող 3-14 տարեկան երեխաների համար։

Կենտրոնը գործում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում՝ Միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ, սակայն ձիերի խնամքը, սնունդը, կամավորների կազմակերպումը շարունակական միջոցներ են պահանջում. այդ ծախսերը հոգում են անձնական միջոցներով։ Ներկայում ավելի քան 620 երեխա է այցելում կենտրոն։

Լուսանկարը` Մեդիամաքս


7 տարեկան Մարկի հետ քայլում ենք ձիերի մոտ, զրուցում ենք։ Նա ցույց է տալիս իր սիրելի ձիուն՝ Բամբիին, որի հետ արդեն մեկ տարի է, ինչ ընկերություն է անում։ Բամբիից հետո Մարկը ամենաշատը սիրում է ընկեր Վարդուհուն։ Մարկը խոսքի զարգացման հապավում ունի, մայրը պատմում է.  

«Սկզբում շատ դժվար էր։ Ագրեսիան տեսանելի էր հենց առաջին հանդիպումից։ Հիմա արդեն ամեն այցին սպասում է անհամբեր։ Փոփոխություն ակնհայտ է, ավելի հանգիստ է, ավելի բաց ու ազատ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնում հիպոթերապիայի վարժությունները իրականացվում են ձիերի վրա նստած։ Երեխաները կատարում են շարժողական ու նյարդահոգեբանական զարգացմանն ուղղված վարժություններ՝ հատուկ վարժեցված ձիերի ուղեկցությամբ։ Ձիերը անցնում են վեց ամիս տեւող հատուկ նախապատրաստական փուլ։

«Ձին պարզապես կենդանի չէ. այն դառնում է հաղորդակից, զգայուն արարած, որ արձագանքում է երեխայի լարված մկաններին ու տրամադրությանը։ Երբ երեխան լարված է, ձին դանդաղեցնում է քայլքը, սպասում է, մինչեւ մկաններն թուլանան», - պատմում են կենտրոնի աշխատակիցները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնին աջակցող ավելի քան 40 կամավորները նաեւ մասնագիտական  դասընթացների են մասնակցում։

Լինա Անտոնյանը 3.5 տարի է, ինչ կամավոր է: Սկզբում կենտրոն էր եկել իր եղբոր հետ, որն Դաունի համախտանիշ ունի, իսկ հիմա ավելի շատ ժամանակ է անցկացնում «Փայտե ձիում»։

«Սկզբում դժվար էր. ամեն երեխա տարբեր է, յուրահատուկ մոտեցում է պահանջում։ Բայց ժամանակի ընթացքում սկսում ես հասկանալ՝ ինչպես շփվել յուրաքանչյուրի հետ։ Նույնը նաեւ ձիերի պարագայում է», - պատմում է Լինան: Նա խոստովանում է, որ «սա թերապիա է ոչ միայն երեխաների, այլ նաեւ մեր՝ կամավորներիս համար»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կենտրոնը համագործակցում է Շվեյցարիայի «InterSchul» համալսարանի  հիպոթերապիայի բաժնի հետ, ամեն տարի մասնակցում է փորձի փոխանակման ծրագրերին։

Ձիաբուժական թերապիան մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին  օգնում է բարելավել մկանային լարվածությունը, հավասարակշռությունը, հուզական կայունությունն ու սոցիալական հմտությունները։ Հայաստանում այս ոլորտը դեռ նոր է զարգանում, սակայն «Փայտե ձի»-ում այն ակտիվորեն կիրառվում է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեխաների գրանցած առաջընթացն էլ ոգեշնչում է թիմին ու շարունակելու մոտիվացիա տալիս։

«Եթե փոփոխություն չի լինում, փնտրում ենք նոր ուղիներ։ Բայց մի բան հաստատ գիտենք՝ համբերություն ցուցաբերելու դեպքում արդյունք անպայման կլինի», - շեշտում է Նորիկ Բեգլարյանը։

«Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ կարելի է կապ հաստատել  055 784460 Հեռախոսահամարով կամ ֆեյսբուքյան էջի միջոցով. https://www.facebook.com/paytedzi:

Ալիսա Հարությունյան

(լուսանկարները՝ հեղինակի)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին