Միլանա Կոստինան, Լիզա Նեչաեւան, Վիկտորյա Օվրամեցը եւ Վլադիսլավ Ռատուշնյակը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողներ են։
Նրանք Երեւան են եկել տարեսկզբին՝ ուսանողների փոխանակման ծրագրով։ Մինչեւ կիսամյակի ավարտը սովորելու են Երեւանի պետական համալսարանում՝ լրացնելով գիտելիքները տարբեր ֆակուլտետներում եւ ամբիոններում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Առաջին անգամն եմ Հայաստանում, եւ պարզապես հիացած եմ»
Միլանա Կոստինա
21 տարեկան եմ, սովորում եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետում։ Երեւանում սովորում եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, սակայն տարբեր լրացուցիչ դասընթացների եմ մասնակցում, որոնք կապված են հայկական արվեստի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուսանողների փոխանակման ծրագիրը ընդունելության երեք փուլ ուներ եւ, համապատասխանաբար, երեք երկիր ընտրելու հնարավորություն։ Ես ավելի շատ հետաքրքրված էի Հայաստանով։ Սա իմ առաջին անգամն է այստեղ, եւ ես պարզապես հիացած եմ։
Լիզա Նեչաեւա
20 տարեկան եմ, սովորում եմ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցում՝ մեդիա դիզայնի եւ լուսանկարչության ամբիոնում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Փոխանակման ծրագրի համար ընտրեցի Հայաստանը, քանի որ փնտրում էի յուրահատուկ պատմությամբ երկիր, որն ինձ յուրահատուկ զգացողություններ կպարգեւի։
Վիկտորիա Օվրամեց
Ես նույնպես 20 տարեկան եմ՝ Լիզայի հետ նույն ֆակուլտետում ենք սովորում։ Միաժամանակ աշխատում եմ որպես լրագրող եւ Երեւանից շարունակում եմ համատեղել աշխատանքը ուսման հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երեւանում սովորում եմ երկու ֆակուլտետում՝ լրագրության եւ պատմության։ Միլանայի եւ Լիզայի հետ միասին ուսումնասիրում եմ հայկական արվեստը, արվեստի հոգեբանությունը եւ պատմության հետ կապված այլ առարկաներ։
Վլադիսլավ Ռատուշնյակ
Ես միջազգային լրագրության ֆակուկտետի ուսանող եմ, ինձ հետաքրքրում են միջազգային հարաբերությունները եւ քաղաքականությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցավոք, մեր ֆակուլտետում այս առարկաները չենք ուսումնասիրում այն չափով, որով կցանկանայի, եւ հենց այդ պատճառով էլ որոշեցի դրանք անցնել այլ երկրում։ Ընտրեցի Հայաստանը, եւ այստեղ այն շատ հետաքրքիր է։ Իմ հիմնական առարկաները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում են։ Նաեւ մի քանի դասընթաց եմ անցում լրագրության բաժնում։
Հանրակացարանի կյանքը եւ առօրյա խնդիրները
Լիզա
Աղջիկների հետ միասին ուսանողական հանրակացարանի սենյակում ենք ապրում։ Որոշ կենցաղային անհարմարություններ կան։ Օրինակ, ամբողջ հարկի համար նախատեսված է մեկ ընդհանուր խոհանոց, որտեղ աշխատում է միայն մեկ սալօջախի այրիչ։ Բայց փոխարենը հանրակացարանում ճաշարան ունենք, որտեղ գները բավականին մատչելի են։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վիկտորիա
Մեր հանրակացարանը վերանորոգվել է 2018 թվականին։ Կարող եմ ասել, որ այն ավելի լավ տեսք ունի, քան բազմաթիվ ռուսական համալսարանների հանրակացարանները։
Բայց կան նաեւ խնդիրներ։ Երբ փետրվարի սկզբին եկանք, շատ ցուրտ էր։ Ինչ-որ կերպ փակեցինք պատուհանների ճեղքերը, մարտկոցները շատ թույլ էին տաքացնում։ Ստիպված էինք սվիտերներով քնել, մինչեւ ջեռուցիչ ձեռք բերեցինք։
Ընկերությունը իտալացիների եւ կոլումբիացու հետ
Լիզա
Ցանոթացել ենք իտալացիների մի խմբի հետ։ Նրանք, ինչպես եւ մենք, եկել են սովորելու։ Նրանցից մեկը՝ Վիտորիոն, գերազանց ռուսերեն գիտի, ապագա լեզվաբան է։
Մենք հաճախ էինք խոսում, որ ուզում ենք իտալերեն սովորել եւ ապագայում, գուցե, գնալ Իտալիա ուսանելու։ Հիմա Վիտորիոն մեզ «դասավանդում» (ծիծաղում է՝ խմբ.):
Վիկտորիա
Հայաստանում հանդիպեցինք նաեւ մի կոլումբիացու, որը հիանալի ռուսերեն է խոսում։ Ծնվել է Կոլումբիայում, սովորել է Դոնի Ռոստովում եւ այնտեղից փոխանակման ծրագրով եկել է Հայաստան։
Այսպիսով, մեր ընկերական շրջապատում շատ տարբեր մարդիկ, լեզուներ եւ ազգություններ են միավորված (ժպտում է – խմբ.):
«Բոլորը մեզ լավ են վերաբերվում»
Վլադիսլավ
Իմ դասախոսներից մեկը ծանոթությունից անմիջապես հետո ասաց, որ կարող ենք կապ հաստատել իր հետ, եթե որեւէ դժվարություն ունենանք։

Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջին դասից հետո նա ինձ եւ մեկ այլ օտարերկրացի ուսանողի զբոսանքի տարավ համալսարանի շրջակայքում։ Պատմեց Օղակաձեւ այգու, Ռադիոտան շենքի պատմությունը եւ մի քանի լավ ճաշարան ցույց տվեց ։
Լիզա
20-րդ դարի հայոց պատմության մեր դասախոսն ամեն շաբաթ մեզ տանում է թանգարաններ։ Ոտքով ենք գնում, ճանապարհին շատ հետաքրքիր բաներ է պատմում քաղաքի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեկ այլ դասախոս աշխատում է Հայաստանի արդարադատության նախարարությունում։ Մի օր նա մեզ նախարարություն հրավիրեց, եւ դասն արեցինք հենց իր աշխատասենյակում՝ թեյ խմելով։ Այս ամենը շատ հաճելի է եւ մեզ համար անսովոր։ Հայաստանում բոլորը մեզ բարյացակամ են վերաբերվում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ժամանցը Հայաստանում
Միլանա
Մեր սիրելի ռեստորանը «Թուն Լահմաջո»-ն է։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վիկտորիա
Քանի որ ես համատեղում եմ աշխատանքն ու ուսումը, ազատ ժամանակ հիմնականում միայն հանգստյան օրերին են ունենում։ Վերջերս լեռներում էինք եւ նախատեսում ենք եւս մի քանի ճամփորդություն ունենալ։
Լիզա
Եղեգիսում կանգ առանք շատ գեղեցիկ հյուրանոցում։ Հյուրանոցի սեփականատերը մեզ գյուղ տարավ, որտեղ տեղացի երեխաների հետ սահնակ քշեցինք։ Շատ զվարճալի էր (ծիծաղում է – խմբ.):

Լուսանկարը` Մեդիամաքս
Վլադիսլավ
Շատ եմ սիրում զբոսնել Երեւանում։ Իմ սիրելի վայրերն են Հյուսիսային պողոտան եւ «Հրազդան» մարզադաշտը։
Միլանա
Վլադի հետ Էջմիածին էինք գնացել եւ Մայր տաճարի մոտ հանդիպեցինք Ամենայն հայոց կաթողիկոսին, որը մեզ օրհնեց։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: