2023 թվականի օգոստոսի 29-ին Ստեփանակերտի բնակիչներ Էրիկ Բաղիշյանն ու Անուշ Հայրապետյանն իմացել են, որ երրորդ երեխային են սպասում՝ տղա են ունենալու: Նրանց առաջնեկը 15-ամյա Աննան է, երկրորդ զավակը՝ 13-ամյա Արմանը:
Շրջափակման ժամանակ երեխայի սպասումը մի կողմից շատ էր ուրախացնում, բայց մյուս կողմից անհանգստություն էր պատճառում. սնունդ չկար, պայմաններ չկային: Այդուհանդերձ, Էրիկը շատ երջանիկ էր, Անուշը հիշում է՝ ուրախությանը չափ ու սահման չկար:
Էրիկը չհասցրեց տեսնել որդուն, սակայն նրա հանդեպ տածած Անուշի անսահման սիրո ու մայրական անսպառ ուժի շնորհիվ՝ արդեն Երեւանում ծնված փոքրիկ Էրիկը հաղթահարեց շրջափակումը, պատերազմը, ողբերգական պայթյունն ու փրկության դժոխային ճանապարհը:
Պատերազմն ու չավարտվող հացի կտորը
Էրիկ Բաղիշյանը վերջին ութ տարիներին աշխատել է Արցախի ճանապարհային ոստիկանությունում, Անուշ Հայրապետյանն էլ մանկապարտեզում դաստիարակ էր:
«Էրիկի մասին կարող եմ անվերջ խոսել, սակայն երբ ինձ ասում են, որ նկարագրեմ նրան, երկու բան եմ շեշտում՝ այս մոլորակի վրա ամենագեղեցիկ ու ամենաբարի ոստիկանը»,- ասում է Անուշը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան ամուսինները սովորականի նման ոտքով աշխատանքի են գնացել: Չէին պատկերացնում, որ պատերազմ կլինի: Օրվա առաջին կեսին հերթով ծնողներ են եկել ու իրենց երեխաներին տարել, մի զինվորական ծնող էլ երեխային վերցնելիս ասել է, որ պատերազմ է սկսվում: Անուշը զանգել է Էրիկին, որ նրանից լուրեր իմանա, բայց զանգին պատասխան չի ստացել, ուստի շարունակել են աշխատանքը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
«Հենց երեխաներին պառկեցրինք, պատերազմը սկսվեց: Չէինք նայում, թե ինչ ձեւով էինք երեխաներին իջեցնում նկուղ, քանի երեխա էինք գրկում, դնում նկուղի հատակին ու արագ բարձրանում՝ մյուս երեխաներին իջեցնելու: Երեխաների դողը, խուճապը երբեք չեմ մոռանա»,-հիշում է Անուշը:
Մինչ բոլոր երեխաներին իրենց ծնողների հետ ճանապարհել են, մութն ընկել է: Այդ ամբողջ ընթացքում Անուշը չի կարողացել կապ հաստատել իր երեխաների հետ: Մանկապարտեզից դուրս գալով շտապել է դեպի դպրոց՝ ճանապարհին մեկ նայելով իրենից քիչ այնկողմ ընկնող արկերին, մեկ գլուխը բարձրացնելով դեպի աստղափայլ երկինք:
Դպրոցի նկուղը լցված էր երեխաներով, Անուշը հեռախոսի լապտերով փնտրում էր Աննային ու Արմանին:
«Մեկն իր երեխային էր տանում, մյուս երեխան մնում էր իր մորը սպասելով: Երեխաներից մեկն էլ վատ էր զգում, տանը մի հաց ունեի պահած, իջեցրի նկուղ, որ այդ երեխային տամ, բայց մեկին երբ տալիս ես, մյուսին ո՞նց չտաս: Ձեռքիս մեջ այդ հացն ինչքան կտրում էի, այդքան ավելանում էր. ինձ համար այդպես էր: Ամենամեծ կտորը երեւի կոնֆետի չափ հազիվ լիներ»,-պատմում է Անուշը՝ հիշելով նաեւ նկուղում շրջանառվող սարսափելի պատմությունները թուրքերի՝ գյուղեր մտնելու մասին:
«Ամենածանր պահին էլ գուցե չկարողանամ քեզ մոտ լինել. ես ծառայող եմ»
«Ամբողջ գիշեր միակ բանը, որ Աստծուն աղաչում էինք, որ կանգնեցնեն պատերազմն ու չլինեն զոհեր, նկուղն ամբողջ գիշեր դղրդում էր: Լույսը բացվեց, լսեցինք, որ զինադադար է. ճիշտ է, շատ ցավալի զինադադար, բայց մտածում էինք՝ գոնե կյանքեր կփրկվեն: Մարդիկ սոված, ծարավ, առանց իրերի, հագուստի գյուղերից եկել էին Ստեփանակերտ: Մեր մանկավարժներով սկսեցինք տանից անկողնային պարագաներ, հագուստ տեղափոխել դեպի նկուղ՝ գյուղերից եկածների համար»,- պատմում է Անուշը: Այդ ամբողջ ընթացքում ամուսնու հետ չէր կարողանում կապ հաստատել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Սեպտեմբերի 24-ին սկսել են լուրեր շրջանառվել, որ պատերազմի մասնակիցներին չեն թողնելու դուրս գալ, Էրիկն էլ թե´ 2016 թվականի Ապրիլյան, թե´ 44-օրյա պատերազմի մասնակից էր:
«Էրիկը ոստիկանի զինվորական համազգեստ ուներ հենց 44-օրյա պատերազմից: Իրեն զանգում էի, որ ճիշտն իմանայի, չէր պատասխանում, ուստի որոշեցի համազգեստն ու բոլոր նկարներն այրել: Այդ նույն օրն Էրիկը եկավ, որ համազգեստը հագնի, ասացի՝ այրել եմ: Շատ վատ ընդունեց, անմիջապես կապ հաստատեց շտաբի պետի հետ ու գնաց նոր համազգեստ վերցնելու»:

Լուսանկարը` Անուշ Հայրապետյանի արխիվից
Այդ ընթացքում Անուշը կապի մեջ էր իր հարազատների հետ, նաեւ ամուսնու գործընկերների կանանց հետ. բոլորն ասում էին, որ արդեն դուրս են գալիս:
«Ես զանգեցի Էրիկին, ասացի՝ բոլորը դուրս են գալիս, ես մենակ եմ մնում, զայրացավ, ասաց՝ ես ծառայող եմ, մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ չապահովենք մարդկանց դուրս գալը: Ես իրեն միշտ այդպես եմ տեսել, միշտ ասում էր՝ ես ծառայող եմ, կարող է ու ամենավատ պահին էլ լավ չզգաս, ես չկարողանամ քեզ մոտ գալ, ես ծառայության մեջ եմ: Դրա համար ես սովորել էի ամեն ինչ ինքնուրույն անել»,-հիշում է Անուշը:
Ծառայությունը կրակներում
Սեպտեմբերի 25-ի առավոտյան Անուշն արդուկել է Էրիկի նոր համազգեստը, կարել ուսադիրներն ու նրան նորից ճանապարհել աշխատանքի: Ավելի ուշ նորից է զանգել ամուսնուն՝ վախեցած այն լուրերից, որ թուրքերն արդեն Արմենավան են մտել, նաեւ իրենց տան պատուհանից երեւում են: Էրիկն ասել է, որ պատրաստվեն, կգա իրենց ավելի ապահով վայր կիջեցնի, բայց հնարավոր է, այլեւս տուն հետ գնալ չկարողանան:
«Պատրաստվում էի, բայց չէի կարողանում ոչ մի իր վերցնել: Ամեն ինչի փոշին վերցնում էի, հետո դնում տեղը: Տունն էի մաքրում, հավաքում, լվացք էլ փռեցի, սպասում էի՝ չորանա ու դուրս գանք: Գիտեի, որ եթե ինչ-որ բան վերցնեմ, կնշանակի, որ հրաժեշտ եմ տալիս, ես չէի ուզում հրաժեշտ տալ»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Օրվա երկրորդ կեսին Անուշին զանգահարել է Էրիկի եղբոր կինն ու ասել՝ պայթյուն է եղել, Էրիկը հիվանդանոցում է: Անուշը չի պատկերացրել ողբերգության աստիճանը, երեխաներին էլ չցանկանալով մենակ թողնել՝ նրանց հետ միասին գնացել է հիվանդանոց. «Ա ՜խ, եթե իմանայի, թե ինչ տեսարանների ենք բախվելու, երեխաներիս հետ չէի գնա: Մղձավանջ էր, ուզում էի արթնանալ, չէի կարողանում: Բուժքույրերից մեկն ինձ հրելով դուրս հանեց՝ ասաց դուք հղի կին ո՞նց եք մտել այստեղ»:
Աղջիկը զանգահարել է հորը, օտար մարդ է վերցրել ու պատասխանել. «Պապայիդ հեռախոսն ինձ մոտ է, փեսայիս ինքն է դուրս հանել պայթյունի տեղից, իր վերնահագուստն էլ հագցրել է նրան: Հեռախոսը գրպանում էր»: Այդ մարդը նաեւ ասել է, որ վերջին անգամ տեսել է Էրիկին ոտքերից այրվածքներով, ծխահարված ձայնով, բայց այդպես ծառայությունը շարունակելով. կտրված ձայնով նա շարունակել է ճանապարհը բացել, որպեսզի շտապօգնության մեքենաները կարողանան մոտենալ դեպքի վայր:
Երեխաները հորն արագ ճանաչել են՝ կրծքին խաչի դաջվածքից. Էրիկի դեմքն արդեն անճանաչելի էր: Վերակենդանացման բաժանմունքում էր, բժիշկներն ասում էին, որ պետք է շտապ տեղափոխել Երեւան:
«Այդ օրն ինքն ինձ հետ խոսեց, ասաց՝ տուն գնա, ամեն ինչ լավ է լինելու: Դու միայն այդ երեխայի մասին մտածիր, միակ երազանքս է, որ լույս աշխարհ գա»:
1915-ի նույն ձեռագիրը
Հիվանդանոցից դուրս գալուց առաջ Անուշը վերեւի հարկից հետեւում էր, թե ինչպես են մարդիկ հենց հիվանդանոցի բակում հուղարկավորում իրենց հարազատներին:
«Երբեք որեւէ երկրի քաղաքացու, նույնիսկ ադրբեջանցու, չեմ ցանկանա այդ օրերին իմ տեսածի ու ապրածի միջով անցել»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Առանց ամուսնու իր երկու անչափահաս երեխաների հետ Անուշը չգիտեր՝ ինչպես պետք է դուրս գան: Ի վերջո, նրա հորաքրոջ 18-ամյա տղան, որ թեեւ վարել գիտեր, բայց վարորդական վկայական դեռ չէր ստացել, ասել է, որ կվարի իրենց մեքենան:
«Երբ արդեն գիտեինք՝ երեխան տանելու է, հարեւանուհուս վերցրի, քրոջս, իր երեխային, ես երկու երեխաներիս հետ, բոլորով տեղավորվեցինք՝ մեկս մյուսի գրկում նստելով: Երեխաներին այդպես էլ չթողեցի տունը նկարել, ասում էի՝ հրաժեշտ է դառնում, իսկ մենք հետ ենք գալու, ամեն ինչ իր տեղը դրեք: Դուրս գալիս տեսա, որ լվացքի պարանի ձողին երկու աղավնի նստեցին: Միայն դա նկարեցի ու ուրախացա՝ ուրեմն ամեն ինչ լավ է լինելու, հետ կգամ»,- բանալին դրել է տան դռան վրա, որ չկոտրեն դուռը, իսկ ինքը հետո գա նույն կերպ բանա դուռն ու տուն մտնի:

Լուսանկարը` Անուշ Հայրապետյանի
Ճանապարհը եւս ծանր էր. բենզին տեղափոխող մեքենաներ էին այրվում, մարդիկ էին կաթվածահար լինում, մի կին մեքենայի տակ է ընկել: «Երբ հիշում եմ, մի բան եմ մտածում միայն. նույն 1915 թվականն էր, ուղղակի այն ժամանակ ոտքով ու ձիով, հիմա ոտքով ու մեքենաներով: Ձեռագիրը նույնն էր»:
Խոստումը՝ թեկուզ կյանքի գնով
Սյունիք հասնելով՝ Անուշին հիվանդանոց են տեղափոխել: Ասել են՝ երեխադ չի փրկվի:
«Ճանապարհին շատ վատ էի, ես էլ արդեն մտածում էի, որ այդպես կասեն: Բայց դրանով հանդերձ չկարողացա գիշերը մնալ: Ծնողներս Սյունիքում են ապրում, գիտեի, որ երեխաներս ապահով են նրանց մոտ, ուստի առանց որեւէ մեկին ասելու ճանապարհվեցի Երեւան՝ ամուսնուս մոտ: Էրեբունի հիվանդանոցում անընդհատ խնդրում էի, որ ներս թողնեն, աստիճանների վրա սպասում էի: Ի վերջո, թողեցին: Էրիկն արդեն կոմայի մեջ էր, միայն ես էի խոսում, պատասխան չկար, բայց ես գիտեի իր լռությունը. խոստացա, որ թեկուզ իմ կյանքի գնով իր երազանքը կկատարեմ. երեխան պիտի ծնվի»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Անուշի՝ պալատից դուրս գալուց հետո Էրիկի կյանքն ընդհատվել է:
«Մինչեւ հիմա մեկ-մեկ նորից ինձ եմ մեղադրում. ինչի չասեցի, որ վատ էի զգում: Երբ հարցնում էր՝ ոնց եմ, ասում էի, ոչինչ, մի քիչ էլ կդիմանամ: Ո՞նց չէի պնդում, որ դուրս գանք: Բայց իր բնավորությունը գիտեմ ես, եթե պայթյունի ժամանակ տանն էլ լիներ, մեկ է, ես իրեն չէի կարողանա տանը պահել»,- ասում է Անուշը:
Անհնարինը հնարավոր՝ սիրո ուժով
Ամբողջ հղիության ընթացքում Անուշը մի հիվանդանոցից մյուսն է գնացել, անվերջ անալիզներ հանձնել, որոնցից էլ ծանր առողջական խնդիրներ են բացահայտվել՝ հղիության հետ անհամատեղելի:
«Բժիշկն ասում էր՝ քեզ այդքան ուժ որտեղի՞ց: Արդեն երկու երեխա ունես, ամուսինդ էլ այլեւս չկա, պետք է հիմա երկու երեխաներիդ մասին մտածես, իսկ դու ասում ես՝ քո կյանքի գնով էլ երեխան պիտի ապրի»,- հիշում է Անուշն ու հավելում. «Ես իմ կարծիքը, միեւնույն է, չփոխեցի: Ճիշտ է, շատ ծանր հղիություն տարա: Անգամ չէի կարողանում գիշերները հիվանդանոցում մնալ. գալիս էի երեխաներիս մոտ, իրենք էլ այդ տեսարաններից հետո ծանր սթրեսի մեջ էին»:
Անուշի առողջական խնդիրների առկայությամբ թե՛ հղիությունը, թե՛ երեխայի ծնունդը հրաշք էր նրա բժիշկների ամբողջ պրակտիկայի ընթացքում: Ասում էին՝ չգիտեն, թե ինչ երեխա կլինի Անուշի օգտագործած դեղերի, շաքարային դիաբետի, բլոկադայի, թերսնուցման, այդքան սթրեսից հետո:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
«Ամբողջ հղիության ընթացքում միայն մի բան էի ուզում՝ խտացրած կաթ, ու այդպես էլ այդ խտացրած կաթն իմ Էրիկին հասանելի չեղավ: Սկզբում շրջափակումն էր պատճառը, իսկ այստեղ տեղափոխվելուց հետո պարզվեց, որ շաքարային դիաբետ եմ ձեռք բերել»,-հիշում է Անուշը: Նրա տեսած ու ապրած դժոխային տեսարանները չէին կարող առողջության վրա իրենց ազդեցությունը չունենալ:
«Հրաշք բժիշկների հանդիպեցի, ամեն օր հսկում էին, խնամում: Երբ եկավ ծննդաբերության օրը, բժիշկը հարցրեց՝ գուցե առանց կեսարյան հատման անենք, բայց ես պատրաստ չէի դրան: Ասում էի՝ ես մահից չեմ վախենում, ինչից պետք է վախենայի, արդեն տեսել եմ ... Ու փրկվեց իմ բալիկը, լույս աշխարհ եկավ իմ ամենասիրուն բալիկը, որին առանց հապաղելու հոր անունը տվեցի՝ Էրիկ»:
Հավատը, որ ապրեցնում է
Անուշը երեխային պարբերաբար տանում է բժշկի, երբեմն վերականգնողական բուժումներ անցնելու կարիք է լինում, բայց ամենադժվարն արդեն անցյալում է: Հղիության ու հետծննդաբերական շրջանում Անուշը մշտապես զգացել է իր հարազատների եւ հիմա արդեն հարազատ դարձած անծանոթների ջերմությունն ու աջակցությունը: Այս ընթացքում նրան եւ երեխային աջակցել է «Հայորդի» հիմնադրամը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
«Երբ առաջին անգամ «Հայորդի» հիմնադրամից Վաչեն զանգեց ու աջակցության մասին ասաց, զգացի, որ այստեղ մենակ չենք, շատ հարազատներ ունենք: Իրենք ինձ այնքա՜ն ուժ են տվել: Հույսս դրել եմ իրենց վրա, ու գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, իմ բալիկը պիտի առողջ լինի: Պիտի որդուս շատ հայրենասեր դաստիարակեմ, որ ինքն իր պապայի պահած հայրենիքին ծառայի: Երեխաներս պիտի Արցախում մեծանան, իրենց կյանքն այնտեղ պիտի ապրեն, իմ մահն էլ պիտի Արցախում լինի: Հենց մի օր դադարեմ հավատալ, որ հետ եմ գնալու, կդադարեմ ապրել»:
Անուշ Հայրապետյանը «Հայորդի» հիմնադրամի «Մայրենիք» ծրագրի շահառուներից է: Ծրագիրն աջակցում է Արցախում 2023 թվականի սեպտեմբերի պատերազմի եւ պայթյունի հետեւանքով զոհվածների ու անհայտ կորածների այն երեխաներին, որոնք ծնվել են նրանց մահից հետո:
Հիմնադրամին աջակցելու համար կարող եք նվիրատվություն կատարել հետեւյալ հաշվեհամարով. 11815042199803 | Հայորդի բհ | Այդի բանկ
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/ «Հայորդի» հիմնադրամ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: