Համայնքներում փոփոխություն բերող «Արագած հովիտ» ՏԱԽ-ը ու «Լանջիկի հարսները» - Mediamax.am

exclusive
5136 դիտում

Համայնքներում փոփոխություն բերող «Արագած հովիտ» ՏԱԽ-ը ու «Լանջիկի հարսները»


Նելլի Վարդանյանը
Նելլի Վարդանյանը

Լուսանկարը` LEAD4Shirak

Լուսանկարը` LEAD4Shirak

Պեմզաշենի կավագործության դպրոցը
Պեմզաշենի կավագործության դպրոցը

Լուսանկարը` LEAD4Shirak

ՏԱԽ անդամները Եվրոպայի օրեր միջոցառմանը
ՏԱԽ անդամները Եվրոպայի օրեր միջոցառմանը

Լուսանկարը` LEAD4Shirak

Լուսանկարը` LEAD4Shirak

Սուսաննա Պողոսյանը
Սուսաննա Պողոսյանը

Լուսանկարը` LEAD4Shirak

Լուսանկարը` LEAD4Shirak


Շիրակի մարզի Լանջիկ գյուղից հեռանալ ցանկացողներից շատերը հետ են կանգնել այդ որոշումից ու համայնքում նախաձեռնություն սկսելու մասին են մտածում։ Համայնք փոփոխություններ է բերել «Արագած հովիտ» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ)։

Լանջիկում ապրող երեխաներն ու երիտասարդներն այժմ մասնագիտական կրթություն են ստանում գյուղում բացված ինովացիոն կենտրոնում, կանայք միավորում են ջանքերը սերունդների երկխոսության եւ գյուղական ավանդույթների փոխանցման համար, ոմանք էլ շուտով աշխատանք կունենան կարի արտադրամասում։

«Արագած հովիտ» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ-ը) ձեւավորվել է 2022 թվականի փետրվարին՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող EU-LEAD4Shirak ծրագրի շրջանակում։ ԼԻԴԵՐ մեթոդաբանության կիրառմամբ տեղական ակտիվ խմբերը զարգացնում են գյուղական համայնքները՝ համագործակցության հարթակ ստեղծելով տեղացիների համար: «Արագած հովիտ» տեղական ակտիվ խումբը կազմված է Շիրակի մարզի Անի եւ Արթիկ խոշորացված համայնքների 8 բնակավայրերի տեղական իշխանությունների, բիզնեսների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ ՏԱԽ-ի անդամ կարող է դառնալ համայնքի ցանկացած բնակիչ:

«Արագած հովիտը» ՏԱԽ-ն առանձնացրել է ռազմավարական երկու առաջնահերթ ուղղություն՝ կրթությունը, որի միջոցով նպատակ է դրել երեխաների ու երիտասարդների զարգացման համար ապահովել բարենպաստ ու անվտանգ միջավայր եւ գյուղատնտեսությունը, որի միջոցով փորձ է արվում տեղացիների համար ապահովել եկամուտների աճ։

Ակտիվ խմբի «ամենաթանկ» անդամը

Լանջիկն այն 8 գյուղերից մեկն է, որտեղ գործունեություն է ծավալում «Արագած հովիտ»-ը։ Սուսաննա Պողոսյանն այս գյուղի բնակիչ է, «Արագած հովիտ»-ի խորհրդի անդամ, ՏԱԽ ամենաավագ ու «թանկ» անդամը։ Ասում են՝ ֆոնդահայթհայթման ու համայնքի համար ծրագրերի իրագործման համար հովանավորներ գտնելու հարցում նրան հավասարը չկա։ Նա դոնորների հետ կապն է պահում, աշխատում տարբեր բարերարների ու կազմակերպությունների հետ, նաեւ կապող օղակ է «Արագած հովիտ» ՏԱԽ-ի եւ Շիրակի մարզում գործող այլ կազմակերպությունների միջեւ։

«Արագած հովիտ»-ի եւ Սուսաննայի ծանոթությունը սկսել է համայնքի համար դրամաշնորհ ստանալու հայտ ներկայացնելուց։ Սուսաննայի ներկայացրած ծրագիրը ֆինանսավորում չի ստացել, բայց նա շարունակել է աշխատանքը հանուն համայնքում փոփոխություն բերելու գաղափարի։

Սուսաննա Պողոսյանը Սուսաննա Պողոսյանը

Լուսանկարը` LEAD4Shirak


«Գյուղի մշակույթի տան տնօրեն եմ եղել, ՏԱԽ ձեւավորումից հետո նաեւ սկսել եմ մասնակցել խմբի աշխատանքներին։ «Արագած հովիտ»-ը ներառում է Լանջիկ, Լեռնակերտ, Քարաբերդ, Ձիթհանքով, Նահապետավան, Պեմզաշեն, Նոր Կյանք Սառնաղբյուր համայնքները։ Լանջիկում ամենալավն են տեղեկացված ՏԱԽ գործունեության մասին։ Համայնքի բնակիչներին փորձում ենք օգնել դրամաշնորհային հայտերի գործընթացում, աջակցում տեխնիկական, բովանդակային հարցերով»,- ասել է նա։

«Արագած հովիտ»-ի կազմավորումից հետո Լանջիկում տարբեր գաղափարներ են կյանքի կոչվել, դրանցից մեկն էլ «Լանջիկի հարսներ» կարի արտադրամասն է, որի աշխատանքները կմեկնարկեն մոտ ապագայում։

«Ծրագրով նախատեսվում է 12 կնոջ համար աշխատատեղ բացել։ Ծրագրի բաղադրիչներից մեկը կանանց վերապատրաստելն է։ Նրանք, իրականում, կարել գիտեին, բայց հմտությունները չէին բավարարում, որ իրենց ստեղծած արտադրանքը դուրս բերեին շուկա։ Շուտով կավարտենք ուսուցման փուլն ու «Լանջիկի հարսներ» արտադրամասը կսկսի իր գործունեությունը։ LEAD4Sհhirak ծրագիրը տրամադրում է տեխնիկա ու գույք, որ կանայք կարողանան աշխատանքի անցնել, իսկ արտադրամասի տարածքի բարեկարգումն արվում է համայնքապետարանի միջոցներով»,- ասել է Սուսաննա Պողոսյանը։

«Տուն չկա, որ չիմանա «Արագած հովիտ»-ի մասին»

Նելլի Վարդանյանը Շիրակի մարզի Նոր կյանք համայնքի բնակիչ է, «Արագած հովիտ» ՏԱԽ համակարգողը։ Նա գործունեություն է ծավալում Լանջիկում․ այստեղ նրան «համայնքի մարդ» են համարում, որովհետեւ Լանջիկի խնդիրներն ու կարիքները լավ գիտի։
Նելլի Վարդանյանը Նելլի Վարդանյանը

Լուսանկարը` LEAD4Shirak


««Արագած հովիտը», ինչպես մյուս ՏԱԽ-երը, փորձում է տեղացիների ներգրավմամբ համայնքները զարգացնել։ Երբ ռազմավարական կարիքներից բխելով աշխատանքներ էինք իրականացնում, հասկացանք, որ եթե ուզում ենք ՏԱԽ մասին շատ բան իմանան, պետք է թիրախավորենք եւ՛ մանկապարտեզի սանին, եւ՛ 80 տարեկան տատիկին։ Երեխաների հետ միջոցառումներ ենք անում, պատմում՝ ինչ է ՏԱԽ-ը, ինչի մասին է, դպրոցականների համար ոչ ֆորմալ կրթական հարթակներ ենք ստեղծում, մասնագիտական կողմնորոշմանը նպաստող հմտություններ զարգացնում։ Միջին տարիքի հետ աշխատելն ավելի բարդ է, որովհետեւ կարծրատիպային մոտեցում ունեն։ Նրանց վրա ուղիղ ազդեցություն ունենալու լավագույն միջոցը տան ամենափոքր ու ամենամեծ անդամի հետ աշխատելն է»,- ասել է նա։

Նելլին նշել է, որ «Արագած հովիտ»-ի գործունեության 8 գյուղերում արդեն մեծ թվով մարդիկ են տեղյակ ՏԱԽ-ի գործունեության մասին, բայց այս փուլում ամենակարեւոր նպատակը ՏԱԽ-ի հիմնական գործառույթի մասին տեղեկացնելն ու առավելագույն թվով տեղացիներին ՏԱԽ-ի աշխատանքներում ներգրավելն է։

«Մենք այս մարդկանց սովորեցնում ենք, որ ՏԱԽ-ը ոչ թե պետության գործառույթը վերցնող, այլ օգնող կառույց է։ Եթե կրթությունը մեզ համար ռազմավարական ուղղություն է, չի նշանակում, որ դպրոց ենք կառուցելու, գյուղատնտեսական ծրագրերին աջակցելն էլ չի նշանակում, որ ոռոգման ցանց ենք վերանորոգում։ Սովորեցնում ենք, որ ոչ թե մենք ենք իրենց համար կարի արտադրամաս բացելու, այլ իրենք կարող են դա անել։ Սեփականության զգացողության սերմանումն արդեն մեծ փոփոխություն է բերելու»,- ասել է նա։

Երեխաների կարծիքը՝ գործողություններից առաջ

LEAD4Shirak ծրագրով Լանջիկի մշակույթի տանը հիմնվել է «Հոլեմ» արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնը, որը գյուղի երեխաների համար նաեւ ոչ ֆորմալ կրթական հարթակ է։

«3D մոդելավորման հաստոցներ ունենք, գրքեր, խաղեր։ Երեխաներն ազատ մուտք ունեն ինովացիոն սենյակ, կարող են ինքնակազմակերպվել, տարածքն օգտագործել դասապատրաստման համար, բայց գիտեն, որ պետք է խնամքով վերաբերվեն, վաստակեն գրքեր կամ խաղեր վերցնելու իրավունքը։ Օրինակ, եթե մեկ անգամ բացակայել են դասից կամ գույք են փչացրել, ոչ միայն նոր գիրք չեն վերցնի, այլ պետք է իրենք բերեն»,- ասել է Նելլի Վարդանյանը։

«Արագած հովիտը» համայնքում գործողություններ անելիս նաեւ երեխաների կարծիքն է հաշվի առնում, հենց այսպես է առաջացել «Յոթ քար» փառատոն անցկացնելու գաղափարը։

«Այս տարածքում քարից բացի ուրիշ ոչինչ չունենք, դրա համար էլ որոշեցինք քարը «վաճառել»։ Պետք է սովորեցնենք, որ քարն արժեք ունի, որովհետեւ իրենց միակ ռեսուրսն է։ ՏԱԽ-ը մարդկանց նոր ուղղություններ սովորեցնողն է համայնքում, եւ, բարեբախտաբար, բոլոր համայնքներում փոփոխություն ունենք»,- ասել է Նելլի Վարդանյանը։
Պեմզաշենի կավագործության դպրոցը Պեմզաշենի կավագործության դպրոցը

Լուսանկարը` LEAD4Shirak



«Յոթ քար» փառատոնը նախատեսում է անցկացնել հունիսի 22-ին Պեմզաշեն համայնքում, նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են ու դրանց մասնակցում են համայնքի տարբեր ներկայացուցիչներ։

«Համայնքապետարանն օգնելու է տարածքը հարթեցնելու հարցում, համայնքի բնակիչներից մեկը գրաֆիտի է անելու։ Մեր բոլոր շահառուները գիտեն, որ սոցիալական պատասխանատվություն ունեն ՏԱԽ-ի հանդեպ, եթե ՏԱԽ-ի օգնությամբ ֆինանսավորում են ստացել, իրենք էլ ցանկալի է հնարավորության դեպքում մյուս շահառուներին օգնություն ցուցաբերեն։ Կարող ենք երկար պատմել՝ ինչ է համագործակցությունը, «նեթվորքինգը», բայց լավագույն ու արդյունավետ տարբերակը օրինակով ցույց տալն է։ Ես ունեմ կտոր, դու ունես կարի մեքենա, ոչ ես անգործ կնստեմ, ոչ էլ՝ դու, միասին կաշխատենք ու դրանով համայնքում զարգացում կապահովենք»,- ասել է նա։

«ՏԱԽ-ը օգնում է, որ համայնքը չդատարկվի»

Նելլի Վարդանյանը նշել է, որ դրամաշնորհ տրամադրում է LEAD4Shhirak ծրագիրը, ՏԱԽ-ը հիմնականում համակարգում է այդ գործընթացը, ապահովում տեղացիների ու ծրագրի միջեւ կապը, բայց հեռահար նպատակը ՏԱԽ-ը այնպիսի կառույց դարձնելն է, որը կկարողանա համայնքին միշտ ֆինանսական աջակցություն տրամադրել, մարդկանց օգնել։

««Արագած հովիտը» գյուղերի քանակով ամենափոքր ՏԱԽ-ն է՝ 8 գյուղ՝ 14 հազար բնակչով, ռազմավարական ոլորտներն էլ սահմանափակ են, որը, երբեմն, դրամաշնորհների համար դիմողների գաղափարների հետ կապված բարդություններ է առաջացնում։ Բարեբախտաբար, հասել ենք նրան, որ հիմա ավելի շատ համայնքային զարգացման ծրագրերով են դիմում, որոնք ավելի մեծ թվով մարդկանց են թիրախավորում։ ՏԱԽ-ը դրամաշնորհներին դիմելու գործընթացի բոլոր փուլերում խորհրդատվություն է տրամադրում տեղացիներին՝ օգնելով գաղափարներն ավելի նորարար դարձնել։ Ունենք շահառուներ, որոնք անգամ գնային հարցումներ չեն կարողանում իրականացնել։ Եթե այս գործընթացում չօգնենք՝ ծրագիրը հաջողություն չի ունենա։ ՏԱԽ-ը աջակցող օղակ է, որը նաեւ դոնորների հետ աշխատանքում է օգնում։ Եթե LEAD4Shirak-ից դրամաշնորհ ստանալուց հետո որեւէ ծրագիր հավելյալ ֆինանսական միջոցների կարիք է ունենում, օգնում ենք հայտադիմումներ պատրաստելու եւ այլ դրամաշնորհների դիմելու հարցում։ Բոլոր դեպքերում պատրաստ ենք օգնել, եթե մարդիկ մեզ դիտարկեն որպես օգնող կառույց»,- ասել է «Արագած հովիտ» ՏԱԽ-ի համակարգողը։
ՏԱԽ անդամները Եվրոպայի օրեր միջոցառմանը ՏԱԽ անդամները Եվրոպայի օրեր միջոցառմանը

Լուսանկարը` LEAD4Shirak


Նելլի Վարդանյանը նշել է՝ համայնքի բնակիչներին ՏԱԽ-ի միջոցով տրվող ամենակարեւոր ուղերձն այն է, որ ծրագիրը ոչ թե սահմանափակ ռեսուրսներով գյուղերին օգնելու, այլ գյուղում փոփոխություն բերելու մասին է։

«Մեկ-երկու տարվա ընթացքում ուզում ենք նաեւ հասնել այն կետին, որ պետությանն ասենք՝ մենք եկել ենք ձեզ օգնելու, բեռը թեթեւացնելու, ոչ թե գումար ուզելու համար։ Կարող ենք միասին անել պետական ծրագրերը, կարող ենք օգնող օղակ լինել, որովհետեւ լավ գիտենք, թե համայնքում ինչ խնդիրներ կան։ Եթե համայնքի մարդ չես, չես հասկանա, թե որն է առաջնահերթությունը, դրա արդյունքում էլ կարիքի գնահատումն ինչ-որ օղակում բաց կմնա։ ՏԱԽ-ը համայնքային մտածողություն ունի, թե՛ բիզնեսի, թե՛ ՏԻՄ հետ լավ է աշխատում եւ կարող է պետության համար կարիքի ճիշտ գնահատում անել։

Լուսանկարը` LEAD4Shirak


ՏԱԽ-ը օգնում է, որ համայնքը չդատարկվի։ Պետությունը սկսում է գյուղից ու եթե թույլ տանք, որ գյուղերը դատարկվեն, մի օր պետություն չենք ունենա։ Լանջիկի կարի արտադրամասում աշխատանք ունեցող 12 կանանցից 3-ի ընտանիքը պատրաստվում էր լքել համայնքը, որովհետեւ աշխատանք չուներ, իսկ հիմա արտադրամասը մարդկանց մոտ հույս է առաջացել, որոշել են գյուղում մնալ»,- ասել է Նելլի Վարդանյանը։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության եւ Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ: Հոդվածի բովանդակությունը բացառապես Lead4Shirak ծրագրի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ ներկայացնի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետներ:

Անի Խչոյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին