1923 թվականին քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ընտանիքը, վերջապես, Երեւանում իր սեփական տունն է ունենում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Տատիկս Ալեքսանդր Թամանյանին էր խնդրել նախագիծն անել, որովհետեւ համերկրացիներ էին։ Բայց պապիկս բարկացել էր՝ Թամանյանը պետության համար կարեւոր նախագծեր է անում, դու էլ քո տան թեման ես առաջ բրդում։ Թամանյանը խորհուրդ էր տվել դիմել իրենց մեկ այլ համերկրացու՝ երիտասարդ ճարտարապետ Մարկ Գրիգորյանին։ Դա նրա առաջին նախագիծն էր»,- պատմում է քանդակագործի դուստրը՝ նկարչուհի Անուշ Չուբարյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ներկայիս Նալբանդյան 104 հասցեում է ապրել իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանի ընտանիքը՝ կինն ու երեք երեխաները։ Ընտանիքը Դոնի Ռոստովից Հայաստան էր տեղափոխվել Խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Գրիգոր Չուբարյանը ղեկավարում էր 1922 թվականի Սահմանադրության եւ այլ կարեւոր օրենսդրական ակտերի մշակումը, դասախոսում Երեւանի պետական համալսարանում։
Լուսանկարը` Մեդիամաքս
1937 թվականին ենթարկվում է բռնաճնշումների ու աքսորվում։ Կնոջը ստիպում են ընդարձակ տունը պետությանը վարձակալության տալ՝ դրա դիմաց գումար չստանալով։ Տան 5 սենյակները հանձնում են վարձակալների, իսկ տանտերերը տեղավորվում են խոհանոցում։
Ղուկաս Չուբարյանն այդ ժամանակ 13 տարեկան էր։ Պիոներ պալատում քանդակագործության դասերի էր գնում ու քանդակներ մեծացնելով՝ հոգում ընտանիքի կարիքները։
Երկար պայքարից հետո, Մարտիրոս Սարյանի միջամտությամբ, Չուբարյանների տունն «ազատագրվում» է։ Հենց այս տանն է ծնվել Երեւանի Ազատության հրապարակում տեղադրված Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։
Ղուկաս Չուբարյանի աշխատանքային գործիքներն ու միջավայրը
Մինչ առանձին արվեստանոց տեղափոխվելը, Ղուկաս Չուբարյանը տանն էր աշխատում. քանդել էր միջնապատերը, որ տարածք ունենա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մոնումենտալ աշխատանքները Կիեւյան փողոցում գտնվող արվեստանոցում էր անում։ Հեռախոսներն անջատում էր, որ ոչ ոք չխանգարի։
Անուշ Չուբարյանը հիշում է՝ քանի որ հայրը սրտի հետ խնդիրներ ուներ, երբ արդեն ուշ գիշեր էր լինում, մայրն անհանգստանում էր, եղբորն ուղարկում արվեստանոց․ «տեսնի՝ ինչպես է, հիշեցնի, որ տուն գա»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատանքային բոլոր գործիքները Ղուկաս Չուբարյանն ինքն էր պատրաստում։ Եթե որեւէ նյութ գնելու կարիք էր լինում, խանութ էր գնում աշխատանքային հագուստով։
«Մաման ասում էր՝ շորերդ փոխի, փողոց ես դուրս գալիս։ Բայց ինքը թքած ուներ։ Եթե հարցնեն՝ ինչ եմ սիրում հորս մեջ, կասեմ՝ պայմանականությունների վրա թքած ունենալու կարողությունն ու ներքին բարոյական կմաղքը, որը կարծես լավ զոդված արմատուրա էր»։
Չուբարյանների 100-ամյա տունը
Հյուրասենյակում 100 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել։ «Այս արժեքավոր գորգերը պապիկիս հոնորարներն են՝ որպես դատապաշտպանի»,- ասում է Անուշ Չուբարյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ղուկաս Չուբարյանն ամուսնանալուց առաջ Մոսկվա էր մեկնել՝ հնաոճ իրերի խանութից գնել կահույք՝ նման այն կահույքին, որ կար իրենց տանը մանկության տարիներին եւ որ բռնագրավվել էին հոր աքսորից հետո։
Լուսանկարը` Մեդիամաքս
Չուբարյանների տունը միշտ բազմամարդ էր, հյուրասենյակում սեղանները բաց էին ծայրից ծայր, երբեմն՝ անկյունագծով։
«Մայրս շատ էր սիրում պատրաստել, հյուրասիրել։ Հորս աշակերտներն էլ, երբ մեր տուն գային, անպայման պետք է սնվեին։ Իրենք մեր տան տղաներն էին»։
Սարյանի արած ճեպանկարը, սեփական ինքնադիմանկարն ու էլի շատ գործեր
Տան պատերին նկարներ են՝ տարբեր առիթներով ստացած նվերներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նկարիչ Լեւոն Կոջոյանը՝ երանելի մի մարդ, որ հորս ընկերն էր, մի օր եկավ մեր տուն՝ ձեռքին մի նկար։ Ասաց՝ անբաժան թութակներ էի նկարում, հետո մտածեցի, որ դուք ամուսիններով էս թութակների նման անբաժան եք, ու որոշեցի նկարը ձեզ նվիրել։ Շատ էինք հուզվել»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարտիրոս Սարյանը Չուբարյանների տանը հաճախ էր լինում։ Գրիգոր Չուբարյանի հետ մտերիմ էին․ նա էր վարում Սարյանի իրավաբանական գործերը։ Հյուր գալիս՝ հաճախ ճեպանկարներ էր անում։ Դրանից մեկը 6 տարեկան Ղուկաս Չուբարյանի ճեպանկարն է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս մեկն էլ Չուբարյանի ինքնադիմանկար է՝ 14 տարեկանում։
Երեխաների քանդակները
Ղուկաս Չուբարյանն այն տարիների համար ուշ՝ 35 տարեկանում է ամուսնացել։ Երբ ծնվեց դուստրը, 46 տարեկան էր։
«Մայրս պատմում էր՝ ես ու եղբայրս քնած էինք, հայրս կամաց եկավ, նայեց, ասաց՝ ի՞նչ կոչում, ի՞նչ բան, սա է հարստությունը»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իր երեխաներին, հատկապես՝ ավագին՝ որդուն, Չուբարյանը հաճախ է քանդակել։ Անուշ Չուբարյանի մի դիմաքանդակ Հայաստանի պատկերասրահում է պահվում, մի «փրկված» կիսատ դեմք էլ՝ տանը։
«Այս պորտրետի վրա երկար աշխատել էր։ Բայց հետո դա իրեն էլ պետք չէր, ու ես կարողացա գոնե այս մի կտորը փրկել»։
Անահիտի դիմաքանդակի եւս մեկ օրինակ
1952 թվականին Ղուկաս Չուբարյանը պետական պատվեր ստացավ՝ Բրիտանական թանգարանից ուղարկված կաղապարի հիման վրա ձուլել Անահիտի դիմաքանդակը։ Բրոնզե արձանը ստանալուց հետո կաղապարը ոչնչացվեց, բայց մինչ այդ Չուբարյանը հասցրել էր մեկ-երկու օրինակ էլ ձուլել։ Դրանցից մեկը քանդակագործի տանն է պահվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոմիտաս, Սարյան... արձաններ, որոնք այդպես էլ չտեղադրվեցին Երեւանում
Հյուրասենյակի անկյունում «Ուսանողուհի Դորա»-ի, կամ, ինչպես Անուշ Չուբարյանն է անվանում, «Գեղեցկուհի Դորա»-ի քանդակն է։ Պոլիտեխնիկական համալսարանի իր համակուրսեցու քանդակով Չուբարյանն առաջին միջազգային մրցանակն է ստացել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա աշխատասենյակում պահվում են արվեստի գործեր, որոնք մրցույթներում հաղթել, բայց այդպես էլ արձան չեն դարձել ու չեն տեղադրվել Երեւանում, ինչպես Կոմիտասի եւ Սարյանի արձանները։ Անուշ Չուբարյանն ասում է` Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը չէր կարողանում ներել քանդակագործին, որ նա իրենից ոչինչ չէր խնդրում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայրս աշխատում էր նվազագույնի հասցնել հարաբերությունները պետության հետ, դրա համար մրցույթներ էր պարտվում կամ հաղթում էր, բայց արձանները չէին տեղադրվում։ Պետությունից մի բան ուզելն իր համար ծանր բան էր. նկարիչների միության, իր աշակերտների համար կգնար, կխոսեր, բայց իր համար՝ երբեք։ Ինքը շատ պետականամետ էր, բայց ոչ՝ իշխանամետ։ Ինքը համարում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը պատիվ է»։
Չուբարյանը գնաց կոմպրոմիսի. Մաշտոցի արձանի նոր տարբերակը
Մատենադարանի բակում է Ղուկաս Չուբարյանի՝ այսօր ամենահայտնի ու սիրված, իսկ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած աշխատանքը՝ Մաշտոցի արձանը։ Անուշ Չուբարյանը վերապատմում է հորից լսածը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինքը հասկացել էր, որ պետության համար կային ընդունելի եւ անընդունելի բաներ։ Այդ պատճառով մրցույթին ներկայացրել էր բոլորովին այլ՝ պետության համար ընդունելի տարբերակ, որը հաղթեց։ Բայց իր արվեստանոցում նա Մաշտոցի քանդակին նոր ձեւ, նոր ծավալային լուծում տվեց։ Հայրս երբեք գերեզմանի վրայի քանդակների պատվերներ չէր վերցնում։ 4 այդպիսի աշխատանք է արել, բոլորը՝ պատճառաբանված։ Դրանցից մեկն արել էր Մաշտոցի արձանի առիթով՝ ստուգելու համար, թե հնարավոր է բազալտից ծալքեր ստանալ. նախադեպը չկար։ Արեց ու դուրն եկավ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայրս պատմում էր, որ արձանի տեղադրման պահը շատ խորհրդանշական էր. երբ վերամբարձ կռունկը Մաշտոցի արձանն իջեցնում էր հարթակին, նույն պահին մի ուրիշ վերամբարձ կռունկ հանում էր Ստալինի արձանը։ Ու ինքն ասաց՝ դա լավ նշան է։
Բայց հետո քանդակը շատ քարկոծվեց, չընդունվեց հենց այդ նոր՝ ծավալային լուծման պատճառով։ Մոսկվայից ասում էին՝ ի՞նչ եք ձեզ թույլ տալիս, Հիսուսի արձանն եք դնում։ Հայրս պատմում էր, որ մի օր գնացել ու տեսել է՝ մեկն աքլոր է մորթել, մատաղ է արել Մաշտոցի ոտքերի տակ։ Ուրախացել էր, որ իր ասելիքը տեղ է հասել. ինչ-որ մեկը, գուցե անգրագետ մի կին, Մաշտոցին վերաբերվել է այնպես, ինչպես ինքն էր նախատեսել, ինչպես սրբի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց երբ արձանի գլուխը կոտրեցին, հայրս շատ ծանր տարավ։ Դրանից հետո մի քիչ ծալքեր ավելացրեց, հասարակության համար ավելի ընթեռնելի դարձրեց արձանը, բայց միշտ զղջում էր, որ կոմպրոմիսի է գնացել։ Նոր տարբերակն ինքնադիմանկար էր։ Հրանտ Մաթեւոսյանն էր նկատել, հարցրել էր՝ քե՞զ ես քանդակել, հայրս էլ պատասխանել էր՝ տեսա՞ր»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Թեեւ որոշված էր, որ Ղուկաս Չուբարյանը պետք է հեղինակի Մատենադարանի հարթակի նաեւ մյուս արձանները, բայց աղմկահարույց այս պատմությունից հետո նա արեց միայն Մխիթար Գոշի արձանը՝ հոր դիմաքանդակը։
Քանդակագործի ամենասիրելի աշխատանքը՝ Լուսեղենի հիշատակին
Չուբարյանների ընտանիքն ուներ իր ողբերգությունը։ Քանդակագործի մեծ եղբայրը՝ Լուսեղենը, 1942 թվականին նահատակվել էր Լենինգրադի մոտակա ճահիճներում։ Երկար տարիներ նա համարվում էր անհայտ կորած։
«Տատիկս ինքն իրեն խաբում, ասում էր՝ երեւի Ամերիկայում է, վախենում է մեզ հետ կապ հաստատել։ Բայց բոլորս գիտեինք, որ մահացել է»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ղուկաս Չուբարյանը եղբորը վերջին անգամ հանդիպել էր, երբ դեռ պատանի էին։ Ի հիշատակ Լուսեղենի՝ 1985 թվականին նա ստեղծում է «Լույս իջնի վրադ» քանդակը, որը նրա ամենասիրած ու իր կարծիքով՝ ամենահաջողված գործն էր։ Լուսեղեն Չուբարյանի մասունքները գտնվել են 2007 թվականին։
«Այդ օրը ես առաջին անգամ հորս տեսա հեկեկալիս։ Պետերբուրգում շենքեր կառուցելիս՝ շինարարական աշխատանքների ժամանակ, գտել էին աճյունները։ Ու միակ բանը, որ պահպանվել էր ամբողջ վաշտից, այս պատիճն էր, որի մեջ հորեղբորս անձնական տվյալներն էին՝ անուն, ազգանուն, մեր տան հասցեն։ Ամբողջ վաշտին այդ մի թղթով են նույնականացրել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ թղթի հետ նաեւ հող ու մասունքներն էին ուղարկել։ Երբ հայրս մահացավ, մասունքներն ամփոփեցինք նույն գերեզմանում, ու շիրմաքարին գրեցինք նաեւ Լուսեղենի անունը։ Հայրս էր այդպես ուզել»։
2023 թվականին՝ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի առիթով, քանդակագործի ընտանիքը Երեւանին նվիրեց «Լույս իջնի վրադ» բրոնզաձույլ արձանը, որը տեղադրվեց մանկական զբոսայգում։
«Անհայտ կորած ունենալը շատ ցավոտ բան է։ Ուզում է 50, 100 տարի անցնի, եթե ողջ է իր կողակիցը, ծնողը, եղբայրը, այդ վերքը չի բուժվում։ Կարեւոր է, որ գերեզմանը լինի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Քանի որ 44-օրյա պատերազմից հետո անհայտ կորածներ ունեինք, ես մտածեցի, որ պետք է ինչ-որ կերպ հատուցեմ այդ մեղքի զգացումը։ Ամենալավ բանը, որ ունեինք, այս քանդակն էր։ Այդ պատճառով ես ու եղբայրս որոշեցինք ձուլել այս աշխատանքն ու նվիրել քաղաքին»։
Ոչնչացված քանդակներն ու հավերժության համար ստեղծված արվեստը
Ղուկաս Չուբարյանը երկար տարիներ դասավանդել է։ Նրա համար շատ կարեւոր էր քանդակագործների նոր սերունդ կրթելը։ Ուսանողների համար երբեմն նաեւ բնորդ էր դառնում։
Պարգեւներն ու կոչումները նրան քիչ էին հետաքրքրում։ Անուշ Չուբարյանը հիշում է, որ նկուղը մաքրելիս գործիքների միջից էին գտել հոր մեդալները։ Հպարտանում էր, երբ իրեն «վարպետ»-ով էին դիմում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«1946 թվականի սելավից մեր նկուղը ջուր ու հող էր լցվել։ Հորս մահից հետո, երբ մաքրում էի նկուղը, պարզվեց՝ ահագին քանդակներ հողի տակ են մնացել։ Սարսափելին այն էր, որ շատ քանդակներ, որ ես գիտեի՝ արվեստանոցում են, անհետացել էին։ Պարզվեց՝ հենց հայրս է բավականին շատ աշխատանքներ ոչնչացրել։
Ինքը չէր դողում իր քանդակների վրա, իրեն պրոցեսն էր հետաքրքիր։ Իր համար միեւնույն էր դառնում այն քանդակը, որի նկատմամբ հետաքրքրությունը կորցնում էր։ Ոչ մի քանդակի տակ ստորագրություն չկա, դրա պատճառով մինչեւ հիմա հեղինակային իրավունքի խնդիրներ ունենք։ Ինքն ասում էր՝ ես հավերժության համար եմ անում․ ո՞ր հայ արձանագործն է եկեղեցու վրա առյուծ քանդակել ու տակը ստորագրել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայրս շատ լավ հասկանում էր իր արժեքը, տաղանդը, գիտեր, իր դարի լավագույն քանդակագործներից մեկն է։ Բայց ինքը չէր հարաբերվում իր ժամանակակիցների հետ, դրա համար բոլորի հետ շատ լավ հարաբերություն ուներ։ Ինքն իրեն հարաբերում էր հավերժության հետ։ Այ, հավերժության հետ ինքը խնդիրներ ուներ»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: