«Երեւի գնաց, որ եղբորը պահի». Սամվելն ու Արսենը մնացին կորսված Արցախի բարձունքում - Mediamax.am

exclusive
3827 դիտում

«Երեւի գնաց, որ եղբորը պահի». Սամվելն ու Արսենը մնացին կորսված Արցախի բարձունքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքրիկ սենյակի բոլոր պատերին լուսանկարներ են: Դրանցից ներս մտնողին են նայում երկու խիստ, բայց լուսավոր հայացքներ՝ Սամվելն ու Արսենն են, երիտասարդ պայմանագրային զինծառայողներ, որ այդպես էլ չիջան Արցախի դիրքերից:

Անկյունում տեղակայված սեղանի վրա նրանց իրերն են, որ մայրը՝ Ալլա Ստեփանյանը, խնամքով դասավորել է Արցախի դրոշի եւ որդիների նկարների ներքո: Պարբերաբար մոտենում է, նորից ուղղում, որ ամեն ինչ կոկիկ ու ճշգրիտ լինի՝ այնպես, ինչպես սովոր են զինվորականների ընտանիքում:

«44-օրյա պատերազմում տունը կորցրինք, բայց որդիներս կողքիս էին, իսկ հիմա՝ ամեն կերպ դատարկություն է»:

«Գոնե իրենց մայրը գերեզման կունենա»

Ալլա Ստեփանյանը երկու որդիների հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Ավագ որդին՝ Սամվելը, 2 տարեկան էր, երբ Ալլան ամուսնալուծվեց: Երկու որդիներին նա միայնակ է մեծացրել՝ աշխատանք գտնելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:

Ալլան թիկունքի գրագիր-գործավար էր, բայց պատերազմական իրավիճակներում գերադասում էր բարդ գործեր անել. դիրքեր էր գնում:

Նա պատմում է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին զորամասի բոլոր կանայք լքել են գյուղը, մինչդեռ Ալլան իրեն պարտավորված է զգացել մնալու. «Մտածեցի՝ ես պետք եմ այս բանակին: Երբ այն ինձ էր պետք, օգնեց, որ երեխա մեծացնեմ, հիմա էլ իմ կարիքը կա, պիտի մնամ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նման էր իրավիճակը նաեւ 2020 թվականին: Այդ ժամանակ Ալլայի ավագ որդին՝ Սամվելը, երկու ամսվա ժամկետային զինծառայող էր, դիրքեր հաց էր հասցնում: Ալլան էլ հենց տեղեկանում էր շփման գծում մնացած զոհերի ու վիրավորների մասին՝ շտապում էր օգնության հասնել: «Ասում էի՝ ես այստեղ մեկին օգնեմ, գուցե այնտեղ էլ մեկն իմ երեխուն օգնի»,- հիշում է նա:

Գիտեր որդու բնավորությունը, որ միեւնույն է, ինչ էլ նրան ասի, Սամվելն անելու է իր ուզածը, անելու է այն, ինչ ճիշտ է գտնում, ու իմաստ չուներ խնդրել, որ զգուշավոր լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հենց լսում էի, որ մի տեղ դիակ է մնացել, որը չեն կարողանում հանել, ասում էի՝ ես կգնամ: Մտածում էի՝ գոնե իրենց մայրերը գերեզման կունենան: Ու ամեն գնալուց Աստծուն խնդրում էի, որ Սամոյիս պահի, որովհետեւ այդ պատերազմում սարսափելի բաներ տեսա՝ երիտասարդ զինվորների այրված, մասնատված դիակներ»,- պատմում է Ալլան:

«Այ կտեսնե´ս, ամենալավ տեղն Արցախն է լինելու»

44-օրյա պատերազմի ամենածանր օրերին Ալլան հանդիպում է խնդրել որդու հետ, փորձել է համոզել ու իջեցնել դիրքերից, սակայն Սամվելը չի համաձայնել.

«Ասաց՝ մա´մ, հայաստանցին մեր Մատաղիսի համար կռիվ է անում, ես ո՞նց գնամ: Կա´մ բոլորս միասին ողջ կմնանք, կա´մ միասին կմեռնենք: Պատերազմից հետո ասացի՝ Սամո, ինչ լավ է, որ դու ողջ ես մնացել, պատասխանեց ՝ շատ մի ուրախացի, մյուս կռվին էլ մենք ենք զոհվելու, ղարաբաղցու ճակատագիրն է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որդու խոսքերը հիշելիս Ալլան նորից է հուզվում, մտովի իրեն է մեղադրում՝ անընդհատ խորհելով, որ գուցե ինչ-որ բան կարող էր այնպես անել, որ այսօրվա իրականությունն այլ լիներ: Մտքի անվերջ «եթե»-ներից հետո նորից է հիշում, որ փորձել է որդիներին համոզել արտերկիր մեկնել, այդ հնարավորությունն ունեին, բայց փոխարենը Սամվելից այս պատասխանն էլ լսել. «Այ կտեսնե´ս, ամենալավ տեղն Արցախն է լինելու»:

«Պահեստի եղածը հետներդ բերեցի՞ք»

Մատաղիսի տունը կորցնելուց հետո ընտանիքը երկար ժամանակ վարձով էր բնակվում Մարտակերտում: Շուտով Ալլայի կրտսեր որդին՝ Արսենն էլ է բանակ զորակոչվում, եւ իրենց ամբողջ ընտանիքը շարունակում է ծառայել Արցախի Պաշտպանության բանակում:

«Զինվորներին վարձի գումար չէր հասնում, ես էի միայն ստանում 40 000 դրամ, իսկ վարձը 110 000 էր: Հարցնում էի՝ ինչի զինվորներին չի հասնում, երեխեն որ բանակից 10 օրով գա, որտե՞ղ է քնելու, տուն պետք է ունենա՞, թե չէ՞»,- ասում է Ալլան:

Որոշ ժամանակ վարձով բնակվելուց հետո նախագահի հրամանով ընտանիքը տեղափոխվում է սեփական տուն, որտեղ, սակայն, կահույք բացարձակապես չկար: Բազմիցս դիմել է, խնդրել, որ գոնե երկու մահճակալ տան, տղաները տուն գալիս գետնին չքնեն: 2023-ի օգոստոսին միայն տվեցին մահճակալներ ու սեղան, որն ընդամենը մեկ ամիս օգտագործվեց.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Վերջերս զանգեցի նրան, ում անընդհատ դիմում էի, խնդրում էի, ասացի՝ պահեստների եղածը բերեցի՞ք հետներդ ... գիտե՞ս, որ երկու տղաներս էլ զոհվել են, երկու մահճակալ էի խնդրում, չէիք տալիս, բա բերեիք ձեզ հետ այդ ամբողջը»:

«Ոտքով գնաց, որ մեռնի»

Ալլայի խոսքով՝ պայմանագրային զինծառայողի աշխատանքը շատ երիտասարդների է գրավել: Արցախում այլ աշխատանքի հնարավորությունները սակավ էին, իսկ բանակում լավ էին վարձատրում: Շուտով Արսենը եւս պայմանագրային զինծառայող դառնալու ցանկություն հայտնեց:

«Արսենս շատ տաքարյուն էր, կռվարար: Մտածում էի, որ եթե պայմանագրային դառնա, իրեն մի փորձանքի մեջ կգցի, ամեն կերպ փորձում էի ձգձգել: Երբ Արսենի հրամանը եկավ, մյուս ամիս կռիվը սկսվեց»,- հիշում է Ալլան:

2024 թվականի սեպտեմբերի 19-ից օրեր առաջ Սամվելն արդեն երկար ժամանակ է, ինչ դիրքերում էր, պետք է իջներ, սակայն փոխարինող չկար: Արսենն էլ նոր էր իջել դիրքերից, բայց սեպտեմբերի 15-ին զանգեցին, ասացին, որ «համար մեկ» է, պետք է գնա:

«Մեքենա չկար, վառելիք չկար, ոտքով Մարտակերտից մոտ 20 կմ բարձրացել է դեպի դիրքեր: Ասում եմ՝ ուր ես ոտքով գնում, ասա՝ թող մեքենա ուղարկեն, տանեն քեզ: Ձեռքին էլ ծանր իրեր կային, հետը կարտոֆիլ էի դրել, որ գոնե սկզբի մի քանի օրն ուտելու բան ունենային ... ոտքով գնաց, որ մեռնի»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալլան գիտեր, որ դրությունը լարված է, իսկ վերջին պահին տեղեկանում է նաեւ, որ Արսենին տեղափոխել են թշնամու կողմից բացահայտ դիտարկվող դիրքերից մեկը, որի մասին բոլորն ասում էին՝ այդ դիրքից փրկվող չի լինելու:

«Ես ձեզնից ո՞ղջ եմ ուզում իմ երեխուն, որ չեք տալիս»

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Սամվելին ընկերներն են իջեցնում դիրքերից, իսկ սեպտեմբերի 23-ին Ալլային ասում են, որ Արսենն էլ է զոհվել: Այս մասին պատմելիս Ալլան նորից հուզվում է ու մտածում, որ եթե կարողանար մինչեւ դեպքը Արսենի հետ խոսել, գուցե խնդրեր, որ դուրս գար այդտեղից, որովհետեւ անհնար էր այդ դիրքում ողջ մնալ: Նրա խոսքով՝ «պոստի կանգնած» երեք զինծառայողներն էլ զոհվել են, երբ թուրքն արդեն մտել էր խրամատ, իսկ մյուսները, որ պետք է դիտարկեին ու դիրքապահներին զեկուցեին՝ նրանց լքելով արդեն փախուստի էին դիմել:

Սամվելի դիակը սեպտեմբերի 25-ին սառնարանով ուղարկում են Երեւան, իսկ 27-ին Ալլային հայտնում են, որ Արսենի դին վերջապես դուրս են բերել թշնամու վերահսկողության գոտուց: Այն եւս տեղափոխում են Երեւան:

«Եկանք այստեղ, պարզվեց՝ կորցրել են դիակը: Մի շաբաթ մորգից մորգ ման էի գալիս՝ չկար: Ասում էի՝ ես ձեզանից ո՞ղջ եմ ուզում, որ չեք տալիս, մեռած երեխուս տվեք էլի»:

Ալլայի եղբայրը չէր ուզում, որ նա տեսնի դին, սակայն դա անհրաժեշտ էր որդու մարմինը գտնելու համար: «Քննիչը սկսեց նկարներ ցույց տալ, որ Արսենին ճանաչեմ: Նկարները թերթում էր, հետո Արսենի շապիկը տեսա, նայում եմ՝ շապիկն Արսենինն է, բայց գլուխն ու՞ր է ... ու քննիչը արագ թերթեց նկարը»:

Ի վերջո, Ավանի դիահերձարանում են գտնում Արսենի մարմինը. «Հինգ դիակ դրել էին այնտեղ ու մոռացել: Եթե ես Արսենին այդքան չփնտրեի, մյուս ծնողներն էլ իրենց երեխեքի դիակները չէին գտնելու»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տղաների հուղարկավորությունը մեկ օր հետաձգվել է, որովհետեւ նրանց ընկերների նախընտրած եկեղեցում կնունք կար, ինչը պարզվեց՝ անհետաձգելի էր: Ալլայի խոսքով՝ հուղարկավորության օրն էլ կնունք կար, ուստի որդիների դիակները նախատեսվածից քիչ մնացին եկեղեցում: Տղաներին հուղարկավորեցին հոկտեմբերի 9-ին Եռաբլուրում:

«Երեւի գնաց, որ եղբորը պահի»

Երբ Սամվելի մարտական ընկերները եկել են Ալլային տեսնելու, պատմել են, որ թեեւ Սամվելն իրենցից ամենափոքրն էր, բայց եւ ամենաճարպիկն էր: Երբ որ Արսենի մասին գույժը լսել է, իրեն կորցրել է՝ այստեղից այնտեղ է վազել, գոռացել, չգիտեր՝ ինչ աներ:

«Ես հիմա մտովի Սամվելի հետ կռիվ եմ անում, որ ինքը Արսենի խաբարը լսելուց հետո չմտածեց՝ ախպերս էլ չկա, ես իջնեմ դիրքերից, որ մամաս մենակ չմնա: Բայց տարիներ շարունակ ես եմ իրեն ասել, որ Արսենին միշտ ուշադիր լինի, որ մի փորձանք գլխին չբերի: Երեւի այդպես  էլ մտածել է՝ գնամ եղբորս հետեւից, իրեն այնտեղ էլ պահեմ»,- ասում է Ալլան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա համար անընկալելի է, որ մինչ օրս որդիների հրամանատարությունից կամ Արցախի կառավարությունից ոչ ոք չի եկել նրան տեսնելու՝ ո´չ տղաների հուղարկավորությանն են եղել, ո´չ քառասունքին: «Ախր եզակի դեպք է, որ մի ընտանիքից երկու եղբայր զոհվել են»,- ասում է Ալլան:

«Շատ զինվորներ սոված զոհվեցին»

Շրջափակման օրերը շատ ծանր էին ընտանիքի համար: Ալլան հիշում է, որ երբ կարողանում էր հաց ձեռք բերել, կտրատում, դնում էր սառցախցիկը, որ երբ որ որդիները գան, տանն ուտելու բան լինի:

«Լինում էր, որ սոված էի լինում, բայց ձեռք չէի տալիս, ասում էի՝ թող մնա երեխեքի համար: Սնունդը դժվար էինք ճարում, շատ թանկ էր, ծանոթ-բարեկամով էր»,-հիշում է Ալլան:

Սեպտեմբերյան իրադարձություններին նախորդող օրերին Սամվելը մորից ուտելու բան է խնդրել, հարցրել է՝ 13 հոգու համար կհերիքի՞: Ինչ-որ տանը կար, ինչ-որ խնամքով պահել էր, ամբողջն Ալլան հավաքել է ու դիրքեր ուղարկել: Ասում է՝ զինվորների մեծ մասը սոված է զոհվել:

«Ո´չ բնակչությանն էին նայում, ո´չ բանակին: Երբ կռիվը սկսվեց, պահեստները բացեցին, անձամբ եմ տեսել՝ տոննաններով շաքարավազ կար, բայց պոստերին չէին տալիս: Գոնե Մռավ սարի բարձունքում պոստի կանգնածը քաղցր թեյ չկարողանա՞ր խմել ... Ի՞նչ ասեմ է իրենց»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալլան այժմ իր օրվա մեծ մասը Եռաբլուրում է անցկացնում՝ որդիների կողքին: Խորհուրդ են տալիս հոգեբանի դիմել, փորձել աշխատել, որ կարողանա հաղթահարել ցավը, սակայն նա հիմա չի հավատում, որ որեւէ բան կարող է բուժել իր վերքը:

«Ուզում եմ նորից ծառայության անցնել, 18 տարի բանակում լինելուց հետո ինձ այլ տեղ չեմ պատկերացնում, սակայն հիմա համազգեստ հագնել չեմ կարող, ինձ համար ծանր է անգամ այդ համազգեստին նայելը ... թեեւ նախկինում այնքա˜ն էի սիրում: Փորձեցի դիմել խնդրանքով, որ անցնեմ ծառայության, սակայն գոնե մեկ տարի համազգեստ չկրեմ, ինձ չհասկացան, ասացին՝ հնարավոր չէ»,- պատմում է նա:

Ալլա Ստեփանյանն Արցախից դուրս է եկել կրտսեր որդու դիակը Երեւան ճանապարհելու հենց հաջորդ օրը: Ասում է՝ բացի որդիների դիակներից ուրիշ ոչինչ չի բերել իր հետ: Հիմա քրոջ ընտանիքի հետ վարձով է բնակվում: Չնայած բազում սոցիալական դժվարություններին՝ որպես զոհվածի ծնող աջակցության գումարի մասին անգամ չի ուզում մտածել, չի կարող դրանով ապագա կառուցել. «Դա փող չէ, դա որդիներիս արյունն է»:

Գայանե Ենոքյան
 
Լուսանկարները՝ հեղինակի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին