«Այստեղ լինելն օրհնություն է ինձ համար». Պորտլենդից՝ Տավուշի անտառներ - Mediamax.am

exclusive
1703 դիտում

«Այստեղ լինելն օրհնություն է ինձ համար». Պորտլենդից՝ Տավուշի անտառներ


Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


«Մոլորվածի փողոց, տուն N... » ,-Սամուելը ժպտում է,  իսկ ես փորձում եմ ամեն գնով մտաբերել անտառում թաքնված տան ճանապարհը:

ԱՄՆ-ից Տավուշ տեղափոխված Սեմերջյաններին առաջին անգամ  հյուրըկալվել եմ շուրջ երկու տարի առաջ, երբ տան շինարարությունը սկզբնական փուլում էր:

«Մոլորվածի» փողոցն ավարտվում է անմիջապես երկհարկանի շինության բակում: Մինչ փորձում եմ ուսումնասիրել տեղանքը, մեզ մոտեցած շունը փաթաթվում է ոտքերիս:

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


«Հազվադեպ է մարդ տեսնում, տեսած ժամանակ էլ չգիտի՝ իրեն ոնց պահի»,-ասում է Սամուելն ու սաստում շանը:

Տան շինարարությունը գրեթե ավարտական փուլում է: Ներսում ամեն ինչ չափազանց պարզ է. երեք կողմից դռներ, խոշոր լուսամուտներ, փայտե  հնաոճ կահույք, պարզ խոհանոցային սպասք... 

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


«Պահարանը Սամոն է նվիրել, ժամացույցը՝  ընկերս...,- Սամուելը մատնացույց է անում տան իրերն ու շարունակում,- սիրում եմ հարմարավետություն. կահույքը պիտի այնպիսին լինի, որ չվախենաս ձեռք տալ»:

Հին, չօգտագործվող իրերն այստեղ նոր շնչառություն են ստացել: Երկրորդ հարկ տանող աստիճանների բազրիքները հին մաքոքներից են, մուտքի դռան վերեւի լամպը ամրացված է պատին չօգտագործվող մսաղացի միջոցով: Խոհանոցի կահույքը պատրաստել են առանց պահարանների ու դռների: Իսկ գազօջախը միացնելու եւ կարգավորելու համար օգտագործել են տասը դրամանոց մետաղադրամներ:

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


«Այս տեղանքի անասնապահները հաճախ են գալիս այստեղ՝ սուրճ խմելու»,-ասում է Սամուելն ու սրճեփը դնում գազօջախին:

Ավելի քան չորս տասնամյակ Սեմերջյաններն ապրել են ԱՄՆ-ում:

«Հորս պապն Էրզրումից էր՝ Այնթապի գավառակից: Ցեղասպանության ժամանակ  նրանց ընտանիքը ջարդերից մազապուրծ՝ հասել է Հալեպ: Հետո պապիս հայրը  տուն վերադառնալու մի քանի փորձ է ձեռնարկել: Ցավոք, նրա տասը զավակներից մեկին ջարդերի ժամանակ սպանել են, ինչից հետո այլեւս չի փորձել վերադառնալ, եւ ընտանիքը վերջնականապես  հաստատվել է Սիրիայում: Մորս ընտանիքն ապրել է Քեսաբում: 1946 թվականին նրանք հայրենադարձվել են: Մորս ընտանիքը բնակություն է հաստատել Երեւանում, հորս ընտանիքը՝ Դիլիջանում եւ միայն 1952 թ.-ին են տեղափոխվել մայրաքաղաք: Պապիս մայրը ամփոփված է Դիլիջանում: Երկու տարի առաջ գտել եմ նրա գերեզմանը»,- ընտանիքի պատմությունն է ներկայացնում Սամուելը:

Ծնողներն ամուսնացել են Երեւանում: Ինքը 17 տարեկան էր, դպրոցի ավարտական դասարանում, երբ ԱՄՆ տեղափոխվելու որոշում կայացրին:

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


Սկզբնական շրջանում հաստատվեցին Նյու Յորքում. «Կարճ ժամանակ անց տեղափոխվեցինք Լոս Անջելես, որը երբեք չեմ սիրել. շատ խճողված վայր է ինձ համար: 1983 թվականին վերադարձա Երեւան: Էլեոնորային ճանաչում էի մանկուց. միասին էինք դպրոց գնացել: Հանդիպեցինք, ընտանիք կազմեցինք: Ես վերադարձա Լոս Անջելես, իսկ Էլեոնորան որոշ ժամանակ անց միացավ ինձ: 1985 թվականին ծնվեց մեր առաջնեկը: Միշտ անհանգիստ բնավորություն եմ ունեցել: Լոս Անջելեսում չէի կարողանում հարմարվել, իսկապես, դժվար էր այդպես ապրել, թեպետ բոլոր հարազատներս այնտեղ էին: Մի օր թողեցի իմ մեծ ընտանիքը, կնոջս ու որդուս հետ ուղեւորվեցի դեպի հյուսիս: Պորտլենդի կենտրոնում բնակարան վարձակալեցի եւ հաստատվեցինք այնտեղ: Հայաստանից գնացած առաջին հայն էի: Ոչ ոքի չէի ճանաչում»:

Հարազատները վստահ էին, որ ամենաուշը մեկ ամսից կվերադառնան Լոս Անջելես, բայց Սամուելի ընտանիքը մշտական բնակություն հաստատեց Պորտլենդում: 1988 թվականն էր:

«Բազմաթիվ զբաղմունքներ եմ ունեցել այնտեղ,- շարունակում է զրուցակիցս,- շուրջ երեք տասնամյակ եղել եմ Պորտլենդի Nike ընկերության հաշվիչ մեքենաների կենտրոնի պատասխանատուն: Շաբաթվա երեք օրն աշխատում էի, մնացած օրերին զբաղվում շինարարությամբ: Նաեւ ռեստորան ունենք այնտեղ, ֆերմա... Ամերիկան ինձ համար դպրոց է եղել՝ սովորելու, տարբեր աշխատանքներ փորձարկելու հնարավորություն»: 

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


Այդ տարիների ընթացքում հայրենիքի հետ կապը երբեք չի խաթարվել: Ասում է՝ վերադառնալու ցանկություն միշտ եղել է. «Ուզում էի գալ Հայաստան, սակայն որպես հայր՝ ունեի որոշակի պարտավորություններ, որոնք ինձ թույլ չէին տա լինել զավակներիցս հեռու: Նահանգներում կյանքը բավականին դժվար է, եւ պետք է երեխաներիս մոտ լինեի, մինչեւ ուսում ստանան եւ գտնեն իրենց կյանքի ճանապարհը: Երբ կրտսեր դուստրս ավարտեց ուսումը, կնոջս հետ վերադարձանք Հայաստան»:

Ի սկզբանե որոշել էին բնակություն հաստատել Դիլիջանում, քանի որ Սամուելի հոր  ընտանիքն ինչ-որ ժամանակահատված ապրել է այնտեղ: 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո փոխեցին որոշումը:

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


«Բերդի բնությունն ինձ միանգամից հարազատ թվաց: Օրեգոն նահանգում, որտեղ ապրում էինք, նույնպես ամենուր անտառներ են: Տարբերությունն այն է, որ այնտեղ կտեսնեք միայն հսկա, փարթամ ծառեր: Այստեղ էլ պատմության մեջ ինչ-որ ժամանակ երեւի հսկա ծառեր են եղել: Երբ Տավուշի սահմաններում հուլիսյան մարտական գործողությունները եղան, հստակ որոշեցի՝ ապրելու եմ սահմանին մոտ: Այդպես ճիշտ է: Այս հողակտորն արդեն տեսել էի, անմիջապես զանգահարեցի ընկերոջս, որպեսզի հետաքրքրվի գնման հարցերով»:

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


Ի թիվս այլ աշխատանքների՝ Սամուելը Պորտլենդում շուրջ երեք տասնամյակ զբաղվել է նաեւ մեղվաբուծությամբ: Տան շինարարությունն ավարտելուց հետո  ուսումնասիրում է տեղի մեղվաբուծության առանձնահատկությունները: Միայն թե զարմացած է մեղուների բնավորության տարբերություններից. «Այստեղ մեղուները զարմանալիորեն ագրեսիվ են:  Սպանում են իրար: Ես ապշած եմ: Այնտեղ հանգիստ են, չեն հարձակվում իրար վրա: Նկատել եմ, որ այստեղ ավելի շատ են կերակրում մեղուներին: Փորձում եմ հասկանալ՝ այսքան ծաղիկների մեջ ինչու է այդքան շատ կերակրելու անհրաժեշտություն առաջանում: Մտադիր եմ մի քանի փեթակ Մուրղուզ (Միափորի լեռնաշղթա-հեղ.) տեղափոխել, տեսնեմ, թե  ինչ կստացվի»: 

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


Զրուցակիցս ավելի շատ մտահոգված է անտառների առողջացման եւ պահպանության խնդիրներով. «Չես կարող ապրել ներդաշնակության մեջ, երբ շրջապատդ կարգի բերելու անհրաժեշտություն կա: Պետք է որոշակի քայլեր ձեռնարկել՝ անտառն առողջացնելու ուղղությամբ: Տարիներ առաջ հատել են ծառերը, հիմա անտառը փորձում է շնչել, բայց չի ստացվում... Ես  բավականին ծանոթ եմ անտառի խնդիրներին, քանի որ ԱՄՆ-ում զբաղվել եմ նաեւ այդ աշխատանքով: Մի քանի բնապահպանական կազմակերպությունների հետ կապ եմ հաստատել, տարբեր գաղափարներ ունեմ: Սպասում եմ նրանց արձագանքին: Վստահ եմ նաեւ, որ մարդկանց իրազեկվածության աստիճանը բարձրացնելու առումով եւս դեռ աշխատանք կա անելու: Հուսով եմ՝ իմ փնտրտուքները որեւէ արդյունք կտան»:

Զրույցի ընթացքում մոտենում եմ ծորակին, որ լվանամ մեր սուրճի բաժակները:

Լուսանկարը` Հասմիկ Գյոզալյան


«ԱՄՆ-ում ոչ ոք չէր անի նման բան, - նկատում է զրուցակիցս ու շարունակում,- Նահանգները չեմ կարոտում. ինձ համար այնտեղ ձանձրալի է, իսկ ձանձրանալ չեմ սիրում: Զավակներիս շատ եմ կարոտում: Կինս ժամանակավորապես է մեկնել ԱՄՆ, քանի որ ծնվել է մեր երկրորդ թոռը: Ինձ այստեղ հաճախ են ասում՝ եթե անես այս կամ այն աշխատանքը, գումար կաշխատես: Եթե ցանկանայի գումար վաստակել, կմնայի Նահանգներում: Այստեղ այդ նպատակով  չեմ եկել: Բայց կարող եմ տարբեր հարցերում խորհուրդ տալ, աջակցել: Բաց եմ բոլորի համար, եւ եթե կարողանամ, հաճույքով կօգնեմ: Երբ նոր էի եկել, ինձ ասում էին՝ բոլոը ԱՄՆ են գնում, դու եկել ես այստեղ: Իրականում ես չեմ համարում, որ ինչ-որ առանձնահատուկ բան եմ արել: Մտածում եմ, որ անգամ արժանի չեմ այս ամենին: Սա չնաշխարհիկ վայր է, եւ ես վստահ  եմ, որ այստեղ լինելն օրհնություն է ինձ համար: Կմնամ, կապրեմ այստեղ այնքան, ինչքան Աստված կկամենա»:

Հասմիկ Գյոզալյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին