Շարունակելով ապրել. արցախցի Տիգրանի ու Մարիամի հարսանիքը Չինարիում - Mediamax.am

exclusive
3201 դիտում

Շարունակելով ապրել. արցախցի Տիգրանի ու Մարիամի հարսանիքը Չինարիում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Չինարին իմ երկրորդ Արցախն է: Իհարկե, առաջինը լինել չի կարող, բայց...  փորձելու եմ գոնե ապրել այնպես, ինչպես իմ ծննդավայրում, սեփական ուժերով  նորից ստեղծել այն, ինչ ունեցել եմ Արցախում»,- ասում  է 44-օրյա պատերազմի մասնակից, հադրութեցի Տիգրանը:

Պատերազմ, հարազատ տան ու գյուղի կորուստ, շրջափակվում: Չափազանց ծանր այս շղթան հաղթահարելով՝  Տիգրանը  վճռել է.. շարունակելու է  ապրել: Նա  կառուցելու է իր նոր տունը հայրենիքի այս անկյունում՝ արդեն Մարիամի հետ:

Հարսանիքը Չինարիում ու հատկապես պսակադրությունը՝ անմիջապես սահմանագլխին գտնվող Խորանաշատ վանական համալիրում, կարեւոր խորհուրդ ունեն Մարիամի ու Տիգրանի համար: Հավատում են՝ միասին հաղթահարելու են բոլոր դժվարությունները:

Կյանքը՝ պատերազմից առաջ եւ հետո

Տիգրանը ծնվել է Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Ստեփանակերտ՝ սովորելու պետական բժշկական քոլեջում: Ուսումն անավարտ թողնելով՝ մեկնել է ժամկետային զինվորական ծառայության, իսկ ծառայությունից հետո կրկին համալրել Պաշտպանության բանակի շարքերը՝  արդեն որպես պայմանագրային զինծառայող:

Մարիամի  ծնողները Տավուշից են: Ինքը ծնվել է Բյուրեղավանում, մայրաքաղաքում ստացել բուժքրոջ մասնագիտություն:

«Երբ սկսվեց  պատերազմը, աշխատում էի որպես բուժքույր: Նաեւ ավագ սերժանտ եմ: Պատրաստվում էի կամավորագրվել եւ որպես բուժքույր մեկնել Արցախ. եղբայրներս Արցախում էին, ես էլ պետք է այնտեղ լինեի: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, չգնացի, ու, ցավոք, չկարողացա գնալ նաեւ պատերազմից հետո»,- պատմում է Մարիամը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմի սարսափի, կորուստների մասին Տիգրանը չի խոսում: Երկար լռում է, հետո հազիվ լսելի ձայնով ասում.

«Հադրութի  մասին եք հարցնում... իսկ ես մինչեւ հիմա չեմ հավատում այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Ես չեմ հաշտվում կորստի հետ: Շատ բան չեմ կարող ասել, բայց  հավատում եմ, որ մի օր ինչ-որ բան փոխվելու է: Հավատում եմ, որ սա վերջը չէ»:

44-օրյա պատերազմից հետո Տիգրանը տեղափոխվել է Ստեփանակերտ, որոշակի դադարներով շարունակել ծառայությունը: Առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեկնել է Երեւան՝ վիրահատվելու: Հաջորդ օրը սկսվել է Արցախի լիակատար շրջափակումը:

Սերը. անտեսելով հեռավորությունը

Իսկ սերը «ծնվել է»՝ անտեսելով  Ստեփանակերտ-Բյուրեղավան հեռավորությունը:  Տիգրանը պատահաբար տեսել է Մարիամի լուսանկարը ինստագրամում, բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է աղջկա օգտահաշիվը:

«Լուսանկար ունեմ հորեղբորս տղայի հետ, որը ծառայել է Արցախում (ավելի ուշ պարզվեց, որ ժամանակին Տիգրանի հետ նույն դիրքում մարտական հերթապահություն են իրականացրել): Մի օր՝ վաղ առավոտյան, նամակ ստացա:  Զիվորական համազգեստով ինձ անծանոթ երիտասարդը հարցնում էր՝ արդյո՞ք Եղիշեն եղբայրս է: Անկեղծ ասած՝ բավականին ուշ ու դժկամությամբ պատասխանեցի: Ասաց, որ եղբորս ծառայակից ընկերն է եղել եւ նրա հեռախոսահամարը խնդրեց: Շատ սառը պատասխանեցի, որ չեմ կարող հեռախոսհամարը փոխանցել: Բավականին լարված խոսակցություն ստացվեց: Այնուհետեւ եղբորս հարցնելուց հետո հեռախոսահամարը գրեցի՝ հույս ունենալով, որ դա վերջին նամակագրությունն է: Բայց վերջինը չէր... Տիգրանը գրում էր տարբեր առիթներով, ու մեր կապը շարունակվեց՝ որպես ընկերներ: Մի օր ասաց, որ սիրահարվել է եւ ինձ խնդրեց օգնել իրեն, որ յուրօրինակ ձեւով սեր խոստովանի  «այդ աղջկան»: Այդ պահին զգացի, որ ինձ համար այդքան էլ հաճելի չէր Տիգրանի սիրահարված լինելու փաստը (ժպտում է...): Հետո ինձ համար էլ շատ անսպասելի ասաց, որ ինձ է սիրում: Մեկ ամիս անց եկավ՝ ծնողներիս հետ ծանոթանալու: Հանդիպեցինք նաեւ ծննդյանս օրը: Հետո շատ էի կարոտում ու անընդհատ: Զինվորական համազգեստով մարդ տեսնելիս՝ ինձ թվում էր՝ Տիգրանն է: Ուզում էի գնալ Արցախ:  Շատ դժվար օրեր ենք ապրել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրանը հնարավորինս համառոտ է ներկայացնում սիրո պատմությունը՝ տեսա, հավանեցի, արդյունքը տեսնում եք:

«Չինարին իմ երկրորդ Արցախն է... »

Բերդ համայնքի Չինարի բնակավայրում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 11 ընտանիք՝ հիմնականում բազմանդամ:

Արցախցի Տիգրանի եւ Մարիամի նորաստեղծ ընտանիքը համալրեց այդ շարքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ շատ հարազատ մի ընտանիք սեպտեմբերյան իրադարձություններից հետո տեղափոխվեց Չինարի: Եղբայրս նույնպես եկել էր գյուղ, որ սկզբնական շրջանում օգներ նրանց տեղավորվել: Այնուհետեւ միացա նրանց ու ճանաչեցի Չինարին եւ չինարեցիներին: Իմ ու Մարիամի համատեղ որոշումն է եղել պսակադրվել Խորանաշատում, հարսանյաց հանդեսը կազմակերպել Չինարիում եւ մնալ այստեղ՝ շարունակելով ապրել՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների»,- ասում է Տիգրանը:

Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարները՝ Աննա Մելյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին