Երեւանում հունվարի ամենաձնառատ օրն է. խցանումներ, խաթարված երթեւեկություն, անհարմարություններ։ Նկարչուհի Կարիշոկ (Կարինե) Դուլյանը քաղցրավենիքը, գինու հյուրասիրությունը պատրաստել, բայց կասկածում է, որ այս եղանակին հյուրերը կգան։
Գերմանացի ճարտարապետ Ուդո Դագենբախը Կարինեին գումար է փոխանցել, որ բռնի տեղահանված 10 արցախցիների իր նկարներից նվիրի, որ թեկուզ իրենց ժամանակավոր կացարանում նրանք տան շունչ, ջերմություն, հարազատություն զգան։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շուտով Կարինեի տուն-արվեստանոցը լցվում է Արցախի բարբառով։ Տարբեր տարիքի կանայք են գալիս։ Պարզվում է՝ շատերը ծանոթ են, հետաքրքրվում են՝ ով ինչպես է տեղավորվել, ինչով է զբաղվում։ Էլինան Արցախից հող ու չորացրած ուրց է նվեր բերել Կարինեին։
Հյուրերը շրջում են սենյակներով, նայում նկարները։ Ոմանք Կարինեի արվեստին արդեն ծանոթ են ցուցահանդես-վաճառքից, որը նկարչուհին կազմակերպել էր արցախցիներին աջակցելու նպատակով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո գերմանացի ճարտարապետ Ուդոն է միանում տեսազանգով։ Ասում է՝ շատ ուրախ է, որ կարող են արվեստի միջոցով օգնել մարդկանց։
«Ճանաչելով Կարիշոկ Դուլյանին՝ շատ տաղանդավոր նկարչուհուն, ես մտածեցի, որ սա լավ առիթ է՝ հնարավորություն տալ տները կորցրած մարդկանց նկարներ ընտրել իրենց նոր բնակարանի համար։ Արվեստը լավ միջոց է դժվար իրավիճակում վիրավոր հոգուն օգնելու համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գաղափարից իրականացում 10 օր տեւեց։ Ես փոխանցեցի 500 եվրո, իսկ Կարիշոկն արագ կազմակերպեց այս միջոցառումը։ Շատ բան պետք չէ հանգստություն փնտրող մարդկանց «հոգու սնունդ» տալու համար։ Այնպես որ, մի քաշվեք, կրկնեք եւ զարգացրեք այս գաղափարը»,- հանդիպումից հետո ֆեյսբուքի իր ընկերներին էր դիմել Ուդո Դագենբախը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարինեն հյուրերին առաջարկում է ընտրել նկարները։ Մեկը քաղաքային տեսարան է ընտրում, մյուսը՝ արմավենիներ։
«Ես սա եմ ուզում, որովհետեւ հիշեցնում է Արցախի գյուղերի տները»,-ասում է կանանցից մեկը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Աստված տա, շուտով վերադառնանք Արցախ ու էնտեղ կախենք այս նկարները։ Իսկ առայժմ այստեղի մեր տներում կփակցնենք»,- ասում է Նունե Առաքելյանը։
Էռնա Մկրտչյանն Արցախի նկարիչների միության անդամ է, 26 տարի դասավանդել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։
Երեւան տեղափոխվելուց հետո դեռ աշխատանք չի գտել, բայց մի քանի մոլբերտ, նկարչական պարագաներ է գնել, որ Ստեփանակերտի իր ուսանողներին ընդունելության քննությունների պատրաստի։ Ամեն տարի նրա աշակերտներից մի քանիսը Ճարտարապետության եւ շինարարության համալսարան, Գեղարվեստի ակադեմիա են ընդունվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Տանը ես իմ նկարներն ունեի։ Հիմա էստեղ էս նկարչական միջավայրը, արվեստանոցն ինձ հիշեցրեց իմ սեփականը, իմ նկարները, որ թողել, եկել եմ։ Դեռ չենք հարմարվել, հոգեբանական էս կոտրված վիճակում մի քիչ դժվար է նկարելը։ Բայց երբ մտա Կարինեի արվեստանոց, նորից ցանկություն առաջացավ վրձին վերցնելու։ Կարծում եմ՝ սա նորից նկարելու ազդակ կլինի։ Իսկ Կարինեի նվերն առաջին նկարն է, որ պիտի կախեմ մեր վարձով բնակարանի պատից։ Այդ փոքրիկ նկարի հետ մեծ ջերմություն է փոխանցվում մեզ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հասմիկ Առուշանյանը՝ Արցախի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի նախկին դասախոսը, Արցախը լքած վերջին բնակիչներից է։ Հիշողության մեջ սեպտեմբերի 30-ի Ստեփանակերտն է. քաղաքը հսկում էին ադրբեջանցի ոստիկանները, փողոցում անտեր մնացած ցեղական շներ էին։ Հետո հիշում է, թե Գորիսում ինչ հոգատարությամբ ու համբերատար ընդունեցին իրենց՝ դատարկված, ամեն ինչ կորցրած մարդկանց։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում է՝ նաեւ զարմացավ ու շատ ուրախացավ, երբ Կարինե Դուլյանը հրավիրեց իր արվեստանոց։
«Ես այնքան ցնցված էի․ մի՞թե մեկը մտածել է մեր հոգեւոր կարիքների մասին, ինչ լավ է, ինչ լավ։ Չեմ ուզում սնունդ, գումար, ուզում եմ նայել այս նկարին ու հիշել այս օրը, այստեղ ինձ հանդիպած մարդկանց, զգալ, թե ինչպես է ինձ աջակցում իմ Հայաստանը, ինչպես է ինձ ոգեշնչում, օգնում ապրել։ Սա ինձ կօգնի հաղթահարել այն թախիծը, որ կրծում է մեր սիրտը։ Շնորհակալ եմ բոլորին, որ ուշադրություն են դարձրել, որ հասկացել են՝ մեզ պետք է հոգեւոր մի բան, միայն հացով չի ապրի մարդ, մենք սրա կարիքն էլ ունենք»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարիշոկ Դուլյանն ասում է, որ «Soul Art» (Հոգու արվեստ) նախաձեռնությունը բարության ուժի վկայությունն է, թե ինչպես առատաձեռնության մեկ արարքը կարող է նշանակալից ազդեցություն ունենալ ուրիշների կյանքի վրա։ Սա նաեւ վկայություն է այն բանի, որ արվեստը կարող է բուժել։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Իմ կյանքում էլ դժվար շրջան է, անընդհատ ծանր մտքեր, եւ մեկ էլ՝ Ուդոյից էսպիսի մի առաջարկ եմ ստանում։ Սա խթան դարձավ, որ մի քիչ շեղվեմ մի խնդիրներից, ուզենամ ինչ-որ բան անել, վազվզել։ Ու բացի այդ, երբ տեսնում ես, որ մարդիկ ուրախ են, գոհ են, շնորհակալ են, դա միանգամից լցնում է քեզ լավ էներգիայով։ Հիմա եմ սկսել հասկանալ, թե օգնելն ինչքան առողջարար է. անում ես ինչ-որ լավ բան ու այնքան դրական հույզեր ես ստանում, որ ուզում ես ապրել։ Ինչքան էդպիսի բաների վրա ժամանակ ու էներգիա ես ծախսում, տասնապատիկ ավելի վերադառնում է քեզ»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: