20 տարի Արցախում ապրած Վլադիմիր Գոլովչենկոյի սիրո եւ կյանքի պատմությունը - Mediamax.am

exclusive
2901 դիտում

20 տարի Արցախում ապրած Վլադիմիր Գոլովչենկոյի սիրո եւ կյանքի պատմությունը


Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Վլադիմիր Գոլովչենկոն
Վլադիմիր Գոլովչենկոն

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Աշխատավայրում հաճախ են կատակում․մենք էլ արցախցի գործընկեր ունենք, բայց մերն ուրիշ է՝ եւ՛ արցախցի է, եւ՛ ուկրաինացի։ Վլադիմիր Գոլովչենկոն համարյա 20 տարի ապրել է Ստեփանակերտում։ Այստեղ է անցել նրա կյանքի ամենագեղեցիկ շրջաններից մեկը՝ ամուսնություն, երեխաներ, սիրելի աշխատանք։ Հիմա դժվար է․ Երեւանում աշխատանք գտել է, ընտանիքով դարձյալ միասին են, բայց հոգեհարազատ Ստեփանակերտը «չկա»։

Վիրտուալ շփումից՝ իրական ընտանիք

Ուկրաինացի Վլադիմիրն ու արցախցի Իրինան դժվար թե իրար ճանաչեին, սիրեին ու ամուսնանային, եթե չլիներ համացանցը։ Այդ տարիներին Վլադիմիրն արտերկրում էր ապրում, եւ հատկապես աշխատանքային ծանր օրվանից հետո մարդկային շփումը շատ կարեւոր էր։ «Իրիսկա» ծածկանունով օգտատիրոջ հետ ծանոթության օրը հիմա էլ հստակ հիշում է՝ 2001 թվականի փետրվարի 12-ը:  

«Մեր շփումից մի քանի ամիս անց նա տվեց իր հեռախոսահամարը։ Այդ ժամանակ  «Ղարաբաղ Տելեկոմը» նոր էր սկսել գործել, Իրինան էլ այդտեղ սովորակական աշխատակից էր։ Ես ընկերության էլփոստին նամակ գրեցի եւ շնորհակալություն հայտնեցի, որ իրենք աշխատում են ու իմ սիրած աղջկա հետ կապի հնարավորություն են տալիս»,- պատմում է Վլադիմիրը։

Վլադիմիր Գոլովչենկոն Վլադիմիր Գոլովչենկոն

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Ծանոթությունից մոտ երկուսուկես տարի անց նա որոշում է տոմս գնել եւ գալ Երեւան։ Դեպի Հայաստան ճամփորդությունը հետաքրքիր դրվագով է սկսվում․«Օդանավակայանում նախ փաստաթղթերի խնդիր ունեցա, հետո ուղեբեռի, արդյունքում չէի հասցրել գրանցվել։ Ինքնաթիռը պիտի թռչեր, վերջին պահին ուղեւորներից մեկը վատ զգաց, իջեցրին՝ տեղափոխեն հիվանդանոց, ես կարողացա մեկնել։ «Զվարթնոցում» ապագա կինս ու քենիս դիմավորեցին ինչպես կարգն է՝ ծաղիկներով»,- հիշում է զրուցակիցս։

Նորաստեղծ ընտանիքը մի քանի ամիս ապրեց Երեւանում, հետո տեղափոխվեց Ստեփանակերտ։ Դա արդեն 2004-ի ապրիլն էր։ Սկզբնական շրջանում Վլադիմիրի համար դժվար էր աշխատանք գտնելը․հայերենը հեշտ լեզու չէ։ Խոսել այդպես էլ չսովորեց, բայց հասկանալ ու աշխատանք ունենալ հաջողվեց։ Մինչեւ 2020 թվականի պատերազմը հասարակական կազմակերպություններից մեկի ՏՏ մասնագետն էր։ Դրան զուգահեռ՝ ընկերոջ հետո փոքր ստուդիա էին հիմնել, հարսանիքների, «վերջին զանգերի» եւ այլ հանդիսությունների նկարահանում եւ մոնտաժ էին անում։

«2005 թվականին ծնվեց որդիս, նրան եւս անվանեցինք Վլադիմիր, բայց ի պատիվ մորական պապիկի։ 2009 թվականին ծնվեց մեծ աղջիկս՝ Նատալին․կինս դերասանուհի Նատալի Պորտմանի երկրպագուհին էր։ 2017 լույս աշխարհ եկավ Թամարան, նրան էլ տատիկի անունը տվեցինք»,- պատմում է նա։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Ընտանիքի համալրմանը զուգահեռ բարելավվում էին նաեւ կենսապայմանները․Իրինան կարիերայի աստիճանահարթակով վերեւ էր բարձրանում, արդեն ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, տատիկն էլ  ժառանգություն էր թողել՝ բնակարան Ստեփանակերտի կենտրոնում։ «Եթե հնարավոր լիներ կանգնեցնել ժամանակը, դրանք ոչ միայն իմ կյանքի, այլ նաեւ Ղարաբաղի լավագույն տարիներն էին»,- ափսոսում է Վլադիմիրը։

Առաջին ամպրոպը՝ խաղաղ երկնքում

Հանգիստ ու երջանիկ կյանքի շղթան ընդհատվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Վլադիմիրը հիշում է իր առաջին զգացողությունները, չէր հասկացել, որ պատերազմ է սկսվել․«Մտածեցի՝ ինչ-որ հիմար հրավառություն է կազմակերպել։ Կինս ավելի պատրաստված էր, արագ կողնորոշվեց՝ ինչ պետք է անել նման իրավիճակում։  Տղաս այդ ժամանակ Երեւանում էր՝ մորաքրոջ մոտ, մեզ հետ աղջիկներն էին։ Երեխաներին տեղափոխեցինք Երեւան, բայց մենք վերադարձանք»։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


44-օրյա պատերազմի ավարտից հետո Ստեփանակերտ վերադարձան նաեւ աղջիկները։ Ամեն ինչ նախկինը չէր, բայց հնարավոր էր ոտքի կանգնել։ Իրավապաշտպան կազմակերպությունը, որտեղ Վլադիմիրն աշխատում էի, այլեւս չէր գործում, ստիպված էր նոր աշխատանք փնտրել։ Դիմեց Արցախի հանրային հեռուստատեսություն, ընդունեցին որպես օպերատոր։ Կյանքը կարծես կրկին մտավ խաղաղ հուն․մեծերն աշխատում էին, փոքրերը՝ դպրոց հաճախում։

Մեկ բաժին գազար՝ երկու երեխային

2022-ի դեկտեմբերի 12-ին սկսվեց դժվարությունների նոր փուլը․ադրբեջանցի «բնապահպանները» փակեցին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, հետո անջատեցին էլեկտրաէներգիան ու գազամատակարարումը։ Ապրանքները կտրուկ թանկացան, ջեռուցումը դարձավ օրախնդիր։

«Մի անգամ կինս հաջողացրել էր գազար ձեռք բերել, փոքր աղջկաս համար սալաթ էր պատրաստել, մեծս ասաց․«Մա՛մ, եթե Տոմկային դուր չգա սալաթը կամ մի քիչ մնա, կլինի՞ ես ուտեմ»։ Իսկապես շատ դժվար էր, հատկապես երեխաների համար»,- ասում է Վլադիմիրը։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Շրջափակումից ամիսներ անց, երբ դեռ լիակատար պաշարում չկար, հաջողվեց երեխաներին տեղափոխել Երեւան։ Հայաստան մեկնած կինն այլեւս չկարողացավ վերադառնալ Ստեփանակերտ, Վլադիմիրը մնաց մենակ։ Շրջափակման ամբողջ ընթացքում նկարահանումներ էր անում շրջաններում։ «Վերջին շրջանում արդեն նկարելու բան էլ չկար, իսկ մենք կերպ էինք վերադառնում Ստեփանակերտ»,- նկատում է նա։

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


Ի վերջո, Արցախից հեռանալու որոշում կայացրեց նաեւ Վլադիմիրը։ Հերթագրվեց այլ երկրների քաղաքացիներին տարհանելու ծրագրին, մեկնելու օրվա նախօրեին ունեցած սնունդը բաժանեց ընկերներին, բայց առաջին փորձը ձախողվեց. Հակարիի կամրջից ադրբեջանցիները երիտասարդ ֆուտբոլիստների առեւանգեցին, գործընթացը դադարեցվեց։ «Ոչինչ չունեի ուտելու, գնելու բան էլ չկար։  Ուտելիքը կիսելու հերթը ընկերներինս էր (ծիծաղում է)։ Ստեփանակերտից դուրս եկա պատերազմից վեց օր առաջ։ Ինֆորմացիոն հոսքերն արդեն հաստատում էին, որ լավ բանի սպասել պետք չէ»,- պատմում է Վլադիմիրը։ Ստեփանակերտից Երեւան նա հասավ մեկ ճամպրուկով։

Վառվող լույսը՝ լքված բնակարանում

Արցախցիներին Վլադիմիրը մեկ նախադասությամբ է բնութագրում՝ ուժեղ, հումորով մարդիկ են, նույնիսկ շրջափակման ամենածանր օրերին անեկդոտներ էին հորինում։

Ջերմությամբ է հիշում, թե ինչպես էին որդու հետ Խաչենի ջրամբար ձկնորսության գնում, Այգեստանում ընտանեկան բացօթյա խնջույք անում, Վանքը լրիվ ուրիշ աշխարհ էր, զարմանալի վայր էր Տնջրին։ 

Լուսանկարը` ընտանեկան արխիվ


«Ստեփանակերտը ես միանգամից եմ սիրել. ինձ փոքր, հանգիստ քաղաքներն են հոգեհարազատ, Երեւանում կարծես տանը չեմ, մրջնաբույն է հիշեցնում»,- ասում է զրուցակիցս։

Տեղահանությունից ամիսներ անց Վլադիմիրն ադրբեջանցիների նկարած մի տեսանյութ է տեսել․«Թումանյան փողոցով էին բարձրանում, նկատեցի՝ մեր տանը լույս էր վառվում, ցավալի էր տեսնելը»։

Անահիտ Փիլոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին