Բարումի ուղղաթիռը, դիմադրության խոհանոցն ու Կալավան բերված հիշողությունը - Mediamax.am

exclusive
2683 դիտում

Բարումի ուղղաթիռը, դիմադրության խոհանոցն ու Կալավան բերված հիշողությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կալավան գյուղի բնակիչները հերթով մոտենում են վարչական շենքի սրահում փակցված լուսանկարներին ու դրանցում գտնnւմ իրենց հիշողությունները հայրենի Բարում գյուղից: Լուսանկերները բարումեցի Արշակ Հարությունյանի կարոտի արխիվից են, որը նա խնամքով պահել է այս 35 տարիների ընթացքում:

Գյուղացիներից շատերը նկարներում ճանաչում են այն ուղղաթիռը, որը 1988 թվականի նոյեմբերի 23-ին Շամխորի շրջանից նրանց Հայաստան է տեղափոխել՝ փրկելով ադրբեջանական վայրագություններից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ցուցադրությունն ընդամենը մի դրվագ է Կալավան գյուղում իրականացված «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագրից: «Մշակույթը հանուն կայուն զարգացման» ՀԿ-ի եւ «Քարապուր» սոցիալական ձեռնարկության նախաձեռնած այս ծրագիրը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով, նպատակ ուներ բացահայտելու Կալավան գյուղը նրա բնակիչների հիշողության ու հայրենի բնակավայրերին հատուկ խոհանոցի բացահայտման միջոցով:

Կալավանի բնակիչ Հրանուշ Եսայանի պատանեկությունն անցել է Բարում գյուղում։ Մոտենալով լուսանկարներից մեկին, որի վրա բարձր քարից գետը նետվող երիտասարդ լողորդ է, Հրանուշը ծիծաղում է ու սկսում մյուսներին պատմել՝ ինչպես է ինքն էլ այդ բարձր տեղից գետը նետվել։

«Ախպերս ասաց, թե չթռնես, ուրեմն քուրս չես, ու դե ես էլ թռա»,- ուրախությամբ հիշում է նա։ Շարունակելով նայել փակցված նկարներին՝ Հրանուշը հիշում է իրենց սիրուն ճանապարհներով գյուղը, որ Կալավանից շատ էր տարբերվում։

Լուսանկարը` Մեդիամաքս


«1988 թվականի նոյեմբերի 23-ին ուղղաթիռով մեզ բերել են Երեւան, այնտեղից տեղափոխվել ենք Էրեբունի՝ մորաքրոջս տուն։ Երեք օրից մեծ եղբայրս եկավ եւ ինձ մեքենայով Կալավան բերեց։ Ճանապարհը ահավոր էր, գնում-գնում էինք, հասնում մի գյուղ, հարցնում էի՝ սա՞ է, պարզվում էր՝ ոչ, դեռ էլի պիտի բարձրանանք։ Գյուղը հենց անտառի մեջ է»,- հիշում է Հրանուշը։

Կալավան գալու առաջին օրերին նա վախեցել է անգամ տանից դուրս գալ, մինչեւ հետզհետե սովորել է, որ անտառը տներին կարող է այդքան մոտ լինել։

«Մեր գյուղի անտառը հեռու էր, հեն է, նկարներում երեւում է»,- ասում է Հրանուշը։ Նա 16 տարեկան էր, երբ ստիպված էր լքել իրենց գյուղը, սակայն փորձել է Բարումի համն այստեղ պահպանել՝ շարունակաբար պատրաստելով ու նաեւ իր դուստրերին փոխանցելով իր տատիկից ժառանգած բաղադրատոմսերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կալավանի տներում թոնիր չեն գտել, մինչդեռ Բարումի բոլոր տներում այն առկա էր, որի մեջ էլ հենց հաց էին թխում։

Հրանուշը հիշում է իր մանկության համը․ «Թոնրում թխած հացը կտրում էինք, խոզի յուղը լցնում մեջը՝ սիրուն, ակուրատնի, հետո վրան շաքարավազ լցնում ու ուտում։ Խոզի յուղ ուտելը մեզ համար «վերջն էր»»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կալավան բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Ծատուրյանին սրահի նկարները եւս մտովի տեղափոխում են Բարում:

«Սիրտս հիմա կարծես այն ծննդավայրում է, հայրենիքում, որտեղ դարերով մեր պապերը ապրել ու արարել են: Դա եղել է Ուտիք աշխարհը, Գարդման աշխարհը, որտեղ ամբողջությամբ բնակվել է հայություն»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի հայկականության ապացույցներից է հենց իրենց փոքրիկ գյուղը՝ Բարումը կամ Գառնակերը, որտեղ երեք հայկական եկեղեցի կար։

«1988 թվականի նոյեմբերի 20-25-ից սկսվեց տեղահանությունը։ Մեր համագյուղացի Վոլոդյա Խանյանի ծնողներին ադրբեջանցիները դաժան ծեծի են ենթարկում, որից հետո Վոլոդյան, որն օդաչու էր, կարողանում է իր ուղղաթիռով գալ Բարում գյուղ եւ օգնել բնակչության տարհանում իրականացնել։ Մենք որոշեցինք երեխաներին, կանանց ու ծերերին ուղարկել ուղղաթիռով, սակայն ցավոք, ոչ բոլորը կարողացան տեղավորվել, չնայած որ ուղղաթիռը եռակի ծանրաբեռնված էր»,- հիշում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սամվել Ծատուրյանը եղել է Բարումի գյուղխորհրդի վերջին նախագահը։ Նրա խոսքով՝ գյուղը նաեւ ինքնապաշտպանություն է կազմակերպել ինքնաշեն նռնակներով ու որսորդական հրացաններով, որից հետո նրանք անկորուստ եկել են Հայաստանի Հանրապետության տարածք։  

Սակայն Կալավան գյուղում միայն Շամխորի շրջանի բնակիչներ չեն: «Մշակույթը հանուն կայուն զարգացման» ՀԿ համահիմնադիր, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանին գյուղը հենց իր բազմաշետությամբ է հետաքրքրել:

Վերջին տարիներին ազգագրագետի մասնագիտական հետաքրքրությունները ուտեստների մարդաբանության շուրջ են։ Նա համոզված է, որ ուտեստի միջոցով հնարավոր է խոսել ամեն ինչի մասին՝ քաղաքականության, ընտանեկան դերերի, արմատների, հիշողության ու ապագայի։ Ծանոթանալով «Քարապուր» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Մարգարիտա Մուրադյանի հետ եւ նրա միջոցով ավելի շատ իմանալով Կալավան գյուղի մասին՝ Ռուզաննան որոշել է Մարգարիտայի հետ համատեղ մեկնարկել ծրագիր, որը կպատմի Կալավանի ու կալավանցիների մասին՝ տեղի բաղադրատոմսերի միջոցով։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջինը հետռազոտական փուլն էլ, որով փորձում էինք հասկանալ՝ ովքեր են կալավանցիները։ Գյուղի համայնքը ձեւավորվել է 1988-ի նոյեմբերի վերջին՝ հիմնականում Շամխորի շրջանի Բարում եւ Բարսում գյուղերից բռնի տեղահանված մարդկանց միջոցով։ Նրանց միացել են նաեւ Կիրովաբաթից, Սումգայիթից, Արծվաշենից, Խանլարից, Բաքվից բռնի տեղահանվածներն ու խայտաբղետ ներկապնակ է ստացվել»,- ասում է Ռուզաննա Ծատուրյանը։

Արդեն 2013-2014 թվականներից հետո գյուղը տուրիստական գրավչություն է ստացել, ու այստեղ են եկել մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից։ Այս տարվա սեպտեմբերին արցախցիների բռնի տեղահանությունից հետո էլ գյուղը նոր բնակիչներ ունի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանից:

Լուսանկարը` Մեդիամաքս


«ՀԱՄ Ա ՏԵՂ» ծրագրի հետազոտական փուլում հետազոտողների թիմն այցելել է գյուղի բնակիչներին ու խնդրել պատմել իրենց ընտանեկան պատմությունն ու դրա կապն ուտեստների հետ։

«Որոշ բաղադրատոմսեր չեն պահպանվել, որովհետեւ Կալավան գյուղում չի եղել համապատասխան մթերքի առատություն, սակայն շատ ուտեստներ շարունակել են պատրաստվել, քանի որ մարդիկ իրենց խոհանոցներում մշտապես եփել են այդ ժառանգությունը»,- ասում է Ռուզաննա Ծատուրյանը։

Հետազոտական աշխատանքում ներգրավել են ինչպես գյուղացիներին, այնպես էլ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության բաժնի ուսանողներին։ Ծրագրի անունը՝ «ՀԱՄ Ա ՏԵՂ», խորհրդանշում է տարբեր համերի առատությունն ու գյուղացիների համատեղ ջանքերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 29-ի ամփոփիչ միջոցառմանը գյուղացիներից յուրաքանչյուրը պատրաստել էր իր տատական խոհանոցին բնորոշ ուտեստ, որն ընդգծում էր մարդ-բնություն կապը: Հետաքրքրական է, որ ներկայացված բոլոր ուտեստներում գերակշռող էր խոզի մթերքի կիրառումը:

«Այս բոլոր գյուղերն ապրել են ադրբեջանական շրջափակման մեջ, այսինքն՝ իրենց կողքի բնակիչները խոզ չեն օգտագործել, մինչդեռ նրանց կերակուրներում այն գրեթե միշտ կա՝ կորկոտով ճաշը խոզի տոտիկներից, սալտիսոնը խոզի գլխից, անգամ լոբով տոլման նորից խոզի յուղով: Սա կարծես իրենց դիմադրության մշակույթն է եղել»,-ասում է Ռուզաննա Ծատուրյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կալավանցիների համար իրենց տեղահանության պատմության վերհուշն ավելի ցավալի է դարձնում արցախահայերի՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակմանը հաջորդած էթնիկ զտումը: Միեւնույն ժամանակ, նրանք լիարժեքորեն հասկանում ու կիսում են Կալավանի նոր բնակիչների ապրումները:

Արցախի Քերթ գյուղից տեղահանված Ավանեսյանների ընտանիքը ժամանակավորապես բնակվում է Կալավանի «Քարապուր» սոցիալական ձեռնարկատիրության հյուրատանը: Նրանց առաջարկվել է մնալ այնքան ժամանակ, որքան կկամենան:

Ընտանիքի ավագ կինը՝ տիկին Ռոմելան, «Քարապուր» գալուց անմիջապես հետո սկսել է տեղանքն ուսումնասիրել ու փնտրել իրեն ծանոթ ուտելի բույսերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կալավանի շատ բնակիչներ չգիտեին, որ իրենց տեղանքում աճող մի քանի բույսեր կիրառվում են, օրինակ, ժենգյալով հացի մեջ, մինչդեռ տիկին Ռոմելան կարողացավ գտնել դրանք ու փոխանցել այդ գիտելիքը։ Մեր աչքի առաջ տեսնում ենք ավանդույթի փոխանակություն, որը նաեւ լանդշաֆտի նոր ռեսուրսների բացահայտում է»,- ասում է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը:

Տիկին Ռոմելան իր հետ Արցախից բերել է նաեւ բանջարեղենի ու բույսերի՝ իր կողմից փորձված ու աճեցված սերմերը, որով նորից է հիմնելու այն, ինչ կորցրել է հայրենի Արցախում:

Գյուղում իրականացված համային տեղատարափին արցախցիներն իրենց ներդրումն ունեցան այդքան սիրված ժենգյալով հացով ու իրական արցախյան փախլավայով, որ թերեւս, ամենաարագը սպառվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարգարիտա Մուրադյանի խոսքով՝ մինչեւ ծրագրի մեկնարկը գյուղացիների պատմությունները պարզապես «ցաք ու ցրիվ զրույցներ էին»։

«Մասնավոր զրույցների ընթացքում շատ պատմություններ լսել էի, սակայն այդ ամբողջը հստակ հետազոտական աշխատանքի կարիք ուներ, որպեսզի հնարավոր լիներ այն վերածել արժեքավոր նյութի՝ հետագա վերլուծությունների համար», -ասում է Մարգարիտան:

Նա լիահույս է, որ առաջիկայում տարբեր ձեւաչափերով կշարունակեն այս ժառանգության ներկայացումը գյուղի հյուրերին: Այդ իմաստով Մարգարիտայի հիմնած «Քարապուրը» ստեղծագործելու բազում հնարավորություններ է ընձեռում ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագրի հեղինակները նախատեսում են նաեւ գրքույկ հրատարակել, որը կներկայացնի ոչ թե բաղադրատոմսեր, այլ նորից ուտեստների միջոցով կպատմի Կալավանի ու Կալավանցիների մասին։

«Սկզբում կունենանք էլեկտրոնային տարբերակը, սակայն հույս ունենք, որ կկարողանանք ռեսուրսներ գտնել նաեւ տպագրելու համար։ Մեր երազանքներից մեկն է, որ շարունակենք նմանատիպ ծրագրեր իրականացնել նաեւ այլ գյուղերում։ Ես հավատում եմ, որ տեղահանված խոհանոցների ժառանգությունը տեսանելի դարձնելով՝ կկարողանանք փրկել դրանք մոռացությունից ու դրանով որոշակիորեն կանխել նաև արմատներից կտրվելը»,- ասում է Ռուզաննա Ծատուրյանը։

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին