Նոր տունը, վառարանի առաջին ծուխն ու առանց Արցախ կյանքի ամենաերջանիկ օրը - Mediamax.am

exclusive
2857 դիտում

Նոր տունը, վառարանի առաջին ծուխն ու առանց Արցախ կյանքի ամենաերջանիկ օրը


Տիկին Գայանեն
Տիկին Գայանեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշան
Միշան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Գայանեն 189 դպրոցում
Տիկին Գայանեն 189 դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպե՞ս հարյուրավոր պատմություններից ու դրանք ներկայացնող ռեպորտաժներից ընտրել մեկը։ Ջինջ հայերենով զրուցող, գրականություն ցիտող Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Դանիելյանի՝ ահավոր հարազատ թվացող ձայնը «ստիպեց» անպայման գտնել նրան։

Փնտրտուքները երկար չտեւեցին. երկու օր անց հյուր էինք գնում Արարատի մարզի Դաշտավան գյուղում բնակություն հաստատած տիկին Գայանեի ընտանիքին։ Հեռախոսով ուղղորդող տիկին Գայանեն դուրս էր եկել մեզ ընդառաջ։ Մեքենայի պատուհանից տեսա նրա փոքրացած մարմինն ու ձգվեցի. ձգվեցի այդ փոքր մարմինը գիրկս առնելու համար։

Գրկախառնվեցինք, զգացի ինչպես է թրջվում շապիկիս ձախ թեւը։ Բակից ներս գնալու՝ մեկ րոպե տեւողությամբ ճանապարհին մտածում էի. ինչպե՞ս հանգստացնել, ինչի՞ մասին խոսել։ Տիկին Գայանեն կարծես կարդացել էր մտքերս. ինքը սկսեց, նեղվեց, որ հյուր է ընդունում ոչ իր տանը։ Փորձեցի փոխել զրույցի տրամադրությունը. ցանկացած տան մեջ հոգի դնելիս քո՛նն է դառնում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի իր տունը հիշեց տիկին Գայանեն, գյուղը, դպրոցը, հիշեց ու հերթով թվարկեց իր սիրելիքներն ու ամենն, ինչ ստիպված է եղել գերության մեջ թողնել։ Բա հողը, հողն ի՞նչ է անելու գերության մեջ, առանց հայի։ Ցավաց, որ չի մտածել մի բուռ հող վերցնելու մասին՝ շուրթերին մոտեցնելու (ցույց տվեց ձեռքերով) եւ կարոտն առնելու համար։ Արցունքները սրբեց, ուրախացավ, երբ խոստացա մի բուռ արցախյան հող տանել. կարոտս սփոփելու համար ես էլ իմ ընկերներից էի մի բուռ հող ուզել։ Ու կենդանի մի ծիլ։

Հրաժեշտին պայմանավորվեցինք մոտ օրերը նորից հանդիպել։ Արդեն մի փոքր հեռվից լսվեց տիկին Գայանեի՝ «Հո՜…» կամաց նվազող բացականչությունը։

«Չեմ մոռանա, տիկին Գայանե, հողը չեմ մոռանա»։

Երկու օր անց կարճ ժամանակով կրկին հյուր գնացի, հող էի խոստացել։ Կարոտը չի սպասում…

Լիսագոր-Շուշի ճանապարհից վերցված կարոտը կես դարձավ, Ստեփանակերտի՝ պտղատու այգու դրախտային խնձորների սերմերն էլ հունվարին ծիլեր կդառնան։ Այդպես տիկին Գայանեի տնամերձ հողամասում եւ իմ բնակարանում կապրեն Արցախի կարոտն ու նրա սերմերը։

Դանիելյաններին՝ Դաշտավան հյուր գնալը հաճախակի դարձավ. այդքան հաճախ, երեւի, միայն հարազատի տուն են գնում։ Ընկերներով տիկին Գայանեի ընտանիքի համար ձմռան վառելափայտ ու փեչ (որովհետեւ ինչպես ասել է տիկին Գայանեի սիրելի Սեւակը «Փեչը վառարան չի դառնա») գնեցինք, պայմանավորվեցինք փեչի վրա միասին ժենգյալով հաց թխել, իսկ ձմռանը կարտոֆիլի պլեճի շուրջ հավաքվել։

Ժենգյալով հացի վարպետաց դասին հատուկ տոնական տրամադրությամբ գնացինք։ Նախորդ օրը բազմաթիվ զանգեր ստացանք տիկին Գայանեից. ժամը քանիսի՞ն եք գալու, քանի՞ հոգի եք, կանաչին լվացել, պատրաստել եմ, սպասում ենք ձեզ։

Աշնան համար զարմանալի տաք օր էր, շոգին վառարանն ինչպե՞ս ենք երկար բանեցնելու. այս մտքերով եւ Արցախի մասին յուրաքանչյուրիս ջերմ պատումներով ու հիշողություններով ուղեւորվեցինք Դաշտավան։ Տան բակում ժպիտը դեմքին մեզ դիմավորեց Միշա ձյաձյան՝ տիկին Գայանեի ամուսինը։ Արդեն կոտրած վառելափայտի համար ծածկ էր կառուցել, տարածքը բարեկարգել, մաքրել, նախապատրաստել գարնանացանին։
Միշան Միշան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծառերի վրա ամրացված պարաններին չորանում էր տիկին Գայանի լվացքը, իսկ տան ներսում «զբոսնում էր» թարմ կանաչեղենի եւ ալյուրի հոտը։ Գյուղի տան մտերմիկ մթնոլորտին պակասում էր միայն ճարճատող փայտը, վառարանի ծուխն ու տաք հացի բույրը։

«Վառարանը չենք վառել, ձեզ ենք սպասել»,- մեր՝ վառարանի կողմ նետած հայացքներին միաբերան պատասխանեցին տան բնակիչները։

Պլպլացող վառարանի վրա որոշեցինք նախ սուրճ խմել. սենյակի կենտրոնում դրված փեչը կարծես խնդրում էր իրեն էլ մասնակից դարձնել սուրճի շուրջ ծավալվող հետաքրքիր զրույցներին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Տուն, հայրենիք կորցնելու ցավի կողքին տիկին Գայանեն տանջվում էր նաեւ Հայաստանում աշխատանք գտնելու ապարդյուն փորձերից։ Գյուղական երկու դպրոցում լեզվի եւ գրականության ուսուցչի թափուր աշխատատեղի մրցույթի էր մասնակցել, գերազանց հաղթահարել գրավոր հարցաշարը, բանավորին ծանոթ չլինելու պատճառով անհրաժեշտ շեմը չէր կարողացել հաղթահարել։ «Կրթական օրենսդրությունը փոխվել է»,- ասել էր մրցույթային հանձնաժողովի նախագահը։

«Բա ինչու՞ մեզ չի հասել այդ օրենքը։ Հայաստանը եւ Արցախն, ի՞նչ է, տարբե՞ր կրթական օրենսդրություններ ունեն»,- զարմացել էր տիկին Գայանեն։

Արցախի պետական համակարգում երկար տարիներ աշխատած, մեզ հետ այդ օրը Դանիելյանների ընտանիքին հյուր գնացած Բորյան հուշեց. տարբերություններ կային, բայց շատ չէին, իսկ ՀՀ օրենքները Արցախ էլ էին հասնում, ուղղակի բավականին ուշ։ Վերջին փոփոխություններն Արցախ այդպես էլ չեն հասել։

«Գժվում եմ իմ մասնագիտության համար։ Ամեն տարի 2-3 աշակերտի էի պատրաստում միասնական քննություններին։ Հիմա էլ կուզեմ, ուղղակի տանն այդ պայմանները չկան, համակարգիչ էլ չունեմ։ Շատ եմ նեղվում, որ չեմ կարողանում փորձս գործին ծառայեցնել»,- անկեղծացավ տիկին Գայանեն։

Մանկավարժական գործունեության մասին խոսելիս առանձնահատուկ սիրով հիշեց Երեւանի Դավիթաշենի թիվ 189 դպրոցում դասավանդելու տարիները։ Ահա՛ որտեղից էր գալիս հարազատության զգացողությունը։ Հետաքրքիր զուգադիպությամբ 1992-1995 թվականներին առաջին քայլերս էի անում նույն դպրոցում։

1992-ին տեղահանվել էր նաեւ տիկին Գայանեի հայրական, Ասկերանի Վարդաձոր գյուղը։ Ժամանակին գյուղում աշխատած երեւանցի մի բժշկի հորդորով ուսուցչուհին քրոջ հետ Երեւան էր ուղեւորվել։ Բժշկի հետ կապված հիշողությունները շատ էին. ծանր տարիներին էր աշխատել գյուղում, մտերիմ եղել տիկին Գայանեի մանկաբարձուհի մոր եւ իր ընտանիքի հետ, միասին հաց, ուրախություն ու վիշտ կիսել։ Մտերմությունը շարունակվել էր բժշկի՝ Երեւան վերադառնալուց հետո էլ։ Նրա տանը հյուրընկալված տիկին Գայանեն ու քույրն ամեն դեպքում մի օր սեփական անկյուն վարձակալելու որոշում են կայացրել։ Անգիր հիշում էր տան հասցեն. Սարի թաղ, երրորդ փողոց։ Տանտիրուհին էլ միջնորդել էր նրա՝ Դավիթաշենի դպրոցում աշխատելու համար։ Աշխատանքային երեք տարվա մասին պատմելիս առանձին-առանձին հիշեց բոլոր՝ իրեն մտերիմ ուսուցիչներին. Գոհարը, Անահիտը Գրիգորյան, Աիդան։ Վերջինն աշխատանքի ուսուցում էր դասավանդում, երկուսս միաժամանակ նկարագրեցինք նրան՝ բարձրահասակ, բարեկազմ, շեկ մազերով։ Գոհարին եւ Անահիտին չկարողացա հիշել, խոստացա, որ միասին կայցելենք 189 դպրոց՝ շատ փոքր հույս ունենալով գտնել նրա մտերիմներից գոնե մեկին։

Եվս մեկ տարի Սարի թաղի դպրոցում մանկավարժելուց հետո վերադարձել էր ազատագրված հայրենի Վարդաձոր, ապա ամուսնացել խնձրիստանցի Միշայի հետ, տեղափոխվել Խնձրիստան եւ աշխատել գյուղի դպրոցում՝ մինչ բռնի տեղահանումը։

2020 թվականի պատերազմին տիկին Գայանեն աղջիկների հետ ապաստանել էր Դիլիջանի մանկական առողջարանում, ավարտին վերադարձել գյուղ եւ ավերված դպրոցը մի քանի օր կարգի բերելուց հետո անցել աշխատանքի։ Անդրադառնալով նրանց, ովքեր նախընտրեցին իրենց կյանքը շարունակել խաղաղության մեջ Հայաստանում եւ նրանց, ովքեր միեւնույն է տուն վերադարձան, արտասանեց արցունքախառն.

«Դու քաղցր ես, հող իմ հայրենի,
Չկա քեզնից անուշ անուն,
Բայց վտանգի ահեղ ժամին,
Երբ սպառնում է թշնամին,
Դու ավելի ես քաղցրանում»:

(Նաիրի Զարյան)

Փորձելով գոնե կարճ ժամանակով շեղել նրան այս թեմաներից՝ հիշեցրեցինք մեր հանդիպման բուն առիթը. ժենգյալով հացի խմորը եկել է։

«Գնացել եմ Մալաթիայի շուկա, 17 տեսակ կանաչիից երկուսն է պակասում՝ կծմնձուկն ու ճռճռուկը։ Այդ երկուսն են յուրահատուկ արցախյան համ տալիս այս ուտեստին»,- ասաց տիկին Գայանեն, ապա շարունակեց. «Միշան դուրս է եկել, փնտրել այգիներում, չի գտել»։

Վստահեցրեցի. այդ կանաչիները Հայաստանում էլ են բուսնում, արցախյան բոլոր կանոններով ժենգյալով հացը թխվելու է։ Ուղղակի փնտրել պետք է ճիշտ տեղում ու ժամանակին։

Արարողակարգի հաջորդ քայլը փեչը վառելն էր, Միշա ձյաձյան համբերատար սպասում էր իր «աստղային ժամին»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիկին Գայանեենց նոր տնից դուրս եկավ վառարանի առաջին ծուխը։

Խմորը գնդելիս տիկին Գայանեն Խնձրիստանի իր տան թոնիրն էր հիշում։ Ամեն շաբաթ վառում էին դպրոցի տնօրենի հետ միասին, հաց թխում։ Միասին էլ կառուցել էին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նունեն՝ Գայանեի ու Միշայի աղջիկը, ով երկար ժամանակ լուռ թեյ ու սուրճ էր եփում, միացավ մեր զրույցին. «Էսօր ամենալավ օրն ա»։

Ամենալավ օրն էր նաեւ մեզ համար. ո՞վ իրեն լավ չի զգա արցախյան քաղցր բարբառի (որի՝ երբեմն անհասկանալի լինելու պատճառով դիմում էինք տիկին Գայանեի օգնությանը), պատմությունների, վառարանի ջերմության, տաք հացի բույրի, որ կարծես նոր ու խաղաղ կյանքի հրավեր լինի, հետ։

Ալյուրի առատությունը հիշեցրեց Արցախի անհաց օրերը. «Ամեն ինչ վերջացել էր, ներողություն եմ խնդում, կոպիտ է հնչելու. թեփի հետ խոզերին հասանելիք կոմբիկերն էինք խառնում հաց թխելու համար, բայց չէինք տրտնջում։ Մեր սեփական տանն էինք»։ Իր սիրելի Սեւակին է մեջբերում. «Սեփական տանը գերի լինելն ազատություն է»…

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նախորդ պատերազմներին վերադառնալու հույս կար, հիմա, երբ պատկերացնում ենք, որ Արցախը չկա, գժվում ենք։ Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի»,- նորից Սեւակի խոսքերն արցունքներով է թրջում տիկին Գայանեն։

Տարված զրույցով՝ մոռացանք առաջին ժենգյալի մասին։ Վառվեց մի քիչ:

«Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում…»

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեւակն անբաժան է տիկին Գայանեից, մի պահ թվում է՝ Սեւակն ամենը հենց իր համար է գրել։

Նայելով աղջկա եւ ամուսնու ժպիտներին, մեր՝ գոհ դեմքերին ու իրար վրա շարված ժենգյալին՝ տիկին Գայանեն արտաբերեց. «Այսօր մեր՝ առանց Արցախ կյանքի ամենաերջանիկն օրն է»…

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրեր անց 189 դպրոց էլ այցելեցինք. դեռ 90-ականներից դպրոցում աշխատող դռնապան տիկին Անուշը միակն էր, ում գտավ տիկին Գայանեն։
Տիկին Գայանեն 189 դպրոցում Տիկին Գայանեն 189 դպրոցում


Իր մտերիմները վաղուց լքել էին Հայաստանը։

Քայլեցինք դպրոցում, լուսանկարվեցինք ու բարձացանք իմ տուն, որտեղ լեզվի եւ գրականության ուսուցչին էր սպասում իր նոր գրադարանի առաջին գիրքը.

«Եթե մեռնե՜լ…
Բայց առայժմ ապրել է պետք»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նարէ Բեջանյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին