Սահմանամերձ Բերքաբերը, Մոկսի ընկույզն ու չավարտվող գաղթը - Mediamax.am

exclusive
2685 դիտում

Սահմանամերձ Բերքաբերը, Մոկսի ընկույզն ու չավարտվող գաղթը


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


Հայաստանի, թերեւս, ամենագեղեցիկ ու բերքաբեր գյուղերից է Տավուշի Բերքաբերը: Գյուղն Ադրբեջանի ներկա փաստացի սահմանից բաժանող Ջոզաղի կամ Բերքաբերի ջրամբարը, անասելի գրավիչ ու ձգող տեսարաններ է հաղորդում այս ոչ շատ մեծ բնակավայրին, բայց եւ հակասական զգացումներ առաջացնում. դիմացը ոչ միայն ադրբեջանական դիրքերն են, որտեղից ամեն րոպե կարող է նորից մահ որոտալ, այլեւ Բերքաբերի՝ 90-ականներից այս կողմ օկուպացված մնացող շուրջ 800 հա բերքատու այգիները:

«Այստեղ 90-ականներին թեժ մարտեր են եղել, մանկապարտեզի շենքը նոր ենք կարգի բերել, վերակառուցել, ներքեւում էլ նոր ֆուտբոլի դաշտ է կառուցվել», - պատմում են գյուղացիները՝ «սրտահովությամբ» նշելով, որ արդեն ունեն դեպի գյուղ բերող ասֆալտապատ ճանապարհ, սակայն գազամատակարարում՝ դեռ ոչ:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


Մինչդեռ Բերքաբերի ու նրա հարեւան գյուղերի հետ կապված ամենամեծ հակասականությունը, թերեւս, Հայաստանի ամենագեղեցիկ ջրամբարներից մեկն ունենալով հանդերձ տասնամյակներ շարունակ անջուր մնալն է: Ջոզաղի պոմպակայանները պարապուրդի են մատնված 1991-ից ի վեր, իսկ Իջեւանի ու Նոյեմբերյանի 11 գյուղ, որոնք թզի, նռան ու խաղողի հարուստ այգիներ էին մշակում՝ օգտվելով ջրամբարի հսկա պաշարներից, մշտական ոռոգման ջուր այդպես էլ չունեցան:

Կփոխի՞ արդյոք Բերքաբերի ու հարեւան Սարիգյուղի բնակիչների կյանքը կառավարության այս տարվա նախագիծը, որով ջրամբարի նոր պոմպակայանների գործարկմամբ հնարավորություն կլինի ոռոգելու սահմանամերձ երկու այս գյուղի շուրջ 120 հա վարելահողը՝ տավուշցիները վստահ չեն: Ասում են՝ սահմանի այս կողմում մնացած վարելահողը քիչ է, զգալի եկամուտ բերել չի կարող:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


«Դիմացը Օդունդաղն է, մերոնք հետո սկսել են կոչել Փայտասար, ադրբեջանցիների ամենալուրջ հենակետերից է էս բարձունքը, էստեղից բերքաբերքցին տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնում Կոթիի վրա կրակելու», - բացատրում է մեր իջեւանցի ընկերը՝ հավելելով.

«Տավուշի դիրքերից մի փշուր հող էլ տան՝ գյուղերի մեծ մասը կդատարկվի: Մարդիկ դուրս կգան: Այստեղ ուրիշ է, բնակավայրերը բոլորը սահմանի երկայնքով են, պոստերն էլ տարիներով ամրացված պոստեր են, էստեղ զիջելը չգիտեմ ինչ կլինի»…

Ամենագեղեցիկ ու ամենատխուր տեսարանը   

… «2 կմ է բաժանում, լիճն է մեզ բաժանում: Էն կողմում թուրքերն են նստած, էս կողմում՝ էրեխեքն են (նկատի ունի՝ հայ զինծառայողներին): Ղարաբաղից մի ընտանիք էր եկել ներքեւի թաղը, չհավանեցին, հետ գնացին: Սահման է: Հիմա ուրիշներն են եկել, բազմազավակ մարդիկ են: Հարեւանը մեզ կաթ էր բերել, տարա տվեցի իրենց, բա ինչ անեմ, տուժած մարդիկ են», - ասում է գյուղի միայնակ տարեցներից Անահիտը, ում տունը մեր համեստ կարծիքով գյուղի ամենագեղատեսիլ վայրում է բազմած, որտեղից չնաշխարհիկ տեսարան է բացվում դեպի Բերքաբերի ջրամբար:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


Այն, որ Ջոզաղի գեղեցկությունը ոչ թե ուրախություն, այլ միայն ծանրություն է բերում տիկին Անահիտի մտքին, հուշում է ոչ միայն նրա հարեւան տան՝ ադրբեջանական կրակից լրջորեն տուժած ճակատային մասը, այլեւ հենց տիկին Անահիտի տան ներսում արդեն 34 տարուց ավելի կախված սեւ-սպիտակ լուսանկարները:

«20 տարեկան տղա էր: Հուլիսի 18-ին 20-ը լրացավ, ամսի 21-ին թուրքերը սպանել են, լիճն են գցել ուշաթափված վիճակում: 1989 թվին: Շարժումը նոր սկսած ժամանակ», - ասում է 60-անց կինը, ում սենյակի պատուհանը նայում է ուղիղ ջրամբարին:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


«Ամուսնյակս էլ 91-ին գնաց, մնացել եմ մենակ, փոքր տղայիս հետ: Ոչ մի բան չունեինք, գյուղը ոչ մի բան չուներ, ոչ մի բան: Ինքն էր, հինգ հատ ավտոմատ առել էր, բանկում ինչքան փող ուներ ռուսական՝ հանել էր, գյուղը զինել: Մեզ թողեց այ սենց, առանց ոչինչ: Չմտածեց՝ բա ես մի երեխա էլ ունեմ՝ 16 տարեկան: Էդ էրեխեն փամփուշտների արկղերը բաց էր անում, հասցնում խրամատներ: Լավ էր, որ չէին թողնում մտներ խրամատ, հասցնում էր էնտեղ, տղեքը գալիս տանում էին: Բայց հիմա ո՞վ ա հաշվի առնում, ո՞վ ա ասում՝ ՝էսպես բան ա եղել»:
    
Ղազախից թուրքի գորգն ու Վանից Բերքաբեր հասած հարսանեկան զգեստը
    
Տիկին Անահիտը չգիտի, որ Արցախից Տավուշ «գաղթելու» երկրորդ շաբաթում պատահական չենք Բերքաբեր այցելել: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից իր վրա անցած երեք տասնամյակի բոլոր սպիերը կրող Բերքաբերում երեւի թե ամենալավը պետք է հասկանային մեր՝ ամեն բարձր ձայնից վեր թռչելու սովորությունը, ինչ-որ բան ծրագրելու անհնարինության ծանր հոգոցն ու էլի շատ բաներ:

Մինչդեռ մենք էլ չգիտեինք, որ Բերքաբերում մի ուրիշ, մեզ է՛լ ավելի հետ տանող գաղթի պատմություն է սպասում մեզ: Պատմություններ, որոնց հանդեպ պակաս հոգատար ու ուշադիր գտնվելու համար է որ գուցե հերթական գաղթի հանդեպ այսքան թերահավատ ու այսքան անպատրաստ էինք բոլորս:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


«Երնեկ էնպիսի ժամանակ գայիք, որ բերքը շատ լիներ, մի նորմալ բան հյուրասիրեի: Ասում եք՝ ինձ համար եք եկել, բայց դա կապ չունի: Սա Էրգրի մարդու տուն է, էս տան երկու կողմն էր էնտեղից ա», - մեջքն ուղղելով, անասելի հպարտությամբ ու աչքերի փայլով ասում է տիկին Անահիտը՝ ցույց տալով սկեսրայրի՝ տասնամյակներ առաջ տան այգում տնկած ընկուզենիները…  Վանի Մոկսից այստեղ հասած ընկուզենիները:

«Պապաս մշեցի ա, մայրս՝ տրապիզոնցի: Սկեսրայրս մոկսեցի, սկեսուրս՝ վանեցի: Ես ծնվել, մեծացել եմ Ղրիմում, հարս եմ եկել էստեղ: Դե, խելքս շատ էր: Եվպատորիայում եղե՞լ ես: Շատ ուժեղ քաղաք է, դե բա որովհետեւ իմ քաղաքն է: Էրեխեքը 2-3 տարի առաջ են գնացել-տեսել, եկել: Հիմա մենակ մի քույր ունեմ էնտեղ, էդ մեկն է մնացել, մինչեւ հիմա էլ էնտեղ է: Մերոնք Տրապիզոնից փախել են, օտարների նավերը եկել, մի կերպ փախցրել են հայերին, մերոնց տարել են Ղրիմ: Հետո սկսել են աքսորելը: Ստալինը… Ավելի ճիշտ՝ Բերիան: Գերմանացիները որ հասան Ղրիմ՝ թաթարներն իրենց աղ ու հացով դիմավորեցին: Սրբիչի վրա կլոր հաց են դնում, աղն էլ վրեն, ձիերով գնում նեմեցին Պերեկոպում դիմավորում: Դե դրանք էլ թուրքի մի տեսակ են: Դե լավ, բա թաթարներին մենակ աքսորեիք, բա մեզ ինչի՞ էիք աքսորում, բա հույներին ինչի համար, բա չեչեններին ինչի համար… Ամեն ազգն էլ էնտեղ կար, բայց ամենալավը չեչեններն էին: Իրանք էսպես շատ հստակ, ասենք՝ եթե էս ափսե է, ուրեմն ափսե է, վերջ, կոտրատվող տենց բաներ չունեն, չեն ծռմռվում: Վերջը, մարդկանց աքսորեցին, մի նավը տեղ չհասած նեմեցները ռմբակոծեցին, բոլորը զոհվեցին, էդքան էլ հայեր մեջը», - հիշում է արդեն բերքաբերցի Անահիտը, որն իր մեծ, բայց դատարկ տան ամենակարեւոր հարստությունը համարում է տան հիմնադրման հետ գնված առաջին գորգն ու Վանից այստեղ հասած ու մեկ դարից ավելի պահվող հարսանեկան զգեստը, որ ամուսնու ընտանիքի միակ «գանձն» էր:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


«Իմ սկեսրայրը տկլոր, առանց ոչ մի բան եկել ա Վանի Մոկսից: Իրա մամային շալակած ա բերել, պատկերացրեք: Մենակ մոր հարսանիքի շորն են բերել, էդ շորի թեւքերից կախված ոսկին թաքուն ծախել, մի կտոր հաց են առել ճանապարհին: 15 տարեկան ա եղել:

Հետո ամուսնացել ա սկեսուրիս հետ, սկեսուրս էլ՝ պուճուր: Սկզբում իրեն որպես կին չի ծառայել, պահել են, մինչեւ մեծանա: Հետո տուն սարքեցին: Առաջինը Ղազախից մի գորգ են առել, թուրքի գորգ, մի հավ, մի բան են առել, քիչ-քիչ սկսել տուն դնելը: Հետո ամուսինս տունը մեծացրել է, բայց ինչի՞ս է պետք, մնացել եմ էս հսկա պատերի մեջ մենակ…

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


«Ամուսնյակիս առավոտները չէինք գտնում, էնտեղ մի բազմոց կար, թերթերը հավաքում էր, անհագ կարդում, սկեսուրս ասում էր՝  «Գնա գազետները հավաքի, մարդդ երեւում չի տակից»: Մոկսում իմ սկեսրայրենց տունը մեծ, երեք հարկանի տուն է եղել: «Սովետական Հայաստան» թերթ կար էն ժամանակ, ստանում էինք:

Սկեսրայրս ասեց՝  «Բալա, ի՞նչ ենք ստացել, բեր տեսնեմ, կարդամ»: Բերում եմ, մտիկ ա անում, գնում-գալիս, մեկ էլ ասեց՝ «Այ աղջի, սա մեր տունն ա»: Նկարի վրա: Իրա աչքերը թոնրի կրակից վառված էր, լավ չէր տեսողությունը: Չենք հավատում: Սկսեց՝  «Չէ, ոնց թե, էս մեր տունն է, էս էլ ծառը, էս էլ ճանապարհը, մեր տունն է»:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան/Մեդիամաքս


Վերցրեցինք, սկսեցինք կարդալ… Տեսնեմ՝ իրոք, գրված է՝ Մոկսի գավառ, էս ինչ գյուղը… Ասեցի՝  «Պապա, ձեր գյուղն ա»: Ակնոցը դրած զոռով կարդում էր: Մեր ծանոթները գնացին Վան, ման եկան, ինձ մի շիշ ջուր բերեցին Վանից: Տարա, իմոնց գերեզմանների վրա ածեցի հերթով… Իրանց տվեցի… »:

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին