44-օրյա պատերազմի ավարտը ազդարարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Բայց եթե զենքերի փողերը լռել էին, ապա պատերազմի իրենց բաժինը այլ ճակատով շարունակում էին փրկարարները։
2020 թվական, դեկտեմբերի 25 կամ 26։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչների եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, վաղ առավոտյան, ավտոմեքենաների շարասյունը Ստեփանակերտից դարձյալ ուղեւորվում էր օկուպացված Հադրութի շրջան։ Նրանք ուղեկցում էին փրկարարական խմբերին՝ հերթական որոնողական աշխատանքներն իրականացնելու համար։ Բացի զոհվածների աճյունների որոնում իրականացնելուց, այդ օրերին նաեւ ողջ մնացած, սակայն անհայտության մեջ գտնվող ժամկետային զինվորներին գտնելու եւ անվնաս վերադարձնելու նպատակով եւս որոնողական աշխատանքներ էին իրականացվում։
Ութ հոգանոց մեր խումբն այդ օրը մեկնում էր հենց այդ նպատակով։ Մեր խմբի պարագայում, ինչպես նախորդ դեպքերում մեկնելիս, այս անգամ եւս, հույսը մեծ էր՝ ձեռնունայն չվերադառնալու սպասումներով։ Հստակ տեղեկություն կար, որ Հադրութի բնակավայրերին մոտ անտառային տեղանքներում պատսպարված ժամկետային զինծառայողներ կան: Դա հաստատել էին նաեւ նախօրեին Հադրութի շրջանից գտնված վեց ժամկետային զինծառայողները, որոնց գտնվելու լուրը լուսավոր կետ էր այդ օրերի սեւ իրականության մեջ։
Մեր ավտոմեքենաների շարասյունը մինչեւ Կարմիր Շուկա հասավ առանց խոչընդոտների եւ անցնելով բնակավայրը՝ հասավ արցախա-ադրբեջանական նոր սահմանին։ Դեպի Վարանդա եւ դեպի Դրախտիկ ու Ազոխ տանող ճանապարհների խաչմերուկում արդեն ադրբեջանցիների նոր հենակետն էր։ Կանգ առանք։ Պարզ էր, որ այստեղ պետք էր երկար սպասել. նախորդ օրերի փորձն էր այդ մասին վկայում։ Նախ՝ հավելյալ ճշտումների կարիք էր լինում ուղեկցող ռուս խաղաղապահների եւ տեղի ադրբեջանցի զինվորականների միջեւ, բացի այդ՝ վերջիններիս կողմից դիտմամբ ձգձգելու պատրվակներ էր առաջ գալիս։ Ուղեկցող խաղաղապահների խմբի ղեկավարի կողմից մեզ հրահանգված էր մեքենայից դուրս չգալ։
Որոշ ժամանակ սպասելուց հետո նկատեցինք, որ ադրբեջանական հենակետի կողմից մեքենային են մոտենում երկու ադրբեջանցի զինվորականներ։ Նրանցից մեկը, որը մոտ 2 մետր հասակ ուներ, մոտեցավ եւ բացեց մեքենայի դուռը։ Դեմքին քաշած դիմակի՝ աչքերի հատվածի բացվածքից խրոխտ նայեց ներս եւ ցուցամատը պարզելով առաջ՝ սկսեց ադրբեջաներենով բարձրաձայն հաշվել մեքենայում գտնվող մարդկանց։ Հետո դեմքով տնտղեց մեքենայի ներսը եւ հայացքը կանգ առավ վերջնամասում դրված մեծ պայուսակի վրա։ Ռուսերենով հարցրեց, թե ինչ է այն, ապա ստանալով պատասխանը, բավականին ուժգին փակեց դուռը։ Երևի, դա էլ էր ուժի ցուցադրություն։ Վերջում ադրբեջաներենով քիչ հեռու կանգնած մյուս ադրբեջանցուն հայտնեց մեքենայի անձնակազմի թվաքանակը եւ երկուսով անցան շարասյան հաջորդ մեքենային։
Իրավիճակն օրվա առաջին ծանր տպավորությունը թողեց, չնայած որ անսպասելի չէր։ Բոլորիս համար հստակ էր, որ հաճախ են լինելու տհաճ իրավիճակներ։ Սակայն այդ ամենը ստորադասվում էր այն սպասումին, որի համար գտնվում էինք այնտեղ։
Կարծես թե գործընթացն առաջ էր գնում։ Քիչ հետո ադրբեջանական հենակետից վերադարձավ մեզ ուղեկցող փոխգնդապետ ռուս հրամանատարը։ Մոտենալով մեզ՝ հրահանգեց հավաքել հեռախոսները եւ տալ իրեն՝ պարզաբանելով, որ անցակետով մուտք գործելիս միեւնույն է ադրբեջանցիներն են դա պահանջելու։ Մեր անձնակազմի անդամներից մեկը հանելով հեռախոսը եւ մեկնելով ռուս խաղաղապահին՝ որոշեց հարցնել.
– Նախապես վերցնում եք հեռախոսները, որ եթե այնտեղ մեզ գերի վերցնեն չկարողանա՞նք կապի դուրս գալ։
– Իսկ ե՞րբ է եղել նման դեպք, որ մեզ հետ գաք որոնումներ կատարելու եւ ձեզ գերի վերցնեն, – սաստող տոնով, սակայն ինչ-որ տեղ նեղսրտած, արձագանքեց ռուս հրամանատարը։
– Կատակում եմ, ընկեր փոխգնդապետ,– կարծես իրավիճակը շտկելու ու անցանկալի զարգացումներից խուսափելու համար արագ պատասխանեց մեր խմբի անդամը։
Հեռախոսները հավաքեցինք եւ փոխանցեցինք նրան։ Վերջինս էլ դրանք տարավ եւ դրեց ավտոմեքենայի սրահի խցիկում։ Եվս մի քանի րոպե, եւ մեր ավտոմեքենաների շարասյունն առաջ շարժվեց դեպի ուղեփակոց, որի մոտ կանգնած ոչ կոկիկ տեսքով եւ հանդերձանքով ադրբեջանցի զինծառայողը բացեց շարժական ձողը։
Հենց խաչմերուկի հատվածից սկսած՝ ճանապարհի ողջ երկայնքով, մի քանի տասնյակ մետրերով ձգվում էին նրանց տեխնիկաները։ Իսկ զուգահեռ՝ ճանապարհի մյուս կողմում, մի քանի մետրը մեկ անկանոն խմբված ադրբեջանցի զինվորականներ էին։ Անցանք այդ հատվածը եւ շարունակեցինք ընթացքը։
Լուսանկարը` REUTERS
Այն իրավիճակը, որը ճանապարհին տեսանք Հադրութի շրջանի առաջին բնակավայրերով անցնելիս, հերթական արձանագրումն էր թեւավոր խոսք դարձած մտքի. այստեղով թուրքն է անցել։ Դրախտիկ եւ Ազոխ գյուղերում, որոնցով անցնում էր մայրուղին, կարծես թե կազմակերպված միջոցառում էր իրականացվել։ Ճանապարհի աջ եւ ձախ հատվածներից տեսանելի բոլոր տների եւ կից շինությունների բոլոր դռները բաց էին։ Այն, որ ադրբեջանցիները մուտք էինք գործել բոլոր տները հատ-հատ, պարզից էլ պարզ էր, բայց որ բոլոր դռներն անխտիր բաց էին, դա անբնական էր՝ պատահականորեն այդպես լինելու համար։
Այս բնակավայրերում անցուդարձի լայն իրավունք էր «վերապահվել» ընտանի կենդանիներին, մասնավորապես, խոզերին։ Ազատություն ստանալով՝ վերջիններս խմբերով շրջում էին հանգիստ եւ անկաշկանդ։ Տերերը «լքել էին» նրանց, իսկ նոր եկվորների համար խոզի միսը «հարամ է»։
Հետո անցանք Իշխանագետի կամրջով, որտեղից Մեծ Թաղեր գյուղ տանող ճանապարհն էր մայրուղուց առանձնանում։ Այդտեղ եւս ադրբեջանցիները հենակետ էին տեղակայել, որտեղ նաեւ տեղադրված էր Թուրքիայի դրոշը։
Լուսանկարը` REUTERS
Առաջին բնակավայրը, որտեղ, պայմանավորվածության համաձայն, պետք է մեկնարկեին որոնումները, Ջրակուս գյուղն էր։ Մեքենանները կանգ առան գյուղամիջյան ճանապարհին։ Ադրբեջանցի հրամանատարը հայտնեց, որ որոնումների համար տրվում է 30 րոպե ժամանակ։ Ռուս հրամանատարն էլ իր հերթին մեր խմբին հրահանգեց որեւէ ուղղությամբ որոնում իրականացնելիս շատ չհեռանալ, որպեսզի հետո խնդիր չառաջանա ժամանակին վերադառնալու հարցում։
Մեր խմբում կային նաեւ անհայտ կորած զինծառայողների հարազատներ, որոնք եւս եկել էին որոնելու իրենց զինվորներին։
Անձնակազմը ցրվեց տարբեր ուղղություններով։ Կարմիր խաչի աշխատակիցները եւս միացան։
– Արա՜մ..., Տիգրա՜ն..., Ալբե՜րտ...,Սաքո՜..., մա՜րդ կա՞..., գյուղու՜մ հա՜յ կա՞..., – գոչում էին տարբեր ուղղություններում։ Անկանոն ձայները աշխուժացրին սառը դեկտեմբերյան օդը։ Ավելի քան երկու ամիս հայկական շունչը բացակայում էր այստեղ, իսկ հիմա դարձյալ հայերեն բառերի ելեւէջներն էին տիրում շուրջբոլորը։
Ընդհանուր տեսարանն այդ պահին խոսուն էր. օկուպացված հայկական բնակավայրում հայերն էին, ադրբեջանցիները եւ ռուսները։ Առաջիններն այդ պահին գոռում, բացականչում եւ որոնում էին մարդկանց։ Ադրբեջանցիները քիչ հեռու որպես նորահայտ տանտերեր անհոգ ու ժպտադեմ զրուցում էին։ Իսկ հակառակ կողմում ռուսներն էին կանգնած։ Նրանց հրամանատարը հեռախոսով էր խոսում։ Այդ պահին միայն կարողացա լսել հետեւյալ բառերը. «....ну дааа.... скучно здесь....»։
Ընդհանուր տեսարանը լավագույնս ներկայացնում էր այդ օրերի իրավիճակը՝ խտացված մեկ դրվագում։
Իսկ անունների կանչը շարունակվում էր.
- Աբո՜..., Արա՜մ..., Տիկո՜..., Սաքո՜..., հայ կա՞ ստե՜ղ..., հայեր ենք տղե՜րք..., դուրս եկե՜ք..., ռուսների հետ ե՜նք..., Կարմիր խաչի հետ ե՜նք..., արխային դուրս եկե՜ք..., եկել ենք ձեր հետեւի՜ց...
30 րոպեն մի ակնթարթում անցավ։ Արդյունք չկար։ Պետք էր շարունակել որոնումները հաջորդ բնակավայրում։
Հաջորդը գյուղը Քուրաթաղն էր։ Դարձյալ 30 րոպե էր հատկացված։ Խումբը տարբեր ուղղություններով Կարմիր խաչի աշխատակիցների հետ վերսկսեց որոնումները։ Իրավիճակն այստեղ եւս նույնն էր, ինչ նախորդ բնակավայրում։
Ինչ-որ մի պահի նկատեցինք, որ հեռվից մեզ են մոտենում քաղաքացիական հագուստով հասուն տարիքի երկու անձինք։ Անակնկալի եկանք։ Չնայած որ մենք որոնում էինք ժամկետային զինծառայողների, չէր կարելի բացառել նաեւ, որ հնարավոր է գյուղում մնացած հայ բնակիչներ լինեն։ Դա հաշվի առնելով քայլեցինք ընդառաջ՝ հարցնելով, թե արդյոք հայե՞ր են։ Սակայն մեծ եղավ մեր հիասթափությունը, երբ բավականին մոտենալով, նրանցից մեկը խոսեց՝ «Salaam aleihum», ապա հեռվում տեսնելով ադրբեջանցի զինվորականներին՝ մոտեցան նրանց։ Մի քանի բառ փոխանակելուց հետո շարունակեցին քայլել։ Թե ինչպես էին հայտնվել այդտեղ, պարզ չէր։ Թվում էր, որ քաղաքացիական անձանց մուտքը գրաված բնակավայրեր ադրբեջանցիները դեռեւս չէին թույլատրում։ Ամեն դեպքում նրանք այդտեղ էին եւ, ըստ ամենայնի, զբաղված էին լքված տները մտնելով եւ թալանելով, քանի որ որոշ ժամանակ անց վերադարձան՝ այս անգամ արդեն երեք հոգով եւ իրերով բարձած հայկական համարանիշներ կրող քաղաքացիական ավտոմեքենայով։
Այս գյուղում եւս մեր որոնումներն արդյունք չտվեց։ Ճանապարհը շարունակեցինք գյուղից դուրս եկող եւ դեպի անտառային բարձունքներ տանող հողային ճանապարհով։
Ինչ-որ պահի մեր ետեւից եկող մեքենայից ռուս փոխգնդապետը հեռակապով հայտնեց, որ իրենց մեքենան այլեւս դժվարությամբ է ընթանում եւ ճանապարհի այդ հատվածում պետք է կանգ առնել։ Իջանք մեքենայից։ Գտնվում էինք անտառապատ բարձունքի գրեթե ամենավերին հատվածում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում դեպի դաշտային Արցախի հարավարեւելյան անծայրածիր տարածքները։
Լուսանկարը` REUTERS
Հաշվի առնելով այն, որ ռուս խաղաղապահների «Ուրալ»-ն արդեն դժվարությամբ էր ընթանում, եւ նաեւ այն, որ այդ պահին գտնվում էինք շրջապատի նկատմամբ վերահսկող դիրք ունեցող բարձունքի վրա, որոշվեց հետագա գործողությունները պլանավորել այսպես. ռուսների եւ ադրբեջանցիների «Ուրալ »-ները մնում են տեղում։ Ռուս փոխգնդապետն ու ադրբեջանցի մայորը ճանապարհը շարունակում են մեր անձնակազմի եւ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։ Ռուս վարորդը եւ մյուս երկու ադրբեջանցի զինվորականները մնում են ավտոմեքենաների մոտ։ Նրանց հետ պետք է մնայի նաեւ ես, եւ հենց այստեղ պետք է գործի դրվեր մեր անօդաչու թռչող սարքը՝ որոնումները կատարելու համար։ Դա այն աշխատանքն էր, որի համար միացել էի որոնողական խմբին։
Սա արդեն երրորդ փորձն էր։ Նախորդ երկու դեպքերում, երբ հստակ էր, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ հնարավոր է դարձել ադրբեջանցիներից թույլտվություն ստանալ՝ որոնողական աշխատանքներում ԱԹՍ ներգրավելու համար, տեղում խոչընդոտներ էին հարուցվում, եւ երկու դեպքում էլ հնարավոր չէր եղել այն օգտագործել։ Այս անգամ նախնական տպավորությունն այնպիսին էր, որ կարծես թե գործը գլուխ կգար։
Սակայն վերջին պահին մեր ԱԹՍ-ն գործի դնել չթույլատրվեց։ Իսկ պատասխանը հեգնական էր. «Ձեր զենքերն ու տեխնիկաները անպիտան եւ 80-ականների՞ չեն։ Ուստի մերը կօգտագործենք»։
Իսկ ինչպես պարզվեց հետո՝ նրանց «պիտանի եւ ժամանակակից տեխնիկան» ընդամենը սիրողական տեսանյութեր նկարահանելու համար նախատեսված փոքր ԱԹՍ էր։
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան
Ռուս փոխգնդապետի առաջարկով մնացի երկու ադրբեջանցու հետ՝ ԱԹՍ-ով տեղանքը զննելու համար, իսկ մյուսները համատեղ շարունակեցին ճանապարհը՝ որոնումներն անտառի ավելի խորքային հատվածում իրականացնելու։
Կանգնած էի ադրբեջանցի զինվորականի կողքին, որն այդ պահին արդեն գործի էր դրել սարքը եւ վերեւից դիտում էր տարածքը։ Մյուս ադրբեջանցին, որը վարորդն էր, կանգնած էր քիչ հեռու։ Իսկ ռուս վարորդը ավտոմեքենայում էր։
Շուրջ մեկ րոպե տեւած լռությունից հետո ադրբեջանցին դիմեց ինձ.
– Ռուսերեն հասկանու՞մ ես։
– Հա։
– Տեղանքը հարմար չէ, կապի խնդիր կա, հնարավոր չէ նորմալ կառավարել,– եւ կառավարող վահանակը թեքեց իմ կողմ՝ իր խոսքը կարծես ավելի համոզիչ դարձնելու համար։ Ես արդեն հասկացել էի, որ սա անիմաստ գործողություն էր այն պահից սկսած, երբ որ մեզ չթույլատրվեց մեր ԱԹՍ-ով տեղանքի զննումը կատարել, քանի որ այն տեխնիկապես շատ ավելի հզոր էր եւ ավելի մեծ հնարավորություն կտար լայն շառավղով մանրամասն դիտելու եւ նկարահանելու համար։
Մի քանի րոպե օդում մոտ տարածության վրա աջ ու ձախ անելուց հետո ադրբեջանցին որոշեց սարքն իջեցնել.
– Բացի այն որ տեղանքը հարմար չէ, նաեւ արդեն լիցքավորումն է սպառվել,– ասաց նա։
Ադրբեջանցին այն իջեցրեց, անջատեց, տեղադրեց պայուսակում եւ տարավ մեքենան։ Հետո դարձյալ մոտեցավ, հանեց ծխախոտը, վառեց, ապա տուփը մեկնեց ինձ.
– Կծխե՞ս։
– Չեմ ծխում։
– Եկել ես հարազատի որոնելու՞։
– Որպես տեխնիկական հարցերով փրկարար ծառայող՝ եկել եմ օգնելու, բայց այս անգամ եւս չստացվեց։
Նա լռեց։ Ապա որոշեց փոխել թեման։
– Իսկ որտեղի՞ց ես։
– Արցախից։
Ադրբեջանցին ինչ-որ բան ցանկացավ ասել, սակայն լռեց եւ շարունակեց ծխել։ Հետո երեւի թե զգալով զրույցի բռնվելու անհնարինությունը, քայլեց դեպի ավտոմեքենայում գտնվող ռուս խաղաղապահի ուղղությամբ։ Վերջինս տեղում ուղղվեց, երբ ադրբեջանցին բացեց դուռը։ Ըստ երեւույթին, կիսապառկած դիրքով քնած էր։
– Բարի օր։
– Բարի օր։
– Ինչպե՞ս է ծառայությունը,– հարցրեց ադրբեջանցին։
– Շատ լավ,– տեղում ուղղվելով պատասխանեց խաղաղապահը։
– Լսե՞լ եմ, որ զոհ եք ունեցել ականի պայթյունից, ճի՞շտ է։
– Հա։
– Իսկ մի՞թե չգիտեք, թե որ հատվածներում են ականապատված տարածքները։
– Որտեղից իմանանք, նույնիսկ նրանք նորմալ չգիտեն (նկատի ունի արցախյան կողմին)։ Հիմա մանրազնին ականազերծման աշխատանքներ ենք իրականացնում։
– Պարզ է,– ասաց ադրբեջանցին, ապա որոշակի դադար տվեց եւ շարունակեց։
– 5 տարո՞վ եք եկել։
– Հա։
– Իսկ հետո՞։
– Հետոն չգիտեմ, մեզ ոչինչ հայտնի չէ։
Տիրեց լռություն։ Ես ի սկզբանե որոշել էլ զրույցի մասնակից չդառնալ եւ ընդհանրապես զերծ մնալ հաղորդակցվելուց։
Ռուս խաղաղապահը կարծես թե որոշեց խոսակցությունը ծավալելու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։
– Պատերազմը երկու ամիս չտեւեց, չէ՞։
– Չէ, 40 օրից մի քանի օր ավել։
– Իսկ ծա՞նր էր։
– Հա, հեշտ չէր մեզ համար։ Նրանք (գլուխը թեքեց իմ ուղղությամբ) լավ են կռվել, ուղղակի տեխնիկապես լավ ապահովված չեն եղել... Մենք էլ ունենք շատ զոհեր եւ անհետ կորածներ։
– Ձեր հաջողություններին բավականին նպաստեցին հարվածային ԱԹՍ-ների կիրառությունը։ Հետո, դուք նավթ ունեք, իսկ իրենք ոչինչ չունեն։
– Համաձայն եմ,– ասաց ադրբեջանցին, մի փոքր մտածեց եւ հարցրեց,– ինձ շատ հետաքրքիր է, թե մեր դեմ՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ, նրանց որ ստորաբաժանումներն են մարտեր մղել. բավականին համառ դիմադրություն են ցույց տվել։
– Չգիտեմ, տեղյակ չեմ,– մեքենայից ցատկելով՝ պատասխանեց խաղաղապահը, ապա կռացավ ձյուն վերցրեց եւ սկսեց շփել ձեռքերը։ Հետո հարցրեց.
– Դուք հիմա հիմնական Ղարաբաղու՞մ եք ծառայում։
– Հա, այստեղ մեր ծառայության ընթացքում 1 օրը 2 օր է համարվում,– պատասխանեց ադրբեջանցին եւ զրույցը դարձյալ տեղափոխեց իր հետաքրքրությունների ոլորտ.
– Մեզ մոտ շրջանառվում են խոսակցություններ, որ նրանց ռուսական անձնագրեր եք ուզում տալ։
– Տեղյակ չեմ, բայց ես նույնպես նման խոսակցություններ եմ լսել։
– Իսկ ձեզ այստեղ ինչպե՞ս են ընդունում, նկատի ունեմ ժողովրդի վերաբերմունքը ինչպե՞ս է։
– Մեծամասամբ լավ։
Լուսանկարը` REUTERS
Խաղաղապահի մեքենայից իջնելու պահից սկսած, ադրբեջանցին անընդհատ ոտքից գլուխ չափում էր նրա համազգեստը։ Վերջապես հարցրեց.
– Ձեր համազգեստը վատը չէ։ Նրանցը նույնպես լավն է,– եւ մոտենալով ինձ սկսեց մոտ տարածությունից նայել համազգեստիս։ – Ճիշտ է, սա նրանց բանակային համազգեստը չէ, բայց երեւում է նրանց բոլոր համազգեստներն էլ լավն են։ Օրինակ, մեր ձմեռային համազգեստը նորմալ օձիք չունի։
Ռուս խաղաղապահը լուռ էր եւ ոչինչ չպատասխանեց։ Հետո թեքեց հայացքը ու նայեց դեպի հեռուն։
– Լավ բնություն կա այստեղ, լավ առողջարանային վայրեր կարող եք դարձնել,– ասաց նա։
– Հա, բայց շատ աշխատանքներ կան կատարելու։ Տարիներով պետք է ենթակառուցվածքներ ստեղծել։
– Պատերազմներն ամեն ինչ ավերում են։
– Հա, պատերազմը եւս քաղաքականություն է, – արագ վրա բերեց ադրբեջանցին...
Այդ պահին արդեն մոտիկից լսվում էր վերադարձող մեքենաների ձայները։ Ադրբեջանցին, որը կարծես թե ցանկանում էր շարունակել միտքը, նայեց մեքենաների ուղղությամբ, որոնք արդեն մոտենում էին։ Մյուս ադրբեջանցին, այդ ողջ ընթացքում կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա եւ խոժոռ հայացքով նայում էր։
Մեր խումբը վերադարձավ։ Որոնումները որեւէ արդյունք չէին տվել։
Տեղավորվեցինք մեր ավտոմեքենաներում եւ շարժվեցինք այլ ճանապարհով։ Մեքենայում մեր խմբից մեկը զարմանքով հիշեցրեց ադրբեջանցի հրամանատարի խորհուրդը, որը վերջին որոնումների ժամանակ առաջարկել էր զինվորների անունները վանկարկելուց զատ, հայերեն խոսույթներ ավելի շատ օգտագործել։ «Այլապես մենք էլ կարող ենք հայկական անուններ տալ եւ նրանց հանել թաքստոցներից։ Անուններից բացի հայերեն այլ նախադասություններ շատ ասեք, որպեսզի վստահ լինեն որ հայեր եք», - ասել էր ադրբեջանցի հրամանատարը։
– Դրանք միշտ էլ ձեւական «մարդասիրություն» են արել,– անտարբեր արձագանքեց մեր խմբից մեկ ուրիշը։
Վերջին բնակավայրն էր մնում, որտեղ պետք է այդ օրվա վերջին որոնումները կատարեինք։ Շուրջ 20 րոպե շարունակեցինք ճանապարհը եւ հասանք Ծակուռի գյուղ։ Այս բնակավայրում կարծես թե ադրբեջանցիների շարժը շատ էր։ Դա էին վկայում նաեւ սպանդի ենթարկված ընտանի խոզերը, որոնք փքված ընկած էին ամենուր։
Որոնման համար վերջին 20 րոպեն եւ վերջ։ Գիտակցաբար, թե ենթագիտակցորեն, որ դա օրվա վերջին հնարավորությունն է, կարծես բոլորս տասնապատկել էինք մեր ուժերը ու ձայնում էինք առանց դադարի։
Արդեն տրված ժամանակի ավարտը նշմարվում էր, երբ սարերից այն կողմ՝ շատ հեռվից լսվեց ինքնաձիգի կարճ կրակահերթ։ Կարմիր խաչի ներկայացուցիչը, որի գոչյունին հաջորդել էր այդ կարճ կրակահերթը, հանկարծ լռեց։ Այդ լռության մեջ լսվում էր նրա սրտխփոցը։ Նորից կանչեց ավելի ու ավելի ուժգին. միգուցե տղաներն էին, միգուցե նրանց կողմից ազդանշան էր։ Բայց այլեւս ոչինչ չլսեցինք։
Հաջորդ մի քանի րոպեներին մեր ձայնը չէր մարում, բայց այդպես էլ արձագանք չեղավ։ Ըստ երեւույթին, ադրբեջանցիների կրակահերթ էր, որոնք այդ ձորակում ամենուր էին։
Օրն ավարտվեց։ Մութը տարածվում էր անմարդաբնակ Հադրութի բնակավայրերի վրա։ Վերադառնում էինք։ Ողջ վերադարձի ճանապարհին ավտոմեքենայում որեւէ մեկը որեւէ բառ չասաց։ Մթնոլորտը ծանր էր։ Գուցե դա մեր վերջին հնարավորությունն էր։ Իսկ գուցե ի սկզբանե այդ հնարավորությունն ինքնին անհնարին էր… Գուցե արդեն ամեն ինչ ավարտված էր...
Հաջորդ օրը եւս պետք է մեկնեինք որոնումները շարունակելու։ Բայց ադրբեջանական կողմը արգելեց՝ առանց որեւէ պատճառաբանության։ Մեկ օր անց ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեցին զոհված տղաների տեսանյութերը։ Մեր զինվորներն էին, որոնց այդքան որոնում էինք։ Ադրբեջանցիները նրանց հայտնաբերել էին Տող գյուղում։ Տղաները չէին հանձնվել եւ համառ դիմադրություն էին ցույց տվել։ Եվ անհավասար մարտում ընկել էին բոլորը…
Դավիթ Աբաղյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: