Պատմության ուսուցիչ Հակոբին աշխատանքի չեն ընդունում, որովհետեւ չտեսնող է - Mediamax.am

exclusive
5541 դիտում

Պատմության ուսուցիչ Հակոբին աշխատանքի չեն ընդունում, որովհետեւ չտեսնող է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Կարապետյանը՝ Ամբերդի դպրոցում
Հակոբ Կարապետյանը՝ Ամբերդի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Կարապետյանը տեսողությունը կորցրել է աստիճանաբար, բայց դա նրան չի խանգարել կրթություն ստանալ։ Սովորել է ԵՊՀ-ում, քաղաքագետ է, հաշվապահական դասընթացների է գնացել, մերսողի մասնագիտություն ունի։ Մի քանի տարի առաջ որոշեց աշխատել կրթության ոլորտում, որովհետեւ վստահ է, որ Հայաստանի շատ խնդիրների արմատն այստեղ է։

Աշակերտներին երազանք տվող ընկեր Կարապետյանը


2018 թվականին Հակոբը միացել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրին ու երեք տարի հայոց եւ համաշխարհային պատմություն, հասարակագիտություն է դասավանդել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում, զուգահեռ սովորել է Շիրակի մանկավարժական համալսարանում։   

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուսուցչի աշխատանքի մասին ոգեւորությամբ է խոսում, ասում է՝ հետաքրքիր փորձառության էր։ Սիրով կշարունակի աշխատանքը, բայց պատմության ուսուցչի տասնյակ թափուր հաստիքներ ունեցող դպրոցներում Հակոբն աշխատանք գտնել չի կարողանում։

«Վերջերս Էջմիածնի մի մասնավոր դպրոց դիմեցի։ Զանգեցի, ասացին, որ մրցույթ պիտի լինի, գնացի, որ գրանցվեմ եւ մասնակցեմ։ Մտածեցի՝ մասնավոր դպրոց է, ուշադրություն չեն դարձնի իմ չտեսնելու հանգամանքին, մանավանդ, որ հիմա խոսում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրման, հազար ու մի ռոմանտիկ բաների մասին։ Գնացի, նախ շփոթվեցին։ Հենց հասկացան, որ չեմ տեսնում, ասացին՝ ցավում ենք, մեկ օր առաջ ենք ուսուցիչ ընդունել, այնինչ մրցույթը դեռ նոր պիտի լիներ։ Ասացին՝ էլի մրցույթ կլինի, նորից կմասնակցեք, բայց ես հասկացա, որ քաղաքավարի մերժում են։ Ու այդպես, որտեղ դիմում եմ, չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ հենց նախորդ օրն արդեն ուսուցիչ են ընդունած լինում»։

Լուսանկարը` Մեդիամաքս


ԿԳՄՍ նախարարության կայքում այս սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 12-ը միայն Երեւանի հանրակրթական ուսումնական հաստատություններում պատմության ուսուցչի 40 թափուր աշխատատեղի հայտարարություն կար։

Հակոբը չի շտապում նորից դիմել։ Ասում է՝ սա համակարգային խնդիր է․եթե անգամ մեկ-երկու տնօրեն բարի կամք դրսեւորի ու պատրաստ լինի իրեն աշխատանքի ընդունել, հարցը մնում է չլուծված։

40-ամյա մանկավարժը վստահ է, որ մրցույթ անցկացնելու, ուսուցիչ ընտրելու գործընթացը դպրոցի տնօրենին թողնելը սխալ է․անձնական համակրանքի, կոռուպցիայի եւ հովանավորչության խնդիր կա։ Իր մտահոգությունը կիսել է պատգամավորներից մեկի հետ, նա էլ առաջարկել է գրավոր ներկայացնել խնդիրը։

«Անլուրջ է։ Խնդրի մասին ասում ես, մի հատ էլ պիտի գրես, տանես։ Տեղեկացրել եմ, բարի եղեք խնդիրն առաջ տանել»։

Հակոբը հիշում է Ամբերդ գյուղի դպրոցի տնօրենին՝ «առաջադեմ հայացքներով, կրթված անձնավորություն էր, որի համար խնդիր չի եղել դպրոց ընդունել մարդու, որը վերապատրաստված է, ունի գիտելիքներ եւ արդյունավետ աշխատանքի կողմնակից է»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ կուզենար, որ դպրոցում ու բոլոր ոլորտներում այս չափանիշներով առաջնորդվեին։

Հակոբն ասում է՝ որպեսզի չտեսնող ուսուցիչը կարողանա անարգել դասավանդել, ընդամենը ցանկություն ու մի քանի հարմարեցում է անհրաժեշտ։ Ինքը, օրինակ, հենց սկզբից աշխատելու հարմար մեթոդներ էր մշակել, աշակերտների հետ որոշ հարցերի շուրջ պայմանավորվել։
Հակոբ Կարապետյանը՝ Ամբերդի դպրոցում Հակոբ Կարապետյանը՝ Ամբերդի դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե մեկն ուզում էր պատասխանել, ձեռք բարձրացնելու փոխարեն իր անունն էր ասում։ Առաջին մի քանի դասից հետո ես իրենց արդեն ձայներով էի ճանաչում, անուններն էի հիշում։  

Իրենք գիտեին, որ ես չեմ տեսնում, ցանկացած պահի կարող էին արտագրել, բայց ես միշտ փորձել եմ աշակերտի մոտ ձեւավորել, ամրապնդել ազնվության, չարտագրելու գաղափարը։ Բայց նաեւ ուրախանում էի, որ արտագրում են, որովհետեւ տարբերություն չէին դնում իմ եւ մյուս ուսուցիչների միջեւ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպեսզի դասերը հետաքրքիր ու չկրկնվող լինեին, Հակոբը երաժշտություն, ռադիոթատրոն, լրացուցիչ նյութեր էր օգտագործում։ Աշակերտներին հաճախ հրավիրում էր իր տուն՝ թեյի սեղանի շուրջ ֆիլմ դիտելու։ Ասում է՝ իր դասավանդման մեջ արտասովոր ոչինչ չկար, միայն մի քանի տեխնիկական հարց, որ հեշտությամբ կարգավորել էր։

«Միշտ պատրաստված էի գնում դպրոց։ Տանը ձեւակերպում էի նպատակը՝ ինչ եմ ուզում, որ աշակերտն իմանա, ու ըստ դրա՝ կառուցում դասը։ Շեշտը դնում էի տրամաբանական, վերլուծական կարողությունների զարգացման վրա։ Նաեւ՝ լրացուցիչ նյութեր էի կարդում, որովհետեւ կարող էին դասանյութից դուրս հարցեր տալ։

Քանի որ չեմ կարող տեսնել, դասագրքերը սքանավորում էի, վերածում word փաստաթղթի, ձայնային ծրագրով լսում։ Կամ եթե կինս ժամանակ էր ունենում, կարդում էր, ես ձայնագրում էի, գցում համակարգիչ, նյութերը մշակում էի ու էդպես պատրաստվում։ Գրավորներն էլ կնոջս օգնությամբ էի ստուգում»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց դպրոցում, ղեկավար պաշտոններում ու տարբեր ոլորտներում ներգրավելը ոչ միայն այդ մարդկանց, այլեւ ամբողջ հասարակությանն է անհրաժեշտ։ Սեփական օրինակով է համոզվել՝ որքան «առողջացնող» կարող է լինել իրական ինտեգրացիան։

«Միայն տեսնեիք աշակերտների շփումն ինձ հետ, իրենց պատրաստակամությունն ամեն հարցում օգնելու։ Եղել է, որ ծնողները մոտեցել, ասել են՝ իմ երեխայի համար դուք չափանիշ եք, ձեզ տեսնելով՝ սկսում է սովորել։ Սրանից մեծ պատճառ, թե ինչու հաշմանդամություն ունեցող մարդը պետք է աշխատի դպրոցում, չկա։ Այս դեպքում է, որ հաղթահարվում են արգելքները թե՛ մեր ուղեղում, թե՛ իրական կյանքում, որովհետեւ տեսնում են, որ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է շատ բան անել»։

Հակոբն ասում է՝ հասարակության վերաբերմունքը դանդաղ, բայց նկատելի փոխվում է։ Փողոցում, տրանսպորտում, աշխատավայրում ու տարբեր հանրային վայրերում հաշմանդամություն ունեցող մարդկանց հաճախ տեսնելով՝ կոտրվում է կարծրատիպը, թե հաշմանդամությունը ողբերգություն է, սահմանափակումներով կյանք։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե անհատ-հասարակություն-պետություն ճիշտ համագործակցություն լինի, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները ճիշտ գնահատվեն եւ դրանք լուծելու ցանկություն լինի, մեծ արդյունքներ կունենանք։ Եթե՝ ոչ, ուրեմն մենք անընդհատ պիտի փորձենք պատեր, կարծրատիպեր կոտրել։ Մինչդեռ սա շատ կարեւոր է հասարակության մտածողությունը զարգացնելու համար։ Մանավանդ հիմա, երբ պատերազմներից, դժբախտ պատահարներից հետո այսքան մարդ է հաշմանդամություն ստացել, շատերն ընկճված են, մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ դա աշխարհի վերջը չէ, ամեն ինչ հնարավոր է անել մարդկանց բարի կամքի, ցանկության դեպքում»։

Հակոբը պատրաստվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման։ Ուզում է ուժերը փորձել։ Բայց հույս չունի, որ անգամ ատեստավորումից հետո դպրոցում աշխատելու հնարավորություն կունենա։

«Նեղացնող, ցավեցնող վերաբերմունք է, բայց այս  վիճակում մենք ենք հայտնվել, հաշմանդամություն մենք ունենք, եւ անկախ մեր կամքից՝ հասարակության մտածողությունը վերափոխելու դրոշակակիրն ենք։ Պիտի անենք»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին