Պատերազմների զուգահեռներն ու հարազատ դարձած օտարները - Mediamax.am

exclusive
1928 դիտում

Պատերազմների զուգահեռներն ու հարազատ դարձած օտարները


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Սեդա բաբոն հաց թխելիս է եղել, երբ լսել է ռմբակոծության ձայներն Արցախի Սարուշեն գյուղի իր հայրենի տանը: Հիշում է, թե ինչպես են ծոռները վախեցած տուն վազել.

«Երեւի 11 անց կես էր, երեխաները ծվալով եկան տուն, հարցրի՝ ի՞նչ ա իլել, մատաղ ինիմ, ասացին՝ թորքերը մտել են գյուղ, կյամ են մեզ մորթին»:

Սեդա Իսրայելյանը պատմում է, թե ինչպես են երեխաներին վերցրել ու գնացել գյուղի վերին մասը, հետո հիշողությունը նրան տանում է հեռավոր 1988 թվականը, երբ նորից լուր էին ստացել՝ թուրքերը հարձակվել են Ասկերանի վրա:

«90-ականներին տանկերով, որ կրակում էին, տները օրորվում էին: Մենք տեսնում էինք, թե ինչպես են ինքնաթիռները ռումբեր գցում Շուշիից դեպի Բերձոր գնացող ճանապարհներին, ուժեղ կռիվն էնտեղ էր»,- հիշում է Սեդա բաբոն:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Արցախի առաջին ազատամարտի տարիներին էլ էր նա հաց թխում, թխում էր ֆիդայիների համար, որ լավ կռվեն: Նորից ժամանակ առ ժամանակ ստիպված էին պատսպարվել հեռու այգիներում, սակայն գյուղից դուրս չեն եկել: 2020 թվականի պատերազմի ժամանակ էլ միայն մեկ ամսով գնացին գյուղից, հետո նորից վերադարձան հայրենի Սարուշեն: Սակայն Սեդա բաբոյի ապրած չորրորդ պատերազմը նրան շատ հեռացրեց Արցախից:

Կանայք, ծերեր ու երեխաներ գիշերով փախել են Սարուշենից՝ անցնելով անտառներով, որ անօդաչուների հարվածներից պաշտպանվեն: Նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը մնացել են գյուղում՝ կանգնեցնելու թշնամու առաջխաղացումը:

«Մինը զույգ երեխա վերցրած, մյուսը հղի, մինը սոված, մյուսը ծարավ, մինը՝ վայ ամուսինս, մյուսը՝ վայ տղես: Էդ ժամանակ էլ սնարյադների, գրադի ձայները նենց էր, որ կարծես մեզ վրա էին թխում»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Սեդա բաբոն միայն իր թարմ թխած հացերն էր վերցրել, ուրիշ ոչինչ: Օգնում էր բոլորին, որ երեխաներին կարողանան կերակրել, անցնեն բարդ ճանապարհը:

«Էս մինին՝ հաց, էն մինին՝ ջուր ... ես ինչ եմ իմանում, որ իմ տղան էլ չկա, 200-300 թուրք էնքան ավտոմատով թխալ են, անճանաչելի ա դարձել լրիվ»:

Սեդա բաբոյի որդին՝ Անդրեյ Իսրայելյանը, զոհվել է Սարուշեն գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ եւ այսօր թաղված է Եռաբլուրում:

«Լոխ կորցրել եմ՝ տունս, տեղս ... բայց երկրից չեմ գնա, երեխուս թողնեմ ու՞ր գնամ, սենց գոնե ամիսը մեկ անգամ գնում եմ մոտը»:

Սեդա բաբոյի ընտանիքը Արցախից տեղահանված մի շարք մարդկանց հետ ժամանակավոր կացարան էր գտել «Հայորդի» ճամբարում, որը բռնագաղթի մեկնարկից ի վեր հյուրընկալել է պատերազմի հետեւանքով զոհվածների հարյուրավոր ընտանիքների, ապահովել սնունդով եւ բոլոր անհրաժեշտ պայմաններով:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Ճամբարում Սեդա բաբոն օգնում էր խոհանոցային գործերում: Որոշ ժամանակ այնտեղ անցկացնելուց հետո նրա ընտանիքը Օշականում վարձով բնակարան է գտել ու տեղափոխվել:

«Հայորդի»-ի բնակիչներին շարունակում է համեղ կերակրել Սիլվա Հայրապետյանը, նա մասնագիտությամբ խոհարար է Արցախի Ճարտար քաղաքից: Այժմ նա եւս վարձով բնակարան է փնտրում, որ ամուսնու ու կրտսեր որդու հետ տեղափոխվի, իսկ հետո աշխատանք գտնի: Տիկին Սիլվան ասում է, որ պատերազմից հետո օտարները հարազատ են դարձել, եւ դա է, որ ուժ է տալիս:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


«Օրվա ընթացքում զրուցում ենք իրար հետ օրներս անց կացնում: Այստեղ մի բախտի տեր մարդիկ ենք, հարազատացել ենք»:

Ճամբարի իրենց սենյակի մի անկյունը հատուկ է Սիլվայի համար. պատուհանագոգին ավագ որդու նկարներն են: Պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Յուրի Վարդանյանը զոհվել է 2020 թվականի պատերազմում, նրա գերեզմանը մնաց Արցախում:

«Չկարողացա որդուս վերջին հրաժեշտը տալ, նրան երկրորդ անգամ կորցրի»,- ասում է Սիլվան,- «Հայրենիքը շատ թանկ է, եւ ավելի թանկ է դառնում, երբ այդ հողում որդուդ արյունն է»:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Նա երազում էր, որ Յուրին բժիշկ դառնա, մարդկանց կյանքեր փրկի, բայց հիմա գիտի՝ տղան իր ապրած կարճատեւ կյանքում հասցրել է հազարավոր կյանքեր փրկել:

Յուրիից մնացած վերջին հիշատակը մեքենան է, որի վրա միշտ Մոնթեի նկարն է եղել: Ադրբեջանական ապօրինի անցակետն անցնելիս մեքենայի վրայից նկարը հանել են, որ հանկարծ թշնամու զինվորները չպղծեն, բայց հիմա նորից իր տեղն են դնելու:

«Մեր ազգին Մոնթե է պետք: Հազարավոր տարիներ ի վեր՝ հայը միշտ կռվի մեջ է  եղել, եւ´ հաղթել է, եւ´ պարտվել: Պարտվել է, երբ եղել են դավաճաններ, սակայն եթե հայը միասնական լինի, ոչ մի թշնամի չի կարողանա այդ ոգին կոտրել ... Արցախը չի պարտվել, Արցախը հանձնել են»,-ասում է Սիլվան:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Թեկուզ եւ ընտանիքն ամեն ինչ կորցրել է ու պետք է սկսեն զրոյից, Հայաստանից հեռանալ չեն ցանկանում: Սիլվայի սիրտը հուշում է՝ նորից վերադառնալու են Արցախ:

«Պիտի ոտքի կանգնենք, պահենք Հայաստանը, վերադարձնենք Արցախը, որ մեր որդիների թափած արյունն անտեղի չլինի, որ Արցախը նորից լինի հայկական ու Արցախում հայերենը հնչի»,-ասում է Սիլվան:

Չնայած ճամբարի հյուրերի ծանր ապրումներին, կամավորներն անում են հնարավորը, որպեսզի բնակիչներն իրենց լավ զգան: Նրանցից շատերն աշխատում են, բայց իրենց ազատ ժամերն ու հանգստյան օրերը ճամբարի գործերին են նվիրում:

«Այս պահին ճամբարի բնակիչները մոտ 70 հոգի են: Մեր հյուրերից շատերն արդեն տեղափոխվել են վարձով բնակարաններ: Որոշ դեպքերում հոգատար քաղաքացիներ կապվում են մեզ հետ եւ առաջարկում վճարել ընտանիքներից մեկի մի քանի ամսվա վարձը՝ հնարավորություն տալով նրանց ոտքի կանգնել ծանր կորուստներից հետո»,- պատմում է «Հայորդի» նախաձեռնության հիմնադիր Վաչե Վարդանյանը:

«Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ-ի թիմը պարբերաբար այցելում է ճամբար, բռնագաղթված ընտանիքներին տրամադրում հոգեբանական աջակցություն, երեխաներին օգնում նաև դասապատրաստման հարցում:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Ճամբարի բնակիչների կարիքները հոգալու համար նախաձեռնությանն աջակցել է IDBank-ը՝ տրամադրելով «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա գումարը: «Երազ» խանութների ցանցն աշխատանք է առաջարկել ճամբարում ապաստանած մարդկանց, նաեւ «Հայորդի»-ի հետ համատեղ մեկնարկել «Աշկդ լյուս» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված հղի կանանց: Հայ կրթական հիմնարկությունն էլ հարյուրավոր երեխաների ապահովել է պայուսակներով եւ գրենական պիտույքներով, որպեսզի նրանք կարողանան դպրոց հաճախել:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


«Քանի որ ճամբարի տարածքը փոքր է, իսկ զոհվածների ընտանիքների թիվը՝ մեծ, որոշեցինք գործարկել նաեւ համալիր աջակցության շարժական կայան, որպեսզի կարողանանք օգնել ավելի մեծ թվով մարդկանց: Մեր գործընկերների հետ այցելում ենք այն քաղաքներ, որտեղ բռնագաղթված ընտանիքների թիվն առավել մեծ է: Պատերազմի կամ վերջին պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին, նաեւ բազմազավակ ընտանիքներին տրամադրում ենք գրենական պիտույքներ, մանկական հիգիենիկ պարագաներ, հոգեբանական աջակցություն»,- նշում է Վաչե Վարդանյանը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան՝ Մեդիամաքսի համար


Այժմ նախաձեռնությունը շարունակում է աշխատել գործընկերների հետ՝ ճամբարում ապաստանած ընտանիքների համար բնակարաններ եւ աշխատանք գտնելու ուղղությամբ: Առաջիկայում կգործարկեն նաեւ ծրագիր, որով հնարավորություն կտան մտահոգ քաղաքացիներին կապ հաստատել բռնագաղթված ընտանիքներից մեկի հետ եւ աջակցել նրանց:

«Հիմա կարծես դեռ երազի մեջ լինենք, մեզ այստեղ այնպես են ջերմությամբ շրջապատել, որ ամբողջությամբ չենք զգում՝ ինչ ենք կորցրել: Երբ տեղափոխվենք վարձով բնակարան, այդ ժամանակ պետք է փորձենք չխելագարվել»,- ասում է Սիլվա Հայրապետյանը:

«Հայորդի» նախաձեռնությունը շարունակելու է պատերազմների հետևանքով զոհված հայորդիների ընտանիքների աջակցության ծրագրերը: Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից կամ զանգահարելով 098 306969 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին