Հայր Դերենիկ. «Արցախի սահմանն անցանք, բայց մնացինք Դադիվանքում» - Mediamax.am

exclusive
3024 դիտում

Հայր Դերենիկ. «Արցախի սահմանն անցանք, բայց մնացինք Դադիվանքում»


Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը
Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը
Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից

Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը
Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի կեսերին Դադիվանքում արդեն ցուրտ էր։ Արցախցի պապիկի՝ մի գիշերում պատրաստած փայտի վառարանը ռուս խաղաղապահները սեպտեմբերի 18-ին հասցրել էին Դադիվանք։

«Նստած ուրախանում էինք, թե ինչ լավ է՝ վառարանը հասավ մեզ, ճաշ կեփենք, կտաքանանք»,- հիշում է վանահայրը՝ Դերենիկ աբեղա Սահակյանը։

Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 20-ի գիշերը հայր Դերենիկը, Հովհաննես եւ Արսեն սարկավագները լուսացրին տաք վառարանի շուրջ, պայթյունների ներքո։

«2022 թվականի սեպտեմբերի պատերազմից հետո պայթյունների ձայնը լցվել էր ականջս։ Երբ նորից լսեցի այդ ձայնը, ասացի՝ տղաներ, սկսվեց, որովհետեւ անուղղակի կերպով գիտեինք, որ պիտի լինի մի բան։ Դուրս վազեցի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, եւ սկսվեցին պայթյունները, նաեւ՝ Դադիվանքից ոչ հեռու։ Այդպես շարունակվեց մի ամբողջ օր»։

2020 թվականի պատերազմից հետո Քարվաճառը, որտեղ գտնվում է Դադիվանքը, անցել էր Ադրբեջանին։ Սակայն հայ հոգեւորականները շարունակվում էին ծառայել վանքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ 6 ամիսը մեկ հոգեւորականների կազմը փոխվում էր։

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից


Հայր Դերենիկը, սակայն, Դադիվանքում ծառայեց 14 ամիս։ 2022թ. դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, ու 35-ամյա աբեղան ծառայակից սարկավագների հետ մնաց Դադիվանքում մինչեւ Արցախի հայաթափումը։

Կրկնակի շրջափակման պայմաններում տեղաշարժի, շփման հնարավորությունները սահմանափակ էին, բայց գաղափարը, որի համար գնացել էին Դադիվանք, թեւ էր տալիս։

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից


«24 ժամը նույն պատերի մեջ էր անցնում։ Անգամ քայլելու համար սահման կար.պիտի մինչեւ պատը հասնեիր ու վերադառնայիր, բայց ես չէի սիրում հասնել պատին, որովհետեւ էդտեղ գրված էր stop։ Իսկ ինձ համար իմ հայրենիքն անսահմանություն է։

Երբ շրջափակման մեջ ես ու շուրջդ թշնամին է, թվում է՝ պիտի վախի զգացողություն առաջանա։ Բնավ։ Առաջինը՝ դու գիտես, որ քո մայրենի հողի վրա ես, երկրորդ՝ քո սուրբ եկեղեցու մեջ ես, եւ երրորդ՝ քո հայրենիքն ես պաշտպանում։ Երբ այս երեք սկզբունքները հավասարապես կան, դու այլեւս ո՛չ վախ ունես, ո՛չ՝ մտահոգություն, ո՛չ էլ մտածում ես, որ անազատության մեջ ես։

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից


Կան գաղափարներ, որոնք առաջնորդում են, ձեւակերպում քո ընթացքը, քո ճանապարհը։ Այդպես էր նաեւ Դադիվանքի դեպքում։ Հայրենիքը, եկեղեցին մեր ծառայության կարիքն ունեն։ Ծառայությունը միայն խոնարհություն չէ, ծառայության մեջ ուժ կա։ Մեզ համար սա հայրենապաշտպանություն է, իրենց համար՝ քաղաքականություն, մեզ համար սրբություն է, իրենց համար՝ շինություն, իրենք ուզում են տարածք, մենք ուզում ենք հող, որովհետեւ այդ հողի մեջ մեր հայրերի, պապերի ոսկորներն են, մեր պատմությունն ու մշակույթն է»։
Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դադիվանքում հայր Դերենիկը գիրք է գրել պապի եղբոր մասին։ Աբգար Սահակյանը Մեծ Հայրենական պատերազմի մասնակից էր, եռակի շքանշանակիր, մեծ ուժի եւ գաղափարի մարդ։ Հայր Դերենիկն ասում է՝ ճիշտ պահին «հանդիպեցի» նրան։

Ամենօրյա ժամերգությունների, տոնական օրերի եւ կիրակիների պատարագներին զուգահեռ վանահայրն ու սարկավագները Դադիվանքում սովորեցին ճաշ պատրաստել, կենցաղային հարցեր լուծել։ Արցախի թեմն ամեն շաբաթ նրանցից անհրաժեշտ սննդի եւ պարագաների ցուցակ էր ուզում։ «Բացառիկ ուշադրություն է եղել Դադիվանքի նկատմամբ, ամեն ինչ արել են, որ որեւէ բանի պակաս չունենանք»,-ասում է հայր Դերենիկն ու ավելացնում, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսն իրենց հետ մշտական կապի մեջ է եղել։

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից


Ավելի քան մեկ տարի Դադիվանքն ու հոգեւորականները հայ այցելուներ չեն ունեցել։ Կիրակնօրյա պատարագներին երբեմն ռուս խաղաղապահներն էին մասնակցում։

«Որոշեցինք ամեն կիրակի ագապե՝ սիրո ճաշ կազմակերպել, եւ ռուս զինվորականներին հրավիրել ճաշի։ Պարտադիր պայման էր, որ հայկական ուտեստ պատրաստենք ու նաեւ այդ ձեւով ներկայացնենք մեր հայրենիքը, մեր մշակույթը։ Վստահաբար կարող եմ ասել, որ խաղաղապահների հուշերում էլ շատ անուշ օրեր մնացին Դադիվանքից, մեր հանդիպումներից»։

Առանձնահատուկ կարոտով հայր Դերենիկը Սեւուկին՝ ադրբեջանցիներից փախած ու իրենց մոտ ապաստան գտած շանն է հիշում։

Լուսանկարը` Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից


«Փախավ, եկավ մեզ մոտ։ Մեկ շաբաթ հետո եկան, կապեցին, տարան, բայց նորից փախավ, եկավ մոտս։ Ասացի՝ վերջ, մեր շունն է: Որեւէ թուրք, որ անցներ այդ տեղով,  հարձակվում էր վրան։ Ցավոք, չկարողացա հետս բերել։ Ինքը մնաց Դադիվանքի հավերժ պահապանը»։

Վանահայրը հիշում է Դադիվանքում վերջին աղոթքը։ «Վանքը մնաց մեր մեջ, մենք մնացինք վանքում»։

Վերջին անգամ նաեւ զանգակատան զանգերը հնչեցրեց, որ մինչ այդ արգելված էր։
Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայր Դերենիկը, Հովհաննես ու Արսեն սարկավագները Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 30-ին։

«Սահմանն անցանք, բայց մնացինք Դադիվանքում»։
 
Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին