Զրույցներ Արցախը կորցրած մարդկանց հետ - Mediamax.am

exclusive
2727 դիտում

Զրույցներ Արցախը կորցրած մարդկանց հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էթերին և Կարմիր խաչի հայկական ընկերակցության կամավորը
Էթերին և Կարմիր խաչի հայկական ընկերակցության կամավորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենան
Լենան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար տատիկը
Գոհար տատիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մովսես Պողոսյանը
Մովսես Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարգարիտը
Մարգարիտը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ամաչում եմ, որ ինձ օգնություն են առաջարկում»։ Ստեփանակերտից ընտանիքի հետ բռնի գաղթի ճամփեն անցած Սամվելի աչքերն արցունքոտվում են, բայց շատ արագ հավաքում է իրեն։ Սամվելին Վայքի սննդի կետի մոտ ենք հանդիպում. աչքերը փոս են ընկած, կարմրած, այտոսկրերը նիհարությունից ավելի արտահայտիչ են դարձել։ Հարցնում եմ՝ մի՞շտ է այսքան նիհար եղել, թե՞ բլոկադայից հետո։

«Չորս օր է՝ չեմ քնել»։ Չորս օր չի քնել, ընտանիքին բերել հասցրել է ապահով տեղ, հիմա մտահոգ ծխում է՝ ի՞նչ են անելու հետո։ Ինքը բեռնատարով է, իսկ ընտանիքի մյուս անդամներն առանձին՝ մարդատար մեքենայով են գալիս եղբոր հետ. նրանց է սպասում։ Բեռնատարի թափքը լիքն է, հարցնում եմ՝ հասցրե՞լ եք ապրանքներ վերցնել ձեզ հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս



«Մենք ուշ դուրս եկանք, սպասեցինք էդ պանիկան մի փոքր հանդարտվի, ինչ-որ բաներ վերցրինք մեզ հետ, բայց էնպես չէ, որ ամեն ինչ մերն է, ավելի վաղ դուրս եկած բարեկամ-ծանոթ զանգել, խնդրել են, որ իրենց համար կարեւոր որոշ բաներ բերեմ։ Թող տեղավորվեն, կբաժանեմ»։

Տեղահանված եւ ամենածանր ապրումների ու խոսակցությունների մեջ օրեր անցկացրած ու անցկացնող երեխաներին մի փոքր ուրախացնելու համար խաղալիքներ ենք վերցրել մեզ հետ։ Քիչ առաջ Վայք հասած Սամվելի երկու փոքրիկները սիրով ընդունում են խաղալիքները, բայց 12-ամյա որդին՝ Արամը, հրաժարվում է։

- Շախմատ խաղո՞ւմ ես, չէ՞, վերցրո´ւ։
- Չէ, չեմ խաղում, պետք չի։
- Մայրիկդ ասաց, որ շատ լավ ես խաղում, խնդրում եմ, վերցրո´ւ։

Սեւուկ աչքերը մի փոքր ժպտում են, վերցնում է, գրկում եմ Արամին։

- Իմ եղբոր տղային էնքա՜ն նման ես, գրեթե քո տարիքին է, ինքն էլ է շատ լավ շախմատ խաղում…

Լուսանկարը` Մեդիամաքս



Վայքի սննդի կետում, որտեղ շատ արցախցիներ կան, մի աղջիկ է գրավում ուշադրությունս՝ հավանաբար 15-16 տարեկան է։ Ուզում եմ զրուցել հետը, բայց հենց հայացքս որսում է, աչքերը փախցնում է։ Աչքերը տխուր են ու հոգնած, չի ժպտում, փորձում է ոչ ոքի չնայել… այդ եւ նաեւ հաջորդ օրը՝ Գորիսում, հասկացա՝ այս տարիքի պատանիներն ամենախոցելի են. արդեն այն տարիքում են, որ հասկանում են եղելության սարսափելիությունը, կարոտում են իրենց տունը, կյանքը, անցել են դժոխային ճանապարհ, ամենադժվար ապրումներ են հաղթահարել, շատերը դեռ չգիտեն՝ ուր են գնալու, վիրավորվում են իրենց առաջարկվող անվճար սննդից, չեն կարողանում մոտենալ եւ շոր ընտրել Գորիսի հրապարակում դրված շորերով լի արկղերից (թեեւ շատերը միայն մեկ հագուստով են դուրս եկել, բայց Արցախում իրենց ունեցածը շատ ավելի սիրելի էր)…

Գորիս ենք հասնում արդեն երեկոյան, մարդկանց վերջին խմբերն են գրանցման կետում։ Լուսանկարում եմ, Հայկական Կարմիր Խաչի ընկերակցության կամավորները, իրար հերթ չտալով, զգուշացնում են՝ մի նկարեք. այդպես են հրահանգավորել պատանիներին։ Զրույցի ենք բռնվում 18-ամյա Լուիզայի եւ 16-ամյա Կամոյի հետ, երկուսն էլ գորիսեցի են։ Շնորհակալություն եմ հայտնում իրենց աշխատանքի համար, հարցնում եմ՝ իրենց տարիքի համար դժվար չէ՞ այսքան ցավի միջով անցած մարդկանց հետ շփվելը։

Լուսանկարը` Մեդիամաքս


 
«Լինում են մարդիկ, որ լացում են, նաեւ գոռում են մեզ վրա, բայց մենք չենք նեղվում, հոգեպես պատրաստ էինք դրան։ Մեր Տեր Տիգրանը շատ է զրուցել մեզ հետ այս թեմայով, պատրաստել»,- ասում է Կամոն։

Լուիզան էլ ավելացնում է, որ շատ լավ են գիտակցում՝ այդ մարդիկ ինչքան մեծ կորուստներ ունեն, հարգում են նրանց ցավը ու երբեք չեն չարանում, գիտեն, որ նրանք էլ խոսելու, երբեմն նաեւ ցավից գոռալու կարիք ունեն։ Ապրուստի, տուն-տեղի, հարազատի կորստից հասնում ենք հայրենիքի կորստի թեմային։ Ասում եմ՝ բոլորս ենք կորցրել հայրենիք, Արցախը բոլորիս հայրենիքի մի մասն է…

«Շատ եմ ուրախանում, որ հայրենասեր մարդկանց եմ հանդիպում։ Իսկ մարդիկ կան, որոնց համար հայրենիքը միայն Երեւանն է։ Մի անգամ կողքից լսեցի՝ ինչպես մի պապիկ ասում էր՝ եթե ուզածները Սյունիքն է, թող տան, պրծնենք, հանգիստ ապրենք։ Բայց Սյունիքն իմ տունն է, ինչպե՞ս է նման բան ասում»։

Գրկում եմ Լուիզային, հարցնում է՝ դրանից էլի ունե՞ք (մատով ցույց տալով բաճկոնիս վրա ամրացված Արցախի դրոշով կրծաքանշանը)։ Ես եւ ընկերուհիս հանում ենք մեր կրծքանշաններն ու նվիրում պատանիներին։ Շնորհակալ են, ոգեւորված ամրացնում են Կարմիր Խաչի նշանի կողքին։

Լուսանկարը` Մեդիամաքս



…Դրսում բարձրախոսով հայտարարություններ են՝ Տավուշ գնացողները մոտենան, Նորքի ծերանոց… Հիմնականում միայնակ կամ մեքենա չունեցող մարդիկ են։ Կամավոր երիտասարդը փորձում է օգնել բաբոյին, որ բարձրանա ծերանոց ուղեւորվող մեքենա, բաբոն փոքր երեխայի պես ընդդիմանում է՝ «ես ինքս», կամավորը մի քիչ նեղսրտում, կողքի է գնում՝ «դե բարձրացի տեսնեմ, այ տատի», բայց տատիկի մոտ չի ստացվում ինքնուրույն բարձրանալ, կրկին կամավորների օգնությամբ գտնում է իր տեղը մեքենայի մեջ, որն իրեն տանելու է մի անծանոթ տեղ, որը նույնիսկ տուն չէ, իսկ ինքն ի՜նչ տուն ուներ, ինչ բանջարեղեն էր աճեցնում…
Բաբոները մի այլ թեմա են. գերզգայուն են, իրականության հետ հաշտվել չեն կարողանում, չեն ուզում, ցավից կուչ են եկած, իրենց երկար ու բազմափորձ կյանքի պատմությունը գծագրված է դեմքներին՝ կնճիռների ձեւով, քեզ են նայում վերացած հայացքով՝ հիմնականում գլխով համաձայնելով մխիթարանքի անհեթեթ խոսքերիդ։

Լուսանկարը` Մեդիամաքս



Այս մտքերով եմ, երբ ականջիս է հասնում մի կնոջ մի քիչ բորբոքված, անօգնական խոսակցությունից պատառիկ․ «Ուժե ամաչում եմ, քանի անգամը մտալ եմ… Լուչշը՝ դրսումը քինինք»։

Կնոջ հետ զրուցող կամավոր պատանին խեղճացած պատասխանում է՝ «չէ, ինչ դրսում, ձեզ դրսում չենք թողնի», մի գորիսեցի էլ, թե՝ «քուրիկ, եկեք մեր տանը մնացեք, ես ու մաման ենք»։

- Չէէ, ախր մենք շատ ենք․․․
- Դե բա ինքնասպանություն-բան ես ասում, դրանից հո լավ է։

Մինչ փորձում եմ հասկանալ՝ ինչն է խնդիրը, մեկ այլ կողմից լսվող ոչ հայերենն է գրավում ուշադրությունս։ Նայում եմ՝ կամավորներ են, նրանց մեջ նաեւ կան այնպիսինները, որ հայ չեն, բայց եկել են, որ օգնեն մարդկանց։ Տղաներից մեկի շապիկի գրությունն է գրավում ուշադրությունս՝ «ես հաղթած բանակի զինվորն եմ»․ Դանիելն է, Կանադայից հատուկ եկել է կամավորելու։

Լուսանկարը` Մեդիամաքս



Այլ կողմ եմ քայլում, տեսնում եմ այն նույն կնոջը, որն ասում էր «լուչշը դրսումը քինինք». մի նստարանին կծկված, նստած է։ Նստում եմ կողքին, հարցնում եմ՝ ինչի է էսքան մոլորված, սկսում է լացել, ասում է՝ իրենց տրամադրված հյուրանոցային համարից դուրս է փախել, խեղդվում է անորոշությունից, հարազատների հոգսից։ Ինքն է, մայրը, մոր՝ տարբեր հիվանդություններ ունեցող եղբայրն ու քույրը։ Ասում է՝ չգիտի՝ ուր գնա, ինչ անի, որ եւ´ մշտական տեղ լինի, եւ´ աշխատանք գտնի։

- Ստեփանավանը որտեղ է՞, Երեւանից շատ հեռու է՞։

- Լոռիում է, մեր ամենասիրուն մարզերից մեկում։ Տո՞ւն եք ճարել այնտեղ։ Բա ինչո՞ւ չեք ուզում գնալ։

- Չգիտեմ, բա գո՞րծ, ո՞նց ապրենք, ես չեմ ուզում օգնությունով ապրել. երկու օր է՝ հաց չէի կերել, ամաչում էի վերցնել ուտելիքներից։

Իննան Ստեփանակերտում մատուցող էր աշխատում, բայց չգիտի՝ այստեղ գործի կընդունե՞ն․

- Էս կառուցվածքով գործի կվերցնե՞ն ինձ։

Նայում եմ՝ մի քիչ փմբլիկ, գեղեցիկ կին է։

- Իննա ջա՜ն, էդ ժամանակներն ախր անցել են, համ էլ դուք շատ գեղեցիկ կին եք (ժպիտ է հայտնվում դեմքին), ինչո՞ւ չպիտի վերցնեն, կարեւորը գործին տիրապետելն է, Ստեփանավանը տուրիստական քաղաք է, աշխատանք կլինի։

- Մաման էլ լացում է, նեղվում է, չի ուզում։

- Ինչո՞ւ։

- Հենա հարցրեք, չգիտեմ։

Գլուխս վերեւ եմ բարձրացնում, արցախցի սիրուն բաբո է գլխավերեւումս, հարցնում եմ՝ ինչու չի ուզում Ստեփանավան գնալ։

- Երեկ բոլորին մի գազելով տարան, մենք մնացինք, չգիտեմ էլ ինչի մնացինք, չկողմնորոշվեցինք, հիմա մենակություն եմ զգում, շատ մենակ եմ զգում։

- Ո՞ւմ են տարել, ձեր հարազատների՞ն, որտե՞ղ են հաստատվել։

- Հարազատը կապ չունի, ղարաբաղցիքին են տարել, մենակություն եմ զգում, ուզում եմ մի տեղ, որ ղարաբաղցիներ լինեն, կապ չունի՝ որտեղ։

Լուսանկարը` Մեդիամաքս



72-ամյա կինը, որ 1988-ին Շուշիից է տեղահանվել, հաստատվել Ստեփանակերտում, նոր տուն է սարքել, բայց հիմա էլ դա է թողել, եկել հասել Գորիս, սիրտ չունի մտածելու, որոշում կայացնելու, մոլորված է իսկապես, աղջիկն էլ՝ իր հետ։ Ասում եմ, որ հիմա ամեն տեղ էլ կլինեն արցախցիներ, Իննային խնդրում եմ հավաքվել, որոշում կայացնել, որովհետեւ եթե կեցավայր գտել են, պիտի ժամանակ չկորցնեն, այլապես դա էլ ձեռքերից բաց կթողնեն։ Գրկում եմ էս մայր ու աղջկան, հաջողություն մաղթում, իսկ մտքումս բաբոյի խոսքն է՝ «մենակություն եմ զգում»… Բաբոն հակված է Գորիսում մնալ. այստեղ իրենց լավ են ընդունել, բարբառն իրենցինին նման է եւ, ի վերջո, Արցախը, ախր, այստեղից շատ մոտ է։ Բայց բաբոն անգամ այս մտքերի մեջ մենակ չէ...

Լուսանկարը` Մեդիամաքս



Վերջին օրերն է, որ մարդիկ գալիս են, հոսքը՝ շատ քիչ է, իսկ Կոռնիձորի գրանցման կետը դեռ նախորդ օրն են փակել։ Բայց կամավորները կազմ-պատրաստ շարունակում են իրենց գործը՝ գրանցում, զրույց-ուղղորդում, ուտելիք, հագուստ, մաքրություն։ Անվճար տաք սննդի կետին ենք մոտենում մի փոքր զրուցելու։

«Հուսո տուն» բարեգործական ճաշարանի տնօրեն Մովսես Պողոսյանն ասում է՝ մեզ հետ չի զրուցի, եթե իրենց պատրաստած ճաշերից չհամտեսենք՝ «ոչ ոք սոված չպիտի լինի էս տարածքում՝ ո´չ փախստականները, ո´չ կամավորները, ոչ էլ լրագրողներն ու հյուրերը»։ Փորձում ենք շատ համեղ բորշն ու աջաբսանդալը, եւ ես կարոտով հիշում եմ բանակում համտեսածս ճաշերը։

«Խեղճացած են մարդիկ, ասում են՝ հերն անիծած տունն ու ունեցվածքը, էլի կսարքենք, բայց հայրենիք ենք կորցրել… Նայում եմ արցախցիներին, զգայարաններն աշխատում են, սով, ցուրտ զգում են, բայց մտքերն էստեղ չի… Հա, շատերը կոտրված են, բայց ամեն բան վերջացած չէ, ուղղակի պետք է մասերը հավաքել, կպցնել իրար»։

Մովսես Պողոսյանը Մովսես Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս



Կամավորներից մեկն է մոտենում, ասում է՝ գնում է էն շնով տատիկին ճանապարհելու։ Հարցնում եմ՝ ինչ պատմություն է։ Մի տատիկ կա, որ իր հետ շանն է միայն բերել, այն էլ՝ մեծ դժվարությամբ, ոչ մեկ չի համաձայնել շանը տեղ հատկացնի այդ մղձավանջի մեջ, բայց տատիկը չի ընկրկել, բերել է, հիմա էլ վերջապես Երեւանում գտել են մեկին, ով համաձայնել է ընդունել տատիկին՝ շան հետ։

«Էդ շունը փրկել է տատիկի կյանքը. ստիպել է տատիկին, որ դուրս գա տնից, անմիջապես դրանից հետո տունը ռմբակոծել են»…

Հաջորդ օրն էլ ենք Գորիսում։ Վերին Հորաթաղցի Մարգարիտը եկել է թոռնիկների համար շորեր ընտրելու, գաղթել է աղջկա եւ նրա զավակների հետ։ Թոռնիկի հագի կոշիկները մի փոքր մեծ են, հագուստի կույտի միջից փորձում է հարմար մի բան գտնել, բայց էս մեկն էլ փոքր է աղջնակին։ Մարգարիտն արմատներով արցախցի չէ, 90-ականներին ընտանիքի hետ գնացել է Արցախը պաշտպանելու: Բուժքույր է եղել, բայց պետք եկած ժամանակ նաեւ զենքը ձեռքին կռիվ է տվել, ինքը վիրավորվել, իսկ ամուսինն ու որդին զոհվել են։

«Էս ի՞նչ էր եկավ մեր գլխին, հինգ գերեզման եմ թողել Արցախում, անտեր-անտուն հասել էստեղ»…

Մարգարիտը Մարգարիտը

Լուսանկարը` Մեդիամաքս



Մարգարիտի աչքերը լցվում են, ձայնը սկսում է դողալ։

«Որ Արցախն ազատագրելու պայքար լինի, առաջինն եմ գնալու։ Երանի էնքան ապրեմ, որ մասնակցեմ էդ կռվին… Սահմանն անցնելիս էն խոխեն վախեցել, կպել էր ինձ, թե բա տատի, մեզ մորթելո՞ւ են։ Ասի վախեցել միք, մեկը փորձի ձեզ կպնի, ռսից զենքը վերցնելու եմ, սաղին խփեմ»։

Մի փոքր հեռու երեք երեխայի եմ նկատում, մոտենում եմ, նախ երկու հասակակից տղաներին եմ խաղալիք տալիս, մի փոքր ավելի մեծ աղջկան էլ առաջարկում եմ՝ ինքն ընտրի, հրաժարվում է, ասում է՝ դրանցից բան չի ուզում, հետաքրքրվում եմ՝ իսկ ի՞նչ է ուզում.

«Ուզում եմ խաղաղություն լինի»։

Լենան Լենան

Լուսանկարը` Մեդիամաքս



12-ամյա Լենան ինքնին խաղաղությունն է, այնքան հանգիստ է, անվրդով դեմքով, խոր աչքերով։ Ասում է՝ ուզում է ծրագրավորող դառնալ, ես էլ կատակում եմ, թե երեւի էդ մասնագիտությունն է ընտրելու, որ շատ գումար աշխատի։

«Նաեւ էդ պատճառով։ Ուզում եմ օգնել բոլորին... Բոլոր Արցախը կորցրած մարդկանց»։

Գնում ենք «Գորիս» հյուրանոց։ Ճաշի ժամ է, եւ հյուրանոցում ժամանակավորապես ապաստանած արցախցիների մեծ մասը ճաշարանում են։ Մի քանի երեխաներ խաղում են, իսկ փոքրիկ Էթերին խորասուզված նկարում է։ Տատիկը լուռ հսկում է թոռնիկին։ 77 տարեկան Նուրվարդ բաբոն Եղցահող գյուղից է։

Էթերին և Կարմիր խաչի հայկական ընկերակցության կամավորը Էթերին և Կարմիր խաչի հայկական ընկերակցության կամավորը

Լուսանկարը` Մեդիամաքս



- Է՜, բալա, ամեն ինչ ունեինք, հիմա եկել էստեղ, նայում ենք՝ ով մեզ կկերակրի, կհագցնի։ Ամոթ է ախր… Բայց էդ ամենը մի կողմ, սիրտս Արցախի համար է մղկտում…

- Բաբո´, դու առողջ եղիր, ոնց 90-ականներին, էլի կազատագրենք, հետ կգնաս քո Արցախը։

- Ազատագրեցինք, բա ինչի՞ չպահեցինք, ինչի՞ արժեքը չհասկացան, չաշխատեցին…

Գորիս-Երեւան ճանապարհը դեռ լիքն է մեծ ու փոքր բեռներով արցախյան մեքենաներով. ավելի ուշ եկածների հետ զրույցներից հասկանում ենք՝ եթե մի փոքր կազմակերպվածություն լիներ մարդկանց մեջ խուճապ առաջացնելու փոխարեն, շատերը գոնե առաջին անհրաժեշտության ապրանքներով դուրս կգային, ոչ թե մեկ շորով։ Իսկ մեքենաները նաեւ ճանապարհաեզրերին են. ոմանց մեքենան է փչանում, մյուսներն էլ ուղղակի կանգնել են, որովհետեւ չգիտեն՝ ուր գնալ…

Ճանապարհին կանգառ ենք անում Վայքի սննդի կետում։ Առաջինը մի սիրունիկ աղջնակ է գրավում ուշադրությունս։ Մոտենում եմ ընտանիքին, զրուցում ենք։ Յուրահատուկ մարդիկ են՝ հանգիստ, խաղաղ ու կշռադատված։ 22 տարի առաջ են վերաբնակեցման ծրագրով Կովսական տեղափոխվել, տուն-տեղ սարքել, երջանիկ ապրել, սակայն 2020 թվականի պատերազմից հետո ստիպված են եղել թողնել ամենը թշնամուն ու բնակություն են հաստատել Ստեփանակերտում, այնտեղ էլ են կառուցել իրենց կյանքը, եւ հիմա էլ դա են թողել։ Աղջնակի հայրը՝ Մհերը, սակայն, այսքանից հետո էլ լավ է տրամադրված, շուտով նրա երրորդ զավակն է ծնվելու։

«Կարեւորը՝ բոլորս ողջ ենք, շուտ տեղավորվենք, աշխատենք, մեր ապրուստը վաստակենք»։

Գոհար տատիկը Գոհար տատիկը

Լուսանկարը` Մեդիամաքս



Մհերի ընտանիքում գրեթե բոլորն են նույն մտքով՝ կինը, եղբայրը, քույրը, բայց մայրիկի՝ 74-ամյա Գոհարի տխրությունը փարատել չի լինում։ Դուստրն ասում է՝ գաղթի դժոխային ճանապարհին նրա հետ ավելի դժվար էր, քան երեխաների. չէր ուզում գալ, մինչեւ հիմա ամեն օր լացում է։

«Մաման մուսալեռցու աղջիկ է, կյանքի մեծ մասն Արտաշատում է ապրել, բայց իրեն արցախցի է համարում, Արցախը մի ուրիշ ձեւ է սիրում, չի հաշտվում»…

Բաբոն ոչ մի բառ չի խոսում, արցունքոտված աչքերով նայում է մեզ։ Ինչքա՜ն սիրուն է, գրկում եմ, լաչակի վրայից ճակատը պաչում, միայն խնդրում եմ՝ չտխրի, որովհետեւ այլ բառեր չեմ գտնում, իսկ նա փորձում է ժպտալ ինձ, բայց գրեթե չի ստացվում։

Դուրս եմ գալիս, մեր մեքենայի կողքին բեռնված մեքենա է, դիմապակու հետեւում Աստվածաշունչն եմ նկատում, նկարում եմ, իսկ կողքիս Մհերն է, ժպտում է. իրենց մեքենան է.

- Մի երկու տարուց հետ ենք գնալու, չմտածեք…

Տեքստն ու լուսանկարները՝ Անի Ռափյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին