Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ բլոկադայի 10 ամիսներին ու Արցախը կորցնելուց հետո - Mediamax.am

exclusive
1371 դիտում

Շուշիի «Վարանդա» երգչախումբը՝ բլոկադայի 10 ամիսներին ու Արցախը կորցնելուց հետո


Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ անսահման թախիծն ու անսահման ուրախությունը խաչաձեւում են...
Այսօր Եռաբլուրում հայրենի հողին հանձնվեցին «Վարանդա»-ի սանուհիներից Մարիամի ու Անժիլիկայի սիրասուն ամուսինները։ Վաղն էլ տաղանդաշատ Վովայիս հոր հուղարկավորումն է...եւ այսօր նախկին սաներիցս Նարեկը, ինչպես նաեւ Լուսիան, երկուսն էլ արու բալիկներով բախտավորվել են»։

Այս գրառումն արել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր ղեկավար Զաքար Քեշիշյանը։ Նրա հետ զրուցել էինք 2023թ. սեպտեմբերի սկզբին, երբ Ադրբեջանը դեռ չէր հարձակվել Արցախի վրա։ Այն ժամանակ Զաքարը դեռ հույս ուներ վերադառնալ Արցախ ու պատրաստվել հերթական համերգին։

Եթե չլիներ Արցախի՝ 10 ամիս տեւած շրջափակումը, Զաքար Քեշիշյանը սեպտեմբերին կլիներ Արցախում ու իր հիմնած Շուշիի «Վարանդա» երգչախմբի հետ կպատրաստվեին Իտալիա մեկնելուն։ Արցախցի պատանի երգիչներն այս աշնանը հրավիրված էին մասնակցելու Վատիկանում Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-ամյակին նվիրված համերգին, որին ներկա էին լինելու Հռոմի Պապը, Ամենայն Հայոց ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները։ Արդեն պարզ է, որ սպասված համերգին նրանք չեն կարող մասնակցել։

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից


«Վարանդա»-ն ազատագրված Շուշիի տարեկից է։ Լիբանանահայ խմբավար Զաքար Քեշիշյանը, որ 1990–ականներին Երեւանի կոնսերվատորիայի ուսանող էր եւ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն անդամ, միությունից «հրահանգ» էր ստացել՝ գնալ Շուշի ու այնտեղ երգչախումբ ստեղծել։

«30 տարի, բացառությամբ համավարակի տարին, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին միշտ եղել եմ Արցախում։ Դժբախտաբար, ազերիների կողմից շրջափակումն արգելք դրեց նաեւ իմ առջեւ, որ չկարողանամ գնալ Արցախ եւ իրականացնել ինձ համար այնքան նվիրական ծրագիրը։ Առաջին ամառն էր, որ Արցախում չէի»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Զաքար Քեշիշյանը տարվա մեծ մասը Լիբանանում է. այնտեղ դասախոսում է կոնսերվատորիայում, Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջում, մի քանի երգչախմբեր է ղեկավարում։ Իր բացակայության ժամանակ Արցախում «Վարանդա»-ի հետ այլ խմբավար է աշխատում։

Չնայած դժվարություններին՝ 10 ամիսների ընթացքում երգչախմբի փորձերը չեն դադարել։ Շրջափակված Արցախում «Վարանդա»-ն նոր երգացանկով Սուրբ Ծննդյան համերգ է տվել։

«Մինչեւ վերջերս երգչախմբի անդամները, տրանսպորտ չլինելու պատճառով, նույնիսկ ոտքով էին գալիս պարապմունքների։ Բայց այդ թիվը կամաց-կամաց կրճատվեց։ Թեեւ ճնշող մթնոլորտը նրանց չէր խանգարի, բայց երեխաները ստիպված են ծնողներին օգնելու համար հացի հերթ կանգնել, կիսասոված են։ Այդ վիճակով պարապելը դժվար է, բայց շուրջ 20 հոգով շարունակում են դասերը»։

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից


Պատերազմի ու շրջափակման ընթացքում երգչախմբի անդամները հեռավար հաճախ են շփվում «պարոն Զաքարի» հետ։ «Երբ խոսում եմ նրանց հետ, զգացողություն ունեմ, որ ես եմ բլոկադայի մեջ եւ ոչ թե՝ իրենք»,- հուզմունքը փորձում է զսպել Զաքարը։

Հետո հիշում է, թե ինչպես 31 տարի առաջ գնաց Արցախ՝ պայմանով, որ երգխաչումբ կստեղծի, կգտնի իրեն փոխարինող խմբավար ու կվերադառնա Լիբանան։

«Շուշի գնալը հեշտ էր, վերադարձը՝ դժվար։ Մի անգամ, որ գնացի եւ սիրահարվեցի այդ ժողովրդին եւ հայրենիքի այդ հատվածին, ինձ համար, իմ մեջ ուխտեցի ամբողջ կյանքում եւ եթե հարկ լինի, կյանքի գնով ծառայել նրանց»։

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից


Դժվար, ցուրտ ու անլույս տարիիներին, դեռ չավարտված պատերազմի պայմաններում ստեղծվեց Շուշիի «Վարանդա» երգչախումբը։ Երեխաները, որոնց հայրերն ու մեծ եղբայրները կռվում էին կամ զոհվել էին, սկսեցին երգի դասերի գնալ, համերգներ տալ։

Զաքար Քեշիշյանը հիշում է առաջին պարապմունքը։ «Ժառանգներն ենք Արցախի» երգն էին կատարում, երբ հնչեց օդային տագնապը։

«Լսվեց ինքնաթիռների ձայնն ու ազդանշանը՝ «տրիվոգը» հնչեց, բոլորս պետք է իջնեինք նկուղներ։ Լիբանանում երկու անգամ քաղաքացիական պատերազմի ժամանակ հրաշքով մահվանից փրկվել էի եւ անձնապես ինձ համար չէի վախենում, երեխաների համար էի վախենում։ Սակայն որքան էլ գոռացի, որ իջնեն նկուղ, էրեխեքը նստած լուսամուտից ինքնաթիռներին էին նայում։ Հետո, երբ տեսան, որ ահ ու սարսափի մեջ եմ, երեւի կապտել-կանաչել էի, իրենց բարբառով սկսեցին ծիծաղել ինձ վրա՝ պարոն Զախարը վախըմ ա։ Դրանից հետո, երբ ինքնաթիռները գալիս էին, ես չէի «համարձակվում» վախենալ։ Տխուր, բայց նաեւ քաղցր հիշողություն է»։

Լուսանկարը` Զաքար Քեշիշյանի արխիվից


Այս տարիների ընթացքում «Վարանդա»-ն մի քանի հարյուր երգիչ է ունեցել։ Հիմա հիմնադիր անդամների երեխաներն են երգում այստեղ։ Անվանի երաժիշտներ եւ բանաստեղծներ «Վարանդա»-ի համար 160-ից ավելի երգեր են գրել, որոնք երգչախմբի մանկական, պատանեկան եւ երիտասարդական խմբերը կատարել են Արցախում, Հայաստանում ու արտերկրում։

Մինչեւ 2021 թվականը «Վարանդա»-ի կազմում միայն շուշեցիներ էին։ Պատերազմից հետո նրանց միացել են Ստեփանակերտի ու Արցախի տարբեր շրջաններից մայրաքաղաք տեղափոխված երեխաներ։

«Շարունակում ենք կրել Շուշիի «Վարանդա» երգչախումբ անունը։ Ադրբեջանցիները մինչեւ 2020 թվականը Բաքվում ունեին Շուշիի քաղաքապետ, ինչո՞ւ մենք պետք է փոխենք մեր անունը»։

Զաքար Քեշիշյանն ասում է, որ իր 7 տարեկան որդին բոլոր ամառները Շուշիում է անցկացրել, նրա արտասանած առաջին բառերն Արցախի բարբառով էին։ Շուշիի տունն էլ նրա ամենասիրելին էր։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կորցրեցինք նաեւ մեր Շուշիի բնակարանը, բայց դա իմ մտահոգություններից վերջինն է։ Երբ ամբողջ Շուշին քոնն է ու երբ զգում ես, որ ամբողջ քաղաքն ես կորցրել, քո սեփական բնակարանի համար չես ցավում։ Իսկ նա, որ աշխարհաքաղաքացի է եւ ազգային պատկանելություն չունի, նրա համար իր ունեցածն իր տունն է։ Եթե մտածում է միայն իր տան մասին, բախտավոր է, որովհետեւ միայն իր տունն է կորցրել, եւ ոչ թե Շուշին կամ հող հայրենին»։

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին