Վերագտնել հայկական ինքնությունը՝ միավորելով տեխնոլոգիական միտքն ու արվեստը - Mediamax.am

exclusive
5391 դիտում

Վերագտնել հայկական ինքնությունը՝ միավորելով տեխնոլոգիական միտքն ու արվեստը


Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը
 Սերգեյ Սմբատյանը
Սերգեյ Սմբատյանը
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը
Ալեքսանդր Եսայանը
Ալեքսանդր Եսայանը
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը

Սերգեյ Սմբատյանի եւ Ալեքսանդր Եսայանի հետ զրուցել էինք ս.թ. հուլիսին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին եւ գլխավոր դիրիժորին վերաբերող ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունից մոտ մեկ շաբաթ առաջ:

***

2022թ. ապրիլին ձեւավորվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի պատվավոր խորհուրդը:

Խորհրդի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։ Խորհրդի կազմում են PicsArt, ServiceTitan, SADA տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները, «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի ղեկավարը:

Այս համագործակցության հիմքի, արվեստ-տեխնոլոգիական միտք համադրության ու մեծ երազելու մասին Մեդիամաքսը զրուցել է խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

«Հայ երեխաների համար նոտաները երկրորդ այբուբեն են»

Ալեքսանդր Եսայան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ստեղծման հիմքում, իհարկե, օգնելու ցանկությունն է: Ուզում ենք, որ հայկական մշակույթն աշխարհում առավել լավ ներկայացվի, հատկապես որ աշխարհն այսօր շատ է փոխվել, եւ թվայնացումն արդեն բոլոր ոլորտներում է: Եթե հարցին ճիշտ մոտենանք, մեր մշակույթը ներկայացնելու համար գրագետ կիրառենք թվային գործիքները, կկարողանանք գրավել համաշխարհային շուկայի ուշադրությունը: Այսօր կա հնարավորություն արվեստից ստացած էմոցիաները բավականին բարձր որակով կիսել ու փոխանցել տեխնոլոգիաների միջոցով: Իհարկե, սա չի կարող փոխարինել համերգը տեղում՝ կենդանի լսելու զգացումը, բայց թվային գործիքները հնարավորություն են տալիս այդ զգացումը փոխանցել առավել շատ մարդկանց:

Ալեքսանդր Եսայանը Ալեքսանդր Եսայանը


Աջակցելու ցանկությունը, սակայն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր համագործակցության միայն մի կողմն է: Տեխնոլոգիական ու մշակութային տարրերի համադրման արդյունքում են մեր պատմության մեջ ծնվել եզակի ու անկրկնելի տաղանդներ: Այս համագործակցությամբ, տեխնոլոգիական մտքի ու արվեստի զուգակցմամբ փորձում ենք վերագնտել մեր ինքնությունը եւ ավելի ուժեղացնել ոլորտներից յուրաքանչյուրը:

Սերգեյ Սմբատյան

Արվեստը, երաժշտությունը սիրելու ու գնահատելու մոտեցումը մեզ հասել է դեռ խորհրդային տարիներից: Հայաստանը ԽՍՀՄ տարածքի այն երկիրն էր, որտեղ ամենաշատն էին դաշնամուր գնում: Գրեթե բոլորի տանը կար ու եթե մարդիկ որոշում էին կահույք գնել, դաշնամուրը ցուցակում երրորդ տեղում էր: Սա խոսում է արժեհամակարգի մասին, որը, շատ եմ ուզում հավատալ՝ այսօր էլ դեռ կա: Գուցե, հիմա ենթագիտակցական մակարդակում է, բայց չի ոչնչացել: Որպես հրավիրյալ դիրիժոր՝ նվագախումբ եմ ղեկավարում նաեւ Եվրոպայում, շատ փառատոններ եմ կազմակերպել այլ հասարակություններում, շփվել այլ մենթալիտետ ունեցող մարդկանց հետ ու երաժշտության հանդեպ նման մոտեցում չեմ նկատել: Հայ երեխաների համար նոտաները երկրորդ այբուբեն են, մեզ համար նորմալ է, որ երեխան տառերի հետ պետք է իմանա նաեւ նոտաները: Խորհրդային տարիներին փոքրիկ Հայաստանում էին ամենամեծ թվով երաժշտական դպրոցները՝ 280 դպրոց: Հայ հասարակությունում այսօր էլ տասից վեց երեխան սովորում է նվագել այս կամ այն երաժշտական գործիքը, սա իսկապես մեր ինքնության մաս է, որին պետք է հավատալ ու վեր հանել:  
 Սերգեյ Սմբատյանը Սերգեյ Սմբատյանը


Ես երաժիշտ եմ, աշխարհս երաժշտությունն է ու շնորհակալ եմ մարդկանց, որոնք լինելով երաժշտությունից, թվում է, շատ տարբեր աշխարհում՝ տեխնոլոգիական ոլորտում, հավատում են երաժշտությանը՝ որպես մեզ անհրաժեշտ արժեք: Համաձայն եմ, որ այսօրվա թվային աշխարհում շատ ավելի հեշտ է դրսեւորել, ցույց տալ տաղանդը: Կարծում եմ՝ երաժշտություն փոխանցող տեխնոլոգիաները կարող են մասշտաբային ազդեցություն ունենալ մեր կյանքի որակի վրա: 21-րդ դարը ոչ միայն տեխնոլոգիաների, այլեւ էմոցիաների մասին է:

Ինչու տեխնոլոգիաներն ու արվեստը

Ալեքսանդր Եսայան  

Ամենուր կարդում ենք, որ ապագան լավ մասնագետներին է, բայց լավ մասնագետը վաղուց ավելին է, քան բուն նյութին տիրապետելը. Ժամանակակից աշխարհի փոփոխությունները խթանում են անհատին, անկախ մասնագիտությունից, զարգացնել ստեղծագործ մտածողությունը, կոմպլեքս խնդիրներ լուծելու համար այլընտրանքային մտածողությունը. Ինչը, եթե ոչ տեխնոլոգիական ոլորտը, հենց դրա մասին է. Լինելու համար տեխնոլոգիապես առաջադեմ, այլ ոչ թե դրանցով կաղապարված տաղանդների երկիր, մեզ օգնության են գալիս ոգեշնչումը, որ մարդ կարող է ստանալ մշակույթից, ազգային տարրերից, իր սոցիալական միջավայրից եւ կապերից. Սա է «ստեղծում» ապագայի հաջողակ ու բազմաշերտ մասնագետներին, ինչն էլ հենց մեր նպատակն է.

Արվեստը, հատկապես երաժշտությունը ունակ է բացելու մարդկային սիրտը, ինչպես ուրիշ ոչինչ: Իսկ դա իր հերթին ավելի է հագեցնում մեր մարդ տեսակը, տալիս նոր մտքեր կատարելապես այլ՝ տեխնոլոգիական, գիտական, սոցիալական ոլորտներում կիրառելու համար.

Արվեստի միջոցով մենք ավելի լավ մարդ ենք դառնում, ավելի ջերմ, ավելի ըմբռնող, ավելի բաց նոր մտքերի համար, իսկ տեխնոլոգիաները, որքան էլ հակառակն է թվում, հենց դրա մասին են. Մեր մարդ տեսակն է մղելու դրական տեխնոլոգիական առաջընթաց: Բացի մեր ազգային մշակույթի հանրայնացման մեծ նպատակից, աջակցելով սիմֆոնիկին, մենք ցանկանում ենք նոր սոցիալական միկրոկլիմա ստեղծել մեր իսկ երկրում. hենց այս միկրոկլիմայում ապրող ու զարգացող, ապագայում գուցե հենց տեխնոլոգիական, գիտական ասպարեզում իրենց ապագան պատկերացնող երիտասարդներին մենք վաղ տարիքից օգնելու ենք զարգացնել ուժը, որը ծնվում է ռացիոնալ եւ հուզական աշխարհների սիներգիայից:

Երազել ՄԵԾ

Ալեքսանդր Եսայան  

Երաժշտությունը պետք է տարածել: Գալիք տարի պատրաստվում ենք սկսել հայկական Սփյուռքից: Խորհրդով քննարկում ենք ԱՄՆ-ում Սիմֆոնիկ նվագախմբի համերգների անցկացումը: Դրանց ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյան: Թվում է՝ բոլոր հայերը գիտեն ու արժեւորում են Խաչատրյանին, բայց արդյոք իսկապես ճանաչո՞ւմ են: Օրինակ՝ ես չգիտեի, որ Ճապոնիայի նվագախմբերից մեկն ամեն տարի կատարում է Արամ Խաչատրյանի երաժշտությունն ու սա ամենաշատ վաճառվող տոմսերով համերգներից մեկն է Ճապոնիայում: Ճանաչելուց բացի, կարծում եմ՝ չենք կարողացել աշխարհում տարածել, որ Խաչատրյանը հայ է, իսկ նրա երաժշտությունը՝ հայկական մշակույթ: Սա շատ կարեւոր արժեք է, որն, այսպես ասած, չենք կարողացել մոնետիզացնել աշխարհում: Այս համագործակցության նպատակն է աշխատել նաեւ այս ուղղությամբ: Խորհրդին միացած մարդիկ, չնայած զբաղվածությանն, ակտիվ աշխատում են, կիսվում գաղափարներով, գեներացնում մտքեր:
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը


Այստեղ կա նաեւ ինքնաճանաչման բաղադրիչ: Տեխնոլոգիական ոլորտը կոսմոպոլիտ է ու շատ կարեւոր է, որ մասնագետը կարողանա իրեն ճանաչել նաեւ որպես տեխնոլոգիական ոլորտի հայ ներկայացուցիչ: Շատ կարեւոր է, որ մենք իմանանք՝ ինչպես ներկայացնել մեզ, ինչպես ներկայացնել մեր հայ լինելը: Այս համագործակցությունը հենց այդ մասին է. ճիշտ ներկայացնելով Սիմֆոնիկ նվագախումբը՝ կկարողանանք ճիշտ ներկայացնել նաեւ մեզ:

Սերգեյ Սմբատյան

Այսօր մենք խոսում ենք ուժեղ քիմիայի մասին: Տեխնոլոգիական ոլորտում ու արվեստում քիմիան շատ տարբեր է, բայց երկուսում էլ, միանշանակ, կա: Կա նաեւ ընդհանուր կետ՝ տաղանդը, որը քիմիայի հիմքն է երկու դեպքում էլ:

Իմ կյանքի առաքելությունն է, որ մարդիկ սիրեն սիմֆոնիկը, որովհետեւ սիմֆոնիկը միայն բավականին բարդ Մալեր կամ Բրուկներ չէ: Մենք նվագում ենք նաեւ «Սիմֆոնիկ Մանսուրյան», ֆիլմերից Ջոն Ուիլյամսի երաժշտությունը: Դասական երաժշտության ուժը շատ ավելի մեծ է, որովհետեւ խոսում ենք ոչ թե դասական երգացանկի, այլ՝ գործիքի մասին: Նվագախումբը կարող է ռոք նվագել, ջազ ու փոփ: Մենք հպարտ ենք, որ Սիմֆոնիկի կատարմամբ մեկ անգամ ֆիլմերի երաժշտություն լսած մարդիկ հաջորդ անգամ գալիս են լսելու նաեւ Բրուկների 9-րդ սիմֆոնիան, որը սիմֆոնիկ արվեստի բարձրագույն կետերից է:
Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը Ալեքսանդր Եսայանը եւ Սերգեյ Սմբատյանը


Իմ մեծ երազանքն է, որ մեր հասարակությունում երեխաները տարվա մեջ գոնե երկու անգամ համերգի գալու ոչ թե ցանկություն, այլ նույնիսկ պահանջ զգան: Վստահ եմ՝ եթե երեխան համերգի ժամանակ լսի Շոստակովիչի 7-րդ՝ Լենինգրադի սիմֆոնիան, որը ներկայացնելիս նախապես պատմում ենք՝ սա բլոկադային մշակույթ է, նրան դա հետաքրքրելու է, նա դա քննարկելու է ընկերների հետ: Սա է ճիշտ քիմիան ու այն փոխանցելու ձեւը: Սա է երազանքս: Այսօր ուժեղ եւ տաղանդավոր մարդկանց աջակցությունը, մեր կողքին կանգնելը հնարավորություն է տալիս, որ երազենք ՄԵԾ: Իսկ արվեստում, եթե երազանք չկա, չկա նաեւ արվեստ:

Աջակցելով Սիմֆոնիկին՝ աջակցել ինքներս մեզ

Ալեքսանդր Եսայան

Աջակցությունը Սիմֆոնիկ նվագախմբին դիտարկում ենք որպես աջակցություն ինքներս մեզ, քանի որ սա լրջորեն ազդում է միջավայրի վրա, որում ապրում ենք: Հուսանք՝ սա ազդակ կլինի նաեւ մյուս ընկերություններին ու երիտասարդներին, որ տեխնոլոգիական ոլորտում հաջողություններից բացի, կարեւոր է պահպանել նաեւ մշակույթը: Ցավոք, վերջին երեսուն տարիներին մեր արժեհամակարգը շատ է փոխվել եւ իրավիճակը շտկելու ուղղությամբ աշխատել է պետք: Այս ուշադրությունը դեպի մշակույթ, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա: Հասարակությունը պետք է տեսնի, որ թե՛ հաջողված գործարարները, թե՛ ՏՏ ոլորտում հաջողությունների հասած մարդիկ կարեւորում ու գնահատում են մշակույթը:

Վեր հանել մեր ինքնությունը

Սերգեյ Սմբատյան

Ես շատ եմ շփվում երեխաների հետ ու կարող եմ ասել, որ այսօր ունենք երեխաներ, որոնք շատ ավելի արագ ու որակով են մտածում, քան մեզանից շատերը: Նրանք շատ ավելի լավ գիտեն՝ ինչ են ուզում ու ինչպես: Սա երեւույթ է, որի արմատների մասին չեմ կարող խոսել, բայց փաստ է: Երբ այս երեխաներն ու նաեւ հասարակության մնացած մասը տեսնում է, որ աշխարհի մասշտաբով կայացած մարդիկ կանգնում են նվագախմբի կողքին, իրենք էլ են սկսում հավատալ այս գաղափարին: Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է դադարենք մարդկանց «դաս տալ»՝ ինչպես ապրել, պետք է ուղղակի ապրենք հենց այդպես: Սա նաեւ Սիմֆոնիկի առջեւ դրված խնդիրն է: Մենք չենք ուզում ասել մարդուն՝ «դու պիտի դահլիճ գաս», մենք ուզում ենք բեմից այնպիսի էմոցիա փոխանցել, որ մարդը նույնիսկ չպատկերացնի, որ կարող է չգալ: Այո, արժեհամակարգը լավ վիճակում չէ, բայց մենք պետք է ընդունենք՝ ինչ կա ու սկսենք այդ կետից: Շատ լավ ճանապարհային քարտեզ ունենք ու հավատում եմ անցնելիք ճանապարհին:

Արվեստի աշխարհում նվագախումբը թիմայնության օրինակ է, այն՝ ինչպես պետք է հնչի տաղանդավոր անձանց թիմը: Նվագախումբը գործիք է, որը կարող է մեր երկրի ասելիքը, գաղափարախոսությունն ու ինքնությունը փոխանցել բեմից:  

Յանա Շախրամանյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին