Լիլիթ Լալայանը շաբաթներ առաջ է Հայաստան տեղափոխվել Գերմանիայից: Համբուրգում է ծնվել, ծնողները 90-ականներին էին արտագաղթել: 24-ամյա աղջկա տեղափոխվելու որոշումն ուղիղ կապ ունի Թավշյա հեղափոխության հետ. այնքան շատ է ոգեւորված փոփոխություններով, որ ուզում է դրանց մի մասը կազմել: Լիլիթին այցելել էինք իր տանը, որտեղ նա ապրում է գերմանահայ Անի Անդրեեի ու նրա շան՝ Մածունի հետ:
Տանը՝ երեքով
Լիլիթն Անիին ֆեյսբուքով է գտել. Find Flatmates/ Roommates/ Room in Yerevan! խմբում գրել էր, որ ցանկանում է Երեւանի կենտրոնին մոտ բնակարանում սենյակ վարձակալել, արձագանքել էր Անին, որը 2017-ից է Հայաստան տեղափոխվել՝ Birthright Armenia ծրագրով: Անիի հայրն է հայ, մորական կողմը գերմանացիներ են:
Անին ու Լիլիթը տանը գերմաներեն են շփվում, Լիլիթը հայերեն լավ խոսում է, Անին հայերեն չգիտի. նրա հայրը Հայաստանում երբեւէ չի ապրել, Իրանում է ծնվել, հետո հաստատվել Գերմանիայում: Երկուսից բացի տանն ապրում է նաեւ Մածունը, որը ոչ միայն չի հաչում, այլեւ ամաչում է հյուրասենյակ գալ. նկարվելու համար նրան գրկած են բերում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Անին անցած տարվա դեկտեմբերին է գտել շանը Բարեկամության կայարանի մոտ, երկու ժամ սպասել է, ոչ մեկ չի հայտնվել, շունն էլ դեռ փոքր էր, միայնակ, կեղտոտ… Անցորդներից մեկը մածուն է գնել ու տվել շանը. չնայած Անին վախեցել էր, որ մածունը գուցե վնաս լինի շանը, բայց ոչինչ չէր պատահել, մեծ հաճույքով կերել էր: Քանի որ շան քթի ծայրն էլ սպիտակ է, Անին նրան Մածուն անունն է տվել: Երբ հասկացել է, որ շունն ուրիշ ոչ մեկին չունի, բացի իրենից, պահել է նրան: Անիի ու Լիլիթի վարձակալած տունը սեփական է, այգի ունի ու շատ հարմար է կենդանի պահելու համար:
Թաքուն երազանքների իրականացումը
Լիլիթ. Ես միշտ էլ ուզել եմ Հայաստանում ապրել, բայց ինձ ասում էին՝ Հայաստանը տուրիստի համար է հավես: Հեղափոխությունից հետո ամեն ինչ փոխվեց. ուշք ու միտքս միայն Հայաստանում էր: Չէի կարողանում դասերիս մասին մտածել, ուզում էի Հայաստան գալ:

Լուսանկարը` Մեդիամաքս
90-ականները դժվար ժամանակներ էին ու ծնողներս ստիպված են լքել երկիրը. ես միշտ զգացել եմ, որ ուզում են հետ գալ Հայաստան: Քանի որ Հայաստանում այսքան մեծ փոփոխություններ եղան, նրանց միտքն էլ փոխվեց: Ես մորս ու հորս չէի պատմում, որ ուզում եմ տեղափոխվել, թաքուն-թաքուն էի մտածում: Հետաքրքիր է, որ նրանք էլ ինձնից գաղտնի էին նույն միտքն ունեին:
Հաճախ երբ թվում է՝ ինչ-որ մի բանն անհնարին է իրագործել, ու երբ այն դառնում է հնարավոր, հասկանում ես, որ այլեւս անհնարին բան չկա: Գուցե հենց այս պատճառով էլ ես այդքան հետաքրքրված էի Հայաստան տեղափոխվելով. այնքան շատ էի տարված այն ամենով, ինչ այստեղ կատարվում է: Իրականում, ես տարված եմ ձեզնով, այստեղի մարդկանցով, որովհետեւ դուք արել եք այն, ինչն իմ ու ծնողներիս երազանքն էր: Ես Հայաստան եմ եկել, որ հանդիպեմ, ճանաչեմ հեղափոխությունն արած մարդկանց, որոնց ես շատ շնորհակալ եմ:
Գերմանիայի ու Հայաստանի արանքում
Լիլիթ. Թավշյա հեղափոխության ժամանակ հայրս Հայաստան էր եկել: Չնայած նա այդ ժամանակ զբաղված էր աշխատանքով, ՏՏ ընկերություն ունի Գերմանիայում, բայց որոշեց գալ ու պայքարել բոլորի նման:
Հայրս մշտապես փորձում է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա ստեղծել է armenocide.net եւ horovel.org կայքերը, որոնք բոլորին հասանելի առցանց արխիվներ են. համագործակցում է նաեւ հայկական թեմայով հետաքրքրված գերմանացի պատմաբանների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ ծնողներիս վերջապես հայտնեցի, որ ուզում եմ Հայաստան տեղափոխվել, շատ հուզվեցին, ուրախացան ու հպարտացան ինձնով: Ես Գերմանիան իմ տուն եմ համարում, բայց մշտապես այն զգացումն ունեմ, որ մի բան ինձ պակասում է, ինչը հիմա պատրաստվում եմ այստեղ գտնել:
Ուզում եմ փոփոխությունների մասը կազմել: Գիտեմ, որ դրանք դանդաղ են իրականանում, մեկ օրվա գործ չէ: Յուրաքանչյուրս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, տարօրինակ է, երբ մարդիկ ակնկալում էին, որ հեղափոխությունից հետո պետք է միանգամից հարստանան: Հիմա է ժամանակը, երբ բոլորը պետք է միասնական լինեն:
Տարբեր ու նման ճակատագրեր
Լիլիթը Հանովեր քաղաքի՝ Hochschule Hannover-University of Applied Sciences and Arts-ի ուսանող է, վերջին՝ ութերորդ կիսամյակում է սովորում: Նա ապրանքի դիզայն (product design) է ուսումնասիրում: Որոշել է դիպլոմային աշխատանքը Հայաստանի մասին գրել. հիմա հետազոտական աշխատանք է անում Հայաստանում, որի համար նաեւ իր համալսարանից դրամաշնորհներ է ստացել: Միայն վերջին կիսամյակի համար կգնա Գերմանիա՝ այն ավարտելու ու կրկին վերադառնալու նպատակով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այժմ բաց է ամեն ինչի համար, ուզում է շատ մարդկանց հանդիպել, զրուցել, կարծիքներ հավաքել ու հասկանալ, թե ինչն է կարեւոր երկրի համար, ինչի կարիք ունեն մարդիկ, եւ ինչ կարող է ինքն անել:
Անիի Հայաստանում մնալու պատճառը նույնպես վերջին փոփոխություններն են. նույն նախադասությունը կրկնում է նաեւ նա՝ ուզում է մնալ այստեղ ու դրանց մասը կազմել, նպաստել երկրի զարգացմանը:
Հայաստանում ազգականներ չունի, բայց միշտ էլ ուզել է Հայաստան գալ: Որպես զբոսաշրջիկ չի ցանկացել այցելել, բայց մեկ տարուց ավելին էլ չէր պատրաստվում մնալ այստեղ: Գյումրիում երկու ամիս կամավոր աշխատանք է արել, հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հրավեր է ստացել՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի խորհրդատու աշխատելու համար: Ամիսներ անց դրանից էլ է հրաժարվել ու սեփական ծրագիրն է սկսել՝ Հայաստանի գյուղերում տուրիզմը զարգացնելու ուղղությամբ:
Հայկական արմատների հետեւից
Անի. Մայրիկս ամեն օր ասում է՝ երբ եմ Գերմանիա վերադառնալու: Եթե Հայաստանում նման փոփոխություններ չլինեին, գուցե այսքան երկար չմնայի, չեմ էլ կարող ասել, թե երբ կգնամ այստեղից. մեկ ու կես տարի է այստեղ եմ: Ես նկատում եմ, թե ինչքան շատ է երկրում փոխվել մթնոլորտը՝ հատկապես երիտասարդների շրջանում ու դա ինձ շատ է մոտիվացնում: Եթե չլիներ հեղափոխությունը, դժվար կլիներ արդարանալ մայրիկիս, ընկերոջս առջեւ: Ինքս ինձ համար էլ պատճառ չէի ունենա. գուցե հիմա ինձ մոտ այն տարիքն է, որ պետք է իմ կարիերան սկսեի Եվրոպայում, գումար խնայեի ու ընտանիք կազմեի, մինչդեռ ես այստեղ եմ: Իսկ եթե ունեմ այն զգացումը, որ այստեղ կարեւոր գործ եմ անում ու ժամանակս չեմ վատնում, կմնամ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա շատերն են ասում, հատկապես մեծահասակները, որ Հայաստանում ոչ մի բան էլ չի փոխվել: Հինգ տարի հետո կնկատեք փոփոխություններն այն մարդկանց կողմից, որոնք ինձ նման չեն հեռացել Հայաստանից կամ Լիլիթի նման վերջերս են տեղափոխվել ու ինչ-որ գործ են սկսել:
Հեղափոխությունից հետո գիտակցեցի, որ առաջնահերթ գործեր կան անելու երկրի համար, դուրս եկա Կրթության ու գիտության նախարարությունից եւ ամբողջ ժամանակս ներդրեցի իմ նոր գործում: Ծրագիրը կոչվում է Time Out, Հայաստանի տարբեր գյուղական համայնքների զարգացման նպատակով առաջարկելու ենք տուրիստական փաթեթներ, որոնք հյուրերին հնարավորություն կտան մի քանի օր ապրել գյուղական կյանքով եւ մասնակցել համայնքի առօրյային։ Այս ամռանը սկսելու ենք ակտիվ աշխատել:
Հայաստանն աշխարհին հայտնի դարձնելու համար
Լիլիթ. Ես նույնպես ուզում եմ իմ ներդրումն ունենալ ապրանքային դիզայնում: Ուզում եմ գտնել հայկական շունչը, հասկանալ, թե ինչպես է արտահայտվում Հայաստանը դիզայնում:
Ես տեսնում եմ դիզայն ճարտարապետության, փայտամշակման դեպքում, նկատում եմ, որ Հայաստանը մեծ ներուժ ունի, ասես, բոլորը տաղանդավոր լինեն: Մինչդեռ հայկականությունը ապրանքների դիզայնում դեռ չեմ նկատում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի պատմությունն ուզում եմ աշխարհին պատմել դիզայնով, որ մարդիկ ապրանք գնեն, օրինակ, աթոռ, ու անմիջապես հասկանան, որ դա հայկական է: Օրինակ, երբ տեսնում ես շվեդական դիզայնով արտադրանք, միանգամից հասկանում ես, որ այն շվեդական է: Դիզայնը հենց դրա համար է, այն պատմություն ունի իր մեջ: Սա էլ հենց իմ հետազոտական աշխատանքն է՝ աշխարհին հայկական շունչը փոխանցել ապրանքների միջոցով:
Սենյակում՝ բոլորով
Հայաստան ժամանելուց հետո առաջին գործը սենյակի պատերին նկարներ փակցնելն էր. ամբողջովին սպիտակ պատերի ու մինիմալիստական դիզայնով կահավորած սենյակում գունավոր նկարներն առաջինն են ուշադրությունդ գրավում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ընտանիքի բոլոր անդամների ու ընկերների նկարներն է ընտրել՝ տարբեր ժամանակների, տարբեր հերթականության: Մեծ հույս ունի, որ ծնողները նույնպես մի օր կտեղափոխվեն այստեղ ապրելու:
Տեղափոխվելու որոշումը շատ հապճեպ էր կայացրել, տարվա սկզբին՝ ուսումնական կիսամյակի ավարտից հետո, մտածել էր ու իրականացրել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նորությունը շոկային էր միայն ընկերների համար, չնայած այնքան շատ է նրանց մոտ Հայաստանի մասին խոսել ու պատմել, որ բոլորն էլ ուզում են Հայաստան այցելել: Երկրի ծակուծուկերը բացահայտելու համար ընկերները Լիլիթին երկու ամիս ժամանակ են տվել, որ երբ ժամանեն, ամեն ինչ տեղացու նման ցույց տա:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: