Ինչպես Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ - Mediamax.am

exclusive
34512 դիտում

Ինչպես Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ


Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին: Լուսանկարը՝
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին: Լուսանկարը՝

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի համատեղ մամլո ասուլիսը Ստրասբուրգում  Լուսանկարը ՝  կայք
Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի համատեղ մամլո ասուլիսը Ստրասբուրգում Լուսանկարը ՝ կայք

Լուսանկարը` 2rd.am

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի ելույթը 2001թ. հունվարի 25-ին
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի ելույթը 2001թ. հունվարի 25-ին

Լուսանկարը` 2rd.am

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ստորագրում են Հայաստանի անդամակցության փաստաթուղթը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ստորագրում են Հայաստանի անդամակցության փաստաթուղթը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին

Լուսանկարը` 2rd.am

Հեյդար Ալիեւը, Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում 2001թ. հունվարի 26-ին
Հեյդար Ալիեւը, Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում 2001թ. հունվարի 26-ին

Լուսանկարը` REUTERS

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շնորհավորում են միմյանց ԵԽ անդամակցության կապակցությամբ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շնորհավորում են միմյանց ԵԽ անդամակցության կապակցությամբ

Լուսանկարը` REUTERS

Հայաստանի դրոշը բարձրացվում է Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին
Հայաստանի դրոշը բարձրացվում է Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին

Լուսանկարը` REUTERS


Մեդիամաքս-ը շարունակում է «Հատուկ թղթապանակ» հատուկ նախագիծը, որի նպատակն է ներկայացնել արտաքին քաղաքական իրադարձությունների անհայտ կամ քիչ հայտնի մանրամասները: 

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Ստրասբուրգ ժամանեց 2001թ. հունվարի 24-ին: Հաջորդ օրը՝ անդամակցության փաստաթղթերի ստորագրումից հետո, նախագահի եւ Հայաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակության ներկայությամբ Եվրոպայի Խորհրդի շենքի դիմաց հանդիսավոր արարողությամբ բարձրացվեց հայոց եռագույնը:

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատմում է, որ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ էր մեկնում շատ բարձր տրամադրությամբ: 

«Ստրասբուրգ էինք մեկնում մեծ հույսերով ու խանդավառությամբ: Բոլորս Եվրոպայի Խորհրդին մեր երկրի անդամակցությունը համարում էինք պատմական մեծ իրադարձություն, որով Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ էր բացվում: Մեզ համար հստակ ուրվագծվում էր մեր երկրի հետագա ճանապարհը: Դա իսկապես պատմական օր էր: Եվրոպական տարբեր երկրներից Ստրասբուրգ էին եկել հայկական համայնքների ներկայացուցիչներ՝ ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը: Այնտեղ ներկա գտնվող յուրաքանչյուր հայի համար շատ հուզիչ պահ էր, երբ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո կազմակերպության շենքի դիմաց բարձրացավ մեր եռագույնը: Այդ օրը մեզ համար տոնախմբության օր էր: Համենայն դեպս, ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցությունից հետո դա նման բնույթի երկրորդ կարեւոր իրադարձությունն էր»,- Մեդիամաքսին պատմել է Վարդան Օսկանյանը:

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ստորագրում են Հայաստանի անդամակցության փաստաթուղթը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ստորագրում են Հայաստանի անդամակցության փաստաթուղթը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին

Լուսանկարը` 2rd.am


Հունվարի 25-ի տոնական օրվա վրա որոշակի ստվեր գցող միակ հանգամանքը, թերևս, այն էր, որ նույն օրը Հայաստանի հետ ԵԽ-ի անդամ դարձավ նաեւ Ադրբեջանը, որը էապես զիջում էր Հայաստանին ժողովրդավարության ցուցանիշներով: Հայաստանը դեռեւս ամիսներ առաջ բավարարել էր անդամակցության պահանջները, սակայն եվրոպական ընտանիքին միանալը հետաձգվում էր Ադրբեջանի պատճառով: 

«Մեր անդամակցությունը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ միասին ոչ այն պատճառով, որ հետ էինք մնում պայմանների բավարարման եւ քաղաքական կամքի ցուցաբերման առումով, այլ որովհետեւ կազմակերպությունը որոշել էր հաշվի առնել ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ անպայմանորեն Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունել միաժամանակ: Այլ կերպ ասած, մենք զոհ էինք գնում Ադրբեջանի դանդաղկոտությանը»,- 2013 թ.-ին լույս տեսած «Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)» գրքում գրել էր Վարդան Օսկանյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շնորհավորում են միմյանց ԵԽ անդամակցության կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շնորհավորում են միմյանց ԵԽ անդամակցության կապակցությամբ

Լուսանկարը` REUTERS


Սպասվում էր, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպայի Խորհրդին 2000 թվականի ընթացքում: Հայաստանի անդամակցության հարցը ներառվել էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում: Նման որոշում կայացվել էր մայիսի 15-ին Դուբլինում՝ ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովի նիստի արդյունքներով, որին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Լորդ Ռասել Ջոնսթոնը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: 

Նիստից հետո Վալտեր Շվիմերը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր.

 «Հայաստանը սկսել է ինտեգրացիոն գործընթացը 1996 թ-ին: 1999 թ. մենք իրական դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շարունակության ականատեսը դարձանք»: Պատասխանելով Մեդիամաքսի այն հարցին, թե կարող է արդյո՞ք հայաստանյան լարված ներքաղաքական իրավիճակը բացասական ազդեցություն ունենալ Եվրոպայի Խորհրդին անդամակցելու գործընթացի վրա, Վալտեր Շվիմերն ասել էր.

«Հայաստանի Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերը ցնցեցին Եվրոպայի Խորհրդին: Շատ կարեւոր է, որ այդ դեպքերը եւ դրանց հետեւանքները չստիպեն Հայաստանին շեղվել ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ մնալու ճանապարհից»:

Հովհաննես Հովհաննիսյանը, որն այդ տարիներին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն էր, Մեդիամաքսին պատմում է.

«2000 թ.-ի կեսերին պարզ դարձավ, որ ԵԽ-ում ցանկանում են, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը միառժամանակ անդամակցեն կազմակերպությանը: Մինչ այդ, այս հարցն այդքան բացահայտ դրված չէր օրակարգում: Դա քաղաքական որոշում էր ԵԽ-ի կողմից, որի հետեւանքով մեր անդամակցության գործընթացը ձգձգվեց, որպեսզի Ադրբեջանը հասցնի կատարել անդամակցության համար նախատեսված պարտավորությունները: Այդ առիթով մենք բազմիցս արտահայտել էինք մեր դժգոհությունը եվրոպացի գործընկերներին: Նրանք էլ շատ լավ հասկանում էին, որ Հայաստանն իր քրիստոնեական արժեհամակարգով ավելի մոտ է կանգնած  կազմակերպությանը, քան Ադրբեջանը: Մենք իսկապես վայելում էինք եվրոպացիների համակրանքը, ինչն առաջացնում էր ադրբեջանցիների զայրույթն ու դժգոհությունը»:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ Հայաստանը կանդամակցի Եվրոպայի Խորհրդին: 2000 թ. սեպտեմբերին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն պետք է հաստատեր ԵԽԽՎ որոշումը, ինչից հետո Ստրասբուրգում պետք է բարձրացվեր ՀՀ դրոշը:

Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Եվրոպայի Խորհրդի գործադիր մարմինը որոշեց հաստատել Հայաստանի անդամակցությունը նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո միայն:

Վարդան Օսկանյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը համակարծիք են, որ Հայաստանին եւ Ադրբեջանին նույն օրը Եվրոպայի Խորհուրդ ընդունելով, եվրոպացիները ցանկանում էին այդպիսով խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ինչն իր հերթին բարենպաստ միջավայր կստեղծեր արցախյան հիմնահարցի կարգավորման համար: 
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի ելույթը 2001թ. հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի ելույթը 2001թ. հունվարի 25-ին

Լուսանկարը` 2rd.am


«Եվրոպայի Խորհուրդը ցանկանում էր ցույց տալ, որ եվրոպական արժեքների դավանանքը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը եւ նվազեցնել պատերազմի վերսկսման հավանականությունը: Կարծում եմ, որ հենց դա է եղել մեր երկրին եւ Ադրբեջանին նույն օրը անդամագրելու որոշման հիմնական մղիչ ուժը եւ նպատակը»,- պատմում է Վարդան Օսկանյանը: 

Ավելի վաղ իր գրքում նա գրել էր, թե հայկական կողմը մշտապես շեշտում էր, որ «Եվրոպայի Խորհրդին անդամակցությունը չի նշանակում, որ մենք հակամարտության խնդիրները Ստրասբուրգ կտեղափոխենք: «Ես նշում էի, որ հակամարտության կարգավորմանը հասնելու համար մենք կօգտագործենք ավելի լայն համագործակցության շրջանակներում հակամարտության կարգավորմանը հասնելու Եվրոպայի խորհրդի կողմից ընձեռնվող  հնարավորությունները», - գրում է նախկին նախարարը: 

Հովհաննես Հովհաննիսյանը հիշում է, որ անդամակցության օրվա արարողակարգային մասը կազմակերպել էր այնպես, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անպայմանորեն ներկա գտնվեին երկու երկրների կողմից անդամակցության փաստաթղթերի ստորագրման, կազմակերպության բակում երկու երկրների դրոշների բարձրացման արարողություններին: 
Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի համատեղ մամլո ասուլիսը Ստրասբուրգում  Լուսանկարը ՝  կայք Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի համատեղ մամլո ասուլիսը Ստրասբուրգում Լուսանկարը ՝ կայք

Լուսանկարը` 2rd.am


 «Հետաքրքրական է, որ այդ օրը հատուկ Ստրասբուրգ էր ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ, երջանկահիշատակ Զուրաբ Ժվանիան: Վրաստանը դեռեւս 1999 թ-ին էր անդամակցել ԵԽ-ին: Ժվանիան չափազանց հուզիչ ելույթ ունեցավ՝ ողջունելով երկու հարեւան պետությունների անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին: Նա իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը  կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը: Եղան ողջույնի խոսքեր այլ երկրների ներկայացուցիչների կողմից: Հիշում եմ, որ Հեյդար Ալիեւն այդ շրջանում արդեն վատառողջ էր, դժվարությամբ էր կարողանում մասնակցել նման երկար միջոցառումներին, հաճախակի էր ստիպված լինում նստել կամ կանգ առնել քայլելիս: Քանի որ անդամակցության միջոցառումները ընդհանուր բնույթ էին կրում, մեր նախագահը եւ մեր պատվիրակության անդամները, ի նշան հարգանքի, երբեմն ստիպված էին լինում դանդաղ քայլել կամ հաճախակի կանգ առնել կազմակերպության մի սրահից մյուսն անցնելիս»,- պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը: 

Վարդան Օսկանյանը նշում է, որ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւը նորմալ հարաբերություններ ունեին:

«Այդ օրերին նրանք բավական ինտենսիվ էին շփվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում: Կային նախաձեռնություններ, սեղանին դրված էին առաջարկներ: Ստրասբուրգից հետո նախագահները մեկնեցին Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Որոշ հույսեր կային հիմնախնդրի կարգավորման հետ կապված, եւ Ստրասբուրգում նախագահների ներկայությունն ու այդ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ-ին, կարծես, լրացուցիչ խթան էին այդ դրական մթնոլորտի համար», - պատմում է նախկին արտգործնախարարը:
Հեյդար Ալիեւը, Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում 2001թ. հունվարի 26-ին Հեյդար Ալիեւը, Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը Փարիզում 2001թ. հունվարի 26-ին

Լուսանկարը` REUTERS


Սակայն հունվարյան այդ օրերից թե՛ առաջ եւ թե՛ հետո Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին իր անդամակցությունը փորձեց օգտագործել ոչ այնքան սեփական երկրի ժողովրդավարացման, որքան այդ կազմակերպությունում Հայաստանին «ագրեսոր» որակելու համար: Հովհաննես Հովհաննիսյանը նկատում է, որ այն ժամանակ եւս ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր օրակարգ մտցնել հակահայկական եւ ԼՂ հիմնախնդրի էությունը աղավաղող բանաձեւեր:

Ի դեպ, անդամակցության բանակցությունների ժամանակ եւ անդամակցությունից հետո Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարում էր Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը: 

«Ափսոս, որ անգամ տարիներ անց նրանք այդպես էլ չհասկացան, որ Եվրոպայի Խորհուրդն այսպես ասած «հաշիվներ մաքրելու» տեղ չէ: Եվրոպացի պատգամավորներն արդեն իսկապես հոգնել էին Ադրբեջանի մեղադրանքներից: Ադրբեջանցիներն էլ մշտապես դժգոհում էին, թե եվրոպացիները խտրականություն են դնում մեր եւ իրենց միջեւ»,- ասում է հայկական պատվիրակության նախկին ղեկավարը:



Ադրբեջանական պատվիրակության դժգոհությունն հարուցել էր անգամ հայկական պատվիրակության կողմից անդամակցության առիթով ԵԽ-ին մատուցած հուշանվերը:  

«Ընդունված կարգի համաձայն, յուրաքանչյուր երկիր ԵԽ-ին անդամակցելու առիթով հուշանվեր է նվիրում կազմակերպությանը, որը տեղադրվում է կազմակերպության շենքի տարածքում: Մենք նվերի հետ կապված մի քանի տարբերակներ էինք մտածել, եւ ի վերջո մեր ընտրությունը կանգ առավ պղնձից պատրաստված մի կոմպոզիցիայի վրա: Չեմ հիշում, թե ադրբեջանցիները կոնկրետ ինչ էին նվիրել, բայց այն շատ թանկարժեք էր: Այնպես ստացվեց, որ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը մեր պատվիրակության նվերն առանձնացրեց իր աշխատասենյակի համար, իսկ ադրբեջանցիների նվերը տեղադրեցին կազմակերպության միջանցքում: Իհարկե, նրանք սա կրկին քաղաքական շահարկումների առարկա դարձրին»,- վերհիշում է Հովհաննիսյանը՝ հպարտությամբ շեշտելով, որ մեր երկրի հուշանվերը մինչեւ հիմա պահվում է գլխավոր քարտուղարի աշխատասենյակում: 
Հայաստանի դրոշը բարձրացվում է Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին Հայաստանի դրոշը բարձրացվում է Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին

Լուսանկարը` REUTERS


Նրա խոսքերով, ԵԽ-ին անդամակցության օրվա հետ կապված հայկական կողմի «փոքր հաղթանակներից» մեկն էլ այն էր, որ Հայաստանը Ստրասբուրգում այդ օրը ներկայացված էր ոչ միայն նախագահի գլխավորած պաշտոնական, այլեւ խորհրդարանական պատվիրակությամբ, որը ներկայացնում է այդ տարիների ՀՀ խորհրդարանական ընդդիմության ողջ ներկապնակը:

«Մինչ մեկնելը ՀՀ նախագահի հետ խորհրդակցում էինք Ստրասբուրգ մեկնող պատվիրակության կազմի ձեւավորման հարցի շուրջ: Ես առաջարկեցի, որ պատվիրակությունում ընդգրկվեն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր բոլոր կուսակցությունների առաջնորդները՝ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը եւ ուրիշներ: Մեր այս քայլը շատ կարեւոր ու դրական ուղերձ էր պարունակում եւ նպաստեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Մինչդեռ Հեյդար Ալիեւին Ստրասբուրգ ուղեկցում էին բացառապես իր աշխատակազմի եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ինձ հետո պատմում էին, թե մեր երկրի պատվիրակության նման ներկայացուցչական կազմի վերաբերյալ խոսակցությունները ԵԽ-ում մի քանի օր չէին դադարում»,- պատմում է Հովհաննիսյանը:

Հունվարի 25-ի երեկոյան Ստրասբուրգի քաղաքային պատկերասրահում ՀՀ նախագահի անունից մեծ ընդունելություն կազմակերպվեց: Այս նպատակով Ստրասբուրգ էին հրավիրվել եւ ընդունելության ժամանակ ելույթ ունեցան  դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ընդունելության հաջորդ օրը՝ առավոտյան, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրեց պատվիրակության բոլոր անդամներին, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչներին ոչ պաշտոնական բնույթի հանդիպման: Անկեղծ եւ ջերմ զրույց ունեցանք, քննարկեցինք անցյալ օրվա իրադարձությունները, ապագայի անելիքները: Այդ շփումները, ընդհանուր առմամբ, շատ դրական ազդեցություն թողեցին մեր երկրի ներքաղաքական մթնոլորտի վրա»,- նկատում է Հովհաննես Հովհաննիսյանը:  

P.S. 2001 թ. փետրվարի 2-ին, Ադրբեջանի ԵԽ-ին անդամակցելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Վալտեր Շվիմերը Ադրբեջանում խոսքի ազատության իրավիճակի հետ կապված մտահոգություն արտահայտեց: Առիթը Ադրբեջանում երկու մասնավոր մարզային հեռուստաալիքների՝ Mingechevir TV-ի եւ DMR TV-ի փակումն էր: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցման փաստը կանդրադառնա Ադրբեջանի բնակիչների պետական ԶԼՄ-ներից դուրս տեղեկատվություն ստանալու «առանց այդ էլ սահմանափակ» հնարավորությունների վրա: Վալտեր Շվիմերը հիշեցրել էր նաեւ, որ ԵԽ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, երկրի իշխանությունները պետք է երաշխավորեն խոսքի ազատությունը եւ բացառեն վարչական լծակների կիրառումը լրատվամիջոցների նկատմամբ:

Եկատերինա Պողոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին