[Շարժում 1988/25]. Իգոր Մուրադյան` «Օտար տարր էի` ամենասկզբից մինչեւ վերջ» - Mediamax.am

exclusive
30870 դիտում

[Շարժում 1988/25]. Իգոր Մուրադյան` «Օտար տարր էի` ամենասկզբից մինչեւ վերջ»


Իգոր Մուրադյանը հանրահավաքի ժամանակ:
Իգոր Մուրադյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Հրայր Ուլուբաբյանի արխիվից:

Վաչե Սարուխանյանը հանրահավաքի ժամանակ:
Վաչե Սարուխանյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Հրայր Ուլուբաբյանի արխիվից:

Իգոր Մուրադյանը հանրահավաքի ժամանակ:
Իգոր Մուրադյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Հրայր Ուլուբաբյանի արխիվից:

Սիլվա Կապուտիկյանը հանրահավաքի ժամանակ:
Սիլվա Կապուտիկյանը հանրահավաքի ժամանակ:

Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:


Միանշանակ է, որ առանց Իգոր Մուրադյանի Ղարաբաղյան շարժումը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ կար: Իսկ շատերը պնդում են, որ առանց Իգոր Մուրադյանի շարժումն առհասարակ չէր ծավալվի:

Ինչպես արդեն նշել էինք, Իգոր Մուրադյանը չցանկացավ զրուցել մեզ հետ [Շարժում 1988/25] նախագծի համար: Հարգելով այդ որոշումը, մենք, այնուամենայնիվ, հասկանում էինք, որ առանց նրա հիշողությունների ու գնահատականների նախագիծը թերի կլինի: Եվ բախտը մեզ ժպտաց` փետրվարի 20-ին Իգոր Մուրադյանը հարցազրույց տվեց Արամ Աբրահամյանի հեղինակային Post Scriptum հաղորդմանը, որի ընթացքում խոսեց նաեւ Շարժման մասին: Արամ Աբրահամյանի թույլտվությամբ ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից:

Սկիզբը

Ստեղծվել էր լավ հնարավորություն, բայց ոչ ոք ոչ մի վստահություն չուներ: Հասկանալի էր, որ կռիվ է լինելու, մեծ կռիվ: Թե ե՞րբ է այն սկսվելու, ինչպե՞ս` ոչ ոք չգիտեր: Թիվ մեկ խնդիրը հարցը քաղաքական համատեքստում ներկայացնելն էր: Կարելի էր ասել, որ հաղթանակ է արձանագրվել: Մենք գրեթե անցել էինք այդ երկար ճանապարհի կեսը: ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմում փաստացի ճանաչում էին, որ նման խնդիր առկա է:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հիանալի տեղեկացված էր, թե ի՞նչ է կատարվում: Հնարավոր է՝ նրանք փորձում էին դա ծառայեցնել իրենց օգտին: Մյուս կողմից, նրանք փոփոխությունների նախաշեմին գոյատեւելու խնդիր ունեին: Նրանց մնում էր միայն մշակել գոյատեւման մարտավարությունը, ոչ ավելին:

Կարծիքներ այն մասին, որ շարժումը նախաձեռնել էր Հայաստանի ՊԱԿ-ը՝ ի դեմս Մարիուս Յուզբաշյանի

Մեր ՊԱԿ-ը ինքնուրույն մարմին չէր: Ինչ վերաբերում է Մարիուս Յուզբաշյանին, ապա նա հասկանում էր, որ կտրուկ ելույթները, Մոսկվային հաշվետվություններ ներկայացնելը նրա խղճի վրա են ծանրանալու:  Տարվում էր որոշակի աշխատանք, այդ թվում` քարոզչական բնույթի: Նա ուներ իր տեսակետը Ադրբեջանի ղեկավարության և, հատկապես, Ալիևի դերի վերաբերյալ: Իրավիճակը նրա համար բավականին բարդ էր: Այն ժամանակ գիտակցում էի եւ հիմա էլ վստահ եմ, որ եթե նրա փոխարեն լիներ ուրիշ մեկը, հնարավոր է, մենք ավելի վատ կացության մեջ հայտնվեինք: 

Հանրահավաքների մասին

Դրանք ինքնանպատակ չէին: Հարկավոր էր գործողությունների ինչ-որ պլան: 1987թ.-ին տեղի ունեցան տագնապալի իրադարձություններ Չարդախլու գյուղում: Հենց այդ ժամանակ՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանում Կոմկուսի շենքի մոտ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 1000-ի, նրանց ձեռքերում Գորբաչովի նկարն էր:


Իգոր Մուրադյանը հանրահավաքի ժամանակ:
Լուսանկարը` Հրայր Ուլուբաբյանի արխիվից:

Հետագայում մասնակիցների մի մասը շարունակեց գործունեությունը, իսկ մյուս մասը պարզապես հեռացավ: Հանրահավաքի ցրումը հանձնարարված էր Երեւանի միլիցիայի պետին՝ Կառլոս Ղազարյանին, սակայն նրա քայլերը շատ լիբերալ էին, իսկ հանգուցալուծումը՝ խաղաղ:

Հանրահավաքների նպատակը ոչ միայն Մոսկվայի ուշադրությունը գրավելն էր, այլեւ մարդկանց հասկացնելը, որ չի կարելի անմասն մնալ իրադարձություններին:

Վաչե Սարուխանյանի մասին

Մեզ անհրաժեշտ էր մի մարդ, ով խոսում էր հայերեն, ուներ լավ առոգանություն: Նա մասնագիտությամբ դերասան էր եւ, ըստ էության, լավ կատարեց իր պարտականությունները: Նրա մասին վաղուց տեղեկություններ չունեմ: 
 

Վաչե Սարուխանյանը հանրահավաքի ժամանակ:
Լուսանկարը` Հրայր Ուլուբաբյանի արխիվից:

Ազգային-ազատագրական պայքար, թե՞ պայքար ժողովրդավարության համար

Ազգային-ազատագրական շարժումն ունի իր տրամաբանությունը, նույնիսկ` իր գեղագիտությունը:

Երեւանի հասարակությունը չէր ընդունում ազգային-ազատագրական պայքարի գաղափարը, այն օտար էր իր համար: Մարդկանց մեծ մասը նույնիսկ չէր եղել Ղարաբաղում, չէր պատկերացնում` ի՞նչ է կռիվը, առհասարակ ինչի համար ենք պայքարում: Նրանք ունեին այլ նպատակներ՝ պաշտոններ զբաղեցնել կուսակցական մարմիններում «վերակառուցման» քաղաքականության ալիքի ներքո եւ վերադասավորել իրենց դիրքերը խորհրդային համակարգի կազմում:

Մի քանի խմբավորումների պայքար էր գնում: Որոշ մարդիկ իրադրությունն օգտագործում էին Արեւմուտքին տեղեկատվություն փոխանցելու համար. դա նրանց համար շատ կարեւոր էր:  

«Ղարաբաղ» կոմիտեի ապագա անդամներից ոմանք հայտարարում էին, որ ես հանրահավաքները կազմակերպում եմ Դեմիրճյանի հրահանգով, ով իբրեւ թե Մոսկվային իրազեկում է, թե այստեղ ազգայնականության պայթյուն է տեղի ունենում, իսկ ես այն պահում եմ հսկողության տակ: Դա իրականությունից շատ հեռու էր:

Ժամանակը ցույց տվեց, որ բազմաթիվ հիմարություններ են կատարվել: Եվ դրանից տուժել են միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: 

Մտավորականության դերը

Դա հայկական-խորհրդային-հայրենասիրական մտավորականությունն էր: Այդ երեք բաղադրիչներն իրարից առանձնացնելն անհնարին էր: Նրանք ունեին իրենց պատկերացումները, հույս ունեին խնդիրը լուծել խորհրդային համակարգի զարգացմանը զուգընթաց: Նրանցից այլ քայլեր ակնկալելն ապարդյուն էր: Օրինակ, Սիլվա Կապուտիկյանն ու Սերո Խանզադյանը նամակներ էին գրում Կենտկոմին, եւ դրանով ամեն ինչ ավարտվում էր: Սակայն նրանք մեծ բարոյական եւ նույնիսկ ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ավելի ակտիվ գործունեություն էին ծավալում:


Սիլվա Կապուտիկյանը հանրահավաքի ժամանակ:
Լուսանկարը` Տիգրան Սարգսյանի:

«Ղարաբաղ» կոմիտեն

Ես նրանց «լիազորություններ» չեմ փոխանցել: Մեր քաղաքն այդ մարդկանց մեջ տեսավ յուրայինների, հարազատների, բարեկամների, համախոհների: Կարելի է ասել, որ ես «օտար տարր» էի` ամենասկզբից մինչեւ վերջ:

Կարծիքներ են հնչում, որ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել երեւանյան սրճարաններում: Այդպես չէ: Հայաստանի պետականությունը ստեղծվել է Քանաքեռի, Զեյթունի, Ստեփանակերտի եւ այլ վայրերի նկուղներում:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին