[Շարժում 1988/25]. Մանվել Սարգսյան. Շարժումը ծով էր - Mediamax.am

exclusive
25828 դիտում

[Շարժում 1988/25]. Մանվել Սարգսյան. Շարժումը ծով էր


Մանվել Սարգսյանը:
Մանվել Սարգսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Մանվել Սարգսյանը:
Մանվել Սարգսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Արսեն Կարապետյանի:

Լուսանկարը` Արսեն Կարապետյանի:


Մանվել Սարգսյանը «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից եւ առաջին անդամներից մեկն է: Կոմիտեից հեռացել է 1988թ. մայիսին` նոր եւ հին անդամների միջեւ տեղի ունեցած պառակտումից հետո: 1992թ. նշանակվել է ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հայաստանում: 1992-1995 թթ. մասնակցել է հակամարտության կարգավորման բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Սկիզբը

1986 թվականից տարբեր զարգացումներ սկսվեցին Երեւանում եւ Ստեփանակերտում: Ստեփանակերտում պայքար էր գնում դպրոցներում հայոց լեզուն ու պատմությունը դասավանդելու համար:

Երեւանում 1985 թվականից սկսած շատ մեծ ակտիվություն էր ցուցաբերում Իգոր Մուրադյանը, որը նամակներ էր ուղարկում Կենտկոմ, կապեր էր հաստատում Մոսկվայի մտավորականության հետ: 1987թ. մայիսին Հադրութից նամակ ուղղեցին Գորբաչովին` խնդրելով վերականգնել պատմական արդարությունը:

1987թ. հուլիսին ծանոթացա Արկադի Կարապետյան հետ: Հանդիպեցինք Արթուր Մկրտչյանի տանը եւ ողջ գիշեր զրուցեցինք ապագա անելիքների մասին: Մտածում էինք` ինչպե՞ս կազմակերպենք մեր պայքարը, որպեսզի խուսափենք 60-ականների սխալներից: Նաեւ մտածում էինք, թե ո՞ւմ հետ կարելի է կապ հաստատել Երեւանում: Փաստորեն, դա առաջին զրույցներից մեկն էր շարժման ստեղծման մասին:

Մի քանի օրից Երեւանում ծանոթացա Իգոր Մուրադյանի հետ: Պարզվեց, որ նա իմացել էր Հադրութից Մոսկվա ուղարկած նամակի մասին եւ, մեկնելով Ղարաբաղ` զրուցել էր նախաձեռնողների, մասնավորապես, Արթուր Մկրտչյանի հետ, այցելել էր Ստեփանակերտ ու շրջաններ: Այն ժամանակ Իգորի հետ արդեն շփվում էր Վազգեն Մանուկյանը ու հենց իր մեքենայով Իգորը մեկնեց Ղարաբաղ: Այդ ամենի մասին ես իմացա Իգորի հետ հանդիպման ժամանակ Երեւանում` մի քանի օր անց:

Իգոր Մուրադյանի ներդրումը շարժման մեջ հսկայական էր եւ անգնահատելի: Նա իր էությամբ ուղղակի հեղափոխական էր: Նա կամք ուներ, որը սարսափեցնում էր մարդկանց: Հենց նա դրեց սահմանադրական շարժման հիմքը, ինչը Սովետական համակարգի օրոք պարզապես հեղափոխական քայլ էր:


Լուսանկարը` Արսեն Կարապետյանի:

Կարեւորագույն խնդիրներից էր հարցի ճիշտ ձեւակերպումը: Մենք բոլորս ցանկանում էինք Ղարաբաղի միացումը Հայաստանի հետ, սակայն անհրաժեշտ էր ռազմավարություն մշակել: Ի վերջո, որոշեցինք, որ խնդիրը պետք է ձեւակերպվել «պերեստրոյկա»-ի գաղափարներին համահունչ: Հենց այդ պատճառով ի հայտ եկավ «Карабах – экзамен Перестройки» կարգախոսը, որոնք շատերը չհասկացան կամ սխալ ընկալեցին:

1987 թվականից Ղարաբաղում զանգվածային ստորագրահավաքներ սկսվեցին` Գորբաչովին պետիցիա ուղարկելու համար: Այդ ժամանակահատվածը անվանում եմ «բողոքարկման ժամանակաշրջան»: Ընդհանրապես, ստորագրահավաքները ոչ միայն հոգեբանորեն կարեւոր էին` դրանք ինքնին քաղաքացիական շարժման սկիզբ էին:

Ադրբեջանցիները սկսեցին իրենց հակագործունեությունը: 1987թ. հոկտեմբերին կոնֆլիկտ առաջացավ Չարդախլու գյուղում, որտեղ ադրբեջանական իշխանությունները ճնշել էին հայ բնակչությանը: Այդ միջադեպը հանրային հնչողություն ստացավ: Այդ օրերին ես մեկնեցի Չարդախլու, որպեսզի ծանոթանամ իրավիճակի հետ: Մարդիկ սարսափի մեջ էին՝ վախենում էին, որ իրենց կկոտորեն: Տեսնելով այդ ամենը, զանգեցի Իգորին եւ ասացի, որ մի բան պետք է արվի: Կարծում եմ, որ հենց այդ պահից՝ 1987թ. հոկտեմբերից, Ղարաբաղում սկսվեց զանգվածային շարժումը:

Առաջին հանրահավաքը

Ես ու Իգորը պետիցիա ներկայացրեցինք Հայաստանի КГБ-ին, նամակներ ուղղեցինք Դեմիրճյանին, որտեղ ներկայացրեցինք իրավիճակը` նշելով, որ այդ մարդկանց օգնություն է անհրաժեշտ: Նրանցից պատասխան չստացանք, սակայն գործընթացները շարունակվում էին: Պատրաստվում էինք այդ իրադարձությունների հետեւանքով հանրահավաք անցկացնել, տարածեցինք թռուցիկներ: Իգորն իր հետ բերել էր Գորբաչովի մեծ դիմանկարը: Նախատեսել էինք անցկացնել հանրահավաքը Կենտկոմի (այսօրվա Ազգային ժողովի) շենքի մոտ: Նախատեսում էինք, որ կհավաքվեն մոտ 200 մարդ, սակայն, ի զարմանս մեզ, եկան մոտ 1000 հոգի: Երբ ոստիկանները փորձեցին «վրա տալ», Իգոր Մուրադյանը հանեց Գորբաչովի նկարը ու սկսեց բարձրաձայնել «Перестройка, Горбачев, Карабах», ինչը սթափեցրեց նրանց եւ մենք անցկացրեցինք այդ հանրահավաքը եւ անգամ երթ արեցինք: Բայց, ի վերջո, ոստիկանությունը ճնշեց մեզ, հրմշտոց սկսվեց, Գորբաչովի նկարը գետնին հայտնվեց: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր այդ ցույցի մասին եւ բավականին մեծ աղմուկ բարձրացավ: Դրանից հետո անցանք ավելի կոնկրետ գործողությունների՝ սկսեցինք նոր պատվիրակություններ ուղարկել Մոսկվա:


Լուսանկարը` Արսեն Կարապետյանի:

1988թ. փետրվարին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ճնշումների դիմել: Երբ գործը հասավ Հադրութին, մեզ զգուշացրեցին ոստիկանների նախատեսվող այցի մասին: Երբ նրանք փորձեցին մոտենալ այն տանը, որտեղ մենք գտնվում էինք, մոտ 200 մարդիկ շրջափակեցին տունը եւ թույլ չտվեցին ոստիկաններին մեզ ձերբակալել: Նույնը տեղի ունեցավ Ասկերանում:

Փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ այն ժամանակվա համար հեղափոխական մի հանրահավաք: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ բարձրաձայնեցին խնդրի մասին: Իհարկե, առկա էին նաեւ սովետական «պերեստրոյկա»-ի կարգախոսները:

Մեկ շաբաթից` փետրվարի 20-ին, Մարզային խորհուրդը կայացրեց հայտնի որոշումը, ըստ որի Ղարաբաղը պետք է դուրս գա Ադրբեջանի կազմից եւ միավորվի Հայաստանի հետ:

Հաջորդ օրը Երեւանի Թատերական հրապարակում սկսվեցին զանգվածային հանրահավաքները: Երեւանը «պայթել էր»՝ մարդիկ գրավել էին ոչ միայն Թատերական հրապարակը, այլեւ ողջ մերձակա տարածքը: Այդ օրերին Իգորն ասաց՝ «Մանվել, սա Ղարաբաղը չէ, սա 100-տարվա վիրավորանքն է արթնացրել ժողովրդի մեջ»:

Փետրվարի 24-ին իմացանք, որ ԽՍՀՄ ղեկավարությունը մերժել է Արցախը Հայաստանին միացնելու հայտը: Շատ դժվար է նկարագրել այն, ինչ կատարվում էր այդ օրը: Իմացանք, որ Ստեփանակերտում մարդիկ դուրս են եկել հրապարակ: Մենք՝ կազմկոմիտեի անդամներով նստած էինք Իգորի բնակարանում, մտածում էինք հետագա անելիքների մասին: Զանգահարեց հեռախոսը: Իգորը պատասխանեց՝ զանգում էին Ստեփանակերտից, ասում էին, որ Գեւորկովը խոստանում է Ղարաբաղը վերածել 100 հազարանոց գերեզմանի: Իգորը սկսեց հայհոյել Կենտկոմին, ասելով, որ կստիպի նրանց նոր որոշում կայացնել: Դա ոգեւորեց մեզ բոլորիս: Կարծում եմ, հենց այդ օրը ժողովուրդը կորցրեց իր վախը համակարգի հանդեպ: «Պետիցիաների շրջանը» կարելի էր ավարտած համարել: Սկսվեց «Անհնազանդության շրջանը»:

«Անհնազանդության շրջանը»

1988 թվականի մարտի 2-ին Գրողների միության շենքում կազմկոմիտեի անդամներով ստեղծեցինք «Ղարաբաղ» կոմիտեն` բաղկացած 9 անդամներից: Իսկ Ստեփանակերտում հենց այդ օրերին ստեղծվեց «Կռունկ»-ը:

Մարտ ամսվա ընթացքում «Ղարաբաղ» կոմիտեն երեք հավաք անցկացրեց: 3-րդ հավաքի ժամանակ կոմիտեի անդամներ դարձան Վազգեն Մանուկյանն ու Համբարձում Գալստյանը: Վանո Սիրադեղյանը, Ռաֆայել Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը, Սամսոն Ղազարյանը աշխատում էին քարտուղարությունում, որը գլխավորեց Աշոտ Մանուչարյանը:


Լուսանկարը` Արսեն Կարապետյանի:

Այդ ժամանակ այստեղից-այնտեղից լսում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Նրա մասին ասացի Վազգեն Մանուկյանին, սակայն նա պատասխանեց, որ այդ մարդուն չի ճանաչում: Հետո մի քանի շաբաթով մեկնեցի Ղարաբաղ ու երբ վերադարձա, Լեւոնն արդեն կոմիտեում էր, նա իր հետ բերել էր Բաբկեն Արարքցյանին ու Դավիթ Վարդանյանին:

Պառակտումը

Իգորը կոնֆլիկտ էր առաջացրել, բայց իրական պատճառն այլ էր: Նրանք անձնական ամբիցիաներ, տոտալիտար մոտեցումներ ունեին, իսկ մենք բնական լիդերության կողմնակիցներ էինք: Մենք բացարձակ իշխանական ամբիցիաներ չունեինք, իսկ իրենց մոտ դա առկա էր: Մենք փորձում էինք աշխատել սահմանադրական հունի մեջ եւ պետական ինստիտուտները չէինք արհամարհում:


Մանվել Սարգսյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Շարժումը ծով էր: Աշխարհում ընդամենը 10-15 ազգ կա, որոնք գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում անհնազանդության շարժումը: Դա մի ցնցող բան է: Այդ փորձն եզակի է եւ այն պետք է պահպանվի ու փոխանցվի սերնդից սերունդ:

Մանվել Սարգսյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին