[Շարժում 1988/25]. Ռաֆայել Ղազարյան`Շարժումը մաքուր ձեռքերով ենք սկսել - Mediamax.am

exclusive
23442 դիտում

[Շարժում 1988/25]. Ռաֆայել Ղազարյան`Շարժումը մաքուր ձեռքերով ենք սկսել


Ռաֆայել Ղազարյանը եւ Համբարձում Գալստյանը:
Ռաֆայել Ղազարյանը եւ Համբարձում Գալստյանը:

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

Հանրահավաք Ազատության հրապարակում:
Հանրահավաք Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Հանրահավաք Ազատության հրապարակում:
Հանրահավաք Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ֆոտոլուր:


Ռաֆայել Ղազարյանը «Ղարաբաղ» կոմիտեի ամենատարեց անդամն էր` 1988 թվականին նա 64 տարեկան էր: Նա ճանաչված գիտնական էր, Տեխնիկական գիտությունների դոկտոր, հետազոտությունների բնագավառներն էին՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան։ Ռաֆայել Ղազարյանը     Հայրենական պատերազմի վետերան էր, ուներ շքանշաննեև եւ մեդալներ:

Ռաֆայել Ղազարյանը մահացել է 2007 թվականին: Ռաֆայել Ղազարյանի ստորեւ ներկայացվող հիշողությունները տպագրվել էին 1998 թվականին փետրվարին «Առավոտ» օրաթերթում` Շարժման 10-ամյակի կապակցությամբ:   

Ղարաբաղյան շարժումն առաջին հերթին ժողովրդի 70-ամյա իղձերի իրականացման հույսն էր, ինչը ոտքից հանեց ողջ հայությանը: Անկախ նրանից` որտեղ էին ապրում հայերը` Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում, ոտքի ելան արդարությունը վերականգնելու: Քանի որ ամբողջ կյանքս եմ երազել, որ հայությունը հետ բերի մեր կորցրած հողերի գոնե մի մասը, չնայած արդեն 60-ն անց էի, անմիջապես ընդգրկվեցի Շարժման մեջ: 

Միանգամից ասեմ, որ Շարժումը մենք մաքուր ձեռքերով ենք սկսել, չնայած այսօր հետադարձ հայացքով փորձում են աղտոտել նույնիսկ ղարաբաղյան շարժման մեջ եղած ամենալավը: Այն ժամանակ, համոզված եմ, «Ղարաբաղ կոմիտեի» բոլոր անդամները համակված էին Ղարաբաղի գաղափարով, եւ ես նրանց չեմ կարող լուրջ մեղադրանքներ ներկայացնել:


Հանրահավաք Ազատության հրապարակում:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Ճիշտ է, նրանց մեջ կային մի 2-3 հոգի, որոնք գուցե այն անձինք չէին, սակայն պատահականորեն հայտնվեցին խանդավառության այն ալիքի մեջ, որը նրանց անհայտությունից ժողովրդի սիրելին դարձրեց: Սակայն նրանք եւս ազնիվ էին իրենց մղումներում: Այն ժամանակ ես կանգնած էի իրոք նվիրված տղաների կողքին: Ինձ համար մեկ էր, թե ով կգա, միայն թե գար այնպիսին, որը նվիրված էր ղարաբաղյան շարժմանը եւ պատրաստ էր իրեն զոհաբերել հանուն այդ նպատակի: Այն ժամանակ մենք չգիտեինք, թե մեզ համար անձնապես ինչով կավարտվի այդ պայքարը: Ես զոհաբերում էի իմ ամբողջ գիտական վաստակը, որը ձեռք էի բերել տասնամյակների ընթացքում, ընտանիքս, ամեն ինչ: Չգիտեի, կվերադառնա՞մ բանտից, թե ոչ, ուր ես գնացի կամավոր եւ հանուն տղաների: Չէին ուզում ձերբակալել 60-ն անց ակադեմիկոսի, պատերազմի մասնակցի, նրան ներկայացնելով իբրեւ խուլիգան կամ քրեական տարր: Բանտից էլ հրաժարվեցի ավելի շուտ դուրս գալ, ասելով, որ ես վերջինը կթողնեմ բանտը:


Հանրահավաք Ազատության հրապարակում:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Այնուհետեւ «Ղարաբաղ» կոմիտեն, ըստ իս, կատարեց մի կոպիտ սխալ. այն վիճակը (շրջափակում եւ այն) տնտեսական լուրջ դժվարություններ պիտի առաջացներ, ուստի պիտի մեղադրվեր նա, ով այդ պահին իշխանության էր: Այդ պահին ես առաջարկեցի հետեւյալը. երկրում ձեւավորվել է ժողովրդաիշխանություն, ժողովուրդը մեր միջով թելադրում է իր կամքը, ուստի, գուցե, չարժե գալ իշխանության, այլ` մնալ ընդդիմության: Ցավոք, դա մերժվեց, եւ հետո սկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության տհաճ շրջանը, եւ դա ակնկալելի էր, որովհետև մենք ղեկավարման փորձ չունեինք: Մենք, մերժելով կոմունիստական լիդերներին, չէինք էլ պատկերացնում, որ նրանք մտնում էին պատրաստի համակարգի մեջ, որը, բոլոր դեպքերում, աշխատում էր անխափան: Այստեղ ինքնուրույնություն էր հարկավոր: Շատ ծանր էր: Այնուհետեւ զգացնել տվեցին նաեւ սուբյեկտիվ բարդությունները, որոնցից ամենավշտացնողն այն է, որ իմ գործընկերները չդիմացան իշխանության փորձությանը:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին